ուրբաթ, 26 դեկտեմբերի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը և Կրթական ծրագիրը, որի նպատակն է կրթավճար և կրթաթոշակ տրամադրելը սոցիալապես անապահով, անվճարունակ ուսանողներին։ «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2009-2010 թվականներին իրականացվող «Անհոգ մանկություն» ծրագրի նպատակն է աջակցել աղքատության մեջ գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ և կարիքավոր ծերերին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և երեխաներին։
Հաստատվել են նաև Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից Երևանում 2009-2011 թվականներին իրականացվող «Հաշմանդամ երեխաների խնամք և բուժում», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Խաղահրապարակների կառուցում Վարդենիսի տարածաշրջանում», Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տիեզերական ճառագայթների բաժանմունքին» ծրագրերը։
«Օգնեմ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի օգնել արյան հիվանդություններ ունեցող երեխաներին։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։