Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 դեկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը շնորհավորեց կառավարության անդամներին‘ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության առթիվ և շնորհակալություն հայտնեց այն բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, որոնց ակտիվ աշխատանքի արդյունքով էր նաև պայմանավորված ԱՀԿ-ին մեր երկրի անդամակցության գործընթացի հաջող ավարտը։ Նա ընդգծեց հատկապես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի, արտաքին գործերի, գյուղատնտեսության նախարարությունների, մաքսային ու հարկային ծառայությունների աշխատանքը։ Վարչապետը նշեց, որ միայն 2000 թ-ից ի վեր, այդ գործընթացի շրջանակներում, Հայաստանն ընդունել է 10-ից ավելի օրենքներ, կառավարության բազմաթիվ որոշումներ, որոնցով մեր երկրի օրենսդրական դաշտը համապատասխանեցվել է ԱՀԿ պահանջներին։ Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ն, որը նույնքան ակտիվ քննարկել և ընդունել է այդ օրենքները, կհասցնի մինչև տարեվերջ վավերացնել նաև ԱՀԿ-ին ՀՀ անդամակցության արձանագրությունը‘ կից փաստաթղթերով և ԱՀԿ ստեղծման համաձայնագիրը։ Վարչապետը հակիրճ ներկայացրեց միջազգային այդ կազմակերպությանն անդամակցելուց հետո մեր երկրի տնտեսության, գործարար միջավայրի համար ստեղծվող հնարավորությունները, նշելով, որ իբրև այդ կազմակերպության անդամ, Հայաստանն ուղղակիորեն մասնակից կլինի նաև միջազգային առևտրահարաբերությունները կարգավորող կանոնների մշակմանն ու հաստատմանը։ Այնուհետև կառավարությունն անցավ օրակարգի շուրջ վեց տասնյակ հարցերի քննարկմանը։ Գործատուների և վարձու աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունների առավել հստակեցման, աշխատավարձի հաշվարկման և վճարման խնդիրներում ստվերայնության վերացմանը նպաստելու նպատակով, կառավարության անդամները հավանություն տվեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Մասնավորապես, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին», «Աշխատավարձի վարձատրության մասին» ՀՀ օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվում է պարտավորեցնել գործատուին յուրաքանչյուր ամիս հաշվարկել և վճարել աշխատավարձ, սահմանել, որ գործատուները յուրաքանչյուր ամիս սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմին են փոխանցում ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը։ Որոշակի պատասխանատվություն է սահմանվում նաև գործատուների կողմից վարձու աշխատողների վերաբերյալ օրենքով նախատեսված դրույթների խախտման դեպքերում։ Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատեց «Վարձու աշխատողների ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքերը վարելու և պահպանելու կարգը»։ ՀՀ 2002 թ. պետական բյուջեով նախատեսված Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի N1/3 բնակելի շենքի ամրացման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, կառավարությունը որոշեց Ալավերդու քաղաքապետարանին տրամադրել 70 մլն դրամ վարկ‘ 25 տարի ժամկետով, տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով, վարկի մարումը նախատեսելով 2008 թ-ից։ ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչությանը վերաբնակեցման նպատակով պետական աջակցության շրջանակներում իրականացվելիք վճարումների անխափանությունն ապահովելու համար, գործադիրը որոշեց թույլատրել Կոտայքի մարզպետարանին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացելու արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ։ Որոշվեց նաև 2002 թ. պետբյուջեում «Պետական աջակցություն Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչությանը վերաբնակեցման նպատակով» ծախսային ծրագրի գծով բյուջեից ստացված միջոցները փոխանցել մարզպետարանի համար բացված հաշվին։ Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն տվեց Կոտայքի մարզպետի կողմից ներկայացված Ողջաբերդ գյուղի առաջնահերթ պետական աջակցություն ստացող բնակիչների ցանկին։ Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում, պետական աջակցության միջոցով 2002-2003 թթ. ընթացքում կառուցապատվող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացն ապահովելու նպատակով, կառավարությունը սահմանեց, որ կառուցապատվող տարածքի սահմաններում գտնվող, շինարարական աշխատանքների կազմակերպմանը խանգարող, անօթևան քաղաքացիների կողմից բնակության համար օգտագործվող ոչ հիմնական շինությունները կարող են ազատվել և հեռացվել տարածքից‘ համաձայն ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների և համայնքի ղեկավարի միջև բնակտարածությունով ապահովելու, բնակարան կամ բնակարանների գնման վկայագիր հատկացնելու մասին կնքված պայմանագրի։ Ելնելով Երևան քաղաքում մինչև 7 քմ, մարզերում‘ մինչև 10 քմ առևտրային տարածք ունեցող կրպակների և առևտրի կազմակերպման վայրերում գործունեություն իրականացնող զգալի թվով տնտեսվարող սուբյեկտների շահերից, նաև նկատի առնելով, որ նրանք հարկվում են հաստատագրված վճարներով, ինչն ուղղակիորեն կախվածության մեջ չէ իրացման շրջանառության ծավալներից, գործադիրը փոփոխություններ կատարեց ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի որոշման մեջ‘ նշված առևտրային տարածքներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը երկարացնելով մինչև 2004 թ. հունվարի 1-ը։ Ի կատարումն ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից‘ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման գործընթացի մասին» որոշման պահանջների, կառավարությունը հաստատեց նշված միջոցների և ակտիվների վերագնահատման արդյունքները։ Ըստ այդմ, վերագնահատված արժեքը կազմել է 216 մլրդ 972 մլն 103 հազար 390 դրամ։ Ըստ ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահի, վերագնահատման, նյութական ակտիվների հստակեցման արդյունքում որոշ չափով նաև կավելանա վճարվելիք գույքահարկը։ Ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային և միջպետական համաձայնագրերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգի» վերաբերյալ։ Այսօրվա նիստում ընդունված մի շարք որոշումներ վերաբերում էին մաքսային ոլորտի կանոնակարգմանը։ Մասնավորապես, սահմանվեցին մաքսային ծառայողին այլ տարածաշրջանային մաքսային մարմին ծառայողական տեղափոխման հետ կապված բնակելի տարածքի կամ բնակելի տարածքի վարձակալման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը, մաքսային ծառայողի վերապատրաստման, գործուղման կարգը, պայմանները, ինչպես նաև գործուղման ընթացքում նրա ծառայության առանձնահատկությունները։ Գործադրի որոշմամբ, Երևան քաղաքում Արարատյան տարածաշրջանային մաքսատան տարածքում ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետ։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց կադրերի ռեզերվում գրանցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման կարգը։ Նիստում հաստատվեց նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի դիպլոմի նմուշը։ Առանձին որոշումներով, կառավարության անդամները համաձայնություն տվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Տաջիկստանի բնապահպանության նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության արխիվի միջև համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Մեկ այլ որոշմամբ, համաձայնություն տրվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը։ Գործադիրը հաստատեց ԱՊՀ մասնակից պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը։ Կառավարությունը որոշեց 2002 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 20 մլն դրամ Արթիկ քաղաքի համայնքին տրամադրելու համար‘ քաղաքի մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով։ Այսօրվա նիստում հաստատվեց «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» որոշումը։ Ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների ինքնածախսածածկվող սակագներ սահմանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշեց նշված ՓԲԸ-ների համար ջրօգտագործողների ընկերություններին և միություններին մատակարարվող 1 խմ ոռոգման ջրի միջինացված սակագինը (ներառյալ ԱԱՀ) ըստ տարիների‘ 2003 թ. 4 դրամ 20 լումա, 2004 թ.‘ 5 դրամ 20 լումա, 2005 թ.‘ 6 դրամ 20 լումա, 2006 թ.‘ 7 դրամ 50 լումա, 2007 թ.‘ 8 դրամ 80 լումա։ «Արմենալ» ՓԲԸ-ում ներդրումներ ապահովելու նպատակով, գործադիրը հավանություն տվեց ՀՀ կառավարության, «Կանազ» ԲԲԸ-ի և «Ռուսկի ալյումինի» ԲԲԸ-ի միջև կնքվող «Ներդրումային գործունեության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի նախագծին։ Կառավարությունը լիազորեց Առևտրի և տնտեսական զարգացման նախարարին‘ ՀՀ կառավարության անունից կնքելու պայմանագիրը։ Գործադիրը փոփոխություն կատարեց ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 26-ի որոշման մեջ, որի անհրաժեշտությունը բխում է ռուսական «ժնհ-ՀՏրրՌՌ» և «ՁԹնխ» ընկերությունների հետ վարված բանակցությունների ընթացքում պարտքերի վերակառուցման և հետագայում դրանց մարման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածություններից, ըստ որոնց, այդ պարտավորությունները կմարվեն «Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից (կամ վերջինիս հանձնարարությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ուղղակիորեն վճարումներ կկատարի ռուսական կողմին) երկու տարվա ընթացքում։ Կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ նախագահին‘ 2002 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 12։00-ին գումարել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում բացի «2003 թ. ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծից, գործադիրը ներառել է ԱԺ աշնանային և արտահերթ նստաշրջաններից մնացած օրինագծերը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ