ուրբաթ, 16 հունվարի 2009
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման  հայկական  գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը  վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել  և հաստատել է «Զարգացման  հայկական  գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թվականի միջոցառումների ծրագիրը։ Ներկայացնելով  նախատեսված  տարեկան միջոցառումները, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ նախորդ նիստի հանձնարարականների արդյունքում միջոցառումների նկարագիրը վերանայվել է, և ծրագրում ներառվել են որոշակի միջոցառումներ, որոնց համար հստակ նշված են ակնկալվող արդյունքը, միջոցառման նպատակը և իրականացման պատասխանատուն։ Առաջարկվող փաստաթղթում ընդգրկված են նաև ներդրումային հետաքրքիր առաջարկներ, որոնք այնուհետ պետք է մշակվեն և ծրագրային տեսքի բերվեն։ Միջոցառումները, ըստ նրա, կիրականացվեն  ներդրումների  և արտահանման խթանման, գործարար  և ներդրումային  միջավայրի բարելավման, ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման և դրա զարգացմանն աջակցության նպատակներով։ 
Արտահանման խթանումը, ծրագրի համաձայն, նախատեսվում է  իրականացնել արտահանման  ներուժ ունեցող  ձեռնարկությունների զարգացմանն ու շուկայավորման ծրագրերի մշակմանը և իրականացմանն աջակցելու, նոր արտահանման ծրագրերի ձևավորման և  իրականացման, ձեռնարկությունների  արտահանման ներուժի գնահատման նպատակով տեղական շուկայի  և ձեռնարկությունների, ինչպես նաև  արտաքին շուկաների պահանջների ուսումնասիրության միջոցով։ 
ՀՀ գործարար և ներդրումային  միջավայրի, ՏՏ ոլորտի բարելավման նպատակով ԶՀԳ գործադիր տնօրենի ներկայացմամբ, շարունակական աշխատանքներ կիրականացվեն գործարար և ՏՏ ոլորտի համայնքների, այդ թվում` աշխատանքային խմբերի հետ` առկա  խնդիրների բացահայտման, դրանց վերացման հնարավորությունների գնահատման  և համապատասխան  առաջարկությունների մշակման, Գործարարության աջակցման  և Տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացմանն աջակցող խորհուրդներում այդ ամենի քննարկման ու միջոցառումների հաստատման ուղղությամբ։
Նիստում քննարկվել և  հաստատվել է «Զարգացման  հայկական  գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թվականի ծախսերի նախահաշիվը  ևս։
 
            





