Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 դեկտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձել է կարևորագույն մի քանի հարցերի, որոնցից մեկը վերաբերել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: «Մենք ունենք հանձնարարականներ` տրված բոլոր նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին ու նաև խնդրանք-առաջարկ Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի ներկայացնեն առաջարկություններ բիզնեսի զարգացման վերաբերյալ, բացահայտեն առկա տնտեսական պոտենցիալը, և այն ծրագրերը, որոնք կարելի է իրականացնել կառավարության աջակցությամբ, որպեսզի մենք խթանենք տնտեսության աճը ՀՀ-ում: Այս աշխատանքները կոորդինացնելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով վարչապետի ղեկավարությամբ, և այդ հանձնաժողովն աշխատելու է օպերատիվ շտաբի ռեժիմով: Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզ հիշեցնել այս հանձնարարությունը, որպեսզի դուք համագործակցեք օպերատիվ շտաբի հետ, և բոլոր այդ առաջարկությունները, որ ստանում եք մասնավոր հատվածից, ներկայացնեք օպերատիվ շտաբ:

Գործիքակազմը, որով մենք օգնելու ենք մասնավոր հատվածին` հայտնի է, դրա մասին մենք հանդես ենք եկել ԱԺ-ում հայտարարությամբ մեր հակաճգնաժամային համալիր ծրագրի ներքո, ինչպես նաև ծրագիրը տեղադրված է կառավարության ինտերնետային կայքում: ԶԼՄ-ների միջոցով ևս մենք այն տարածել ենք: Ծրագրի տրամաբանության ներքո պետք է օպերատիվ աշխատենք:

Գաղտնիք չէ, որ 2009թ. լինելու է ծանր տարի և մեզանից պահանջվելու է լարված աշխատանք: Դեկտեմբեր և հունվար ամիսները լինելու են լարված աշխատանքի ամիսներ` առաջին հերթին կառավարության համար, որովհետև մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք այն բոլոր աշխատանքները, որոնք կատարել ենք 2008թ.-ին` նախապատրաստվելով համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը: Դա նշանակում է, որ մենք ամփոփելու ենք այն սցենարները, որ այդ բացասական ազդեցությունների առումով մշակել է ֆինանսների նախարարությունը, և այդ սցենարների ներքո մեր գործողությունների ծրագրերը պետք է բոլորի համար լինեն հասկանալի: Այդ առումով, մենք ևս մեկ անգամ թարմացնում ենք հանձնարարականները, որոնք տրված են բոլոր գերատեսչություններին և նախարարություններին` ամփոփել բոլոր այն առաջարկությունները, որոնք ստացվել են մասնավոր հատվածից: Առաջարկություններն ունենալու են երկու ուղղություն` մեկն այն է, որ ձեռնարկություններն ունեն գրագետ և պատրաստված մենեջմենթ, որը ներկայացնում է մեզ հստակ ծրագիր, որով նկարագրվում են այն բարդությունները, որոնք առկա են և այն առաջարկությունները, թե ինչպես պետությունը կարող է օգնել տվյալ ձեռնարկություններին այդ բարդությունները հաղթահարելու համար: Երկրորդը` եթե ձեռնարկությունները չունեն բավարար աստիճանի կառավարման համապատասխան մակարդակ, ու պետությունը պետք է օգնի մշակելու բիզնես ծրագրեր և իրականացնելու այդ բիզնես ծրագրերը: Այդ պարագայում, չի բացառվում պետության մասնակցությունը այդպիսի ձեռնարկություններում, որի շնորհիվ նաև մենք կկարողանանք որոշակի լծակներ ձեռք բերել կառավարման համակարգում նշված ծրագրերն արդյունավետ իրականացնելու: Այսինքն, այն գործիքակազմը, որ մենք առաջարկում ենք, շատ ճկուն է և բազմազան: Մենք ակնկալում ենք, որ մեր մասնավոր հատվածն ինքը նույնպես պետք է ջանքեր գործադրի նախապատրաստվելու բոլոր այդ բացասական հետևանքները հաղթահարելուն, իսկ պետությունն ունի բավարար հնարավորություններ, միջոցներ, որպեսզի կարողանանք նրանց օժանդակել:

Դրա համար խիստ անհրաժեշտ է, որ բոլոր նախարարությունները տիրապետեն իրենց կարգավորման ոլորտում գտնվող ձեռնարկությունների իրավիճակին և այն ռիսկերին, որոնք կարող են դրսևորվել 2009 թվականին: Դա նախարարների անձնական պատասխանատվության խնդիր է` տիրապետել ոլորտի իրավիճակին: Այսօրվանից բացահայտել այն ռիսկերը, որոնք առկա են, որոնք կարող են դրսևորվել: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս հանձնարարականի վրա:

Երկրորդը` ինչպե՞ս ենք մենք ավարտելու 2008 թվականը: Այսօր ձեզ ներկայացվելու է արձանագրային որոշում, որի համաձայն մենք դեկտեմբեր ամսվա ընթացքում խստագույնս հետևելու ենք ծախսերին: Եթե կան ծախսեր, որոնք պլանավորված են բյուջեով, և դուք չեք հասցնում դրանք իրականացնել, պետք չէ այդ ծախսերն իրականացնել անարդյունավետ ձևով: Այդ գումարները ձեզ կհատկացնենք 2009թ. ընթացքում: Մենք Աժ-ին ներկայացրել ենք բավականին ճկուն բյուջե, որի բյուջետային դեֆիցիտն ընդամենը մեկ տոկոս է: Որևիցե ռիսկ չկա, որ մենք բյուջետային դեֆիցիտն ավելացնենք այն ծախսերի մասով, որը մենք չենք հասցնում իրականացնել տարվա ընթացքում: Շտապողականությունը շատ վտանգավոր է, որովհետև այդ միջոցները կփոշիանան: Փորձը ցույց է տալիս, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կառավարության կողմից չափազանց մեծ ծավալի ծախսեր են իրականացվում: Եվ այդ ծախսերի մի զգալի մասը իրականում ոչ թե դեկտեմբեր ամսվա ընթացքում է իրականացվում, այլ` հաջորդ տարվա ընթացքում: Այս տարի մենք այդ պրակտիկայից պետք է ձեռնպահ մնանք: Մենք 2009թ. կշարունակենք այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք դուք չեք հասցրել իրականացնել 2008-ին: Մյուս նորամուծությունը կայանում է նրանում, որ բոլոր խոշոր ծախսերը գտնվելու են վարչապետի վերահսկողության ներքո, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ ծախսերն արդյունավետ են իրականացվում: Եթե կան ծախսեր, որոնք չեն նպաստելու համախառն ներքին արդյունքի աճին, չի բացառվում, որ հրաժարվենք այդ ծախսերից` վերաբաշխելով դրանք այլ ուղղությունների վրա նույն ձեր նախարարության շրջանակներում: Դրանց նպատակն ավելի ակնառու` համախառն ներքին արդյունքի աճի խթանումն է: Այդ տեսակետից պետք է մենք, ձեզ հետ միասին, վերաիմաստավորենք մեր ծրագրերը 2009թ.-ին: Եվ պետք է լավ նախապատրաստված լինենք: Դրա համար մենք ունենք անհրաժեշտ գործիքներ և ֆինանսական խնայողություններ ԿԲ-ում, որոնք կարող ենք ավելի համարձակ 2009թ.-ի ընթացքում ծախսել, որովհետև գնաճային ճնշումները, որոնք գալիս էին համաշխարհային շուկաներից, կտրուկ նվազել են, և ԿԲ-ն, արդեն տեղյակ եք, որոշում է կայացրել և կես տոկոսով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք ընդլայնողական քաղաքականության փուլ: Դա նշանակում է, որ մենք մեր ծախսերում արդեն կաշկանդված չենք լինելու գնաճային ճնշումներով, այլ մեզ համար այս նոր փուլում առաջնահերթություն են ստանում բոլոր այն գործիքները, որոնք նպաստելու են տնտեսական աճին: Բավականին համարձակ ցուցանիշներ են դրված 2009թ.-ի բյուջեի հիմքում, և 9 տոկոսանոց տնտեսական աճը` բավականին բարձր տնտեսական աճ է համաշխարհային այս տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ներքո: Հասկանալի է, որ դա մեզանից պահանջելու է լրացուցիչ ջանքեր, լրացուցիչ գործողություններ: Բնականաբար, մենք կտրուկ ավելացնելու ենք մեր ծախսերը. առաջին հերթին` ենթակառուցվածքների ոլորտում, կապիտալ շինարարության ոլորտում, աղետի գոտու վերականգնման աշխատանքների ոլորտում, շինարարության վրա: Այս բոլոր ծախսերը պետք է ավելացնենք, և լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու մեր բանակցությունները միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մեր գործընկեր երկրների հետ ուղղված են լինելու հենց տնտեսական աճի խթանմանը: Դրա համար պետք է համագործակցենք օպերատիվ շտաբի հետ, ցանկացած խնդիրներ, որոնք առաջանում են մասնավոր հատվածում, պետք է ստանան օպերատիվ լուծումներ: Խնդրում եմ, ձեր վերահսկողության ներքո պահել այս խնդիրները և օպերատիվ զեկուցել ինձ, որպեսզի կարողանանք արագ արձագանքել: Ընդհանրապես, այսպիսի իրավիճակներում նախապատվությունը տրվում է օպերատիվ աշխատանքին: Այդ դեպքում, բնականաբար, մասնավոր հատվածը կզգա մեր աշխատանքների արդյունքները և դրանով կնպաստենք նաև նրանց կողմից այդ խնդիրների արագ լուծմանը», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նիստի սկզբում, վարչապետի առաջարկությամբ, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կառավարությանը զեկուցել է նախորդ նիստերից մեկում տրված հանձնարարականի կապակցությամբ, որը վերաբերում է մայրաքաղաքում քաղաքաշինական խնդիրներին, այդ թվում` ապօրինի շինարարությանը: Հիշյալ խնդիրների շուրջ հարցեր են հնչել նաև ՀՀ ԱԺ-ում: Վարչապետը տեղեկացրել է, որ հարցը նախարարական կոմիտեում արդեն քննարկվել է և խնդրել է քաղաքապետին հակիրճ ներկայացնել այդ քննարկումների արդյունքները, որից հետո կձևավորվի օրակարգ:

Քաղաքապետի զեկույցից հետո, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ իսկապես մեծ աշխատանք է սպասվում: Եվ անհրաժեշտություն կա, ըստ նրա, կառավարության կողմից միջոցառումների ծրագրի մշակման գործընթացում ապահովել նաև պատգամավորների ներգրավվածությունը, որպեսզի նրանք տեղյակ լինեն ե՛ւ նախապատրաստվող ծրագրերին, ե՛ւ միջոցառումներին ու հետևեն դրանց կատարմանը: Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ այդ ծրագրերի իրականացումը որակապես կբարելավվի:


Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծին: Ցանկով նախատեսվող ավելի քան երկու տասնյակ միջոցառումների նպատակների թվում նշվել են պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո համահայկական ծրագրերի իրականացումը (այդ թվում` նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում, Համահայկական բանկի և ներդրումների հիփոթեքային հիմնադրամի ստեղծում), ՀՀ կառավարության կողմից Հայաստանում բիզնես հիմնելու գրավչության մեծացմանը, առողջ բիզնես միջավայրի զարգացմանը նպաստելը, Հայաստանի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպես նաև միջոցառումների իրականացման և հրապարակայնության ապահովմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ որոշման նախագծին կից ցանկում նշված միջոցառումները ՀՀ կառավարության 2009թ. տարեկան գործունեության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: Հանձնարարվել է նաև խմբագրել հարցի քննարկման ժամանակ հնչած առաջարկությունները` հաշվի առնելով, որ դրանք համարվելու են 2009թ. միջոցառումների բաղկացուցիչ մասը:


Գործադիրը արձանագրային որոշում է ընդունել ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ 2008թ. պետական բյուջեում առաջարկվող վերաբաշխումների վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին` բացառել ՀՀ 2008թ. պետական բյուջեով իրենց կողմից ղեկավարվող մարմնի և համակարգի ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման աշխատանքի վարձատրության, գրասենյակային ծախսերի, վարչական և տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման ծախսերի հոդվածներին վերաբերող, ինչպես նաև չնախատեսված նոր ծախսային ծրագրերի ֆինանսավորման նպատակով բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխումները: Հանձնարարվել է նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար սահմանված հատկացումների` որոշման մեջ չնշված վերաբաշխումներ, ինչպես նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեում ՀՀ կառավարությանը օրենքով թույլատրված փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել` նախապես համաձայնեցնելով ՀՀ վարչապետի հետ:


Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի N207-Ն որոշման մեջ, կառավարությունը 2009թ. հունվարի 1-ից Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար նախատեսված դրամական օգնության չափը սահմանել է ամսական 4500 դրամ (նախկին 3800 դրամի փոխարեն), իսկ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների, նրանց հավասարեցված անձանց և պատերազմում զոհվածների այրիների և մանկուց հաշմանդամ երեխաների համար` 6800 դրամ (նախկին 5700 դրամի փոխարեն):


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի N208-Ն որոշման մեջ, ըստ որի կառավարությունը 2009թ. հունվարի 1-ից հաշմանդամ դարձած զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների համար նախատեսված դրամական օգնության չափը սահմանել է ամսական 9100 դրամ (նախկին 7500 դրամի փոխարեն), իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, ապա հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար` լրացուցիչ 3000 դրամ (նախկին 2500 դրամի փոխարեն):


Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 15-ի N 444-Ն որոշման մեջ, ըստ որի Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի վճարումն ապահովելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացվել է 150,470.4 հազար դրամ:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի N23 որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգին համապատասխան, գործադիրը հավանություն է տվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հաշվառման միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի ֆունկցիոնալ և տեխնիկական նկարագրություններին: Հիշյալ առաջադրանքի դրույթների համաձայն, տեղեկատվական համակարգի ներդրման և օգտագործման նպատակով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 15 մլն 300 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 300 հազար դրամը` նախարարության համապատասխան աշխատակիցների անհրաժեշտ համակարգչային ծրագրավորման վերապատրաստման դասընթացների կազմակերպման, իսկ 15 մլն դրամը` համապատասխան սարքավորումներ և գույք ձեռք բերելու համար:


ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ևս 5 մլն դրամ է հատկացվել ՀՀ Լոռու մարզպետարանին` Սպիտակի մշակույթի տանը ժամանակավոր ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման կապակցությամբ Սպիտակի թանգարանից ցուցանմուշների տեղափոխման, ինչպես նաև նախատեսված տարածքի վերանորոգման ու կահավորման աշխատանքների ֆինանսավորման համար Սպիտակի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով:


ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 20 մլն 291.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ Լոռու մարզպետարանին, որից 12 մլն 995 հազար դրամը` Ջրաշեն գյուղի բնակիչ Ռաֆիկ Սարգսյանի, իսկ 7 մլն 296.1 հազար դրամը` Արևաշող գյուղի բնակիչ Վարուժան Մանուկյանի բնակելի տների շինարարության աշխատանքների իրականացման նպատակով:


Նիստում գործադիրը որոշել է 2008թ. դեկտեմբերի 12-14-ը ՀՀ-ում անցկացնել «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. Հայրենադարձության հինախնդիրն այսօր» խորագրով գիտական համաժողով: Որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 7 մլն 736.1 հազար դրամ է հատկացվել ՀՀ սփյուռքի նախարարությանը` գիտաժողովի կազմակերպման նպատակով: Որոշումն ընդունվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, 1946-1948թթ. հայրենադարձության պատմական իրողությունների գիտական քննարկման, հայկական սփյուռքում տեղի ունեցող նորօրյա գործընթացների գնահատման, հայրենադարձության իրատեսական ռազմավարություն մշակելու և կազմակերպման մեթոդներն իրականացնելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 78 մլն 720 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու նպատակով հիշյալ կազմակերպությանը տրամադրելու համար:


Կառավարությունը հաստատել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Այն ներառում է ավելի քան մեկ տասնյակ միջոցառումներ, այդ թվում` ծրագրի ընդհանուր համակարգման թիմի ձևավորում, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի մշակում, հիմնադրամի ստեղծում, ներդրումների ներգրավում, Գյումրի քաղաքի Կումայրի պատմամշակութային արգելոցի տարածքում բիզնես կենտրոնի ստեղծում, ազատ առևտրի գոտու ձևավորման հնարավորությունների բացահայտում և այլն, որոնք թույլ կտան համակարգված ձևով, փուլ առ փուլ իրագործել «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու» հայեցակարգը:


Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հանձնարարականի կատարման նպատակով, ինչպես նաև ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունից, կառավարությունը որոշել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել ՌԴ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը` հինգ տարի ժամկետով: Որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ-ի (կառավարման հիմնադիր) և ՌԴ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերով հավաստվող իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի նախագծին: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ՀՀ-ի անունից կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերով հավաստվող իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը սահմանել է նաև օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների գրանցամատյանի և օրացուցային գրանցումների վարման կարգը: Որոշման համաձայն, այն ուժի մեջ կմտնի 2009թ. հունիսի 1-ից:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 63 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` Հայաստանի շախմատային ֆեդերացիային տրամադրելու համար, որից 45 մլն դրամը` Դրեզդեն քաղաքում 2008թ. նոյեմբերի 12-26-ը կայացած շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամներին (5 շախմատիստ, 1 մարզիչ), յուրաքանչյուրին 7 մլն 500 հազար դրամ դրամական մրցանակ հատկացնելու, 18 մլն դրամը` Հայաստանի շախմատի հավաքականին պատշաճ դիմավորելու համար կազմակերպված միջոցառումների գծով կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` որոշմամբ հատկացված գումարը Հայաստանի շախմատային ֆեդերացիային տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:


Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումն ապահովելու և տնտեսության գիտատար ուղղությունների համար անհրաժեշտ փորձարարական բազա ստեղծելու նպատակով, կառավարությունը որոշել է «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տալ գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին` «Քենդլ» կենտրոնի ղեկավարության հետ համատեղ, երկամսյա ժամկետում պատրաստել նոր կենտրոնի ստեղծման համար հողատարածքի տրամադրման առաջարկ: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարին` պատրաստել նախագծի իրականացմանը ՀՀ կառավարության ֆինանսական մասնակցության առաջարկ` հիմնվելով միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական առաջարկների վրա: ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարներին և Գիտության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է` առաջարկներ ներկայացնել «Քենդլ» նախագիծը Եվրախորհրդի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և այլ շահագրգիռ երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցության միջազգային գիտական ծրագրերում ներառելու մասին: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, Գիտության պետական կոմիտեի նախագահին` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ, պատրաստել ապագա կենտրոնի կառուցվածքի և կազմակերպական կարգավիճակի վերաբերյալ առաջարկ:


Այլ որոշումներով գործադիրը հաստատել է «Կնիքներ պատվիրելու» կարգը, որի համաձայն լիազորված մարմնի իրավասությունը վերապահվել է ՀՀ ԿԱ ոստիկանությանը: Ուժը կորցրած է ճանաչվել «Կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի N526-Ն որոշումը: Փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N909-Ն որոշմամբ հաստատված «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման» կարգում: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշումներն ընդունվել են` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին համապատասխան, իրավաբանական անձանց կնիք ունենալու ցանկության դեպքում նրանց կողմից կնիք պատվիրելու ընթացակարգի կանոնակարգման նպատակով:


Մի շարք որոշումներով, ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 5 մլն 138.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` նախարարության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով: Եվս 20 մլն 458.1 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` Գիտության պետական կոմիտեի շենքի կահավորման համար: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 854.6 հազար դրամ է հատկացրել հիշյալ նախարարությանը` 2005թ. ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը փոխհատուցելու համար, 404.3 հազար դրամ` 2007թ. ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության դիմաց և 279.8 հազար դրամ` 2006թ. ընթացքում կապի ծառայության դիմաց:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձևով վերակազմակերպել համանուն ՓԲԸ-ի: Վերջինիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մյուս լիազորությունները վեապահվել են ՀՀ առողջապահության նախարարությանը: Որոշվել է նաև «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» ՓԲԸ-ն միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ առողջապահության նախարարին:


ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, մասնավորապես, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների և «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունների կողմից իրականացվող, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, համապատասխան ծրագրեր իրականացնող մարմին է ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:


Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև` ի դեմս Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի վերանայման իրականացման նամակը» ստորագրելու, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:


«Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի N853-Ն որոշման մեջ, որով հաստատել է «Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող առանձին ապրանքատեսակների կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպման» կարգը: Սահմանվել է, որ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «գաղտնի» դրոշմագրով հաստատվում է կենտրոնացված կարգով գնվելիք` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների անվանացանկը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին և ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Նույն որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի «Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը հաստատելու մասին» N2274-Ն որոշման մեջ:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ 2007թ. պետական բյուջեի միջոցների հաշվին Երևանի քաղաքապետարանի Ջրային կառույցների պետական ՓԲԸ-ի համար Հալաբյան 31/2 հասցեում կառուցված գրասենյակային շենքը` 453.5 քմ մակերեսով, 132 մլն 300 հազար դրամ շուկայական արժեքով և շինությամբ զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող հողամասը` 1356.0 քմ մակերեսով, 64 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապահովել ընկերության անվանափոխության և կանոնադրության փոփոխության գործընթացը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 4-ի N105-Ն որոշման մեջ, որով, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Սահմանվել է, որ որոշմամբ սահմանված վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները և հարկային տեսչությունները ստեղծված են համարվում և միացված հարկային տեսչությունների գործունեությունը դադարում է որոշումն ուժի մեջ մտնելուց 2 ամիս հետո:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ: Որոշվել է նորաստեղծ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տնօրինության գույքի կազմից առանձնացնել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Կենտրոնի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին:


Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունների հստակեցման նպատակով: Նշվել է, որ որոշման ընդունմամբ հնարավորինս հստակեցվում են ընտանեկան նպաստի նշանակման և վճարման նորմերը, վերանայվում են ընտանիքների անապահովության գնահատման չափորոշիչները, ստեղծվում է գործընթացի հրապարակայնության ապահովման իրավական հիմքը:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշինի գյուղական համայնքի ղեկավար Ռոբերտ Մկրտումյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի հիմքով, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և նշված համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` այդ նպատակով ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 435 հազար 747.05 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:


Նիստում գործադիրը հաստատել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև որոշել է համայնքի վարչական սահմաններում գտնվող` քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 63.8 հա հողերը, այդ թվում` 51 հա արոտավայր, 12.8 հա այլ հողատեսքեր, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի համար:


Կառավարությունը հաստատել է ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման ևս և որոշել է համայնքի վարչական տարածքում գտնվող` քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3.11 հա վարելահողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:


Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, գործադիրը քաղաքացիների սեփականություն հանդիսացող 0.92 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտ կառուցելու համար:








 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ