Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 դեկտեմբերի 2008

ՀՀ կառավարության այսօրվա նիստը, ընդմիջումից հետո, վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրինագծի մշակման համար հիմք են ընդունվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» N 1296-Ն որոշման դրույթները։
Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Ատոմակայանի նոր բլոկի կառուցման ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության» մրցութային փաթեթին, ինչպես նաև հաստատվել է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը։ Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մրցույթի մասին հայտարարությունը գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո 15-օրյա ժամկետում պաշտոնական հայտարարություն անել միջազգային մրցույթի անցկացման մասին։ Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարին` կայացած մրցույթի արդյունքների հիման վրա ներկայացված ֆինանսական հայտի համաձայն, ՀՀ 2009թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2009-2012թթ. ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ցանկին։ Ծրագրի նպատակը` սոցիալ տնտեսական նոր պայմաններում ՀՀ սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքների հիմնադրույթների համաձայն, հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացումն ու դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է։ Ծրագրի ընդունումը կնպաստի նաև բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն սպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը։
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխումներ և ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 12-ի N218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, ինչպես նաև պետական բյուջեից գումար հատկացնելու մասին»։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, ըստ որի պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։ Նշվել է, որ որոշման մեջ ներկայացված եռամսակային համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 11-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները, հաշվի են առնվել նաև պետական կառավարման մարմինների կողմից դրանից հետո արված գրեթե բոլոր առաջարկությունները։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ քննարկել որոշման նախագիծը և լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։
Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 24 մլրդ 269 մլն 307.6 հազար դրամով։ Նշվել է, որ եկամուտների ավելացվող գումարը ձևավորվել է պետական մարմինների համար օրենսդրությամբ սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշիվների միջոցների գոյացման և տնօրինման 2008թ. նախահաշիվներով նախատեսված ընթացիկ տարվա եկամուտների գումարի (շուրջ 15,5 մլրդ դրամ), «Լինսի» հիմնադրամի կողմից ՀՀ-ին 2008թ. հատկացված դրամաշնորհների գումարի ( 4,7 մլրդ դրամ), Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարներից, Երևան քաղաքի վարչական սահմաններում թույլ տրված այլ վարչական իրավախախտումների համար Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) պետբյուջե ստացված (0.1 մլրդ դրամ) եկամուտների և այլ միջոցների հաշվին։ Ծախսերի ավելացվող գումարը ձևավորվել է հիշյալ մուտքային աղբյուրների հաշվին օրենքի համաձայն ֆինանսավորվող նպատակային ծրագրերի ծախսերից։ Նույն որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ։
Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքները և չափանիշները։ Նշվել է, որ գիտության և տեխնիկայի առաջընթաց զարգացումը, գիտական և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրումը տնտեսության մեջ ՀՀ տնտեսության վերընթաց զարգացման խնդիրներից են։ Ըստ այդմ` կարևորվել է հիշյալ ոլորտի զարգացման գերակա ուղղությունների հստակեցումը։ Գերակայությունները սահմանելիս, անհրաժեշտ է համարվել իրականացնել, մասնավորապես, ՀՀ-ում գիտության իրական վիճակի վերլուծություն և զարգացման հեռանկարային կանխատեսման գնահատում, գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառներում բարձր որակավորում ունեցող փորձագետների ընտրություն, գիտության և տեխնիկայի զարգացման կանխատեսվող գերակա ուղղությունների վարկանիշային ցանկի ձևավորում, որտեղ առաջնահերթ տեղ է հատկացվում հայագիտությանը` որպես ՀՀ-ի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնագավառ։
Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է գիտական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով։
Կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2008-2012թթ. Մաստեր Պլանը։ Ուժը կորցրած է ճանաչվել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված Մաստեր Պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. N392-Ն որոշումը։ Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները։
Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 2-ի N965-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 28-ի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» N1892-Ն որոշմամբ «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ում սեփականության իրավունքով ներդրված 19 մլն 545.5 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցներից 16 մլն 392.320 հազար դրամ արժողությամբ գույքը պետք է ամրացվի «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Հաշվի է առնվել նաև, որ այդ գույքը հանդիսանում է օդանավակայանների հակահրդեհային անվտանգության ապահովման միջոց և պետք է օգտագործման հանձնվի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին։
«Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N997-Ա որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացված միջոցներով կառուցված օբյեկտները, որպես սեփականություն, անհատույց հանձնել համայնքներին։ Հանձնարարվել է հիշյալ մարզերի մարզպետներին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների ղեկավարների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր, սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է համայնքների միջոցների հաշվին։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին` ստեղծելու «Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնակցի լիազորությունները վերապահելով «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին։
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Նախագծի ընդունման նպատակն է` ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ տարածքում գործող առևտրի օբյեկտներում` իրացվող հացի քաշի և հացի արտադրամասերում` արտադրվող հացի որակի նկատմամբ։
ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 5 մլն 267.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ դատական դեպարտամենտին` նիստերի տեսադիտարկման, փաստագրման և տեսաձայնաազդանշանի բազմաելքային կոմուտացիայի համակարգ ձեռք բերելու համար։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 15 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Շիրակի մարզպետարանին` Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու N117 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ Համլետ Մեխակյանի ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ Շիրակի մարզպետին` Համլետ Մեխակյանի բնակարանային խնդրի լուծումն իրականացնել շուկայից երեք սենյականոց բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` քաղաքացու հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցության տրամադրման մասին կնքված պայմանագրի համաձայն։
Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» N113-Ն որոշման մեջ, գործադիրը N2 հավելվածի 3-րդ կետը շարադրել է նոր խմբագրմամբ։ Փոփոխության համաձայն, այսուհետ ՀՀ ոստիկանության, նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ոչ միայն ծառայողներն ու կենսաթոշակառուները, այլև նրանց ընտանիքների անդամները կարող են օգտվել ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից։
ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 6 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին գումար հատկացնելու նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` հատկացված գումարը ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի N217-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 55 մլն 257 հազար 410 դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը` ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2008թ. 3-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով որոշման մեջ նշված ընկերություններին վճարելու համար։ Այդ թվում. «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին` 49 մլն 671.308 հազար դրամ, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ին` 143.6 հազար դրամ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին` 5 մլն 442.502 հազար դրամ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` 9,061.65 եվրո-ին համարժեք դրամ և «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին` 1,590,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 6-ի N789-Ն որոշման մեջ` նոտարների թեկնածուների որակավորման ստուգման ընթացակարգերի թափանցիկության ապահովման, ինչպես նաև ընթացակարգերի մասնակի պարզեցման նպատակով։
Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N1566-Ն որոշման մեջ, ըստ որի դրանով հաստատված քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկի 18-րդ և 20-րդ կետերը շարադրվել են նոր խմբագրմամբ` հիշյալ որոշման դրույթները ՀՀ այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու նպատակով։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 21-ի N557 և 2006թ. նոյեմբերի 2-ի N1911-Ն որոշումներում, որոնց նպատակն է դյուրացնել ՀՀ առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի իրականացումը, բարձրացնել նախատեսվող օպտիմալացման միջոցառումների արդյունավետությունը, Հայաստանի ազգաբնակչությանն ապահովել որակյալ, մատչելի և ժամանակակից չափանիշներին համապատասխանող բժշկական օգնությամբ։
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ մի շարք նախարարությունների աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատող որոշումներում լրացում կատարելու վերաբերյալ, որը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ նախարարին, տվյալ դեպքում` ՀՀ ֆինանսների, տարածքային կառավարման, սփյուռքի, առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից կոլեգիալ մարմնի ստեղծման անհրաժեշտությամբ։
ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 40 մլն դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` վերջինիս «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լաբորատոր մասնաշենքի, կցակառույց օբյեկտների և կաթսայատան շինարարության նպատակով։
Այլ որոշումներով կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 12 մլն 196 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու, 29 մլն 955.5 հազար դրամ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի լուծարման գործընթացն ավարտելու, 297 հազար 644.8 դրամ ՀՀ արդարադատության նախարարությանը` վերջինիս դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմինների համապատասխան մարզային (Երևանի քաղաքային) բաժիններում հարուցված կատարողական վարույթի ապահովման և 1 մլն 897 հազար դրամ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` պետական, հասարակական-քաղաքական գործիչ Կարլեն Դալլաքյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի N642-Ա որոշման մեջ, որով առաջարկվում է երկարաձգել որոշմամբ նախատեսված Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման և զարգացման (Կումայրի) ծրագրի կատարման ժամկետը։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի նիստի N23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգով նախատեսված միջոցառումների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 7-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008թ. ծրագիրը հաստատելու մասին» N 957-Ն որոշման դրույթների իրականացմամբ։ Նույն որոշմամբ համապատասխան փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի N870-Ն որոշման մեջ։
Գործադիրը հավանություն է տվել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին։ Նշվել է, որ նկատի ունենալով ներկայացված նախագծի, ինչպես նաև գործող օրենքի առանձին դրույթների անհամապատասխանությունը ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և այլ օրենքների պահանջներին, կառավարությունն առաջարկում է գործող օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, կամ օրենքը շարադրել նոր խմբագրմամբ։
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «Գրանիտ« ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող (80 տոկոս), 271 մլն 222 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը սահմանել է նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանները և դրանց կրման կարգը։
Փոփոխություն կատարելով ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, գործադիրը որոշել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.315 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ