Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հոկտեմբերի 2008

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ ` ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ,

ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի համար ուղենիշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ նախագահի ու քաղաքական կոալիցիայի մեջ մտած կուսակցությունների նախընտրական ծրագրերի և քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները:

Վերը նշված փաստաթղթերով սահմանված միջոցառումների և հիմնադրույթների հետևողական իրականացման շնորհիվ, հնարավոր կլինի ապահովել հանրապետության տնտեսության զարգացման բարձր տեմպեր, հասարակության բարեկեցության արժանավայել մակարդակ, արտաքին սպառնալիքների նկատմամբ պատշաճ անվտանգություն: Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել համապարփակ բարեփոխումների իրագործմանը: Բարեփոխումները միտված են ժողովրդավարական պետության զորացմանը, պետական կառավարման մարմինների արդյունավետ գործունեության, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ հանրապետությունում պետական բյուջեների նախագծերի մշակումն իրականացվում է երկարաժամկետ ռազմավարական հիմքերի վրա խարսխված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հիման վրա: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հիմնադրույթների համապատասխան ՀՀ կառավարության կողմից մշակված և ընդունված՝ հանրապետության տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող ՀՀ 2009-2011թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ուստի, ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը բովանդակային առումով արտացոլում է երկրի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: Այսպես.

- Առաջին, 2001-2007 թվականներին հանրապետությունում տնտեսական աճի տեմպերը (միջինը 13%) հնարավորություն ընձեռեցին այդ ժամանակաշրջանում կրկնապատկելու մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը: Կառավարությունը նպատակ է դրել 2008-2012 թվականներին ապահովել իրական ՀՆԱ-ի 8-10% տարեկան աճ և դրան համապատասխան կանխատեսվում է, որ 2009 թվականին կշարունակվեն պահպանվել հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված անընդմեջ տնտեսական աճի բարձր տեմպերը, մասնավորապես, համախառն ներքին արդյունքի իրական աճը 2009 թվականին ծրագրվում է տարեկան 9.2%-ի չափով: Կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կարևորում է ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը: Այդ իսկ պատճառով կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը և տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը:

-Երկրորդ. իրականացվելիք մակրոտնտեսական քաղաքականությունը ենթադրում է գնաճի ցածր մակարդակ, բյուջետային ցածր դեֆիցիտ, պետական պարտքի ողջամիտ` այսինքն, տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակ, լողացող փոխարժեքի ռեժիմ: Մասնավորապես, գնաճի 12-ամսյա թիրախը կանխատեսվում է 4.0%+/-1.5% չափով, իսկ ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է իրականացնել բյուջետային դեֆիցիտը ծրագրավորելով ՀՆԱ-ի նկատմամբ 1.0%-ի չափով: Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով ներքին պարտքի ձևավորման, ինչպես նաև շահավետ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին: Նման պայմաններում պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2009 թվականի վերջի դրությամբ կանխատեսվում է 2210.3 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը կկազմի ՀՆԱ-ի 16.1%-ը (2008 թվականի վերջին սպասվող 17.6%-ի դիմաց), ընդ որում պետական պարտքի 81.5%-ը բաժին կընկնի արտաքին պարտքին, որը կկազմի ՀՆԱ-ի 13.1%-ը (2008 թվականի վերջին սպասվող 14.9%-ի դիմաց): Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ արտաքին պետական պարտքը բնութագրող որակական ցուցանիշները հիմնականում կգտնվեն նվազ և միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում:

- Երրորդ, կշարունակվի պետության ֆինանսական կարողությունների ամրապնդման գործընթացը: Կառավարության ծրագրի համաձայն, 2008-2012 թվականներին պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը հարկաբյուջետային գերակա ուղղություններից մեկն է, որի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը պետք է ավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով` առանց դրույքաչափերի ավելացման: Ուստի, 2009 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, ապահովվելու են բյուջետային եկամուտների հավաքագրման աճի բարձր` ՀՆԱ-ի աճի տեմպի նկատմամբ առաջանցիկ տեմպեր (եկամուտների 2008 թվականի հաստատված մակարդակի նկատմամբ 2009 թվականի աճը կկազմի 21.4%` անվանական ՀՆԱ-ի ծրագրվող 18.4% աճի դիմաց): 2009 թվականի բյուջետային ռեսուրսների փաթեթը (որը ծրագրվել է նախորդ տարիներին կիրառված մեթոդաբանությամբ) հիմնականում կհամալրվի ի հաշիվ հարկային եկամուտների աճի: Հարկային եկամուտները և պետական տուրքերը 2009 թվականի համար Նախագծում ծրագրվել են 726.0 մլրդ դրամի չափով, կամ ընթացիկ տարվա համար հաստատված և 2007 թվականի համադրելի փաստացի մուտքերից համապատասխանաբար 128.9 մլրդ դրամով և 225.3 մլրդ դրամով ավելի: Նախագծով նախատեսված հարկային եկամուտների և պետական տուրքերի հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 17.4%` 2008 թվականի հաստատված 17.0% և 2007 թվականի փաստացի համադրելի 15.9%-ի դիմաց: Հարկային եկամուտների նման աճը կապահովվի մակրոտնտեսական զարգացումների, ինչպես նաև հարկահավաքման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվելիք վարչարարական միջոցառումների հաշվին:

- Չորրորդ, պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը շարունակվելու է կառուցվել` հիմնականում նպատակ ունենալով ապահովել պետական բյուջեում սոցիալական ծախսերի տեսակարար կշռի ավելացումը, տնտեսության ենթակառուցվածքների զարգացման, երկրի անվտանգության և պետական կառավարման մակարդակի բարձրացումը, տեղական ինքնակառավարման ֆինանսական բազայի ամրապնդումը, երկրի` որպես բարեխիղճ և հուսալի վարկառուի, վարկանիշի պահպանումը:

Այդ շրջանակներում հետևողականորեն շարունակվելու է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը: Այն 2008 թվականին գործող մակարդակի նկատմամբ նախատեսվում է ավելացնել 20%-ով` հասցնելով մինչև 30 հազ. դրամ:

ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի ծախսերում գերակշռող (շուրջ 74.3%) տեսակարար կշիռ են կազմում հետևյալ ոլորտներում կատարվող ներդրումների գծով ծախսերը. սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերի տեսակարար կշիռը 2009 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 47.2%, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 22.4%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներինը` 3.0%, պետական պարտքի սպասարկումը՝ 1.7%:

ՀՀ կառավարությունը, հանրապետությունում աղքատության հաղթահարման, բնակչության կենսամակարդակի հարաճուն բարձրացման, սոցիալական արդարության արմատավորման, հասարակության բևեռացման վերացման, գիտակրթական համակարգի արդիականացման, կրթության մատչելիության ապահովման ռազմավարական ծրագրերով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով, 2009 թվականին, մեծածավալ (ՀՆԱ-ի 10.7%-ի չափով) ներդրումներ է նախատեսում իրականացնել սոցիալական բնագավառի ճյուղերում, այն է` կրթություն (ՀՆԱ-ի 3.0%), սոցիալական ապահովություն (ՀՆԱ-ի 6.1%), առողջապահություն (ՀՆԱ-ի 1.6%): Այս ճյուղերում պետական ներդրումները (առանց նշված ոլորտում կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կկազմեն 441.0 մլրդ դրամ, կամ 2008 թվականի համադրելի մակարդակի նկատմամբ 68.9 մլրդ դրամով (18.5%-ով) ավելի: Մասնավորապես.

ա) կրթության ոլորտում պետական բյուջեից ներդրումները (առանց կրթության ոլորտի պետական կառավարման ծախսերի) 2009 թվականին ծրագրավորվել են 126.4 մլրդ դրամի չափով, կամ 2008 թվականի համեմատ 23.0 մլրդ դրամով (22.2%-ով) ավելի: Նշվածը հանրակրթական բնագավառում հնարավորություն կընձեռի բարձրացնել մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը: Աշխատավարձի բարձրացման արդյունքում 2009 թվականին մանկավարժների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը (1 դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները) կհասցվի 116.3 հազ. դրամի (ներկայիս մոտ 89.6 հազ. դրամի դիմաց), վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը` 176.1 հազ. դրամի (ներկայիս մոտ 136.0 հազ. դրամի դիմաց):

բ) առողջապահության ոլորտում պետական բյուջեից ներդրումները (առանց առողջապահության ոլորտի պետական կառավարման ծախսերի) 2009 թվականին ծրագրավորվել են 64.9 մլրդ դրամի չափով, կամ 2008 թվականի համեմատ 11.5 մլրդ դրամով կամ 21.1%-ով ավելի:

Առողջապահության ոլորտում հիմնական գերակայություն է շարունակում համարվել առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնությունը: Ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնության ծավալներում կընդգրկվի ամբողջ ազգաբնակչությունը՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, բացառությամբ ստոմատոլոգիական բուժօգնությունից, որն անվճար է նախատեսվում միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածների, մինչև 8 տարեկան երեխաների, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց, ինչպես նաև 12 տարեկան երեխաների համար:

Նախագծով նախատեսվում է առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը հասցնել մինչև 92.4 հազ. դրամի՝ 2008 թվականի 77.0 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ 59.2 հազ. դրամ՝ 2008 թվականի 49.3 հազ. դրամի դիմաց:

Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչև 66.4 հազ. դրամի, 2008 թվականի 51.1 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ մինչև 52.0 հազ. դրամի, 2008 թվականի 40.0 հազ. դրամի դիմաց:

գ) սոցիալական պաշտպանության ոլորտում պետական բյուջեից ներդրումները (առանց սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման ծախսերի) կկազմեն շուրջ 249.7 մլրդ դրամ` 2008 թվականի ծրագրային մակարդակի նկատմամբ շուրջ 34.4 մլրդ դրամով, կամ 16.0 %-ով ավելի:

Ընտանեկան նպաստի համակարգում նպաստառու ընտանիքներին տրվող միջին ամսական նպաստի չափը կկազմի 23.6 հազ. դրամ` 2008 թվականի 21.1 հազ. դրամի դիմաց, կամ աճը կկազմի 12.0%:

Երրորդ և ավելի երեխա ծնվելու կապակցությամբ` 2009 թվականին յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը` 2008 թվականի 300 հազ. դրամի փոխարեն, կկազմի 430 հազ. դրամ, կամ 43.3%-ով ավելի, ընդ որում եթե 2008 թվականին այն տրվում էր միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին, ապա 2009 թվականին կտրվի բոլոր ընտանիքներին:

Կենսաթոշակների գծով 2009 թվականին նախագծվել են 181.8 մլրդ դրամ հատկացումներ, կամ 2008 թվականի համեմատությամբ 14.8% ավելի: Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 2009 թվականին կկազմի 25.5 հազ. դրամ` 2008 թվականի 21.8 հազ. դրամի դիմաց, կամ շուրջ 17.0% ավելի:

Սպայական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակի միջին ամսական չափը 2009 թվականին կկազմի շուրջ 47.0 հազ. դրամ, կամ 2008 թվականի մակարդակի նկատմամբ 10.5%-ով ավելի, իսկ շարքային անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին տրվող միջին ամսական կենսաթոշակը` շուրջ 20.0 հազ. դրամ, կամ 2008 թվականի մակարդակի նկատմամբ 13.2%-ով ավելի:

2009 թվականին շարունակվելու է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան: «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդներ ունեցող քաղաքացիներին փոխհատուցման նպատակով, 2009 թվականին նախատեսվել է 1.6 մլրդ դրամ` 2008 թվականի 1.3 մլրդ դրամի դիմաց:

Հատկացումներ են նախատեսվել նաև.

- զոհված (մահացած) և առաջին, երկրորդ ու երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան 350 ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավման նպատակով` 3.0 մլրդ դրամ,

- փախստականներին բնակարանով ապահովելու համար սերտիֆիկատներ տրամադրելու, աղետի գոտու բնակիչների համար բնակարաններ ձեռք բերելու և բնակարանային շինարարության համար` 4,4 մլրդ դրամ:

Նախագծով պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված է 52,2 մլրդ դրամ, որը կապահովի այդ համակարգի բնականոն գործունեությունը: Ծախսերի աճը ՀՀ 2008 թվականի ճշտված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է ավելի քան 7,5 մլրդ դրամ, կամ` 16.9%: Եվս 2.2 մլրդ դրամ է նախատեսվել վարչական օբյեկտների շինվերանորոգման և դեսպանությունների շենքերի գնման նպատակով:

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության, քրեակատարողական և փրկարար ծառայության համակարգերի կենսագործունեության համար Նախագծով նախատեսված են ֆինանսավորման բավարար ծավալներ:

Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման, տրանսպորտային համակարգի կայուն զարգացման, պարենային անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի վերականգնման և պահպանության նպատակով, 2009 թվականին շարունակվելու են նաև էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային տնտեսության, գյուղատնտեսության, ջրային տնտեսության, ինչպես նաև այլ ոլորտներում ենթակառուցվածքների պահպանման և զարգացման, բնապահպանության, փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության զարգացման և այլ ծրագրերը:

Տեղական ինքնակառավարման ֆինանսական բազայի ամրապնդմանն անշուշտ կնպաստի պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման դոտացիաների տրամադրման և ընդունված օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով համայնքներին 2009 թվականին տրվող հատկացումների ընդհանուր ծավալի ավելացումը, 2008 թվականի համեմատությամբ` մոտ 30.5%-ով: Նշված հատկացումների ծավալը 2009 թվականին կկազմի 27.8 մլրդ դրամ:

Երկրի` որպես բարեխիղճ և հուսալի վարկառուի, վարկանիշը պահպանելու նպատակով անհրաժեշտ չափով հատկացումներ են նախատեսված նաև պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման համար:

ՀՀ կառավարությունը անչափ կարևորում է Հայաստանի Հանրապետության կողմից` որպես ԼՂՀ-ի բնակչության անվտանգության երաշխավորի, ԼՂՀ-ին տնտեսական աջակցության հարցը: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Նախագծով առաջիկա տարում ԼՂՀ-ին տրամադրվելիք միջպետական վարկի գումարը 2008 թվականի համեմատությամբ ավելացվել է 15.7 %-ով:

ՀՀ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ,

Դժվար է գերագնահատել պետական բյուջեի դերը պետության և ժողովրդի բնականոն զարգացման ապահովման գործում: Ուստի, ավարտելով իմ ելույթը, ակնկալում եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների շահագրգիռ և կառուցողական բնույթի մասնակցություն առաջիկա բյուջետային քննարկումներին, որը բավարար նախադրյալներ կստեղծի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում, այդ զարգացումն ապահովող առավել օպտիմալ բյուջետային լուծումներ գտնելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ