Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 8 դեկտեմբերի 2008

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Հարգելի ներկաներ,

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 20-րդ տարելիցը։ Քսան տարի առաջ ցնցվեց մեր հողը։ Նրա հետ ցնցվեցին մեր սրտերն ու մտքերը։ Նրա հետ ցնցվեց ողջ հայությունը։ Աղետին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեջ՝ մեծ թվով երեխաներ։ Հողին հավասարվեց մեր երկրի մեկ երրորդը։ Այդ պահին դեռ բոլորը չէ, որ գիտակցում էին հարվածի ողջ ծանրությունն ու ողբերգականությունը, ինչպես նաև կատարվածի հետքը, որ պիտի թողներ մեր ժողովրդի սրտում և մեր երկրի տնտեսության վրա։

Պատկերը հուսահատական էր, բայց մենք չհուսահատվեցինք։ Չհուսահատվեցինք հիմնականում երկու պատճառով։ Առաջին. մեզ օգնության շտապեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ Հայաստանը և աղետի գոտին վերածելով համամարդկային համերաշխության ու գթասրտության գոտու։

Այսօր, մեր շնորհակալության անկեղծ ու ջերմ խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին մեր ողբերգության առաջին օրերից, ովքեր վտանգելով ու զոհելով իրենց կյանքը, օգնում ու փրկում էին մեր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ օժանդակում էին մեր երկրին հաղթահարելու պատուհասած արհավիրքի հետևանքները:

Մենք հիշում ենք բոլորին, մենք երախտապարտ ենք նրանց սխրանքի համար, ձեր անշահախնդիր մարդասիրության ու դժվար պահին մեզ ձեռք մեկնելու համար:

Չհուսահատվելու երկրորդ պատճառն ավելի խորն էր։ Մեր պատմության ու գեների մեջ էր ցավին կուլ չգնալու, ամեն գնով դիմագրավելու և վերապրելու ծրագիրը։ Մենք դիմացանք ու պայքարեցինք մի քանի ճակատներով։ 1988 թվականից սկիզբ առած ազգային վերարթնացումը համաժողովրդական պայքար էր հանուն Հայաստանի ու Արցախի ազատության։ Երբ երերաց մեր հողը, ոմանք երկյուղ ունեցան, որ կերերա նաև մեր ժողովուրդը, նրա հավատն ու նպատակասլացությունը։ Բայց այդ մտավախությունները կարճ տևեցին։

Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետություններից ոչ մեկը չուներ մեկնարկային այնպիսի ծանր պայմաններ, ինչպիսիք Հայաստանինն էին. շրջափակում, էներգտիկ ճգնաժամ, պատերազմ և մեկ երրորդով հողին հավասարված արդյունաբերություն և բնակարանային ֆոնդ։ Ես նշում եմ այս իրողությունը, որպեսզի հատուկ շեշտեմ, որ մենք իրականում անցել ենք շատ ավելի մեծ ճանապարհ, քան այսօր կարող է թվալ առաջին հայացքից։

Աղետի գոտու վերականգնման աշխատանքներում արմատական բեկում գրանցվեց 1998 թվականից հետո, երբ Հայաստանի նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ խնդրի լուծումը համարեց «պետության պատվի գործ»։ 1998-2006 թվականների ընթացքում՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրների (պետական բյուջե, բարեգործական և այլ կազմակերպություններ, անհատներ) հաշվին ծավալվեց շինարարություն, որի արդյունքում բնակարաններ ստացան կամ բարելավեցին իրենց պայմանները 20 հազարից ավելի ընտանիքներ։ 5914 ընտանիք իր բնակարանային կարիքները հոգաց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով։ Կառուցվեցին ու հիմնանորոգվեցին մեծ թվով դպրոցներ, առողջապահական հիմնարկներ ու մշակույթի օջախներ։ Սպիտակը, որի անունով հաճախ կոչում են երկրաշարժը, և Գյումրին վերստացան քաղաքին վայել տեսք։

Մեծածավալ աշխատանք է կատարվել, բայց ակնհայտ է, որ արվածը բավարար չէ։ Երկրաշարժի գոտում քսան տարի անց դեռ հսկայական գործ կա անելու, դեռ կան անօթևան ընտանիքներ։ Ցանկանում եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ մենք այս առումով ունենք կոնկրետ ծրագրեր, հստակ ժամանակացույց, և այդ ծրագրերն իրականացվելու են։ Մեր երկրի ներկա հնարավորությունները թույլ են տալիս լրացնել այն բացը, որ դեռ առկա է։ Այս գործում ներգրավվելու են ֆինանսավորման ամենատարբեր աղբյուրներ։

Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք պետք է վերջնականապես ավարտենք աղետից տուժածների բնակարանային խնդիրների լուծումը:

Համաձայն «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի», մինչև 2013 թվականը կառուցվելու են առնվազն 4883 նոր բնակարաններ և բնակելի տներ, այդ թվում.

- Գյումրի քաղաքի Անի և Մուշ թաղամասերում կառուցվելու են առնվազն 2300 բնակարաններ` իրենց սպասարկման օբյեկտներով,

- Շիրակի մարզի Ախուրյան գյուղում առնվազն 182 բնակարաններ` իրենց սպասարկման օբյեկտներով,

- Շիրակի մարզի թվով 10-ը գյուղական բնակավայրերում առնվազն 226 անհատական բնակելի տներ,

- Սպիտակ քաղաքում առնվազն 354 բնակարաններ` իրենց սպասարկման օբյեկտներով,

- Լոռու մարզի թվով 24 գյուղական բնակավայրերում առնվազն 1821 անհատական բնակելի տներ:

Բացի այդ, 2009թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է ևս 49 բնակարանների կառուցում Ստեփանավանքում: ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 268 ընտանիքներին արդեն իսկ հնարավորություն է ընձեռնվել ձեռք բերել բնակարան: 1785 ընտանիքների հնարավորություն կընձեռնվի հոգալու իրենց բնակարանային խնդիրները 2009-2012 թվականների ընթացքում պետական միջոցների հաշվին իրականացվելիք նույն ծրագրի շրջանակներում:

Հայաստանի կառավարությունը մշակել և իրականացնում է նաև Հայաստանի հյուսիսի տնտեսական զարգացման նոր ծրագրեր ու նախաձեռնություններ: Գյումրին, Վանաձորը և մյուս քաղաքներն ու գյուղերը կարող են և պետք է դառնան ժամանակակից գործարարության, մշակույթի և սպորտի կենտրոններ, տրանսպորտային լուրջ հանգույցներ: Եվ այս ուղղությամբ արդյունքներն իսկապես նկատելի են լինելու:

Հարգելի բարեկամներ,

Այսօր՝ երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը, մենք գլուխ ենք խոնարհում երկրաշարժի բազմահազար զոհերի հիշատակի առաջ։ Ամենամեծ ու անդառնալի կորուստը մարդկային կյանքերն են։ Չկար Հայաստանում մեկը, որի համար կորստի վիշտը չլիներ խորապես անձնական։ Չկար մեկը, որ կորցրած չլիներ ազգական կամ ընկեր, բարեկամ կամ ծանոթ։ Դա մի պահ էր, երբ բոլորը ցավակցում էին բոլորին։

Այսօր փորձությունների կրակների մեջ թրծված մեր երկիրը շարունակում է իր ուղին։ Սա ստեղծագործ աշխատանքի և արարման ճանապարհ է, որ մեզ տանում է դեպի բարեկեցիկ, կիրթ և ազատ մարդկանց երկիր, որ վաղվա Հայաստանն է։ Մեր երթն անշրջելի է, որովհետև մենք համոզված ենք. աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական։

Շնորհակալություն:

07.12.08թ., Գյումրի

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ