Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 նոյեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ նիստի օրակարգին անցնելը, վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է մի քանի խնդիրների վրա: Դրանցից առաջինը վերաբերում է կառավարությանն ուղղված` պատգամավորների գրավոր հարցումներին, որոնց նկատմամբ, ըստ Տիգրան Սարգսյանի, կառավարությունը պետք է չափազանց ուշադիր լինի: Վարչապետն այս կապակցությամբ անդրադարձել է երեկ ԱԺ-ում կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Զ. Փոստանջյանի ևս մեկ անգամ հնչեցրած հարցին: Այն վերաբերել է տիկին Փոստանջյանի կառավարությանը հասցեագրված հարցերի պատասխանների վերաբերյալ պատգամավորի մտահոգություններին: ՀՀ արդարատության նախարարին դիմելով, վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատգամավորին պատասխանել է, ընդ որում` երկու նամակով: «Եթե պագամավորի մոտ մնացել են հարցեր, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, ապա անհրաժեշտ է նրան հրավիրել և զրուցել այդ հարցերի շուրջ», - ասել է վարչապետը:

Երկրոդ կարևորագույն խնդիրը, որ նույնպես բազմաթիվ անգամ հնչել է պատգամավորների կողմից և ունի նաև հանրային հնչեղություն, ըստ Տիգրան Սարգսյանի, անօրինական շինարարությունն է Երևան քաղաքում: Կարևորվել է հարցադրման հեղինակին սպառիչ պատասխաններ տրամադրելը, տվյալ դեպքում` մասնավորապես, պատգամավոր Լիլիթ Գալստյանին. «Այս հարցը մտահոգում է բոլոր երևանցիներին, նաև` քաղաքաշինության նախարարին: Մենք այս խնդիրը քննարկել ենք կառավարությունում: Ավելին, պետք է խոստովանենք, որ քաղաքաշինության նախարարի և քաղաքապետի պատասխանների մեջ կան հակասություններ: Հանձնարարվում է քաղաքապետին` պատրաստել հաշվետվություն: Կառավարության հաջորդ նիստը մենք կսկսենք քաղաքապետի հաշվետվությունից` ի՞նչ իրավիճակ է Երևան քաղաքում անօրինական շինարարության հետ կապված, և ի՞նչ միջոցառումներ ենք մենք ձեռնարկելու այսուհետև բացառելու անօրինական շինարարաությունը Երևանում:

Երրորդ հարցը` հանքահումքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակն է: Մենք իրականացրել ենք վերլուծություն, որը վերաբերում է այս բնագավառին, համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակի կանխատեսումներին և պլանավորել ենք որոշ գործողություններ: Գիտեք, որ հանձնարարվել էր երեք նախարարների այցելել Սյունիքի մարզ` տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին: Երեկ ես լսել եմ արդյունքների վերաբերյալ զեկույցը: Կարծում եմ, չափազանց կարևոր գործուղում էր: Մենք ճիշտ պահին արձագանքեցինք այն խնդիրներին, որոնք մտահոգում են աշախատավորական կոլեկտիվներին, և այսօր կառավարության նիստը կսկսենք գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից», - նշել է վարչապետը, առաջարկելով մարզ գործուղված երեք նախարարներից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ներկայացնել այդ հաշվետվությունը:

Ըստ պարոն Մովսիսյանի, վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ում սկված միջազգային ճգնաժամը իր լրջագույն ազդեցությունն է թողել ապրանքային շուկաների գների անկման վրա: Մասնավորապես` մետաղների գները երկու և ավելի անգամ նվազել են: Պղնձի միջազգային գները 3 ամսվա ընթացքում 8100 ԱՄՆ դոլարից նվազել է մինչև 4000 դոլար, մոլիբդենինը` 80 հազար ԱՄՆ դոլարից մինչև 24 և 24-ից մինչև 34 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, ցինկի գները` 2800-ից 1100 ԱՄՆ դոլար, ընդ որում` գնանկումը դեռ շարունակվում է: Դրա արդյունքում, համաշխարհային մոտ 2500 խոշոր հանքարդյունահանողներ դադարեցրել են աշխատանքները` վնասաբերության պատճառով: Միջազգային շուկաներում տիրող նման իրավիճակը ազդել է նաև Հայաստանի հանքարդյունաբերության վրա, քանի որ արտադրանքը հիմնակնում արտահանվում է: Հատկապես, Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները և Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որոնք իրականացնում էին ներդրումային խոշոր ծրագրեր, հայտնվել են ժամանակավոր ֆինանսական դժվարությունների մեջ: 2008թ. նոյեմբերի 9-11-ը Սյունիքի մարզ գործուղված էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները տեղում ծանոթացել են լեռնահանքային արդյունաբերության իրավիճակին` համապատասխան լուծումներ տալու համար: Լուծումները, ըստ նախարար Մովսիսյանի, պետք է լինեն հավասարակշռված, հաշվի առնելով աշխատակիցների զբաղվածության և սոցիալական պաշտպանության խնդիրները, նաև տնտեսավարող ընկերությունների շահերը: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ընկերությունների հետ` առաջիկա երեք ամիսներին չիրականացնել աշխատակիցների կրճատումներ, հնարավորինս պահպանել աշխատավարձի մակարդակը, երեք ամիս հետո, ելնելով միջազգային շուկաներում տիրող իրավիճակից, համատեղ քննարկումների արդյունքում, կայացնել համապատասխան որոշումներ: Նախնական պայմանավորվածություններից հետո, բանակցությունները շարունակվում են` վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար. «Նշված ընկերություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը և որոշումները պետք է ընդունվեն այդ առանձնահատկություններից ելնելով: Այս պահին երեք ընկերություններն էլ աշխատում են», - ասել է Արմեն Մովսիսյանը:

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ նախարարների գործուղման արդյունքները դրական են, որովհետև նաև աշխատավորական կոլեկտիվները գիտակցեցին, որ անտեսված չեն, նրանց կարծիքը հաշվի է առնվելու, և շատ խնդիրներ, որ բարձրացվում են նրանց կողմից, ուղղակի սոցիալական արդարության ապահովման խնդիրներ են: Վարչապետն ընդգծել է, որ այդ դժվարությունների բեռը հավասարաչափ պետք է կիսեն բոլոր կողմերը, այն չպետք է միայն ընկնի աշխատողների վրա` սեփականատերերն իրենց մասը պետք է վերցնեն, կառավարությունը` իր մասը, աշխատավորական կոլեկտիվը` իր: Տիգրան Սարգսյանի խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում ընդհանրապես հանքային արդյունաբերությունը եղել է շահութաբեր, և ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ շահութաբերության մակարդակը այդ ոլորտում եղել է ամենաբարձրը ՀՀ-ում: Դա նշանակում է, որ ոլորտի սեփականատերերը այս դժվար երկու տարիների ընթացքում նույնպես ունեն անելիքներ: Համատեղ ջանքերով, վարչապետի համոզմամբ, հնարավոր կլինի այս բարդությունները հաղթահարել:

Նախարարների գործուղման հետ կապված, կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, թե հաջողվել է երկխոսություն կազմակերպել, և այսօր կա պրոբլեմների փոխադարձ ըմբռնում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բավարարում են երկու կողմերին էլ. «Այս խնդիրը գտնվելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում: Հասկանալի է, որ սրանք ժամանակավոր դժվարություններ են: Այս պահի դրությամբ երեք խոշորագույն կոմբինատներում, որտեղ աշխատողների թիվը մոտավորապես 6 հազար է, «արբանյակ» ձեռնարկությունների հետ` շուրջ 10 հազար, ընդհանուր առմամբ, մարզում մենք ունենալու ենք լուրջ խնդիր, քանի որ պաշտոնապես 25 հազար գրանցված աշխատողներից շուրջ 10 հազարի աշխատանքը պայմանավորված է այս երեք խոշոր ձեռնարկությունների աշխատանքով: Դրանցից 6 հազարը անմիջական կոմբինատներում են, և շուրջ 200 ձեռնարկություն էլ զբաղված է սպասարկմամբ: Հասկանալի է, որ մենք օպերատիվ միջոցառումներ ենք իրականացնելու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու, ներդրումների ներգրավման առումով, խթանելու ենք նոր բիզնես-ծրագրերը: Նաև չափազանց կարևոր է, որպեսզի երեք կոմբինատների սեփականատերերի հետ հստակ ծրագրեր մշակվեն, որոնք ապահովելու են աշխատանքներ, վերապատրաստման դասընթացներ, մինչև որ համաշխարհային շուկաներում գները կվերականգնվեն, և այս ոլորտները նորից դառնան տնտեսապես շահավետ: Հասկանալի է, որ դա անխուսափելիորեն լինելու է: Երբ համաշխարհային տնտեսության մեջ տնտեսական անկումը կդադարի, հասկանալի է, որ հումքի գները փուլ առ փուլ կբարձրանան, բայց այդ ժամանակահատվածում մենք պարտավոր ենք սեփականատերերի, աշխատավորական կոլեկտիվների հետ միասին մշտապես լինել երկխոսության մեջ և մշակել այնպիսի ծրագրեր, որոնք երկկողմանի հասկանալի են լինելու, առաջին հերթին` հենց այդ 10 հազար աշխատողներին»:

Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հաստատել է ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Փաստաթուղթը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի N870-Ն որոշման N2 հավելվածի, որի համաձայն կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը սահմանվել է որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գերակա խնդիր: Նշվել է, որ չնայած ՀՀ կառավարության որդեգրած` կենսաթոշակները պարբերաբար բարձրացնելու քաղաքականությանը, բնակչության կենսաթոշակային ապահովման խնդիրը հիմնարար լուծում է պահանջում: Ծրագրով նախատեսվում է կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնել հետևյալ ուղղություններով. կենսաթոշակների մակարդակի պարբերական բարձրացում` կարճաժամկետ ապագայում կենսապահովման նվազագույն զամբյուղին համարժեք կենսաթոշակի ապահովմամբ, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում` երկարաժամկետ ապագայում անհատական եկամտի և կենսաթոշակի չափի միջև կապի հաստատում: Ժամանակացույցի համաձայն, կենսաթոշակային բարեփոխումներն իրականացվելու են` նկատի ունենալով հետևյալ թիրախները և կանոնները.

ա) սկսած 2012թ.-ից միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի կենսապահովման նվազագույն բյուջեի չափին,

բ) 2018թ.-ին միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի կենսապահովման նվազագույն բյուջեի 150 տոկոսին, իսկ հիմնական (նվազագույն) կենսաթոշակը` կենսապահովման նվազագույն բյուջեի չափին,

գ) սկսած 2012թ.-ից աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար` աշխատանքային (ապահովագրական) ստաժի 1 տարվա արժեքը, իսկ 2018թ.-ից` նաև հիմնական կենսաթոշակը կինդեքսավորվի ՍԳԻ-ով:

Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին` միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացումը և ժամանակացույցով սահմանված միջոցառումներն իրականացնելը նախատեսված ժամկետում ապահովելու ուղղությամբ` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N796-Ն որոշումը: Որոշմամբ կառավարությունը նաև ի գիտություն է ընդունել ՀՀ վարչապետի 2006թ. օգոստոսի 4-ի N599-Ա որոշմամբ (ուժը կորցրել է ՀՀ վարչապետի 2008թ. օգոստոսի 15-ի N618-Ա որոշմամբ) ստեղծված կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խմբի հաշվետվությունը:

Կառավարությունը հաստատել է աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը: Սահմանվել է, որ աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակների համաձայն` դրանցում ընդգրկված անձանց հերթացուցակում ընգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով: Սահմանվել է նաև, որ կառուցված բնակելի տները քաղաքացիներին հատկացվում են դրանց շինարարության ավարտման փաստագրումից անիջապես հետո` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու մասին համապատասխան պայմանագրի համաձայն: Հանձնարարվել է ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին` ստեղծել աշխատանքային խմբեր որոշմամբ հաստատված կարգի համաձայն համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված աղետի գոտու գյուղական բնակավայրերում բնակարանային իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման ցուցակների ստուգման նպատակով և անհրաժեշտության դեպքում առաջարկել համայնքների ղեկավարներին` համապատասխան փոփոխություններ կատարել ցուցակներում, ինչպես նաև ապահովել ցուցակների ստուգման արդյունքներով դրանց ներկայացումը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` մինչև 2008թ. դեկտեմբերի 20-ը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է , որ ՀՀ օրենսդրությամբ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացված Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքները` ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող երեք հաջորդական ենթագոտիների: Դրանք են` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները, առաջին ենթագոտու սահմանից դեպի ցամաք` մինչև «Սևան» ազգային պարկի սահմանն ընդգրկող տարածքները, և նախատեսվում է «Սևան» ազգային պարկի սահմանից դուրս` դեպի ցամաք մինչև 500մ լայնությամբ շերտն ընդգրկող տարածքները: Մասնավորապես, առաջին ենթագոտւմ նախատեսվում է, արգելել հիմնական (կապիտալ) օբյեկտների կառուցումը, իսկ հանգստի և սպասարկող օբյեկտների ֆունկցիոնալ կահավորումն ու բարեկարգումն իրականացնել միայն ոչ հիմնական շինություններով: Բացի այդ, նշված ենթագոտում նախատեսվում է սահմանափակել կառուցապատման կամ վարձակալության իրավունքով հողամասերի տրամադրման ժամկետները` հաշվի առնելով ջրի մակարդակի աստիճանական բարձրացման իրողությունը: Միմյանցից տարբերվող կառուցապատման ռեժիմներ են նախատեսվում նաև այլ ենթագոտիների համար, ընդ որում` վերջիններիս` ինչպես նաև լողափի, բուֆերային և այլ գոտիների տարանջատումն ու դրանց կառուցապատման չափորոշիչները պետք է ամրագրվեն սահմանված կարգով մշակված ու հաստատված գոտիավորման նախագծերով և կառուցապատման էսքիզներով: Որոշմամբ, սահմանվում են նաև վերոնշյալ ենթագոտիներում ներառված տարածքների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման առանձնահատկությունները, մասնավորապես` ազգային պարկի տարածքների համար մշակված փաստաթղթերի համաձայնեցումը Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ:

Այլ որոշումներով, «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը հաստատել է բուսական և կենդանական աշխարհի պետական կադաստրների վարման կարգը: Կադաստրների վարման լիազորությունները վերապահվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը: Որոշման ընդունման նպատակը ՀՀ տարածքի բուսական և կենդանական աշխարհի բազմազանության, դրանց պաշարների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովման համար բուսական և կենդանական տեսակների ու համակեցությունների, քանակական և որակական փոփոխությունների բացահայտումն է: Բուսական ու կենդանական աշխարհի կադաստրների ստեղծմամբ կապահովվի ՀՀ տարածքի բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչը կօգտագործվի նաև կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին` 6-ամսյա ժամկետում, սահմանված կարգով, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ բուսական և կենդանական աշխարհի պետական կադաստրների զարգացման 2010-2015թթ. համալիր ծրագիրը և կադաստրների տվյալների տրամադրման կարգերը: Նախարարին հանձնարարվել է նաև հաստատել բուսական և կենդանական աշխարհի պետական կադաստրների վարման մեթոդական ուղեցույցները:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, կառավարությունը «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի ուժով անհատույց տրամադրվող անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսի առավելագույն չափը սահմանել է 300քմ: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` ապահովել հիշյալ օրենքի 1-ին հոդվածով սահմանված անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասի տրամադրումը` ՀՀ կառավարության կողմից սահմանված չափով: Որոշումն ընդունվել է` գործող օրենքի պահանջների կատարումը կանոնակարգելու, նոր հողազավթումները կանխելու և բոլոր սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:

«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, կառավարությունը սահմանել է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման գծեր և հակառակը երկաթուղային շարժակազմի գծանցման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում գնացքների երթևեկության անվտանգության բարձրացմանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N1809-Ն որոշման մեջ` «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում ամրագրված գործառույթների և երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի գործառույթների համապատասխանեցման նպատակով: Նշվել է, որ որոշման ընդունումը կնպաստի երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման դերի բարձրացմանը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև 2009թ. պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծային աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումը` ըստ օբյեկտների:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման N5 հավելվածում փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 41 մլն 758.32 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` նախատեսված գումարն առանց մրցույթի, դրամաշնորհի հատկացման պայմանագրերի հիման վրա տրամադրել տնտեսվարող սուբյեկտներին:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է` ելնելով բնակավայրերի սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման առաջնային անհրաժեշտությունից, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնել Երևան, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Էջմիածին, Աշտարակ, Գորիս, Տաթև, Հալիձոր համայնքներում (բնակավայրերում) և ՀՀ կառավարության սահմանած զբոսաշրջային կենտրոններում: Սահմանվել է, որ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և վերջիններիս տարածքների առանձնացման առաջարկությունները նախապատրաստում և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացնում ՀՀ քաղաքաշինության նախարարը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև առաջարկություն ներկայացնել որոշման մեջ նշված բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և այդ տարածքներում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման վերաբերյալ: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. փետրվարի 1-ից:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով հստակեցվել են կարգավորող մարմնի իրավասությունները արտակարգ իրավիճակներում, մասնավորապես, դրանք համապատասխանեցվել են նաև «Երկակի նշանակության ապրանքների և սարքավորումների արտահանման, ինչպես նաև ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Տարանջատվել է ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի` շահագործող կազմակերպության սահմանումը այլ օբյեկտներից, կարգավորվել են նաև այլ հարաբերություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր մոտեցումներին և չափանիշներին համապատասխան: Որոշմամբ հավանություն է տրվել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում` հիշյալ օրինագծի պահանջներից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին ևս: Նշված օրինագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 2 մլն 739.4 հազար դրամ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Տավուշի մարզային գործակալության վարչական շենքի հիմնանորոգման և 200 հազար դրամ` այդ նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Եվս 920 հազար դրամ է հատկացվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը` վերջինիս Երևան քաղաքի գործակալության կողմից Կառավարական N2 շենքում զբաղեցրած տարածքի 1-ին հարկի պատուհանների երկաթյա ցանցաճաղերի և 2-րդ հարկի պահուստային սենյակի համար անհրաժեշտ մետաղապլաստե դռների տեղադրման նպատակով:

«Իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» N1534-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 29-ի N 1577 որոշմամբ Երևանի Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջը վերակազմակերպման ձևով հիշյալ համալսարանին միացվելու հանգամանքով: Թույլատրվել է «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին` իր միջոցների հաշվին, մինչև 10 մլն դրամ ներդրմամբ, մասնակցել Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության և համալսարանի աշխատողների մասնակցությամբ հիմնադրվող և ոչ պակաս, քան 100 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինժեներ» ՓԲԸ-ի հիմնադրմանը: Նշվել է, որ նորաստեղծ ընկերությունը կապող օղակ կդառնա համալսարանում առկա գիտական ներուժի և գործող ճարտարապետների ու շինարարների միջև, կնպաստի պրոֆեսորադասախոսական անձնակազմի սոցիալական վիճակի բարելավմանը, իսկ ընկերությունում համալսարանին պատկանող բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինները կուղղվեն համալսարանի նյութատեխնիկական բազայի արդիականացմանը:

Մեկ այլ որոշմամբ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու N3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ք. Մարտունի Մ. Հերացի հասցեում գտնվող 305քմ. ընդհանուր մակերեսով ու 1 մլն 288.980 հազար դրամ սկզբնական արժեքով հին մարզադահլիճը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մարտունու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Հանձնարարվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Մարտունու քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով ապահովել Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 400 քմ մակերեսով (այդ թվում` 305քմ մարզադահլիճի տակ) պետական սեփականություն հանդիսացող հողամասի սահմանների ճշտումը և սահմանված կարգով մշտական (անհատույց) օգտագործման իրավունքով տրամադրել «Մարտունու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Հանձնարարվել է նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, «Մարտունու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ապահովել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով հիշյալ ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի վերահսկման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների փոխգործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման շուրջ համագործակցության մասին», «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմների և տարբերանիշերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը ևս:

Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման մեջ: Մասնավորապես, սահմանվել է, որ այսուհետ պատասխանատու անձը հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման ժամանակահատվածում պարտավոր է ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) և համապատասխան վավերապայմաններ պարունակող դրամարկղային չեկ (կտրոն): Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ, որով հաստատվել են ՀԴՄ-ների ժապավեններին ներկայացվող պարտադիր պահանջները: Նշվել է, որ դրանցով հնարավոր կլինի իրականացնել հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացում և պարգևավճարների տրամադրում, ինչն իր հերթին կհանգեցնի տնտեսվարող սուբյեկտների իրական եկամուտների և իրացման շրջանառությունների վերահսկման առումով` բացի պետական ներգործության մեխանիզմներից, նաև վերջնական սպառող ֆիզիկական անձանց խրախուսելու որոշ մեխանիզմների կիրառման և հնարավորություն կտա անուղղակիորեն, առանց տնտեսվարող սուբյեկտների բնականոն տնտեսական գործունեությանը միջամտելու, ազդել իրացման իրական շրջանառությունների արձանագրման վրա:

Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ-ի և Ղրղզստանի Հանրապետության, ՀՀ-ի և Տաջիկստանի Հանրապետության, Հայ-ռուսական ռազմավարական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաև Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության միջկառավարական եռակողմ խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունները:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 12-ի N825-Ն որոշման մեջ, հաստատել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի նոր կառուցվածքը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը տրամադրել 8 մլն 400 հազար դրամ` դատախազության դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նպատակով: Առաջարկվել է ՀՀ գլխավոր դատախազին` նշված գումարի տրամադրումից հետո 5-օրյա ժամկետում ապահովել որոշման մեջ նշված դատախազության դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նախգծանախահաշվային փաստաթղթերի (նաև` դրանց հավասարեցված) ամբողջական փաթեթի կազմման աշխատանքների իրականացման համար համապատասխան պայմանագրի կնքումը:

ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N882-Ն որոշմանը համապատասխան, գործադիրը որոշել է նաև ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնված և «ՀՀ դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Տիգրան Մեծի 50 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերի 605քմ. ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N209-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված հիշյալ գույքի արժեքը սահմանվել է 277 մլն 25 հազար դրամ: Սահմանվել է նաև, որ գնորդին է անցնում գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս: Համապատասխան հանձնարարական է տրվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևանի Սիսակյան փողոցի N22 քանդման ենթակա` վթարային շենքի N42 երեք սենյականոց բնակարանը 1991թ.-ից առանց անձնագրային հաշվառման զբաղեցնող` հինգ երեխա ունեցող Նունե Մնացականյանի ընտանիքի վերաբնակեցման նպատակով վարձակալությամբ հատկացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության տակ գտնվող Դավթաշենի 4-րդ թաղամասի N53 շենքի N34 երկու սենյականոց բնակարանը: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` Նունե Մնացականյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր 50 տարի ժամկետով` բնակարանի վարձավճարը հաշվարկելով, ելնելով ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 10-ի N1161-Ն որոշմամբ սահմանված` բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանմանն ուղղված նորմերի պահանջների պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների ծավալից և դրա գնագոյացումից:

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական, ազգային տոների և հիշատակի օրերի հետ միասին օրենքով սահմանել նաև միջազգային օրերը պաշտոնապես նշելու անհրաժեշտությունը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին ևս, նշելով, որ ՀՀ կառավարությունը նշված օրինագծերի փաթեթը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առարկությունների ընդունման դեպքում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ