Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 նոյեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է հանրապետության նախագահի մի շարք հանձնարարականների կատարման ընթացքի վրա: Դրանցից մեկի համաձայն, բոլոր նախարարություններից հավաքագրվել են ներդրումային ծրագրեր, մասնավոր հատվածի այն ծրագրերը, որոնք համապատասխան ոլորտներում կարող են էապես խթանել տնտեսության զարգացումը: Ըստ կառավարության ղեկավարի, այդ հանձնարարականի նպատակն էր` ՀՀ-ում ներդնել պետություն-մասնավոր հատված համագործակցության հայեցակարգ: Հաջորդ հանձնարարականը նպատակ էր հետապնդում բացահայտել, թե ինչպիսի՞ հնարավորություններ կան մարզերում` մասնավոր հատվածի զարգացման համար: Հանձնարարականը տրվել է բոլոր մարզպետներին, որպեսզի նրանք բացահայտեն, թե ինչպիսի՞ ներդրումային ծրագրեր, հեռանկարային մասնավոր ծրագրեր կան մարզերում, որտեղ անհրաժեշտ է լինելու պետության աջակցությունը:

«Այսօր մենք երրորդ խնդիրն ենք առաջադրում, որը վերաբերում է արդեն գիտության ոլորտին: Մեր բոլոր գերատեսչություններին հանձնարարվում է` համագործակցելով գիտահետազոտական ինստիտուտների, այդ թվում նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների հետ, կառավարություն ներկայացնել այն ծրագրերը, որոնք մշակվել են այդ ինստիտուտների կողմից և կարող են հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար: Ինչպիսի՞ նախագծեր են մշակված, ինչպիսի՞ բիզնես ծրագրեր կան, ինչպիսի՞ նորարարություններ կան, որոնց մենք կարող ենք օժանդակել, և դա էապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք այդ նախագծերը, կտեսնենք, թե մեր գիտահետազոտական ինստիտուտները, Ազգային ակադեմիան ի՞նչ առաջարկներ են մշակել, որոնք կառավարության աջակցությամբ կարող են իրականություն դառնալ: Այսինքն` մեր առաքելությունը կայանալու է նրանում, որ ապահովենք կապը գիտության և մասնավոր հատվածի, իրական հատվածի միջև, ապահովենք ներդրումներ: Պետության աջակցությունը կլինի, որպեսզի իրատեսական ծրագրերը հնարավորին չափ սեղմ ժամկետում դառնան իրականություն», - ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը հանձնարարել է բոլոր նախարարներին, որպեսզի իրենց ոլորտին առնչվող գիտահետազոտական ինստիտուտների հետ աշխատելով, ներկայացնեն հիշյալ նախագծերի ցանկը: Նա առաջարկել է նաև ԳԱԱ-ին` ներկայացնել, թե գիտահետազոտական ինստիտուտներն ի՞նչ պատրաստի առաջարկներ ունեն, որոնք մասնավոր հատվածի հետ համագործակցելով, կարելի է ներդնել ՀՀ-ում:

Անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եռամյա ռազմավարությանը: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 18-ի N870-Ն որոշման համապատասխան: Այն համահունչ է նաև ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N380-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նպատակադրումներին: Ռազմավարության համաձայն, նախարարության առաջիկա առաքելություններն են համարվում` կառավարման արդյունավետ և թափանցիկ համակարգի ստեղծումը, տնտեսության կայուն և համաչափ զարգացման, արտադրողականության աճի համար բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորումը, գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումը, պետություն-մասնավոր հատված կառուցողական համագործակցության ապահովումը, մրցունակության բարձրացմանը զուգընթաց Հայաստանի ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև տնտեսության գերակա ոլորտների զարգացման միջոցով երկրի արդյունաբերական նկարագրի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված դիվերսիֆիկացված արդյունաբերական քաղաքականության մշակումն ու իրականացումը, անցումը ռեսուրսախնայող և գիտատար տնտեսության և այլն: Նշվել է նաև, որ ռազմավարությունը կարևոր հիմք է հանդիսանալու ընտրված թիրախներին հասնելու հստակ աշխատանքային ծրագրերի մշակման գործում, որտեղ յուրաքանչյուր մարտավարության շրջանակում կամրագրվեն հասցեական գործողություններ և անհրաժեշտության դեպքում` օրենսդրական փաթեթներ:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «Ավելացված արժեքի հարկի մասին», «Եկամտահարկի մասին», «հաստատագրված վճարների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ, «Արտոնավճարների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություն, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 439 մլն 64 հազար դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Որոշումն ընդունվել է` նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշումը, որով հաստատվել են 2007-2011թթ.` ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Սահմանվել է, որ կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են` հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման և տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը, զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր և թեմատիկ դիտարկման և վերլուծության, ԶԼՄ-ների շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունների ու դիտարկումների իրականացումը, հանրային կապերի և տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը և ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնություններով հանդես գալը: Որոշմամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ նախագահի աշխատակազմին: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` ՀՀ նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնելով` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա, մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

Նիստում կառավարությունը որոշել է «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 419 մլն 22 հազար 789 դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման և արտադրական ենթակառուցվածքների վերականգնման» ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1 մլրդ 810 մլն 41 հազար 447 դրամ արժողությամբ գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին: Հանձնարարվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, ՀՀ մարզպետներին` առաջարկել համայնքներին որոշման N 1 և N 2 հավելվածներում, ինչպես նաև N 3 հավելվածում (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) նշված գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի, ինչպես նաև ապահովել համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ: Որոշմամբ թույլատրվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող` որոշման N 4 հավելվածում նշված 104 մլն 651.724 հազար դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց, ինչպես նաև որոշվել է նշված գույքն ամրացնել «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և ՀՀ-ի օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով որոշման N 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով: Որոշումն ընդունվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` միջազգային համաձայնագրերի շրջանակներում, ինչպես նաև տարբեր ծրագրերով ՀՀ մի շարք համայնքներում ՀՀ պետական բյուջեի, վարկային, դրամաշնորհային, համայնքային և այլ միջոցներով կառուցված գազատարների շահագործումն ապահովելու և դրանցով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասն ավելացնելու նպատակով:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ, ըստ որի առաջարկվում է աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխման և հատկացման իրավունքը վերապահել ՀՀ քաղաքաշինության նախարարին: Որոշման ընդունումը պայմանավորված է պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային ապահովման գործընթացը (ԲԳՎ տրամադրում, կառուցված բնակարանների բաշխում և հատկացում) մեկ կենտրոնի միջոցով համակարգելու և միասնական մոտեցումներ կիրառելու շնորհիվ իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նիստում կառավարությունը հաստատել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված ՀՀ ազգային հանձնաժողովի կանոնադրությունը: Որոշման ընդունման նպատակն է` աջակցել համաձայնագրի մասնակից պետությունների միջև Եվրոպայի, Սև ծովի, Կովկասի, Կասպից ծովի և Ասիայի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների, առևտրի և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը:

Մեկ այլ որոշմամբ, 2008թ. իր պահուստային ֆոնդից կառավարությունը 45 մլն 77.3 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 28 մլն 177.3 հազար դրամից 2 մլն 922.1 հազար դրամը կտրամադրվի Դրախտիկ համայնքի գազատարի կառուցման, 2 մլն դրամը` Անտառամեջ համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգման, 4 մլն 300 հազար դրամը` Դդմաշենի մշակույթի պալատի հիմնանորոգման, 3 մլն 755.2 հազար դրամը` Գեղհովիտ գյուղի մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման, 6 մլն 500 հազար դրամը` Մաքենիսի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման և 8 մլն 700 հազար դրամը` Մարտունու N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի նորոգման աշխատանքների համար: ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացված 16 մլն 900 հազար դրամ գումարից 5 մլն 900 հազար դրամը կտրամադրվի Բերդի քաղաքային համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, վերականգնման և կանաչապատման և 11 մլն դրամը Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասի ավտոճանապարհների վերանորոգման համար:

Կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետություններում արժութային կարգավորման և վերահսկման բնագավառում քաղաքականության հիմնական սկզբունքների մասին», «Շաքարախտի աճի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև «Համատեղելի ազգային հեռուստաբժշկական խորհրդատվական-ախտորոշիչ համակարգերի ստեղծման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» հուշագրի կնքման առաջարկություններին:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 15 մլն 717.12 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Սարգիս Մուրադյանի, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի, Երևանի պատվավոր քաղաքացի, գեղանկարիչ Մարկոս Գրիգորյանի մահարձանների պատրաստման, տեղադրման և գերեզմանների բարեկարգման, ինչպես նաև հուշատախտակների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով: Հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետը կարևորել է նման աշխատանքների իրականացման ժամանակ միասնական ստանդարտների կիրառումը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը փոփոխություն է կատարել 2008թ. հուլիսի 31-ի «ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 13-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 812-Ն որոշման մեջ, երկրորդ կետը շարադրելով հետևյալ խմբագրմամբ` «ՀՀ քաղաքաշինության նախարարին` մինչև 2008թ. նոյեմբերի 15-ը ՀՀ բնապահպանության նախարարի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ, մշակել ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ»:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի «Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը հաստատելու, ՀՀ կառավարության 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N706-Ն որոշման մեջ` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ ԿԲ-ին` մեկ անգմա ևս լրացուցիչ քննարկել և վերջնական տեսքի բերել նախագիծը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումների ցանկը: Հանձնարարվել է միջոցառումների անցկացման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող ժամկետներում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ:

Նիստում գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից միջոցներ է հատկացրել ՀՀ Լոռու մարզպետարանին` Վանաձորի շախմատի դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման համար:

ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է համաձայնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբ. 11 շենքի, Շիրակի 2ա, Ս. Տարոնցի 5, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի և «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Թբիլիսյան խճ. 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին: Սահմանվել է, որ որոշման մեջ նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին և ՀՀ Կոտայքի մարզպետին:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ, ըստ որի այսուհետ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի) գնահատման ընթացքում (ինչպես նաև հիմնական միջոցները որպես գույքի առանձին տարրեր գնահատելիս) դրանք կարժևորվեն միայն ըստ իրենց շուկայական արժեքի: Որոշման ընդունումը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել գնահատվող գույքի իրական արժեքի մասին:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի «ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման մեջ, որոնցով, մասնավորապես, նոր ժամկետներ են սահմանվել միջպետական ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման համար: Հիշյալ որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետը շարադրվել է նոր խմբագրմամբ, ըստ որի միջպետական ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթի անցկացման ժամանակացույցը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից հաստատվելուց առաջ` նախարարությունը միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների չվացուցակները և ուղեգծերը համաձայնեցնում է այլ պետությունների իրավասու մարմինների հետ: Որոշման ընդունմամբ կբարելավվեն միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները, կբարձրանա սպասարկման արդյունավետությունը, հնարավորություն կստեղծվի ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող միջպետական ուղևորափոխադրումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է լրացում կատարել օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ խոշոր է համարվում այն կազմակերպությունը, որի նախորդ տարվա հիմնական գործունեությունից հասույթը գերազանցում է 500 մլն դրամը, կամ որի նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 մլն դրամը:

Այլ որոշումներով հանավանություն է տրվել նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենգրքում լրացումներ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթներին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Գործադիրը դրական եզրակացություն է տվել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, միաժամանակ առաջարկելով փաթեթի հեղինակներին` ոլորտում առկա խնդիրների առավել ամբողջական կարգավորման նպատակով, համագործակցել ՀՀ կառավարության հետ` նախագծերի փաթեթի լրամշակման ուղղությամբ: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, նշելով, որ ՀՀ կառավարությունն օրինագիծը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի «ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ ԱԳՆ կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ: Որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով նաև ՀՀ նախագահի 2008թ. հոկտեմբերի 29-ի «ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն լուծարելու մասին» հրամանագիրը: Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 22-ի N 567-Ն որոշումը:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման N 5 հավելվածում փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 9 մլն դրամ է հատկացրել Մարդու իրավունքների պաշտպանի և 6 մլն 351.1 հազար դրամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության վարչական շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: 500-հազարական դրամ է հատկացվել նաև հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 30 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելտեքս ՍՊԸ և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 32283/04 բողոքով 2008թ. հունիսի 17-ին կայացած վճռի պահանջները կատարելու նպատակով:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 9-ի N 731 որոշումը, գործադիրը որոշել է «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Վանաձոր քաղաքի Նժդեհի 14 հասցեի շենքի նկուղային հարկից 55.372 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, 243.9 քմ մակերեսով N 4, 5, 16, 17, 18, 19, 20 և 21 սենյակներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Շոտոկան» հասարակական մարզական ակումբին` սպորտային մարզումներ իրականացնելու պայմանով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի «ՀՀ տեխնիկական կանոնակարգերի մշակման 2008թ. ծրագիրը և ՀՀ ստանդարտացման 2008թ. ծրագիրը հաստատելու մասին» N 765-Ն որոշման 2-րդ հավելվածի ցանկի 6-րդ բաժինը: Որոշումը հիմնավորվել է նրանով, որ հիշյալ բաժնում ամրագրված պահանջներն ու ստանդարտները ՀՀ-ում արդեն իսկ կանոնակարգվել և կիրառվում են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով և այլ իրավական ակտերով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արագածոտնի մարզի Արևուտի գյուղական համայնքի ղեկավար Ռուստամ Բաքոյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի կապակցությամբ: Որոշվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արևուտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 427 հազար 563.7 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ