Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 հոկտեմբերի 2008

Այսօր Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցի նիստերի դահլիճում աշխատանքն է սկսել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Մինչ նիստն սկսվելը, տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը: Այնուհետև համանախագահները մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ` հոբելյանական լիագումար նիստի բացմանը: Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Հանձնաժողովի առաջին նիստը, որը 1997թ. հուլիսի 1-ին նույնպես տեղի է ունեցել Երևանում, հանդիսացել է մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման նոր փուլի սկիզբը: Հիշարժան այդ իրադարձությունից հետո անցած տարիներն ակնառու կերպով ցույց տվեցին, որ հանձնաժողովն այն արդյունավետ միջոցն է, որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ինչպես լուծելու առկա հարցերն ու խնդիրները, այնպես էլ որոշակիացնելու մեր երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր ուղղություններ:

Այսօր գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում ձևավորվել են կայուն ավանդույթներ, կանոնավոր կերպով տեղի են ունենում համանախագահների հանդիպումները, որոնք կարևոր դեր են խաղում նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքի համակարգման գործում:

Համոզված եմ, որ այսօրվա նիստը, որին նախորդել է անցած օրերին կողմերի փորձագետների շահագրգիռ ու համագործակցված աշխատանքը, կդառնա նախորդ տասը տարիներին անցած ճանապարհի տրամաբանական շարունակությունը և հնարավորություն կընձեռի առաջ շարժվելու` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման գործում:

Հանձնաժողովի ներկայիս` տասներորդ նիստը նշանակալից է նաև նրանով, որ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի նախաշեմին, և ես հուսով եմ, որ մեր կատարած աշխատանքի արդյունքները դրականորեն կգնահատվեն նաև մեր պետությունների ղեկավարների կողմից»:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ պատվիրակությանը ցույց տրված ընդունելության համար, այնուհետև ընդգծել.

«Մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակում է հետևողականորեն զարգանալ և բնական է հուսալ, որ երկկողմ ապրանքաշրջանառությունն այս տարի կարող է հասնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Դա սահման չէ, հեռանկարում մենք ավելի հավակնոտ խնդիրներ ենք դնում և ուզում եմ ասել, որ մեր տնտեսական հատվածների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների փոխգործակցության մեջ էական դերն արդարացիորեն պատկանում է Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովին:

Մեր հանձնաժողովի կողմից առավել հրատապ ուղղությունների ուսումնասիրության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ վերջին շրջանում ծագած հարցերից շատերը` էներգետիկա, տրանսպորտ, հումանիտար հարցեր, հետագա զարգացում են ստացել: Գտնվել են այնպիսի խնդրահարույց հարցերի լուծումները, որոնք դեռ մի քանի տարի առաջ սուր բանավեճեր էին առաջացնում` ռուսական սեփականության օբյեկտների օգտագործումը, տրանսպորտային, տեխնոլոգիաների, էներգետիկայի և մի շարք այլ խնդիրներ: Լավ հեռանկարներ են նշմարվել մեր երկրների կենտրոնական բանկերի միջև հարաբերությունների զարգացման մեջ:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմի փորձագետներին` մեր հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքի համար, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մշտապես փոխադարձ կապերի մեջ են և օգնում են մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»:

Այնուհետև անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 2007թ. սեպտեմբերի 14-ին կայացած իններորդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկու կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային բազայի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, բնապահպանության և հումանիտար ոլորտներում համագործակցության մասին:

Մասնավորապես, հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ նշվել է, որ նիստի արձանագրությամբ նախատեսված բոլոր հանձնարարականները հիմնականում կատարվել են, մի մասը գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Ի գիտություն է ընդունվել հարցի վերաբերյալ կողմերի պատրաստած տեղեկատվությունը, իսկ չլուծված հարցերը տեղ կգտնեն հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ:

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վիճակի ու զարգացման հեռանկարների հարցին, ընդգծվել է, որ ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների ներկայացուցիչները զեկույցներ են պատրաստել մինչև 2010թ. ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ, որի համաձայն զգալի աշխատանք է իրականացվել պլանի կատարման ուղղությամբ: Այն բավական մեծ ընդգրկում ունեցող փաստաթուղթ է: Միաժամանակ, նշվել է, որ արդյունավետության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը միջոցառումների կատարման ժամկետների նկատմամբ` ուշադրությունը կենտրոնացնելով այն կետերի վրա, որոնց իրականացման ժամկետներն ավարտվում են այս տարի:

Նիստի մասնակիցները դրական են գնահատել նաև էներգետիկ, տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հանձնարարվել է հանձնաժողովի երկու կողմի քարտուղարներին` աշխատանքային կարգով համաձայնեցնել և որոշակիացնել համանախագահների հանդիպման և 11-րդ նիստի անցկացման ժամկետները:

Նիստի ավարտին Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքներից. «Մենք բոլորս մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը մեծ հեռանկարներ և հետագա զարգացման ներուժ ունի: Մենք պետք է այն արդյունավետ օգտագործենք և շարունակենք նպատակային աշխատանքը` առաջ շարժվելով այդ ուղղությամբ», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նիստի ավարտին Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրությունը, որից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ