երկուշաբթի, 2 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինին։ Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Շայդուլլինին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, որից հետո կողմերն անցել են գործնական խնդիրների քննարկմանը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական երկաթուղու կոնցեսիոները վերջին շրջանում բազմաթիվ դժգոհությունների թիրախ է դարձել ոչ միայն գործարար միջավայրում, այլև հասարակության մեջ։ Խնդիրը քննարկվել է բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի շրջանակներում, այնուհետև Ռուսաստանում` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։
Արձագանքելով խնդիրներին և դրանց լուծման ընթացքին` Շայդուլլինն ընդգծել է, որ ընկերությունը որդեգրել է գործակցության նոր քաղաքականություն, ինչը նշանակում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ոչ միայն ներդրումներ իրականացնող, այլև համազգային տրանսպորտային ցանց ձևավորող և եվրոպական տրասպորտային ցանցի մեջ ինտեգրման նախագծեր ունեցող ընկերություն է։ Շայդուլլինի խոսքով, այն պարտավորությունները, որ ստանձնել է ընկերությունը, անշուշտ, պետք է կատարվեն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ է, տեխնիկական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կնքել լրացուցիչ համաձայնագրեր, մասնավորապես` սոցիալ-տնտեսական համաձայնագիր, որի վրա արդեն համատեղ աշխատանք է տարվում։
ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որպեսզի հյուսիս-հարավ երկաթուղային ճանապարհի շինարարությունն արագ ընթացք ստանա։