Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 դեկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Գործադիրը հաստատեց ՀՀ կառավարության 2003 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը‘ ըստ ժամկետների, ֆինանսական ապահովման աղբյուրների և կատարողների։ Հանձնարարվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին‘ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել տեղեկանք‘ միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշեց Երևանի քաղաքապետարանի տնօրինության Երևան քաղաքի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր թաղային համայնքների Հայորդաց տների (նախկին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) շենքերը և շինություններն անհատույց‘ սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն։ Գործադիրը որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 4 մլն դրամ‘ Տավուշի մարզի Բերդ քաղաքի համայնքային ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով սուբվենցիա տրամադրելու համար։ Կառավարության անդամները հավանություն տվեցին Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարությանն ու գործողությունների ազգային ծրագրին։ Այն բխում է «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիայի դրույթներից և ներառում է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի հայեցակարգային մոդելը, դրան հասնելու ռազմավարությունը, ինչպես նաև գործողությունների ծրագիրը։ Ըստ հարցը ներկայացնող ՀՀ բնապահպանության նախարարի, այդ փաստաթուղթը հնարավորություն կտա արդյունավետորեն իրականացնել ոլորտի հեռանկարային զարգացումը։ Մեկ այլ որոշմամբ, հաստատվեցին բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողություն) կանոնադրությունն ու կառուցվածքը։ Կառավարությունը հավանություն տվեց նաև վերականգնման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականատերերին պետական ֆինանսական աջակցության տրամադրման հայեցակարգին։ Այն նպատակաուղղված է պետական միջոցներով կառուցված և շահագործման ընթացքում երրորդ աստիճանի վնասվածության դարձած բազմաբնակարան շենքերի հետագա շահագործման անվտանգության խնդրի լուծմանը‘ պետական ֆինանսական աջակցության համակարգի ստեղծման միջոցով։ Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին‘ իրենց կողմից ստեղծված կառավարման մարմնի միջոցով, վերականգնման աշխատանքներին պարտադիր ֆինանսական մասնակցության պայմանով։ Վերականգնվող շենքերի ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով և որպես շենքի ընտրության հիմնական չափանիշ, սահմանվում է շինության սեփականատերերի կողմից պարտադիր ֆինանսական մասնակցության չափը և շենքում բնակվող, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների քանակը։ Այսօրվա նիստում գործադիրը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 87 մլն 111 հազար 400 դրամ‘ հանրապետության համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների գծով 2000 թվականի արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարման համար։ Առողջապահության նախարարությանը հատկացվեց 6 մլրդ 549 մլն 825 հազար 900 դրամ‘ առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարման համար։ Լոռու մարզպետարանին‘ 46 մլն 900 հազար դրամ‘ «Բնակարանային շինարարություն» ծրագրով «Հայկոոպսերվիս» միավորման Սպիտակի շինարարական վարչության կողմից կատարված աշխատանքների դիմաց նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար։ Գեղարքունիքի մարզպետարանին‘ 40 մլն 50 հազար 700 դրամ և Սյունիքի մարզպետարանին‘ 32 մլն 321 հազար 400 դրամ‘ «Հանրակրթական դպրոցների պահպանում» ծրագրի գծով առաջացած բյուջետային պարտքերի մարման նպատակով։ Որոշման արդյունքում համայնքային դոտացիաների պարտքը ամբողջությամբ մարվում է։ Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հանձնարարեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 2002 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով պետական հիմնարկների նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով «Հայգազարդ» ՓԲԸ-ին հատկացնել 794 մլն 108 հազար 200 դրամ։ Հանձնարարվեց ՀՀ նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին (Երևանի քաղաքապետին) «Հայգազարդ» ՓԲԸ-ին ներկայացնել նշված ժամկետում չմարված պարտքեր ունեցող պետական հիմնարկների ցանկը։ Հանձնարարվեց նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ՀՀ 2002 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություններում 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով առկա պարտքերը ներկայացնել զրոյական, վերջինի մասին նշելով բացատրագրում։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ծննդյան տոների և Ամանորի տոնական օրերի առիթով, կառավարությունը որոշեց 2003 թ. հունվարի 3-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել 2002 թ. դեկտեմբերի 29-ը‘ կիրակի օր։ Որոշման նպատակն է մինչև 2002 թ. տարեվերջ հասցնել հատկացնել ֆինանսական այն միջոցները, որոնք նախատեսված էին ՀԲ-ի SAC-4 վարկի վերջին չափաբաժնով, որն արդեն ստացվել է։ Կառավարությունը թույլատրեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին‘ Միջպետական բանկից ձեռք բերել 6 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկ‘ մինչև 2,5 տարի մարման ժամկետով և 10 տոկոս տոկոսադրույքով։ Հանձնարարվեց այդ նպատակով Միջպետական բանկի հետ կնքվող պայմանագրում վարկի ստացումը նախատեսել ըստ չափաբաժինների‘ 2002 թ. դեկտեմբեր-2003 թ. փետրվար ամիսներին, նկատի ունենալով, որ բանկի կողմից դրանց տրամադրումը կկատարվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի նույն բանկում ունեցած 10 մլն ԱՄՆ դոլար վարկի մարումներին համընթաց‘ ազատված վարկային միջոցների հաշվին։ Որոշմամբ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք‘ որպես վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսադրույքի վճարային պարտավորության ապահովման միջոց։ ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն, գործադիրը հաստատեց ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները, սահմանեց պայմանագրի օրինակելի ձևը։ Գյուղատնտեսության նախարարին և կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ջրօգտագործողների ընկերությունների և դրանց միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի հաստատմանը ներկայացնել «Ջրօգտագործողների ընկերություններում ոռոգման ջրի օգտագործման կանոնակարգը»։ Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվեց նաև եռամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն‘ սակավաջրության դեպքում ոռոգման ջրի առաջնահերթ օգտագործման կարգի մասին։ Կառավարությունը որոշեց Երևանի թաղային համայնքներին վերապահել քաղաքապետարանի ենթակայության‘ կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմի 40 տոկոսը ձևավորելու լիազորությունը։ Սահմանվեց, որ խորհուրդների ձևավորումը և գործադիր մարմինների տնօրենների ընտրությունն ու պաշտոնի նշանակումը կատարվում են կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգերով։ Որոշման նպատակը Երևան քաղաքի պետական հանրակրթական համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացումն է։ Գործադիրը որոշում ընդունեց նաև Երևան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները թաղային համայնքների ենթակայությանը հանձնելու և նախորդ համապատասխան որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին։ Օրակարգում ընդգրկված հարցերից հաստատվեցին նաև Հայաստանի ազգային ատլասի կառուցվածքը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը և նախահաշիվը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման ու ֆինանսական հաշվետվությունների բարելավման գործողությունների ծրագիրն ու ժամանակացույցը։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատեց հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը։ Մեկ այլ որոշմամբ, հաստատվեց նաև հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի կամ ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանվեց ոստիկանության կոչումների շնորհման կարգը, հաստատվեցին ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը։ Գործադիրը սահմանեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և ոստիկանությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը տեղեկություններ պետք է տրամադրեն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը համապատասխանաբար «Ներմուծում ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր ներմուծում», ինչպես նաև այլ մաքսային ռեժիմներով ներմուծված և պետավտոտեսչության մարմիններում հաշվառման կանգնած ավտոտրանսպորտային միջոցների քանակների վերաբերյալ։ Կառավարության անդամները համաձայնություն տվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն տվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆեդերալ ավիացիայի ադմինիստրացիայի տրանսպորտային վարչության միջև համագործակցության» հուշագրի կնքման առաջարկությանը։ Նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում ատենախոսությունը պաշտպանած, բայց բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը։ Կառավարությունը սահմանեց 2003 թ. ընթացքում օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների միջնակարգ ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվող փոխհատուցման չափը‘ համաձայն ներկայացված հավելվածի։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ