Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հունվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը։ Որոշման ընդունման նպատակը բնության հատուկ պահպանվող տարածքների ընտրության և սահմանազատման համար` միջազգային չափանիշներին համապատասխանող և գիտականորեն հիմնավորված բնապահպանական, գիտական, գեղագիտական և այլ չափանիշների սահմանումն է, ինչպես նաև տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման գործընթացի կանոնակարգումը։
Այլ որոշումներով գործադիրը հաստատել է բուսական և կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգերը։ Որոշումների ընդունման նպատակը ռեժիմային դիտարկումների, գնահատման, արձագանքման և կանխատեսման համակարգի միջոցով ՀՀ տարածքի բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության, դրանց պաշարների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովման համար, բուսական ու կենդանական տեսակների և համակեցությունների, բույսերի աճելավայրերի ու կենդանիների ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների վիճակի քանակական և որակական փոփոխությունների բացահայտումն է։ Նշվել է, որ բուսական ու կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի վարմամբ կապահովվի ՀՀ տարածքի բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչը կօգտագործվի կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման նպատակներով, ինպես նաև կնպաստի բուսական ու կենդանական աշխարհի պետական կադաստրի վարմանը։ Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում ընդունել բուսական և կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի վարման մեթոդական ուղեցույցները։ 1 օր ժամկետ է տրվել` ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ մեկ անգամ ևս քննարկելու նախագծերը։
Նիստում գործադիրը հավանություն է տվել փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) զարգացման սխեմային։ Որոշվել է այն ի գիտություն ընդունել` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և գործունեության լիցենզիաներ, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելիս։ Որոշման նպատակը ՀՀ տարածքում հիդրոէներգետիկայի զարգացումը, մասնավորապես` տնտեսապես շահավետ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման խթանումն է։ Նշվել է, որ որոշման հավելվածի ցանկում բերված ՓՀԷԿ-ի համար պատրաստված գծագրական նյութերը, տեխնիկատնտեսական հաշվարկների ամփոփ արդյունքները, հիդրոլոգիական և այլ տվյալները կտեղադրվեն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական վեբ կայքում և մատչելի կլինեն բոլոր ներդրողների համար։
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև ՀՀ նախագահի 2008թ. օգոստոսի 20-ի NՆՀ-226-Ն հրամանագրին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N1561-Ն որոշման մեջ։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 7-ի «Հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N998-Ն որոշումը։ Որոշման ընդունմամբ հնարավոր և իրատեսական կլինի իրականացնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեղեկությունների հիմնավորվածությանը, ինչպես նաև ՀԴՄ-ների կտրոնների տրամադրմանն ուղղված և հսկողական գործառույթների իրականացման հսկիչ գնումները։ Արդյունքում կբարձրանա հսկիչ գնման կիրառման արդյունավետությունը, ինչը կապահովի իրացման իրական շրջանառությունների բացահայտումը։
Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N1325-Ն որոշման մեջ, որով կկանոնակարգվեն հսկիչ գնումների ժամանակ հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին վերադարձված ապրանքների հետընդունման ժամանակ ՀԴՄ շահագործման կանոնների և վերադարձի գումարներն իրացման մեջ չներառելու առանձնահատկությունները։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը, ինչպես նաև այդ տեղեկությունների` համապատասխանաբար N1, N2 ձևերը և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքի N3 ձևը։ 2 օր ժամկետ է տրվել` ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ մեկ անգամ ևս քննարկելու նախագիծը։
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման կարգը։ Հաստատվել է նաև ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը։ Որոշմամբ հաստատված կարգով հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու պահին տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերի` որոշման պահանջներին համապատասխանեցման ու կնքման ժամկետ է սահմանվել մինչև 2009թ. ապրիլի 1-ը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշման մեջ, որի արդյունքում կվերանան հանքային ջրի արդյունահանման և ածխաթթու գազի արտադրության բնագավառում բնօգտագործման վճարների (արդյունքում` նաև հարկային պարտավորությունների) հաշվարկման անհստակությունները։ Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև 2001թ. հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N986 որոշման մեջ, որի արդյունքում ևս էականորեն կկրճատվեն բնօգտագործման վճարների (արդյունքում` նաև հարկային պարտավորությունների) հաշվարկման անհստակությունները։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվությունների գործընթացի հստակեցմամբ։
Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. մարտի 27-ի N239 որոշման մեջ, որը պայմանավորված է 2008թ. օգոստոսի 21-ի «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, ըստ որի ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից պետք է սահմանվեն համապատասխան մաքսային ռեժիմներով ներմուծված ու արտահանված ապրանքների վերամշակումից ստացվելիք թափոնների ու մնացորդների նվազագույն քանակությունները։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N53 արձանագրային որոշման մեջ, ըստ որի դրա 1-ին կետը հաստատվել է հետևյալ խմբագրմամբ` «Հավանություն տալ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարող ընկերության ընտրության մրցույթի տեխնիկական առաջադրանքին և կառավարող ընկերության ընտրության գնահատման չափանիշներին»։ Արձանագրային որոշման ընդունումը պայմանավորված է «Ատոմակայանի նոր բլոկի կառուցման ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության մրցույթ անցկացնելու մասին» մրցութային փաթեթի առանձին բաժինների դրույթները «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 28-ի N1057-Ն որոշման մեջ, ըստ որի, ՀՀ-ի համար որպես ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների տեսակ ընդգրկվել է նաև հանքաքար ապրանքատեսակը։ Որոշման ընդունմամբ կկարգավորվի երկաթուղային տրանսպորտով հանքաքար ապրանքատեսակի փոխադրման առավելագույն սակագինը։ 2 օր ժամկետ է տրվել` ՀՀ էներգետիկայի նախարարի հետ մեկ անգամ ևս քննարկելու նախագիծը։
Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» N113-Ն որոշման մեջ` դրանով հաստատված N2 հավելվածը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով։ Փոփոխության արդյունքում երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` սահմանված կարգով ոստիկանությունից պահեստ արձակված անձանց ընտանիքների անդամներին ևս հնարավորություն կընձեռնվի օգտվելու ոստիկանության բժշկական վարչության բուժկանխարգելիչ հիմնարկներում բժշկական սպասարկման իրավունքից։
ՀՀ մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան, կառավարությունը հաստատել է Վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը և նշված անձանց գրանցամատյանի ձևը։ Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ուժեղացնել վերահսկողությունը հիշյալ գործունեության տեսակներով զբաղվող անձանց նկատմամբ, ինչպես նաև օրենսդրորեն կանոնակարգել վերադաս մաքսային մարմնում այդ անձանց վերաբերյալ ամփոփ տեղեկությունների բազայի ստեղծման հարցը։
Կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրինագծերի ընդունման նպատակը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը ՀՀ ներմուծելու հնարավորության ընձեռնումն է։
Այլ որոշումներով ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 1 մլն 247 հազար դրամ` 2008թ. 3-րդ եռամսյակի ընթացքում որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու, ինչպես նաև 11 մլն 105 հազար 511 դրամ` ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N1081-Ա որոշմամբ նախատեսված 72 մլն 505 հազար 780 դրամ գումարից 2008թ. ընթացքում ժամկետների անբավարարության հետևանքով չօգտագործված, սակայն պարտավորությունների ստանձնման արդյունքում գոյացած պարտքերը մարելու նպատակով։
Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N1229-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ նախարարին, տվյալ դեպքում` ՀՀ էկոնոմիկայի նախարարին, կից կոլեգիայի ստեղծմամբ։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, հաստատվել է նաև «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին որպես պետական սեփականություն, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմն ու չափը։
ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը, «ԱԼ ՀԱՄՌԱ ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ ԴԻՎԵԼՈՓՄՆԹ ԼԼՍ» ընկերության կողմից ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկությունը, կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Ավան թաղային համայնքի Աճառյան փողոցին հարող տարածքում գտնվող` 10.6507 հա մակերեսով հողամասը` առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 1 տարի ժամկետով տրամադրել վերոհիշյալ ընկերությանը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է «ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Չարենցավան քաղաքի N 5 միջնակարգ դպրոցի շենք-շինությունների «Է» մասնաշենքի 2-րդ հարկի 394 քմ մակերես ունեցող տարածքը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Կոտայքի մարզպետին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և պետական եկամուտների կոմիտեի նախագահներին։
Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծին։ Նշվել է, որ կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում։
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է նաև Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշել որպես սոցիալական աշխատողի օր։

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ