Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 30 նոյեմբերի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն է, այսօր ելույթ ունենալով ՀՀԿ արտահերթ համագումարում, առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին անդրադարձել է իր գլխավորած կուսակցության դիրքորոշմանն ու մոտեցումներին։ Իր ելույթում վարչապետը մասնավորապես ասել է. «Կուսակցության այսօրվա արտահերթ համագումարը հրավիրվել է մեր երկրում նախագահական հերթական ընտրությունների շեմին, ինչը նշանակում է, որ այդ առիթով մեր արտահայտելիք դիրքորոշումը, մեր մոտեցումները ուղենշելու են Հանրապետականներիս առաջիկա հինգ տարիների գործունեությունը կամ մեր նպատակների, մեր ծրագրային դրույթների իրագործման մարտավարությունը: Չորս տարի առաջ, արտահերթ նախագահական ընտրություններում քաղաքական հստակ դիրքորոշմամբ Հանրապետական կուսակցությունը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, սկիզբ դրեց մի գործընթացի, որն այսօր շարունակվում է: Մեր ազգի ու պետության համար վճռորոշ, սկզբունքային հարցերի շուրջ մոտեցումների ընդհանրությունը դարձավ Հանրապետական կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի համագործակցության այն հիմքը, որի վրա խարսխվեց մեր հետագա համատեղ գործունեությունը: Որևէ մեկին իրավունք վերապահված չէ խմբագրելու անցյալը, իրեն հարմար տեսանկյունից ներկայացնելու կուսակցության ու նրա ղեկավարի 98-ին կայացրած որոշումը: Վազգենը չկա, և ոմանք փորձում են այդ հանգամանքն օգտագործելով նրան ներկայացնել իբրև մոլորյալի: Սպարապետը մոլորյալ չէր, այդ պնդումն անողներն են մոլորեցնողներ: Եվ ընտրված ուղու ճշմարտացիության, նախագահ Քոչարյանին պաշտպանելու ու նրա հետ միասին ճանապարհ գնալու վերաբերյալ ուզում եմ բոլորիդ հիշեցնել ՀՀԿ V համագումարում այդ առիթով Վազգենի շատ հստակ ձևակերպումը. «Լ—ոն Տեր-Պետրոսյանը հեռանալով՝ մեզ վրա մեծ պատասխանտվություն է թողել: Մենք համոզված ենք, որ ճիշտը մենք ենք, բայց դեռ ձեզ և ժողովրդին էլ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք ենք: Ռոբերտ Քոչարյանի հետ մենք ճակատագրով ենք կապված ... Վերջին մեկ տարվա ընթացքում ով չի հոգնել՝ այդ մասին խոսել է: Ասում եմ մեկընդմիշտ, առաջին և վերջին անգամ, որովհետև ավելորդ ճամարտակությունների կարիք չունեմ. մենք մտերիմ ընկերներ ենք, մենք մարտական ընկերներ ենք... Մենք նաև ապացուցելու բան ունենք»: Մեր անցած վերջին մի քանի տարիների դժվարին, խոչընդոտներով լի ճանապարհը այդ ճշմարտացիության ապացուցմանն էր ուղղված, մեզ թողած պատասխանատվությունը նախագահի հետ միասին պատվով տանելուն: Այսօր որևէ փաստ չկա, որ նախագահի հետ մեր հռչակած ընդհանուր սկզբունքներից շեղում արձանագրի, որը հիմք կհանդիսանար Հանրապետականի համար՝ վերանայել իր վերաբերմունքը: Հակառակը՝ միասին անցնելով բոլոր դժվարությունները, 1999-ի համազգային ողբերգությունից հետո, ուժ գտնելով կիսատ մնացած գործը շարունակելու, տեր կանգնելու մեր խոստումներին, մենք այդ ծանր պահերին, երբ չորս կողմից Հանրապետականի պարտությունն էին գուժում, հաստատապես հայտարարեցինք, որ մնում ենք մեր դիրքերում, որ, այո, մենք իշխանություն ենք, որքան էլ այդ բառից ոմանք վախենում են (իրականում վախենալով պատասխանատվության բեռից); ի՞նչ երաշխիք, որ չես տապալվի: Մեզ համար երաշխիքներ կային՝ դա առաջին հերթին անմնացորդ նվիրվածությունն էր մեր դավանած գաղափարին, մեր անցած ճանապարհը, մեր ընկերների՝ Ստեփան Զատիկյանի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և անբասիր կենսագրությամբ մեր շատ ու շատ ընկերների հիշատակի առջև հարգանքն ու պարտքը, որոնք անկախության պայքարի ճանապարհին՝ սկսած խորհրդային բանտերում անմարդկային, դաժան փորձությունների ենթարկվելուց մինչև արցախյան հերոսամարտ, իրենց կյանքը նվիրաբերեցին Հայաստանի անկախության ու հավիտենականության գաղափարին: Նրանք մեզ պարտադրում են ապացուցել մեր ճշմարտացիությունը: Դարձյալ ետ նայելով, անդրադարձ կատարելով դեպի համատեղ ճանապարհի սկիզբը, ուզում եմ հիշեցնել նաև 1999-ի հունվարի 29-ի մեր համագումարում հնչած նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձից մի հատված. «Մենք ձեզ հետ միասին պատասխանատվություն ենք ստանձնել մեր երկրի և ժողովրդի առջև։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով երկրի նախագահի հուսալի հենարանը, պետք է իր նպատակասլաց և եռանդուն մասնակցությունն ունենա մեր հասարակության և պետության կյանքում‘ ըստ ամենայնի աջակցելով երկրի տնտեսական վերելքին, ներքաղաքական կյանքի կայունությանը, ժողովրդավարության արմատական խորացմանը, պետական մեքենայի աշխատանքի կատարելագործմանը և դրանց ճանապարհին ծառացող խոչընդոտների հաղթահարմանը»։ Այսօր որևէ մեկը չի կարող ժխտել ներքաղաքական կյանքի կայունության ապահովման գործում Հանրապետականի վճռորոշ դերը, մեր տնտեսության մեջ արձանագրվող դրական տեղաշարժերի հիմք դարձած‘ նախագահ-կառավարություն-ԱԺ համագործակցության ձևավորմանն ուղղված ջանքերը և կտրականապես մերժումը ազգակործան պալատական ինտրիգներն ու երկպառակությունները։ Չեմ ցանկանում թվեր ու փաստեր վկայակոչել‘ դրականը հիմնավորելու համար, քանզի անցած երկու տարիներին կառավարության հաշվետվություններում, նաև մեր հերթական համագումարում դրանք հանգամանորեն ներկայացվել են, առաջիկայում էլ նախագահն իր հնգամյա գործունեությունն ամփոփելիս, այդ ամենին դարձյալ կանդրադառնա։ Մեզ համար այսօր անչափ կարևոր է եղած ձեռքբերումները պահպանելն ու մեր ծրագիրը կիսած չթողնելը։ Ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանում ոչ մի կառավարություն այսուհետ նախորդից ստացած ծանր ժառանգության մասին չմտածի, այլ մեր պետականության ամրացող պատին ևս մի քար ավելացնի, որը ոչ միայն այդ կառավարությանն է անհրաժեշտ, այլ ամբողջ հասարակությանն ու պետությանը։ Նախորդ՝ հերթական համագումարում մենք խոսել ենք սկզբունքային մի շարք խնդիրների մասին, որոնք տեղ են գտել համագումարի բանաձևում: Ուզում եմ հիշեցնել դրա առաջին կետը՝ արձանագրելով, որ 1999 թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստանձնել է քաղաքական պատասխանատվություն երկրի ներկայի և ապագայի, կառավարություն կազմավորելով՝ նաև կառավարության վարած քաղաքականության համար, կրկին հավաստելով իր հավատարմությունը նժդեհյան գաղափարախոսությանն ու դավանած արժեքներին, Հանրապետականը միանգամայն իրատեսական է համարում «Միասնություն» դաշինքի և կառավարության գործունեության ծրագրերի լիակատար իրագործումը: Այս համոզվածությունը մեզ երբեք չի լքել, ավելին՝ դաժան փորձություններից հետո էլ ավելի է ամրապնդել մեր հաստատակամությունը՝ շարունակել սկսած գործն ու պատվով ավարտին հասցնել, որովհետև մեզանից շատերին դեռ 60-ականներից միավորում է մի գաղափար, որն այսօր իրականություն է՝ դա Հայաստանի անկախ Հանրապետությունն է: Եվ մեր պետության ներկայի ու ապագայի համար պատասխանատվությունից, այո, մենք իրավունք չունենք խուսափելու: Ես այս օրերին ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր պայքարը դեռ չի ավարտվել, որ այսօր էլ, երբ հայոց անկախ պետականության մեջ, որքան էլ տարօրինակ է, հաջորդ՝ IV հանրապետությունը հիմնելու մասին և այսօրինակ այլ բանդագուշանքներ են հնչում, քանի դեռ հազար ու մի ճղճիմ, նեղ անձնական, մանր կենցաղային, սոսկ կուսակցական հավակնություներով պայմանավորված՝ ոմանք անկախության գաղափարն են փորձում արժեզրկել, մենք դեռ շատ անելիք ունենք: Մեր պայքարն այսօր տեղափոխվել է տնտեսության, պետական շինարարության, մեր երկրի հզորացման, նրա անվտանգության երաշխիքների ապահովման դաշտ: Այդ պայքարում, ես համոզված եմ, մենք հաղթող ենք դուրս գալու, և թերահավատների մոտ՝ սեփական երկրի անկախության անհրաժեշտության գաղափարն այլ—ս չի պայմանավորվելու առօրյա կենցաղային դժվարություններով, իսկ անկախության աներեր գաղափարակիրներն ավելի քան հպարտ են կանգնելու հայոց պետության դրոշի տակ: Ստրկահոգի անհատներն ու քաղաքական ուժերը, որոնց պակասը մենք մեր դարավոր պատմության մեջ, որքան էլ ցավալի է չենք ունեցել, պիտի քաջ գիտակցեն, որ պարսկամետ ու թուրքամետ, արևմտամետ ու ռուսամետ, հետագայում էլ չգիտեմ ինչամետ կողնորոշումները, սեփական եկրին տեր կանգնելու փոխարեն տեր փնտրողները պատմության դատին հանձնվելով` մշտապես դատապարվելու են: Սեփական արժանիքները չգիտակցելը, համաշխարհային գործընթացներում հայոց պետության արժանի տեղն ու դերը ճիշտ չպատկերացնելը, միջազգային հանրությանն ինտեգրման պրոցեսները‘ անպայման խամաճիկ դառնալու հետ շփոթողները մերժելի են հայ հասարակության կողմից ինչպես մինչ այժմ, այնպես էլ այսօր և համոզված եմ, այսուհետ ևս: Այսօր էլ, նախընտրական շրջանում, մի խումբ մարդկանց կողմից հնչում են կոչեր, խոստումներ, որ ժամանակին պետք է, որ իրականություն դարձած լինեին՝ տարբեր տարիներին իրենց տրված հնարավորությունների պարագայում, սակայն նույնպիսի ջանադրությամբ ու ոգևորությամբ այդ նույն ծրագրերը դարձյալ հասարակությանն են հրամցնում, թերևս թյուրիմացաբար, մարդկանց կարճ հիշողությանն ապավինելով: Մենք մեր ծրագրային դրույթների կատարման մասին այսօր արդեն բավականին ասելիք ունենք և համարում ենք, որ դրանց իրագործման ճանապարհին երկրի նախագահի հետ համագործակցությունը եղել է արդյունավետ: Անցած հինգ տարվա նրա գործունեության ընթացքում մեզ համար նկատելի են այն դրական տեղաշարժերը, որ գրանցվել են երկրի տնտեսական, քաղաքական բարեփոխումների ճանապարհին, արտաքին քաղաքականության ասպարեզում: Նախագահը բազմիցս է վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը և այն սկզբունքները, որից շեղումներն անթույլատրելի է համարում: Այդ դիրքորոշումը մենք պաշտպանել ենք 98-ին (մեր մոտեցումները հստակ ամրագրված են կուսակցության համագումարների բանաձևերում) և պաշտպանում ենք այսօր, քանի որ հակառակն ապացուցող որևէ փաստ չկա մեր մոտեցումներից շեղվելու հետ կապված: Մեր երկիրը շարունակում է միջազգային հանրությանն ինտեգրվելու ճանապարհը, այլևս Եվրոխորհրդի անդամ Հայաստանը օրեր անց կդառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, որի համար շուրջ տասը տարի է բանակցում է: Այս ամենը մեր աչքի առջև է, և մենք այդ ամբողջ ընթացքում կողքից նայողի դերում չենք եղել: Սա նաև նախագահին Հանրապետական կուսակցության սատարելու, մեր ձևավորած կառավարության ու նրան մշտապես աջակից խորհրդարանական մեծամասնության աշխատանքի արդյունքն է: Նախագահն իր ծրագրերում իրատեսորեն նախանշել է կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Իրագործված առաջինի վերաբերյալ իր հաշվետվության մեջ նա առաջիկայում կմանրամասնի, երկրորդն ընթացքի մեջ է, և կարծում եմ նույնպիսի հետևողական մոտեցման արդյունքում ավարտին կհասցվի: Սա ամենևին չի նշանակում, թե մեր իրականության մեջ ամեն ինչ այնքան լավ է, որ բացասական երևույթների, թերացումների մասին խոսելն ավելորդ է: Ամենևին ոչ: Մենք այսօր խոսում ենք դրական միտումի, մեր երկրի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, այդ ճանապարհին ընկած խնդիրների աստիճանական լուծման մասին: Ովքեր են հակառակը պնդողները, և ինչ են ասում նրանք. Այդ մարդկանց մի խումբը նույնն է ասում, ինչ մինչև 1998թ-ը: Նրանց փաստարկներին մենք ժամանակին հակադարձել ենք, և հարկ չեմ համարում կրկին այդ մասին խոսել, մյուս խումբը խոսում է այն խնդիրներից, որոնք ժամանակին հնարավորություն ունեցել է լուծել, բայց ոչինչ չանելով՝ իրեն իրավունք է վերապահում այսօր էլ խոսել դրանց մասին ու իրագործման պահանջներ ներկայացնել: Այս կեցվածքը մեզ համար ընդունելի չէ: Հաջորդ խմբի մեջ նախագահի մշտական թեկնածուներն են, որոնց գոյությունը քաղաքական դաշտում, թեր—ս, արդարացվում են միայն հերթական անգամ առաջադրումով: Այս խմբին առանձնապես անդրադառնալու հարկ չկա: Այս ամենը նկատի առնելով և կուսակցության խորհրդում քննարկելով մեր հետագա քայլերը, գտել ենք, որ 1998-ին ընտրված համատեղ ճանապարհը պետք է շարունակվի, ուստի 2003թ. նախագահական ընտրություններում էլ խորհուրդն առաջարկում է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունն իր վճռորոշ դերով շարունակելու է պատասխանատու լինել երկրի տնտեսական, քաղաքական կյանքի համար: Մեզ համար կարևորը մեր ծրագրային դրույթների իրագործումն է, և եթե դրա ընթացքը բավարար է, մենք սոսկ կուսակցական հավակնություններով չենք առաջնորդվի, ինչը ենթադրում է ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալ, և որի մասին հատկապես ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի տպավորիչ հաղթանակից հետո չեն դադարում բացահայտ հնչող առաջարկներն այս ու այն կողմից: Այո, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեզ համար որոշ չափով մեր ուժերի, հնարավորությունների փորձարկում էին, լավ առիթ՝ թույլ կողմերը ժամանակին հայտնաբերելու, թերությունները շտկելու համար: Այս դահլիճում ներկա ձեզանից շատերն այդ ընտրություններում եղել են կուսակցության տարածքային ու մարզային շտաբների ղեկավարներ, անմիջականորեն զգացել այդ ամենը, և պետք է առաջիկա ընտրությունների շեմին կարողանան ճիշտ հետևություններ անել: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նոր ընտրված և վերընտրված հանրապետական համայնքապետերին, քաղաքապետերին, ավագանու անդամներին, մաղթում եմ աներեր հավատ ձեր ուժերին ու մեր գաղափարին և հաջողություն ձեր ծանր ու պատասխանատու աշխատանքում: Հանրապետականներն այսօր լայնորեն ընդգրկված են երկրի կառավարման համակարգում‘ օրենսդիր, գործադիր իշխանությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում և համոզված եմ, ինչպես մինչ այժմ, այսուհետ ևս իրենց ամենօրյա աշխատանքով կնպաստեն հանրապետության նախագահի, կառավարության որդեգրած քաղաքականության իրագործմանը, որոնք համահունչ են մեր ծրագրին: Սպասվող ընտրություններից առաջ կցանկանայի մի քանի ընդգծումներ անել. Մեզ համար, նկատի ունեմ ոչ միայն կուսակցության, այլ ընդհանրապես մեր պետության, անչափ կարևոր է առաջիկա ընտրությունները կազմակերպել ու անցկացնել այնպես, որ ոչինչ չստվերի և հարցականի տակ չդնի դրա արդյունքները, չխաթարի այնքան դժվարությամբ ձեռք բերված ներքաղաքական կայունությունը, պատճառ չդառնա երկրի ներսում վստահության ճգնաժամի և վերջապես, չվնասի Հայաստանի վարկանիշը: Հանրապետական կուսակցությունն իշխանության մեջ ունեցած իր լծակներով և այլ կուսակցությունների հետ համագործակցելով պետք է անի ամեն հնարավորը՝ ընտրություններն օրենքի շրջանակներում, պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ոչ թե միմյանց հասցեին հնչող վիրավորանքներից, հայհոյանքներից, այլ ներկայացվող ծրագրերից հետևություն անել և ընտրություն կատարել: Էթիկայի պահպանումը, գրվածի կողքին նաև չգրված՝ բարոյական նորմերի պահպանումը ընտրություններին մասնակցող ցանկացած անհատի ու քաղաքական ուժի համար պարտադիր պայման պետք է լինի: Այժմ մի քանի խոսք կուսակցության կանոնադրական որոշ խնդիրների փոփոխության անհրաժեշտության մասին. ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքը, և մենք պարտավոր ենք մեր կանոնադրությունը համապատասխանեցնել դրան: Կյանքը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ծրագրային փաստաթղթում կատարել շտկումներ ու ավելի արդիականացնել այն: Առաջարկվում է նաև վերականգնել ներկայացուցչական ժողովի ինստիտուտը, ավելի ընդլայնել կազմը և մշտական կապ ստեղծել տարածքային կազմակերպությունների հետ: Ավարտելով ելույթս, կոչ եմ անում աշխատել ակտիվ, նվիրումով, օգտագործել կուսակցության ներուժը‘ իրականացնելու ՀՀԿ խորհրդի առաջարկությունը համագումարին‘ 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ