Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին: Մինչ նիստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ: Այնուհետ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբին և մասնակցել հանձնաժողովի հերթական նիստին, որտեղ քննարկվել են 2007թ. հոկտեմբերի 15-ին կայացած նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, կողմերի միջև իրավապայմանագրային բազայի ներկա վիճակին ու զարգացման միտումներին, առևտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակին և հեռանկարային ուղղություններին, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության և մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել է Հայաստանի ու Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքը ևս:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել միջկառավարական հանձնաժողովին` արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Վարչապետները հույս են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ հարաբերությունների խորացման և ընդլայնման համար: Երկուստեք կարևորվել է ընթացիկ տարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը:

Տիգրան Սարգսյանը և Գրիգոլ Մգալոբլիշվիլին համակարծիք են եղել բաց, թափանցիկ, հասկանալի քաղաքականություն վարելու անհրաժեշտության հարցում` ընդգծելով, որ դա պետք է տեսանելի լինի նաև տարածաշրջանում շահեր ունեցող մեծ տերությունների համար: Նրանք վստահություն են հայտնել, որ ստորագրվելիք փաստաթղթերը նոր թափ կհաղորդեն միջպետական հարաբերություններին, նշելով, որ երկու երկրների կառավարություններին առաջիկայում քրտնաջան աշխատանք է սպասվում` ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Տիգրան Սարգսյանը և Գրիգոլ Մգալոբլիշվիլին նշել են, որ իրենց առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցերի: Անդրադարձ է եղել նաև հայկական Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու խնդրին: Ընդգծվել է, որ հայ և վրացի եկեղեցիներին միավորում են բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Վարչապետները կարևորել են Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքի նախաձեռնությունը` ինչպես Նորաշեն Սուրբ Աստվածածին, այնպես էլ այլ եկեղեցիների հետ կապված հարցերի քննարկման համար համատեղ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, որտեղ բոլոր խնդիրները կքննարկվեն և լուծում կստանան երկխոսության միջոցով: Վրաստանի վարչապետն այս կապակցությամբ ասել է, որ երկու երկրների հարաբերություններում որևէ հարց չպետք է քաղաքական շահարկումների առիթ դառնա:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին կայացել է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի արդյունքներն ամփոփող արձանագրությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Էկատերինա Շարաշիձեն ստորագրել են 1995թ. օգոստոսի 14-ի «Վրաստանի կառավարության և ՀՀ կառավարության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարի տեղակալ Դավիթ Քիրիան ստորագրել են երկու նախարարությունների միջև «2008-2010թթ. ընթացքում համագործակցության մասին» ծրագիրը:

Որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` ութերորդ նիստն անցկացնել 2009թ. Երևանում: Ժամկետն ու օրակարգը կորոշվեն ավելի ուշ` աշխատանքային կարգով:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, այցելել է Վրաստանում ՀՀ դեսպանատուն, հայկական Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թբիլիսիում հայ ականավոր գրողների և հանրային գործիչների պանթեոն:

 Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում

 

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ, կողմերը գոհունակությամբ նշել են, որ որոշումների հիմնական մասը կատարվել է, մի մասն ընթացքի մեջ է: Առաջարկվել է երկու կողմերի նախարարություններին ու գերատեսչություններին` համատեղ միջոցներ ձեռնարկել հանձնարարականներն ավարտին հասցնելու նպատակով և կատարված աշխատանքների մասին զեկուցել հանձնաժողովի համանախագահներին:

Նիստում նշվել է, որ շարունակվում են աշխատանքները իրավապայմանագրային որոշ փաստաթղթերի, այդ թվում` Հայաստանի և Վրաստանի կողմից աշխարհագրական անվանումների (ծագման տեղանունների) համատեղ ճանաչման և պաշտպանության, երկու երկրների կառավարությունների միջև անասնաբուժության, բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտներում համագործակցության, հայ-վրացական պետական սահմանով անցակետերի, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության ու Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի ոլորտում համագործակցության և այլ խնդիրների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի մշակման ուղղությամբ:

Երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների քննարկման արդյունքում, հանձնաժողովն ի գիտություն է ընդունել, որ մի շարք փաստաթղթեր` Վրաստանի ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման հարցերով փոխգործակցության կարգի (26 փետրվարի 2008թ.) մասին արձանագրությունը, ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին (20 հունիսի 2008թ.) և օդային հաղորդակցության մասին (6 հոկտեմբերի 2008թ.) համաձայնագրերն արդեն իսկ մտել են ուժի մեջ: Ավարտվել է աշխատանքը «1995թ. օգոստոսի 14-ի երկու երկրների կառավարությունների միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության և «Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի ու ՀՀ մշակույթի նախարարությունների միջև 2008-2010թթ. ընթացքում համագործակցության մասին» ծրագրի մշակման ուղղությամբ:

Քննարկելով Հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման ընթացքը, միջկառավարական հանձնաժողովն առաջարկել է երկու կողմերի համապատասխան հանձնաժողովներին` շարունակել ակտիվորեն աշխատել` երկուստեք ընդունելի համաձայնության հասնելու նպատակով:

Քննարկումներում մեծ տեղ է հատկացվել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության և զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության խնդիրներին: Ի գիտություն է ընդունվել կողմերի տեղեկատվությունն այն մասին, որ երկկողմ արտաքին ապրանքաշրջանառությունը 2008թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում, 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.6 տոկոսով: Նշվել է համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ընդգծելով արդեն իսկ իրականացված աշխատանքների արդյունավետությունը, փոխգործակցության հետագա ակտիվացման նպատակով, հանձնաժողովը մի շարք հանձնարարականներ է տվել երկու երկրների համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին: Մասնավորապես, հանձնարարվել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` ապահովել տեղեկատվության կանոնավոր փոխանակումը առևտրատնտեսական բնագավառի հրատապ նախագծերի ու ծրագրերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների սեփականաշնորհման հարցերի վերաբերյալ: Վրաստանի տնտեսական զարգացման և ՀՀ էկոնոմիկայի նախարարություններին, այլ շահագրգիռ գերատեսչություններին հանձնարարվել է նպաստել ՏՏ ոլորտի հայկական և վրացական ընկերությունների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը, միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցության միջոցով` Հայաստանի ու Վրաստանի զբոսաշրջային ներուժի բացահայտման նպատակով համագործակցության խորացմանը, մշակել Վրաստան-Հայաստան համատեղ զբոսաշրջային երթուղիներ, համապատասխան գովազդային նյութեր: Նիստում կողմերը պայմանավորվել են լրագրողների համար 2009 թվականին կազմակերպել ճանաչողական զբոսաշրջային այցեր: Հանձնաժողովը հանձնարարել է նաև երկու երկրների գյուղատնտեսության նախարարություններին` ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության հետագա զարգացման նպատակով, ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել թեյի արդյունաբերության համատեղ ձեռնարկությունների ստեղծման և գործարկման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել երկու կողմերի մասնավոր հատվածի ներկայացուցիչների փոխգործակցության ակտիվացման առաջարկությունները` մրգերի և բանջարեղենի մշակման, փաթեթավորման ու պահպանման համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ:

Նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև զգալիորեն աճել են բեռնափոխադրումների ծավալները, ժամանակի կրճատման և պետական սահմանները հատելիս նախատեսված գործողությունների ներդաշնակեցման նպատակով, կողմերին հանձնարարվել է մինչև 2009թ. ապրիլի 1-ը մշակել և ներկայացնել առաջարկություններ` մաքսային գործողությունների ստանդարտ կանոնների իրագործման համար: Հանձնարարվել է դրանցում ներառել արդյունավետ մաքսային վերահսկողության իրագործմանն ու երկու երկրների տարածքներով ապրանքների միջանցիկ փոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանն առնչվող հարցեր: Որոշվել է մինչև 2009թ. ապրիլի 1-ը ավարտել Բագրատաշենի մաքսակետում երկրորդ ավտոմոբիլային կամրջի շինարարության հարցի համաձայնեցումը ևս:

Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կայուն աճի միտում ունեն: Հաշվի առնելով այդ իրողությունը, կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է շարունակել աշխատանքը Այրում-Սադախլո կայարանի ենթակառուցվածքների և թողունակության բարելավման ուղղությամբ, Վրաստանի տնտեսական զարգացման և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություններին` շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ, կանոնավոր կերպով տեղեկատվություն փոխանակել` Երևան-Գյումրի-Բավրա-Նինոծմինդա-Ախալցխա-Շուախևի-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման-վերակառուցման վերաբերյալ, ինչպես նաև երկու կողմերի համապատասխան իրավասու մարմիններին` մինչև 2009թ. մայիսի 1-ը ստեղծել աշխատանքային խումբ` Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորատար գնացքի երթևեկության ժամանակ սահմանային և մաքսային վերահսկողության իրականացման հարցի քննարկման նպատակով:

Միջկառավարական հանձնաժողովն ընդծել է կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը նաև էներգետիկայի ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացմամբ` բարիդրացիական հարաբերությունների հիման վրա: Նշվել է վրացական գազատրանսպորտային համակարգով` պահանջվող ծավալներով, դեպի Հայաստան բնական գազի անխափան տեղափոխման ապահովման կարևորությունը, հատկապես ձմռան շրջանում: Այդ համատեքստում հայկական կողմն ընդգծել է վրացական կողմից Վրաստանի գազատրանսպորտային համակարգի թողունակության բարձրացմանն ու պահանջվող ծավալներով բնական գազն անխափան և հուսալիորեն Հայաստան տեղափոխելու առաջնահերթ միջոցառումների ավարտմանն ուղղված աշխատանքների արդյունավետ և հաջող կատարումը: Հանձնարարվել է կողմերին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Վրաստան-Հայաստան 400 կՎ բարձրավոլտ գծի շինարարությունը մինչև 2009թ. վերջն ավարտելու համար: Հանձնարարվել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին և վրացական կողմի իրավասու մարմիններին` ձեռնարկել Վրաստանի օրենսդրությամբ պահանջվող բոլոր միջոցները` Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ գծի կարգավիճակի իրավաբանական ձևակերպման համար:

Հանձնաժողովն առանձին որոշումներ է ընդունել նաև սոցիալական և հումանիտար ոլորտներում, մասնավորապես, առողջապահության, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ