հինգշաբթի, 11 դեկտեմբերի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում վարչապետը տեղեկացրել է, որ մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբում տեղեկատվության հավաքագրման և շտաբ դիմողների հետ կապի պատասխանատուն ՀՀ վարչապետի օգնական Ալբերտ Գրիգորյանն է, ում էլ. փոստի հասցեով` albert_grigoryan@gov.am , ցանկացողները կարող են ուղարկել իրենց բիզնես ծրագրերը, ներկայացնել առաջարկություններ, որի համար կգործի նաև 52-92-39 հեռախոսահամարը: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախարարություններից, գերատեսչություններից կհավաքագրվեն վերոնշյալ հարցով պատասխանատու անձանց հեռախոսահամարները, էլ. փոստի հասցեները ևս, ում հետ ՀՀ վարչապետի օգնականը կլինի ամենօրյա օպերատիվ կապի մեջ: «Կարծում եմ, որ նախարարությունները նույնպես պետք է այս ռեժիմին համապատասխան գործեն: Ճիշտ կլինի, որ նախարարները և գերատեսչության ղեկավարները հանձնարարականներ տան, կամ իրենց հրամաններով արձանագրեն այն պատասխանատուներին, ովքեր աշխատելու են օպերատիվ շտաբի հետ, որպեսզի մեզ մոտ հավաքագրվող տեղեկատվությունն ուղարկենք ձեզ և դուք կարողանաք արագորեն արձագանքել այդ նամակներին», - ասել է Տիգրան Սարգսյանը: Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, գործադիրը «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան և Ամանորի տոնական օրերի կապակցությամբ, որոշել է 2009թ. հունվարի 5-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հունվարի 10-ը` շաբաթ օր: Կառավարությունը հաստատել է Փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցության 2009թ. ծրագիրը: Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով: Նշվել է, որ ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանն ու անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից է: Ծրագրի հիմնական նպատակը` շարունակական աջակցությամբ ՓՄՁ դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում: Ծրագրի նպատակների թվում նշվել են նաև ՓՄՁ սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործողներին, ՓՄՁ սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության, գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու, ինչպես նաև սկսնակ գործարարների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատումը: Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիշյալ ծրագիրը 2009 թվականին մեր երկրի նախապատվություններից մեկն է լինելու և փոքր ու միջին բիզնեսը խթանելու ուղղությունը լինելու է հակաճգնաժամային կարևորագույն տարրերից մեկը: Նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային մասը և ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններին, անկախ հանձնաժողովների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում, երկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ հիշյալ ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ: Հանձնարարվել է նաև «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ընդգրկելու նպատակով, հնգօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ 2009թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը, ինչպես նաև «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի կատարման ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները (բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության): Վերը նշված կանխատեսումները կազմել ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած ձևով և ներկայացնել էլեկտրոնային կրիչով: ՀՀ ԿԱ եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է` «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ընդգրկելու նպատակով, երկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 2009թ. նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները: ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մայր Սեդա Կրպեյանին, զոհված (մահացած) զինծառայողների մայրեր Անելգա Դովլաթյանին և Գեղեցիկ Խաչմանուկյանին` Երևան քաղաքում 1 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար, տրամադրել 14 մլն 194 հազարական դրամ, զոհված զինծառայողների այրիներ Շուշանիկ Բաբայանին, Զարինե Հակոբյանին, ՀՀ ոստիկանության զորքերի զոհված (մահացած) զինծառայողի այրի Քրիստինե Թորոսյանին` Երևան քաղաքում 2 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար, տրամադրել 20 մլն 66 հազարական դրամ: Որոշմամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչված Կարեն Մկրտչյանին` Երևան քաղաքում 3 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար, կտրամադրվի 25 մլն 211 հազար դրամ, իսկ նույն հիմքերով 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչված Գրիշա Բադասյանին` Երևան քաղաքում 4 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար` 30 մլն 520 հազար դրամ: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին` ապահովել նշված քաղաքացիներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավման համար» ծրագրով նախատեսված գումարի շրջանակներում: «Իրավական ակտերի մասին», «Ոստիկանության մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարների չափերը, ինչպես նաև անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը: Սահմանվել է, որ անձնագիր ստանալու կամ փոխանակելու մասին քաղաքացու դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում, անձնագիրը տրվում կամ փոխանակվում է 5-րդ աշխատանքային օրը` քաղաքացուց գանձելով միայն օրենքով սահմանված պետական տուրք: ՀՀ քաղաքացու ցանկությամբ ավելի կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու համար ծառայությունների վճարների չափերը սահմանվել են. 1 աշխատանքային օրվա դեպքում` 20 հազար դրամ, 2-4 աշխատանքային օրվա դեպքում` 10 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ ԿԱ ոստիկանությունը սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում ՀՀ ոստիկանության համար բացել արտաբյուջետային հաշիվ` անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայության մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով: Սահմանվել է, որ արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում հիշյալ միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` ՀՀ պետբյուջեի տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար: ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 322 հազար 264 դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքի փոխպատվաստման կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման ենթարկված Մելինե Հայրապետյանի հետպատվաստումային վիճակը գնահատելու նպատակով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից պիտանիության կարճ ժամկետ ունեցող դեղերի արագ սպառման կարգը: Որոշման ընդունումը նպատակ ունի կանխել ժամկետանց դեղերի առկայությունը ՀՀ պետական կառավարման մարմիններում և ապահովել բնակչությանը արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը, որի կիրառումը հնարավորություն կտա` անասնահամաճարակների բռնկման դեպքում, կարճ ժամկետներում և օպերատիվորեն կազմակերպել և իրականացնել հիվանդության տարածման կանխարգելմանն ու դրա օջախների վերացմանն ուղղված միջոցառումները: Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կառավարության որոշմամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ստեղծման կապակցությամբ կրթական օրենսդրությունում առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, երկու նոր ուսումնարանների բացման գործընթացի ձգձգման պատճառով ՀՀ պետբյուջեի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» ծրագրում տնտեսված 60 մլն 227.4 հազար դրամ գումարը փոխանցել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի N 350 որոշման մեջ, որով, մասնավորապես, նախատեսվում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկել նաև ՀՀ սփյուռքի նախարարին: Վարչապետը նշել է, թե Վրաստան կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրահայ համայնքի զարգացման, հեռանկարի մասին հայեցակարգի մշակման վերաբերյալ: Նա առաջարկել է, որ փաստաթղթի մշակման նախաձեռնողը լինի ՀՀ սփյուռքի նախարարությունը` շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ստեղծելով աշխատանքային խումբ և հստակ ժամկետ ամրագրելով, կառավարություն ներկայացնել հայեցակարգը: Վիրահայ համայնքը, համարելով մեր կարևորագույն համայնքներից մեկը, Տիգրան Սարգսյանը նշել է, թե այդ համայնքի վերաբերյալ կազմված հայեցակարգը շատ հարցերի պատասխան կտա նաև այլ համայնքների մասով: «Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Թբիլիսիում, որ այս մշակումներին մասնակցի նաև համայնքի ղեկավարությունը: Իրենց տեսակետներն ու կարծիքները նույնպես կարևոր են լինելու այդ հայեցակարգը մշակելու համար: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ աշխատանքային խմբում, բացի ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարություններից, լինի նաև արտգործնախարարության ներկայացուցիչը»,-ասել է վարչապետը, հանձնարարելով այդ մասին արձանագրային որոշում կազմել և արդեն 2009թ. փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կազմակերպել քննարկումը: «ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և գումար հատկացնելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ նշվել է, որ Երևան քաղաքում գտնվող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացված միջոցների 30 տոկոսը մուտքագրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվին, որն էլ ուղղվում է Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Ներկայումս նշված հաշվի մնացորդը կազմում է շուրջ 122 մլն դրամ, որից 104 մլն 990.4 հազար դրամը որոշման համաձայն նախատեսվում է ուղղել մի շարք ծրագրերի իրականացմանը: Նիստում որոշվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմում ստեղծել առանձնացված ստորաբաժանում` ընդերքի վերահսկողության պետական տեսչություն: Հաստատվել են նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը: Կառավարությունը որոշում է ընդունել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լիազորությունները հստակեցնելու և ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 15-ի N 653-Ն և N 654-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշմամբ 2008թ. չորրորդ եռամսյակում ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է հատկացվել 17 մլն 308.2 հազար դրամ: Դրանից 10 մլն դրամը կտրամադրվի ՀՀ կրթության և գիտության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները համակարգչային և գրասենյակային սարքավորումներով համալրելու, իսկ 7 մլն 308.2 հազար դրամը` դպրոցականների շախմատի 3-րդ օլիմպիադայի համայնքային մրցումների անցկացման նպատակով «Չեսս» շախմատային ակադեմիա» հիմնադրամին տրամադրելու համար: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 43 մլն 820 հազար դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 2008թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողներին ու մրցանակակիրներին դրամական մրցանակներ հանձնելու համար: Հանձնարարվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` որոշմամբ նախատեսված գումարը տրամադրել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա: ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 5140-Ն և 2008թ. մարտի 27-ի N 295-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 28 մլն 152 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին` կոմիտեի աշխատողների աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով: Նիստում կառավարությունը թույլատրել է կառուցել Երևան քաղաքի ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում վարչական շենք` ըստ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի: Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի և «Բարայ Դեվելոփմընթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին լրացուցիչ վարչական տարածքներով ապահովելու նպատակով: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի հետ, «Բարայ Դեվելոփմընթ» ՍՊԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում վարչական նշանակության բազմահարկ շենք կառուցելու մասին համապատասխան պայմանագիր` նշելով նաև դրա համար հիմք հանդիսացող պայմանները: Այլ որոշումներով, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2008թ. դեկտեմբերի 10-ից կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը: Որոշվել է նաև 2009թ. հունվարի 1-ից կիրառությունից հանել ՀՀ-ում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2004» և «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը: Որոշման համաձայն, 2009թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում արգելվում է ՀՀ-ում արտադրված` «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի և ՀՀ-ում արտադրված «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների իրացումը: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2009թ. ապրիլի 1-ը հաստատել ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և (կամ) վնասված «2004», «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը: Կառավարությունը հավանություն է տվել «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նշվել է, որ կառավարությունը ՀՀ օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և հաշվի առնելով «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի առաջարկությունը, կառավարությունը որոշել է որպես նվիրատվություն ընդունել «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, և այն ամրացնել «Սպասարկում» ՊՈԱԿ-ին: Լիազորվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` կնքել որոշումից բխող անհրաժեշտ պայմանագրերը: «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքից հետ վերցնել որոշման հավելվածում նշված գույքը և հանձնել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշումն ընդունվել է` ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 15-ի N 531-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն և պետական ռեզերվների գործակալությունները «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կազմում ընդգրկելու կապակցությամբ: ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, նիստում գործադիրը որոշել է նաև Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում Աջափնյակի համայնքի Տիչինայի փողոցին հարող տարածքի գոտիավորման նախագծով առանձնացված 162.68 հա գյուղատնտեսական նշանակության հողերից 128.83 հա-ն փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, իսկ 33.85 հա-ն` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա: Շենգավիթի համայնքի Շիրակի փողոցին հարող տարածքի 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերը կփոխադրվեն բնակավայրերի հողերի կատեգորիա: