Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հոկտեմբերի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նիստի սկզբում ՀՀ վարչապետը նախ շնորհավորել է նորանշանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նիստին մասնակցող ՀՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանին:


Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ այսօր մեր երկում` մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում իր աշխատանքն է սկսել Հայաստանում ներդրումների իրավական պաշտպանության հարցերին նվիրված միջազգային կարևոր մի գիտաժողով: Այդ նպատակով, Ֆրանսիայից 47 մասնագետ փաստաբաններ, իրավաբաններ, նոտարներ են ժամանել Հայաստան, և երեք օրվա ընթացքում քննարկվելու են խիստ արդիական խնդիրներ: Ըստ վարչապետի, այդ խնդիրները նշված են նաև ՀՀ կառավարության ծրագրում և վերաբերում են այն բարեփոխումներին, որոնց էությունը այնպիսի փոփոխությունների իրականացումն է, որպեսզի բիզնես միջավայրը ՀՀ-ում դառնա մեր հարաբերական առավելությունը տարածաշրջանում: Տիգրան Սարգսյանը կոչ է արել կառավարության անդամներին` որ իրենց ղեկավարած գերատեսչությունների մասնագետներին ակտիվորեն ներգրավեն գիտաժողովի աշխատանքին: Հանրության ուշադրությունը հրավիրելով գիտաժողովի կարևորության վրա, ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանները, դասախոսները, համապատասխան ամբիոնները նույնպես կարող են այս բացառիկ հնարավորությունից օգտվել` շփվելու Ֆրանսիայից ժամանած իրենց գործընկերների հետ, ինչը նրա կարծիքով, չափազանց օգտակար է լինելու: «Պարտադիր չէ, որ մենք կարևորենք Ֆրանսիայում կազմակերպվող գիտաժողովները: Այդ մասնագետներն այսօր ժամանել են Հայաստան, և մենք պարտավոր ենք այս բացառիկ հնարավորությունից օգտվել»,-ասել է ՀՀ վարչապետը:


Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N707-Ն որոշման մեջ, գործադիրը սահմանել է բազային և հիմնական կենսաթոշակների, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի նոր չափեր: Որոշումը բխում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրից, ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 3-ի «ՀՀ 2009-2011թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին» N 704-Ն որոշումից, համաձայն որի ՀՀ կառավարությունը պարբերաբար բարձրացնելու է կենսաթոշակների չափը: Ընդունված որոշման համաձայն, 2009թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 5000 դրամի փոխարեն սահմանվել է 5800, հիմնական կենսաթոշակի չափը` 6800 դրամի փոխարեն 8000 և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 395 դրամի փոխարեն 450 դրամ: Նշվել է, որ փոփոխությունների արդյունքում ապահովագրական կենսաթոշակների միջին չափը կկազմի 25 հազար 600 դրամ, 2008թ. 21 հազար 800 դրամի փոխարեն (աճը`17.5 տոկոս): Սոցիալական կենսաթոշակների միջին չափը կկազմի 10 հազար 100 դրամ, 2008թ. 8700 դրամի փոխարեն (աճը`16 տոկոս), իսկ շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակների չափը` 20 հազար 400 դրամ, 2008թ. 17 հազար դրամի փոխարեն (աճը`15.2 տոկոս):


Այս որոշման նախագծի հետ կապված, վարչապետը նշել է, թե մի կողմից այն լուծում է մեր կենսաթոշակառուների խնդիրը, քանի որ որոշմամբ 2009թ. ընթացքում նրանց կենսաթոշակները բարձրացվում են միջին հաշվով 16 տոկոսով, մյուս կողմից` սա նաև նպաստում է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացմանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծով առաջարկվում է «Մարտական խաչ» շքանշանով հետմահու պարգևատրված զոհված անձանց ընտանիքներին ցուցաբերել պետության առանձնակի մոտեցում, ըստ որի հիշյալ զոհված անձի ընտանիքի նպաստի իրավունքը, դրա շրջանակը, նշանակման և վճարման կարգը կսահմանվեն նույն ձևով և սկզբունքներով, ինչ զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստինը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին լրացուցիչ հատկացնել 42 մլն դրամ` 2008թ. փետրվարի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության Երևան քաղաքի Վ. Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով` ՀՀ արդարադատության նախարարության բնականոն գործունեությունը Երևան քաղաքի Հալաբյան 41 ա հասցեում ծավալելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ևս 30 մլն 500 հազար դրամ է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարությանը` հիշյալ հրդեհի հետևանքով «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցված վնասը մասնակիորեն հատուցելու և ՀՀ-ում փորձագիտության զարգացումն ապահովելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարին` որոշմամբ հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` որպես պետական աջակցություն փորձագիտական աշխատանքը բարելավելու նպատակով ԻԿ-ֆուրյե սպեկտրաչափ վերլուծական սարք և Լեյկա ՄԶ-12,5 տարածադիտական մանրադիտակ ձեռք բերելու համար:


Այլ որոշումներով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 72 մլն 890,4 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` եվրոպական երկրներից 66 գլուխ տոհմային երինջներ ձեռք բերելու և հանրապետությունում կաթնային տավարաբուծությունը խթանելու նպատակով: Եվս 2 մլն 530 հազար դրամ է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետարանին, որը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2008թ. հունվարի 24-ի N 2-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հաստիքային միավորների, այդ թվում` մեկ միավոր մարզպետի տեղակալի հաստիքի ավելացմամբ:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է դատական կարգադրիչների ծառայությանն առնչվող մի շարք խնդիրների լուծման, մասնավորապես, այդ ծառայության միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտությամբ: Նույն որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերություններն ավելի արդյունավետ կազմակերպելու և այդ ուղղությամբ տարածքային կառավարման նախարարության աշխատանքները դյուրացնելու անհրաժեշտությամբ:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համաձայն, կառավարությունը որոշել է «Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Սահմանվել է, որ ինստիտուտը հանդիսանում է հիշյալ հենակետային վարժարանի իրավահաջորդը, որին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի N47 հասցեում գտնվող վարժարանին ամրացված 8 մլն 174.1 հազար դրամ սկզբնական արժեքով և 872.2քմ ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքի ձախակողմյան (հյուսիսային) թևի 1-ին և 2-րդ հարկերը, իսկ սեփականության իրավունքով հանձնվում է վարժարանի սեփականությունը հանդիսացող, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող գույքը` այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Այդ կապակցությամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N1856-Ն որոշման մեջ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N2 հավելվածի «ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժնի 7-րդ կետը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության կողմից 2008թ.-ին ստացված արտաբյուջետային միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 26-ի «Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը սահմանելու մասին» N957-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցում: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման և հասարակական տրանսպորտի գործունեության կանոնակարգման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների կողմից, «Աջակցություն Երևանի քաղաքապետարանին» ծրագրային ուսումնասիրությունների շրջանակներում ներկայացված առաջարկությունները:


Նիստում կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի Աճառյան պողոտային հարող տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին: Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները: Որոշման ընդունումը հիմնավորվել է նրանով, որ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ծրագրի իրականացմամբ տարածքում կվերանա առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և ոչ ֆունկցիոնալ շինություններով, որը չի համապատասխանում Աճառյան պողոտային հարակից տարածքում արդեն իսկ կառուցապատված հատվածին, կշտկվի Աճառյան պողոտային` քաղաքի գլխավոր մուտքին, անհարիր ու անկանոն կառուցապատումը: Քաղաքաշինական (վերակառուցման) ծրագրի անհրաժեշտությունն անխզելիորեն կապված է նաև հարակից 22.2 հա տարածքում իրականացվող լայնածավալ քաղաքաշինական ծրագրին, որը ներառում է հասարակական մեծ կենտրոնի կառուցում: Սահմանվել է, որ բացառիկ` գերակա շահ ճանաչված նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, վերջինս նաև նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող և իրականացման համար պատասխանատու մարմինն է, իսկ նշված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2010թ. հունվարի 1-ը: Լիազորվել է Երևանի քաղաքապետին ` անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ, ինչպես նաև ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում, ներկայացնել առաջարկություն` ՀՀ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2007թ. հոկտեմբերի 4-ի «Երևան քաղաքի Լեոյի փողոցի N1 հասցեի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N1133-Ն որոշման մեջ` սահմանելով, որ նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում «Անռոման» ՍՊԸ-ն: Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության հիշյալ որոշման պահանջները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2008թ. մարտի 13-ին և 14-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռքբերողների մրցույթի արդյունքները:


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի արտաքին սահմանների նկարագրության մեջ, որոնք ճշտվել են սահմանակից համայնքների հետ փոխադարձ համաձայնությամբ: Օրինագծի համաձայն, մասնավորապես, Ջրվեժ համայնքին կփոխանցվեն քաղաքի սահմաններում գտնվող 141 հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Երևան քաղաքի վարչական սահմաններում կընդգրկվի Քասախ համայնքի տարածքում գտնվող Դավիթաշենի գերեզմանոցի զբաղեցրած 10.1 հա և գյուղատնտեսական նշանակության 11.5 հա հողատարածքը` Քասախ համայնքի ավագանու համաձայնությամբ: Ընդհանուր առմամբ, քաղաքին սահմանակից 18 համայնքների կփոխանցվի 393.3 հա հողատարածք:


Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2005թ. մարտի 24-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը և ձևը հաստատելու մասին» N345-Ն որոշման մեջ: Այն բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 2008թ. մայիսի 19-ին ընդունված օրենքի պահանջից, որի համաձայն հանվել է նշված օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննությանը ներկայացվող պահանջը:



«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին և Հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի տնօրինության Դարբասի համայնքի Շամբ գյուղում գտնվող 1039.83 քմ. ընդհանուր մակերեսով, 10 մլն 291 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը (գործարանի շենք և կաթսայատուն) և դրան հատկացված 0.3490 հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արսեն և Ներսես» ՍՊԸ-ին: Որոշմամբ պետական գույքի կառավարման վարչությանը թուլատրվել է նաև` իր տնօրինության Տավուշի մարզի Մովսես գյուղում գտնվող 5470.1քմ ընդհանուր մակերեսով, 558 հազար դրամ գնահատված արժեքով դպրոցի անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել դասական աճուրդով:


Նիստում փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 17-ի N402-Ա որոշման մեջ, որով սահմանվել է որոշման մեջ ընդգրկված «Աղետի գոտին երեկ և այսօր» փաստավավերագրական նյութերի ժողովածուն կազմող մարմինը (ՀՀ տարածքային կառավարման նախարարություն) և հատկացվող գումարի չափը (10 մլն 354.8 հազար դրամ):


Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 23 մլն 804 հազար դրամ է հատկացվել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման, 46 մլն 823.6 հազար դրամ` ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը` վերջինիս «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների 2008թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 31-ի N865-Ա որոշման մեջ, ըստ որի 3 մլն 500 հազար դրամ և 2 մլն դրամ է նախատեսվել նաև համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի և պատուհանների վերանորոգման, Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի հարթ տանիքը լանջավորի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը փոփոխություններ է կատարել «Գավառի մանկական պոլիկլինիկա», «Ճամբարակի պոլիկլինիկա», «Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա» և «Մարտունու հիվանդանոց» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներում` դրանք տարբեր ժամանակներում իրականացված վերակազմակերպման գործընթացների արդյունքներին համապատասխանեցնելու և ՀՀ առողջապահական հիմնարկների օպտիմալացման գործընթացն ավարտելու նպատակով: Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 20-ի N692-Ն որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ` հիշյալ հարցի կարգավորման հետ կապված, փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի N2040-Ա և 2004թ. հուլիսի1-ի 958-Ա որոշումներում ևս:


Կառավարությունը որոշում է ընդունել 2008թ. աշնանային զորակոչը կազմակերպելու մասին: Ի կատարումն ՀՀ նախագահի «2008թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, կառավարությունը որոշել է ՀՀ 2008թ. աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարի նախագահությամբ: ՀՀ վարչատարածքային միավորներում ևս` աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով, կստեղծվեն մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ: Որոշմամբ հաստատվել է նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` ՀՀ զինվորական կոմիսարի նախագահությամբ: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին` 2008թ. աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, ինչպես նաև զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ ԿԱ ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ: Որոշմամբ առաջարկվել է ՀՀ գլխավոր դատախազին` զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ: ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է նաև ՀՀ միջազգային պայմանագրերին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` ՀՀ-ից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման և հանրապետություն վերադարձնելու համար: Հանձնարարվել է նաև ՀՀ նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների ( անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին` քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո, նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև իրավասության սահմաններում ապահովել ՀՀ զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ առողջապահության, տրանսպորտի և կապի նախարարներին, ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին, պետեկամուտների կոմիտեի նախագահին: Որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:


Նիստում որոշում է ընդունվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:





Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ