հինգշաբթի, 4 դեկտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը, որի կազմում են բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնստայնը, բանկի` մի շարք այլ երկրների տնօրեններ, տնօրենների խորհրդում եվրոպական ներդրումային բանկի, եվրոպական համայնքի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին, վարչապետը վստահություն է հայտնել, որ Եվրոպական բանկի պատվիրակության այս այցը նոր խթան կհանդիսանա բանկի հետ մեր երկրի համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած նախորդ շրջանում բանկի կողմից մեր երկրում իրականացված որոշ ծրագրերի հետ կապված խնդիրներին, վերջին տարիներին բավական լուրջ աշխատանք է կատարվել փոխգործակցությունն ավելի արդյունավետ և որակական նոր մակարդակով իրականացնելու համար: Նա կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Անդրադառնալով Եվրոպական բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթություններին, ՀՀ կառավարության ղեկավարն առանձնացրել է, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնումը, ենթակառուցվածքների (հատկապես էներգետիկայի և ճանապարհաշինության) զարգացումը, աջակցությունը «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում և Գյումրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտիների ձևավորմանը, կապիտալի շուկայի զարգացմանը:
ՀՀ վարչապետը Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակն ու 2009թ. ծրագրերը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին մեր երկրի դիմակայման հնարավորությունները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելիս և իրականացնելիս, կառավարությունը հաշվի է առնում Հայաստանի ունեցած հարաբերական առավելությունները, ուղիներ են որոնվում աշխարհին ցույց տալու մեր երկրի կայունությունն ու այդ առումով նաև գրավչությունը` շահավետ ներդրումներ կատարելու համար:
Եվրոպական բանկի պատվիրակության անդամներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել բարձրացված հարցերի վերաբերյալ, խոսել համաշխարհային ֆինանսական, տնտեսական ճգնաժամի պայմաններում բանկի գործունեության, մարտահրավերներին դիմակայելու մոտեցումների մասին:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի հարևան երկրների հետ մեր երկրի հարաբերություններին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը շահագրգռված է կայուն և կանխատեսելի հարևաններ ունենալու խնդրում և ողջունում է Թուրքիայի ձգտումը դառնալու Եվրամիության անդամ: Ըստ նրա, այն բարեփոխումները, որ այդ ճանապարհին կիրականացվեն, Թուրքիային կդարձնեն ավելի կանխատեսելի և կայուն: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ բարեփոխումներին զուգահեռ, կբարելավվեն: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Իրանի հետ մեր երկիրն ունի բարիդրացիական հարաբերություններ և փորձելու է դրանք այսուհետ ևս պահպանել: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ քաղաքական երկխոսության, բանակցությունների միջոցով այն խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվի: