Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 նոյեմբերի 2008

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է բացառություն սահմանել պետական երաշխիքների տրամադրման գործող սահմանափակման համար, ինչը թույլ կտա պետական խոշոր գնումների և ճգնաժամային իրավիճակներում տնտեսության մեջ վարկային ռեսուրսների առկա պահանջներն ապահովելու համար կիրառել պետական երաշխիքը որպես գործիք: Այս օրինագծի հետ կապված, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցնելով ԱԺ-ում ներկայացված միջոցառումների համալիր ծրագիրը, որտեղ նշված է նաև, թե ինչպե՞ս է բարձրացվելու տնտեսության դիմադրողականությունը, անդրադարձել է համապատասխան գործիքների և միջոցների առկայության մասին հարցադրումներին: Նա, մասնավորապես, նշել է. «Նախորդ որոշումով հատկացրեցինք համապատասխան ֆինանսական միջոցներ, այս որոշումով ստեղծում ենք ճկուն գործիք: Մենք հայտարարել ենք, որ վարչապետի որոշումով ստեղծվում է հանձնաժողով, որը քննարկելու է մասնավոր հատվածի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերը: Դրանք մի կողմից` ուղղված են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը, մյուս կողմից` հնարավորություն են ընձեռելու մեր ձեռնարկություններին դիմադրել այն վտանգներին և խնդիրներին, որոնք առաջանում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայում: Մենք առարկայական քննարկելու ենք ցանկացած առաջարկություն, որը գալու է ձեռնարկություններից կամ արդյունաբերական միություններից: Հանձնաժողովը, եթե տալիս է դրական եզրակացություն այդ ծրագրերի վերաբերյալ, ապա մենք ունենք գործիքակազմ, որով օժանդակելու ենք մեր ձեռներեցներին: Այդ գործիքներից մեկը, որի մասին հնչեցրել ենք ԱԺ-ում, կայանում է նրանում, որ կառավարությունը տալու է պետական երաշխիքներ հիշյալ ձեռնարկություններին: Մյուս գործիքն այն էր, որ մենք մասնակցելու ենք կապիտալում, տրամադրելու ենք սուբսիդիաներ և այլն: Այժմ, այս օրենքի նախագիծը հրատապ է այն առումով, որ կարողանանք այս գործիքից օգտվել, միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ առաջարկություններ կստանանք մեր ձեռնարկություններից: Սա նաև կառավարության նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում է` ըստ որի, նախարարությունները ևս ներկայացնում են կառավարության քննարկմանը բիզնես ծրագրեր, իրենց ոլորտում առկա մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի ներքո ձևավորվող առաջարկություններ: Երկրորդը` մարզպետարանների կողմից հավաքագրված բիզնես ծրագրերն են, և երրորդը` որ մենք սպասում ենք, ԳԱԱ-ի կողմից և գիտահետազոտական ինստիտուտների կողմից ներկայացվող բիզնես առաջարկներն են: Այդ բոլոր առաջարկությունները քննարկվելու են հանձնաժողովի կողմից, այդ քննարկումները լինելու են հրապարակային: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի փորձագետները, այդ թվում` նաև ՀԲ-ի ներկայացուցիչները, որպեսզի մենք մի կողմից` ապահովենք հրապարակայնությունը և թափանցիկությունը և մյուս կողմից` կարողանանք ընտրել իսկապես լավագույն ծրագրերը: Դրա համար այս օրենքը մեզ խիստ անհրաժեշտ է»:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունվել նաև մասնավոր փոքր ու միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի համաֆինանսավորման մասին: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` համաձայնեցնելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի N1321-Ա որոշման համաձայն, կենտրոնական գանձապետարանում բացված արտաբյուջետային բանկային հաշվի միջոցներից մինչև 17 մլրդ դրամ ուղղել «Գերմանահայկական հիմնադրամ»-ի մասնավոր փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի վարկավորման բաղադրիչի համաֆինանսավորմանը: Հաստատվել են համաֆինանսավորման համապատասխան պայմանները ևս: Վարչապետը սա համարել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկայիս պայմաններում մեր երկրում իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկը, նշելով. «Մենք տրամադրում ենք 17 մլրդ դրամ (շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար) Հայ-գերմանական հիմնադրամին: Հայ-գերմանական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի կառավարության և Գերմանիայի կառավարության միջև ստորագրված պայմանագրի հիման վրա: Այս 8 տարիների ընթացքում կառավարության երաշխիքներով այդ հիմնադրամը համալրվել է և նրա աշխատանքը KFW բանկի կողմից գնահատվել է որպես աշխարհի 23 երկրներում իրականացվող լավագույն ծրագրերից մեկը` ունենք միջոցների շուրջ 100 տոկոս վերադարձելիություն: Այս պահի դրությամբ հիմնադրամը շուրջ 10 հազար վարկառու ունի: Եվ հասկանալի է, որ հիշյալ լրացուցիչ միջոցների տրամադրումը հնարավորություն կընձեռի հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերի ստանալ վարկային միջոցներ, կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, հակաճգնաժամային լավագույն միջոցառումը, որն առաջարկվում է նաև միջազգային կառույցների կողմից, փոքր և միջին բիզնեսի ֆինանսական կարողությունների ընդլայնումն է, որպեսզի նրանք իրականացնեն ծրագրեր: Մի կողմից սրանք ֆինանսական միջոցներ են, որը նաև խթանելու է համախառն ներքին արդյունքի աճը ՀՀ-ում` նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով, մյուս կողմից, իհարկե, նաև սպառման հնարավորություններն են ընդլայնվում: Պետք է անպայման արձանագրենք, որ մենք` ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, այսօր ունենք հարաբերական առավելություն, դա` մեր բանկային համակարգն է, որ ի տարբերություն մնացած բոլոր հանրապետությունների, ոչ միայն դիմակայել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, այլ նաև դրսևորում է բավականին լավ ցուցանիշներ: Այս պահի դրությամբ, 20 միլիարդից ավելի շահույթով է աշխատում բանկային համակարգը` համարժեքության նորմատիվը 27 տոկոս է` 12-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ բանկերն ունեն կապիտալի անհրաժեշտ մակարդակ, սեփականատերերն իրենց անձնական միջոցներով բարձրացնում են բանկերի հուսալիության մակարդակը` նորմատիվից երկու անգամ ավելի: Շահույթը, որ ձևավորվել է համակարգում, նույնպես ավելացնում է մեր բանկային համակարգի հուսալիությունը: Լիկվիդայնության մակարդակը 95 տոկոս է կազմում, ինչը նորմատիվից բարձր է: Եվ այս գործիքն ունենալով, բնականաբար, հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս, մենք ստանում ենք հարաբերական առավելություններ: Այս միջոցներն էլ, որ հիմա լրացուցիչ տրամադրելու ենք բանկային համակարգին, էապես ակտիվացնելու են մեր տնտեսական կյանքը, հաճախորդները նույնպես կտեսնեն, որ բանկերը մեծածավալ վարկավորում են իրականացնում: Այս 50 մլն դոլարի հատկացմանը հետևելու է ևս 250 մլն դոլարի տրամադրում: Տեղյակ եք, որ ՀԲ-ի հետ բանակցություններն այս ուղղությամբ բավականին արդյունավետ են ընթանում: Վաշինգտոնյան մեր պայմանավորվածություններն իրականացնելու համար մենք Երևանում նույնպես ՀԲ-ի հետ բանակցություններն ավարտեցինք, և հուսով ենք, որ առաջին չափաբաժինը կստանանք առաջին եռամսյակում` 2009թ. ընթացքում: Հասկանալի է, որ սա նաև նպաստելու է, որ այն մարզերում, որտեղ հանքահումքային արդյունաբերությունը մեծ ծավալներ ուներ, աշխատատեղերի քանակը շատ էին, հենց այդ մարզերում ևս իրականացվի փոքր և միջին բիզնեսի վարկավորում, որը կմեղմացնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: Սա լավագույն միջոցն է` կայուն, ամուր բանկային համակարգի միջոցով փոքր և միջին բիզնեսին տալ հնարավորություններ դիմակայելու դժվարություններին: Դրա համար առաջարկում եմ հավանության արժանացնել այս նախագիծը, և միջոցները տրամադրել Հայ-գերմանական հիմնադրամին»:

Նիստում կառավարությունը հաստատել է հանրային ֆինանսների կառավարման համակարգի մասնագետների ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրման ռազմավարությունը: Ներդրվող համակարգի նպատակը հանրային ֆինանսների կառավարման գործընթացի կազմակերպումն է` համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող աշխատակիցների միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է հանրային ֆինանսների կառավարման գործընթացում հնարավորինս ներգրավել բազային (ակադեմիական) համապատասխան մասնագիտացում ստացած անձանց, ապահովել մասնագետների շարունակական վերապատրաստումն ու նրանց մասնագիտական համարժեք կարողությունների երաշխավորման` որակավորման համակարգի առկայությունը: Նշվել է, որ համակարգի ներդրման աշխատանքներն իրականացվելու են 2009-2013թթ. ընթացքում, 3 փուլով` նախապատրաստում, գործընթացի կազմակերպում և ենթակառուցվածքների զարգացում, իրականացում: Որոշումն ընդունվել է հանրային ֆինանսների կառավարման գործընթացի արդյունավետության ապահովման, «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործընթացների կազմակերպման, ինչպես նաև «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հաշվապահների, ներքին աուդիտորների և գնումների գործի համակարգման պատասխանատուների անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ապահովման նպատակով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը: Փաստաթուղթը սահմանում է համագործակցության այն համակարգը, որի միջոցով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են իրենց պարտականությունները մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և այն զարգացնելու ուղղությամբ` իրենց գործունեության մեջ ռազմավարական համագործակցություն ծավալելով քաղաքացիական հասարակության հետ: Կարգի հիմնական նպատակն է արդյունավետ ուղի սահմանել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին ծառայություններ մատուցելու համար, այդ թվում` կացարանի, մասնագիտական բժշկական և հոգեբանական օգնության, խորհրդատվության, կրթության կամ ուսուցման մատչելիության ապահովում: Սահմանվել է, որ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի ուղղորդման գործում ՀՀ պետական կառավարման լիազորված մարմիններն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման նախարարությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը: Նշվել է, որ ազգային ուղղորդման կարգի ընդունումը բխում է նաև «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» պահանջներից: Այն նախատեսված է «ՀՀ-ում 2007-2009թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում» և նրա իրականացման ժամանակացույցում:

«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հաստատված եկամուտների գումարն ավելացնել 57 մլն 355.3 հազար դրամով, ծախսերի գումարը` 115 մլն 825 հազար դրամով, իսկ դեֆիցիտի գումարը` 58 մլն 469.7 հազար դրամով: Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակում, 7-8-րդ հոդվածների աղյուսակների մի շարք հավելվածների ցուցանիշներում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է Համաշխարհային բանկի կողմից 2007թ. հունվարի 18-ին ստորագրված «Երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի նախապատրաստման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները բնականոն ավարտին հասցնելու նպատակով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 300 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` 2008թ. ընթացքում «Արփա-Սևան» թունելի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է, որ Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրի համակարգման` ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգով նախատեսված` ծրագրի իրականացման գործառույթները վերապահվում են «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին:

Նիստում կառավարությունը հաստատել է նաև Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և ծրագրի կառավարման խորհդի կողմից 2008թ. հոկտեմբերի 1-ին հավանության արժանացած ինժեներական նախագծման, շինարարության վերահսկողության և կառավարման բարելավման ծառայությունների մատուցման գնումների առաջարկի մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «ՋԻՆՋ» ՍՊԸ-«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կոնսորցիումը:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 7-ի «Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի իրականացման ապահովման միջոցառումները հաստատելու մասին» N 876-Ն որոշման մեջ, ըստ որի հիշյալ ծրագրի ֆինանսավորումը որոշվել է իրականացնել Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցով:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լիազորել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկու տարով երկարաձգել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «SAUR S.A» ֆրանսիական կազմակերպության միջև 2004թ. օգոստոս ամսին կնքված` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու» կառավարման պայմանագրի գործողության ժամկետը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության գործունեության արդյունավետության բարձրացման հայեցակարգը ու դրանից բխող միջոցառումների և իրավական այլ ակտերում նախատեսվող փոփոխությունների ժամանակացույցը: Հայեցակարգի ընդունումը նպատակ ունի բարձրացնել հիշյալ գործակալության գործունեության արդյունավետությունը, սահմանել իրավական և կազմակերպական կառուցվածքի գործուն մեխանիզմներ` հաշվի առնելով միջազգային փորձը: Փաստաթուղթը կնպաստի նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի հաշվառման, պահպանման և կառավարման գործուն մեխանիզմների ներդրմանը:

Այլ որոշումներով գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը` Ճապոնիայի կառավարության «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար» (2KR) դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ձևավորված գործընկերային հիմնադրամում միջոցների գոյացման և ծախսման վիճակը անկախ աուդիտի միջոցով գնահատելու նպատակով: ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին ևս 1 մլն 622.4 հազար դրամ է հատկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` 2008թ. երկրորդ եռամսյակի ընթացքում` որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու համար:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Որդան կարմիր» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծը և տարածքի չափը` 219.85 հեկտար: Որոշմամբ նշված 219.85 հա հողերը, այդ թվում` ՀՀ Արմավիրի մարզի Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 74.03 հա, Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 61.9 հա, Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին 2-րդ հատվածում գտնվող 62.4 հա և Ջրառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 21.52 հա հատուկ պահպանվող տարածքների հողերն ամրացվել են ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով: Որոշման համաձայն սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կկատարվեն գյուղական համայնքների հողային հաշվեկշռում` ՀՀ պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա` ՀՀ վարչատարածքային միավորների սահմանների կոորդինատների ժողովածուն հրատարակելուց հետո, հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 3-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 830-Ն որոշման մեջ:

Գործադիրը հավանություն է տվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է շինարարական աշխատանքների իրականացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության նպատակով ամրագրված սահմանափակումները տարածել ոչ միայն իրավաբանական անձանց (ինչպես գործող օրենքում է), այլև շինարարական աշխատանքներով և աղբի տեղափոխմամբ զբաղվող ֆիզիկական անձանց վրա: Առաջարկվում է նաև մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրության խախտում համարել ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու իրավասություն ունեցող լիցենզառու կազմակերպությունների կողմից` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության և (կամ) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համապատասխանության կտրոնների տրամադրումը` առանց չափումների իրականացման կամ չափման կարգի պայմանների ու պահանջների պահպանման: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նշված օրինագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի «Ընտանեկան բժշկության երկրորդ կրթական կենտրոնին անհրաժեշտ տարածք հատկացնելու մասին» N 1132-Ա և 2008թ. հունվարի 17-ի «Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից թողարկվող լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց գույքով վճարելու մասին» N 30-Ա որոշումները: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ գրանցման համար անհրաժեշտ որոշ փաստաթղթերի թերի լինելու պատճառով, փաստացի ՀՀ կառավարության հիշյալ որոշումներով ամրագրված գործընթացները չեն կատարվել և ներկայումս առողջապահության բնագավառի բարեփոխումների շրջանակներում ծննդօգնության ծառայությունների մատչելիության և որակի բարելավման ուղղությամբ իրականացվող գործընթացների ապահովման համար այլևս նպատակահարմար չէ իրականացնել: Նշվել է նաև, որ բարեփոխումների շրջանակներում, ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, զգալի ավելացել են բյուջետային հատկացումները մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունների կազմակերպման համար (շուրջ 1 մլրդ դրամ` 2008թ.-ին, ինչը կնպաստի ծննդօգնության հետ կապված ծառայությունները բնակչությանն առավել մատչելի դարձնելուն և իրապես անվճար բուժօգնության ապահովմանը: Ըստ այդմ, նպատակահարմար է համարվել ՀՀ

կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 1132-Ա որոշմամբ Ընտանեկան բժշկության երկրորդ կրթական կենտրոնին հատկացված տարածքը թողնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմում` ծննդօգնության ծառայություններն ընդլայնելու նպատակով, իսկ Ընտանեկան բժշկության երկրորդ կրթական կենտրոնին հատկացնել այլ տարածք:

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի «1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 641-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է, մասնավորապես, Մարալիկում զոհված ռուս օդաչուների հուշարձան-խաչքարի բարեկարգման աշխատանքների իրականացում: Որոշմամբ նաև հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության, մշակույթի նախարարներին և ՀՀ Լոռու մարզպետին` ամփոփել Վանաձորի Է. Կզարթմյանի անվան N 1 երաժշտական դպրոցի շենքի ամրացման և հիմնանորոգման նախագիծ-նախահաշիվը և ներկայացնել առաջարկություն 2009-2010թթ. շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի N 8 շենքի N 57-60 բնակարանի բնակիչ Արուսյակ Պետրոսյանի 14 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրմամբ: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` հիշյալ բնակչի ընտանիքին ընդգրկել 2009թ. Գյումրի քաղաքում իրականացվելիք` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին ԲԳՎ-ների տրամադրման միջոցով բնակարանային խնդիրների լուծման ծրագրում, ինչպես նաև վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով Արուսյակ Պետրոսյանի ընտանիքին հասանելիք 5-սենյականոց բնակարանի Գյումրի քաղաքում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի վերաբերյալ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N404 որոշմանը համապատասխան, գործադիրը որոշել է համաձայնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ք. Երևանի Վարդաշենի 6-րդ փող., Շիրակի 2 ա, Աէրացիա թաղամասի, ք. Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Հատիսի 4-րդ նրբանցքի, ինչպես նաև «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Թբիլիսյան խճ. 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին: Սահմանվել է, որ հիշյալ շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին և ՀՀ Կոտայքի մարզպետին:

ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N886-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ գործադիրը «Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ը վերանվանել է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան»: Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովել «Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը: Որոշման ընդունումը պայմանավորված է հիշյալ թանգարանի հիմնադրման 30-ամյա տարեդարձով և նրա հիմնադիր տնօրենի` ՀՀ վաստակավոր նկարիչ Հովհ. Շարամբեյանի` որպես հայ մշակույթի մեծանուն երախտավորի անվան հավերժացմամբ:

Նիստում կառավարությունը հաստատել է Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ՀՀ տարածքով անցնող հատվածի և դրա անվտանգության գոտիների նախագիծը` 290 կմ երկարությամբ, 29.8 հա ընդհանուր մակերեսով, որից 6.8 հա-ն` ենթակայանի տարածք: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, գյուղատնտեսության, մշակույթի նախարարներին և ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետներին` հիշյալ ծրագծում ընդգրկված ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ, ուսումնասիրել և, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ` որոշման մեջ նշված տարածքներում գտնվող հողերի կատեգորիաների փոփոխություն կատարելու, էլեկտրահաղորդման գծի սահմանափակումների գոտիները և այդ գոտիներում հողօգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցում կատարելու վերաբերյալ: Հանձնարարվել է նաև` ելնելով բնապահպանական և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներից, ինչպես նաև նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքներից` անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` էլեկտրահաղորդման օդային գծի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ ոստիկանությունում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, ոստիկանությունում ծառայությունը կազմակերպել ռոտացիայի միջոցով, ինչպես նաև կիրառել ոստիկանության ծառայողների ատեստավորման թեստային եղանակը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և կնպաստի հնարավոր սուբյեկտիվիզմի դրսևորումների բացառմանը:

«Երկաթուղային տրանսպորտի մասին» և «Զենքի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը սահմանել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության ծառայությանը հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների պաշտոնների ցանկը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 24-ի «Զինվորական դատախազության մարմինների դատախազների և քննիչների դաշտային համազգեստի նկարագրությունը հաստատելու մասին» N1258 որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է 2007թ. մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի պահանջներով:

Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության, Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական, ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովների, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության, ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության, ՀՀ կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովների, ինչպես նաև Հայ-ռումինական և Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովների հայկական կողմի կանոնադրությունները:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի N1580-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմաններում և տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգում, որի համաձայն կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման հրամանը և գլոբալ հավաստագիրը` ներկայիս 10 օրվա փոխարեն, ՀՀ ԿԲ-ին կփոխանցվի 5 օր առաջ: Որոշումն ընդունվել է` ելնելով դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման անհրաժեշտությունից:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N955-Ն որոշման մեջ` ՀՀ ճանապարհային երթևեկության առկա խնդիրներին լուծում տալու, ինչպես նաև որոշումը Վիեննայի 1968թ. «Ճանապարհային երթևեկության մասին» միջազգային համաձայնագրին համապատասխանեցնելու նպատակով:

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով, կառավարությունը որոշել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի կազմից ՀՀ կառավարության որոշումներով առանձնացված չմասնավորեցված (չօտարված) և որևէ պետական կառավարչական հիմնարկի չամրացված, կամ որևէ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չհանձնված գույքն ամրացնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, նաև հետագայում նման գույք բացահայտելու դեպքում, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել տեղեկատվություն իրենց ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի կազմից ՀՀ կառավարության որոշումներով առանձնացված հիշյալ գույքի վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` նշված տեղեկությունները ստանալուց հետո, եռամսյա ժամկետում իրականացնել գույքի հանձնման-ընդունման, իսկ անշարժ գույքի դեպքում` նաև սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները: Սահմանվել է, որ հանձնող կողմի բացակայության դեպքում, գույքի ընդունումն իրականացվում է միակողմանի` որպես հաշվեկշռային արժեք ընդունելով գույքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված արժեքը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 18-ի N16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և ՀՀ նախարարին կից կոլեգիայի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախարարներին կից քաղաքականության հարցերով խորհուրդներ ստեղծելու անհրաժեշտությամբ, որը կնպաստի նախարարների կողմից քաղաքական որոշումների կայացման, նախարարությունների գործունեության ռազմավարական պլանավորման, ռազմավարական ծրագրերի գնահատման գործընթացներին: «ՀՀ նախարարության օրինակելի կանոնադրությունը» լրացվել է նոր կետով, ըստ որի նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով, նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Հավանություն է տրվել նաև ՀՀ նախարարին կից կոլեգիայի օրինակելի աշխատակարգին: Հանձնարարվել է ՀՀ նախարարներին (բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի)` 15-օրյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան նախարարության կանոնադրությունում լրացում կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, ինչպես նաև այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 15-օրյա ժամկետում ստեղծել ՀՀ նախարարին կից կոլեգիա:

Կառավարությունը հավանություն է տվել «Համահայկական բանկի մասին», «Շահութահարկի մասին», «Պետական տուրքի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում լրացում և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Հիշյալ օրենքների ընդունման նպատակը Համահայկական բանկի, ինչպես նաև այդ բանկի գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումն է: Վարչապետը նշել է, որ Համահայկական բանկը, իբրև նախատեսված համահայկական խոշոր ծրագրերից մեկը, կհիմնադրվի 2009թ. հունվարին: Առաջին անգամ, ըստ վարչապետի, ՀՀ-ն մասնակցում է բանկի հիմանդրաման: Նախագծի կարևորությունից ելնելով, որոշվել է այն համարել անհետաձգելի և ուղարկել ՀՀ ԱԺ: Հանձնարարվել է` 2-օրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարի հետ խմբագրական բնույթի աշխատանքերն ավարտել:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է ՀՀ դատարանների դատավորների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

Նիստում կառավարությունը բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մի շարք տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ: Որոշման ընդունվել է` ՀՀ հողային օրենսգրքին, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները: Որոշման հավելվածում նշված տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահը ճանաչվել է այն հիմնավորմամբ, որ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, կկառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ, որոշ տարածքներում կառուցապատման ծրագրերի շրջանակներում կստեղծվեն նոր ճանապարհներ, ավտոկայանատեղեր, կանաչ տարածքներ և այլն: Սահմանվել է, որ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը, իսկ սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2010թ. հունվարի 1-ը: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 28-ի N2388-Ն և 2006թ. հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներում` ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական կամ հեղուկացված նավթային բալոնների պարբերական վկայագրման թույլտվությունների տրամադրման և բալոնների շահագործման անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության հարցերի կանոնակարգման նպատակով:

«Հաշվի առնելով պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների գնման» երեք պայմանագրով կառուցապատման աշխատանքների ֆինանսավորման համար արտերկրյա բանկերից վարկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև կնքված հիշյալ պայմանագրերի համաձայն, որպես 2009-2010թթ. վճարման ենթակա 3,9 մլրդ դրամ կանխավճարի վճարային պարտավորության կատարում, թողարկել և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին տրամադրել 100 մլն դրամ անվանական արժեքով փոխանցելի մուրհակներ, որոնցից 1950 մլն դրամ` 2009թ. նոյեմբերի 20-ին մարման ժամկետով, 1950 մլն դրամ` 2010թ. նոյեմբերի 19-ին մարման ժամկետով` ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի N436 որոշմամբ հաստատված կարգով սահմանված շրջանառության ու մարման պայմաններով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքաշինության նախարարին: Հանձնարարվել է նաև ՀՀ Շիրակի մարզպետին` համաձայնեցնելով Գյումրի համայնքի ավագանու և ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ` ներկայացնել առաջարկություն որոշման մեջ նշված թաղամասերում կառուցվելիք օբյեկտների համար համապատասխան չկառուցապատված հողամասեր և անավարտ շինարարության բնակելի շենքերով կառուցապատված հողամասեր «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին կադաստրային արժեքով օտարելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ օտարման գինը հաշվանցվելու է պետական գնման պայմանագրի կանխավճարի մի մասի հետ, որպես ծրագրին Գյումրիի համայնքի կողմից ֆինանսավորում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 4 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Սարուխանյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով 2008թ. մայիսի 27-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 8-ի «ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N1248-Ն որոշման մեջ: Կատարված փոփոխությունների համաձայն, հիշյալ որոշմամբ նախատեսվող «Լ. Արեշյանի անվան Վանաձորի N1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ծննդատան վերանորոգումը կիրականացվի բարերարների միջոցներով, իսկ ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված 100 մլն դրամը կտրամադրվի նշված ՓԲԸ-ին` այլ մասնաշենքերի կապիտալ վերանորոգում կատարելու նպատակով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 145 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների ջեռուցման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ ԳԱԱ-ին տրամադրելու համար: Որոշման համաձայն, նշված գումարի հատկացման մասով ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվել են ՀՀ ԳԱԱ-ին: Հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ նախագահին` հատկացված գումարը տրամադրել որոշման մեջ նշված ՀՀ ԳԱԱ ենթակայության ՊՈԱԿ-ներին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ազգային ժողովի նախագահին, 2008թ. նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ Աժ արտահերթ նիստ` «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած շուրջ հինգ տասնյակ այլ ՀՀ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ