Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 նոյեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նիստն սկսել է Հայաստանի շախմատի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքով, ընդգծելով, որ բոլորս հպարտ ենք հայ ժողովրդի այդ փայլուն հաղթանակով. «Աշխարհով մեկ սփռված հայությունն այսօր խանդավառության մեջ է և համոզված եմ, որ սա մեզ նոր լիցք է հաղորդելու, նոր ուժ, եռանդ: Մենք պետք է հավատանք մեր ուժերին, միասին իսկապես կարող ենք մեծ խնդիրներ լուծել: Չպետք է վախենանք մեծ և համարձակ ծրագրերից»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը, օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ, անդրադարձել է նաև ՀՀ նախագահի նախաձեռնություններից մեկին` «Լույս» հիմնադրամի աշխատանքներին, որը, վարչապետի համոզմամբ, փայլուն ապագա ունի: Այդ կապակցությամբ վարչապետը, մասնավորապես, ասել է. «Կառավարության վերլուծական աշխատանքների արդյունքում, մեր համապատասխան ստորաբաժանումը ինձ ներկայացրել է տեղեկանք, որ վերջին շրջանում զանգվածային լրատվական միջոցները ուշադրության կենտրոնում են պահում «Լույս» հիմնադրամի աշխատանքները: Սա նույնպես հանրապետության նախագահի նախաձեռնություններից մեկն է` ստեղծել ոչ պետական այսպիսի մի կառույց, որը նպատակ ունի աջակցելու մշակութային, կրթական ծրագրերի իրականացմանը և, մասնավորապես, հիմնադրամի կարևորագույն թիրախը` աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողներին ֆինանսական օժանդակության ցուցաբերումն է: Այսինքն, բոլոր այն հայ ուսանողները, ովքեր կընդունվեն աշխարհի լավագույն համալսարանները, այս հիմնադրամի կողմից կստանան ֆինանսավորում: Սա նույնպես բացառիկ հնարավորության մի նախաձեռնություն է, և ես համոզված եմ, որ տարիներ հետո մենք ձեզ հետ միասին հիանալու ենք այդ տաղանդաշատ երիտասարդների նվաճումներով: «Լույս» հիմնադրամն իր միջոցները հայթայթում է մասնավոր հատվածից, այդ առումով աշխատում է բարեգործական սկզբունքներով: Մրցույթ է հայտարարված գործադիր տնօրենի պաշտոնի համար ընտրելու մեկին, ով ունի համապատասխան գիտելիքներ, կարողություններ և կկարողանա հենց այս թիրախային նպատակին հասնելու համար ներդնել իր կարողություններն ու ջանքերը: Հայտարարությունը այն մասին, որ «Լույս» հիմնադրամը գործադիր տնօրենի համար մրցույթ է հայտարարել, վաղուց տեղադրված է երեք հայտնի կայքերում, առաջինը` www.careercenter.am կայքն է, երկրորդը` www.career.am կայքը և երրորդը` www.armeniadiaspora.com կայքը: Բացի դրանից հայտարարությունը տպագրվել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ ներկայացված են այդ պաշտոնի նկատմամբ պահանջները: Հաշվի առնելով, որ զանգվածային լրատվական միջոցները ուշադրություն են դարձրել այս հայտարարությանը և կա հետաքրքրություն, հայտարարությունը տեղադրված է նաև կառավարության ինտերնետային կայքում, որտեղ նշված են նաև պայմանները` թե ինչպիսի՞ չափանիշների պետք է համապատասխանեն թեկնածուները: Մենք որոշում ենք կայացրել երկարաձգել մրցույթի ժամանակահատվածը, որպեսզի մարդկանց մոտ կասկած չլինի, թե այս մրցույթը արդյո՞ք համապատասխանում է լավագույն ստանդարտներին, թափանցի՞կ է, բա՞ց է և այլն: Մինչև դեկտեմբերի 8-ը մենք պատրաստ ենք ընդունել դիմումներ: Միևնույն ժամանակ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այս պահի դրությամբ արդեն ունենք 111 դիմող այդ մի տեղի համար, բայց քանի որ կա հետաքրքրություն, որոշել ենք երկարաձգել մրցույթի ժամանակահատվածը, որովհետև մենք ուզում ենք ընտրել լավագույնին, ով ունի նաև միջազգային փորձ և կկարողանա աշխարհի լավագույն համալսարանների հետ համագործակցել: Նախնական ցուցակներից ընտրություն կատարելու համար մենք խնդրել ենք, որ այս աշխատանքով զբաղվեն Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը և Սպարտակ Սեյրանյանը, ովքեր այս ոլորտի գիտակներն են, որոնց նկատմամբ կա մեծ վստահություն ոչ միայն մեր կողմից, այլ նաև հանրության: Համոզված եմ, որ ընտրությունը կլինի օբյեկտիվ: Բացի այս երեք անձնավորություններից, Անահիտ Բախշյանը նույնպես ցանկություն է հայտնել մասնակցելու այս ցուցակներից ընտրության կատարման առաջին փուլին, ինչպես նաև` Տեր Մեսրոպը: Մենք մեծ սիրով ընդունում ենք նրանց այս նախաձեռնությունը և հրավիրում մասնակցելու ցուցակներից լավագույնին ընտրելու գործընթացին, որպեսզի ամեն ինչ լինի թափանցիկ և հասկանալի բոլորիս համար»:

Այնուհետև անցնելով օրակարգի հարցերին, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգին: Փաստաթուղթը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված գյուղատնտեսության ճյուղի առանցքային դերը` երկրի պարենային անվտանգության ապահովման և գյուղական աղքատության կրճատման տեսանկյունից: Հայեցակարգի համաձայն, գյուղատնտեսության ճյուղի զարգացումը պետք է ընթանա գյուղատնտեսության արդյունաբերականացման և արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկմամբ, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Նշվել է, որ հայեցակարգի իրականացումը հնարավորություն կստեղծի զարգացնելու ոլորտի տնտեսական ներուժը և արժեգոյացման շղթան: Այն հիմք կհանդիսանա նաև` միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով, անհրաժեշտության դեպքում, վերանայելու ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը, խթանելու առավել բարձր մրցունակություն ապահովող և արտահանման կողմնորոշում ունեցող գյուղմթերքների արտադրությունը` արտաքին շուկայում հայկական գյուղմթերքների բրենդի ստեղծման միջոցով: Հայեցակարգի իրականացումը կարևորվում է նաև ճյուղի ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման ու ընդլայնման տեսանկյունից:

Այս նախագծի հետ կապված վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այս հայեցակարգը հնարավորին չափ սեղմ ժամկետում դարձնենք իրականություն, ինչը նշանակում է, որ հայեցակարգին հավանություն տալուց հետո, պետք է կազմել միջոցառումների ժամանակացույց, նշանակել պատասխանատուներ և արագ իրականացնել. «Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, կարևոր է, որ կոնցեսիոները համաձայն է և պատրաստ է աջակցել ու մասնակցել այս ծրագրի իրականացմանը: Մեր խնդիրն է` հնարավորին չափ արագ այն իրականացնել, որովհետև 2009թ. գյուղատնտեսության ոլորտին աջակցություն ցուցաբերելը, նոր խթաններ ստեղծելը մեզ համար ունենալու է էական նշանակություն, և եթե այս ծրագիրը մենք հնարավորինս շուտ սկսենք իրականացնել, բնականաբար, դա ավելի բարենպաստ ներդրումային միջավայր կարող է ստեղծել: Նաև կարծում եմ, որ այս հայեցակարգn անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել, որովհետև ՀՀ-ում ձևավորում ենք ազատ տնտեսական գոտի», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգին: Փաստաթղթի հիմնական նպատակն է` սահմանել պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում, պետական ծախսերի ծրագրավորման բնագավառում կիրառվելիք նոր մոտեցումները և դրա հետ կապված անհրաժեշտ վերափոխումները բյուջետային գործընթացի այլ փուլերում: Հայեցակարգում հանգամանորեն ներկայացվում են հիշյալ բնագավառում առկա իրավիճակը, բարեփոխումներին խոչընդոտող` ինստիտուցիոնալ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ապահովել ՀՀ պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացումը` հայեցակարգի դրույթներին համապատասխան: Հանձնարարվել է նաև ՀՀ գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին` իրենց վերապահված իրավասության սահմաններում, միջոցներ ձեռնարկել բարեփոխումների զարգացմանն աջակցելու և այդ գործընթացում իրենց ղեկավարման ներքո գտնվող պետական կառավարման մարմինների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» և «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ և հաստատել է դրա կանոնադրությունը: Կառավարությունը լիազորել է հիմնադրամին` ՀՀ-ում իրականացնելու նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրում: Լիազորել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ հիմնադրամում: Որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության` Երևանի Օրբելի 22 հասցեում գտնվող շենքի 346 քմ մակերեսով (սկզբնական արժեքը` 5 մլն 365 հազար 978 դրամ) 9-րդ հարկն ամրացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով: ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման N5 հավելվածում փոփոխություններ կատարելով, կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 65 մլն 619.5 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` նորաստեղծ հիմնադրամին տրամադրելու համար: Եվս 100 հազար դրամ է հատկացվել` հիմնադրամի գրանցման և կնիքի ձեռքբերման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` լիազորել 10-օրյա ժամկետում նշանակել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչպես նաև երկամսյա ժամկետում ձևավորել հիմնադրամի կառավարման մարմինները:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 90 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` 1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կատարումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կյանքի կարևոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանը, քաղաքական որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության ապահովմանը, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակներով: Օրինագծի ընդունումը համարվել է անհետաձգելի:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N449-Ն որոշման մեջ` սահմանելով, որ «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի օտարման գործարքով գնորդի կողմից վճարվող 248,8 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային գնի դիմաց ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին մուտքագրվող գումարներից 242.969.092 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ենթակա է վճարման «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես բնական գազի սպառողներին գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում` որոշմամբ սահմանված չափերով, իսկ 5.830.908 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը (որը ներառում է գույքային համալիրի զբաղեցրած հողատարածքների կադաստրային արժեքը) ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 5 մլն 611 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին: 2008թ. պետական բյուջեով նախատեսված համապատասխան ծրագրում ընդգրկված բոլոր շինարարությունների համար «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքում տնտեսված այդ գումարից նախատեսվում է 2 մլն դրամը տրամադրել Ճամբարակի N3 մանկապարտեզի հիմնանորոգմանը, 2 մլն դրամը` Ծովակ-Վանեվան-Լուսակունք գյուղերի խմելու ջրագծի վերանորոգմանը, իսկ 1 մլն 611 հազար դրամը` 2006թ. Վահանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների կրեդիտորական պարտքի մարմանը:

Գործադիրը հավանություն է տվել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նորք Ակունք» ՓԲԸ-ների կառավարչի ընտրության համար ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 17-ի N374-Ա որոշմամբ նախատեսված միջազգային մրցույթ անցկացնելու մրցութային հրավերի փաթեթին ևս, որը բաղկացած է «Կառավարչի ծառայություններ» մրցույթի հրավերից և կառավարման պայմանագրից: ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին իրավունք է վերապահվել ամփոփելու մրցույթի արդյունքները և դրանք սահմանված կարգով ներկայացնելու ՀՀ կառավարության հաստատմանը:

Նիստում ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 147 մլն 718.3 հազար դրամ է հատկացվել ՀՀ ոստիկանությանը` 2008թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի, հոկտեմբերի 19-ին Արմավիրի, Լոռու և Տավուշի, հոկտեմբերի 26-ին Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակները տպագրելու և ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ֆինանսավորումն ապահովելու համար: Մեկ այլ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` Տիգրան Գալստյանին տրամադրել 1 մլն 980 հազար դրամ, Ալեքսանդր Կարապետյանին` 1 մլն 305 հազար դրամ, Արթուր Մարտիրոսյանին`10 մլն 750 հազար դրամ, Էդգար Վարդանյանին` 300 հազար դրամ անվանական արժեքով, գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ, 2009թ. 1-ին եռամսյակում վճարման ժամկետով: Ոորոշումն ընդունվել է` մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հիշյալ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց, քաղաքացիների նկատմամբ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքների նախագծերով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը վերապահել օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը նաև փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի «ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N318-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է փոխել հիշյալ որոշմամբ հաստատված` քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նկարագիրը` այն համապատասխանեցնելով ՀՀ ոստիկանությունում առկա վկայականների բլանկներին: Որոշման կիրառումը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների անխափան կենսագործումը:

«ՀՀ կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2009-2010 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N176-Ա որոշման մեջ, որի համաձայն վերջինիս հավելվածի «Կոտայքի մարզ» բաժնի հիշյալ օբյեկտների ցանկում ընդգրկվել է նաև Արզական համայնքի Չարենցավանի խճուղի 3 հասցեում գտնվող գյուղատնտեսական արտադրական շինությունը (անասնագոմ):

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` իր տնօրինության «Ճանապարհների շահագործման և շինարարական» պետական ՓԲԸ-ի 1 մլն 909 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերանվանելով համանուն ՓԲԸ: Նույն որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նաև իր տնօրինության Հրազդան-Սևան մայրուղու աջ հատվածում գտնվող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված 1365.41 քմ մակերեսով (49 մլն 976.1 հազար դրամ գնահատված արժեքով) անշարժ գույքն օտարել մրցույթով, իսկ իր տնօրինության` Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի, Դավթաշեն 1-ին թաղամաս 37 շենք N61 հասցեում գտնվող 120.3 քմ մակերեսով (7 մլն 808 հազար դրամ գնահատված արժեքով), նույն շենքի N 62 հասցեում գտնվող 79.7 քմ մակերեսով (5 մլն 206 հազար դրամ գնահատված արժեքով) տարածքները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ամրացված Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արշակունյաց փող. N 52/1 հասցեում գտնվող 90.9 քմ մակերեսով (30 մլն 729 հազար դրամ գնահատված արժեքով) և նույն համայնքի Սեպտեմբերի 3 փողոցի N 1 հասցեում գտնվող 430.0քմ մակերեսով (69 մլն 619 հազար դրամ գնահատված արժեքով) տարածքներն օտարել դասական աճուրդով:

Ի կատարումն ՀՀ նախագահի 2008թ. նոյեմբերի 22-ի ՆՀ-314-Ն հրամանագրի, կառավարությունը հանձնարարել է ՀՀ պաշտպանության նախարարին` ապահովել 2008թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 77 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը: Սահմանվել է, որ զորակոչի ենթակա հիշյալ բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաները` ՀՀ կառավարության 2000թ. հունվարի 13-ի N 15 որոշման համաձայն, օգտվում են տարկետման իրավունքից, գիտական աստիճան ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները` զինվորական ծառայության զորակոչվելիս, նշանակվում են ՀՀ ԶՈՒ հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոնների` ըստ մասնագիտության, իսկ 3 և ավելի երեխա ունեցող սպաները` ծառայության են նշանակվում բնակության վայրին մոտ (մինչև 50 կմ) գտնվող զորամասերում և զինվորական հիմնարկներում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ