Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 սեպտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Փաստաթղթի համաձայն, ՀՀ 2009թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 927,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 967,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 40 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2009թ. բյուջեները եկամուտների և ծախսերի գծով կկազմեն 50,1 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները): Նախագծով առաջարկվել է ՀՀ 2009թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 40 մլրդ դրամ: Վարչապետը հանձնարարել է բոլոր նախարարություններին և գերատեսչություններին` նախագծի վերաբերյալ խմբագրական դիտողություններ ունենալու դեպքում, 2-օրյա ժամկետում դրանք տրամադրել ՀՀ ֆինանսների նախարարությանը, որպեսզի փաստաթուղթը վերջնական տեսքով, սահմանված ժամկետում, ներկայացվի ՀՀ ԱԺ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 72 մլն 505.78 հազար դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոնի ստեղծման, համապատասխան տարածքի վերանորոգման ու կահավորման նպատակով: Կարևորելով ներկայացված հարցը, ՀՀ վարչապետը նշել է, որ սա կարևոր միջոցառում է, որը բխում է փոքր և միջին բիզնեսի հարկային վարչարարության բարելավման հայեցակարգից: Նպատակն է` մատչելի ծառայություններ մատուցել փոքր և միջին բիզնեսին, մասնավորապես, հաշվապահական հաշվառման հաշվետվությունները հարկային մարմիններին ներկայացնելու հարցում: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ նպատակով տրամադրվելու է տարածք, որտեղ տեղակայված են լինելու հաշվապահական ընկերություններ: Դրանք լինելու են պետության օժանդակության ներքո, որի արդյունքում էլ սակագները և ծառայությունների գները պետք է անհամեմատ ցածր լինեն այլ աուդիտորական ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից: Վարչապետն ընդգծել է, որ այդպիսով փոքր և միջին բիզնեսի հասարակական կազմակերպություններին տված խոստումները կառավարությունը կկատարի: Հունվարի 1-ից այդ ծառայությունները կմատուցվեն:

Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարությանը: Փաստաթուղթը սահմանում է ՀՀ կառավարության գործունեության այն գերակա ուղղությունները, որոնք նպատակաուղղված են երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը և ներառում է դրանցում երիտասարդության մասնակցության հարցերը: Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ստեղծումն է: Ռազմավարության կարևոր նպատակներից է նաև ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի համատեքստում ՀՀ կառավարության` երիտասարդներին առնչվող միջոցառումների լայն շրջանակի ձևավորումը, ըստ որի ՀՀ կառավարությունը նրանց բնորոշ գերակայություններ է սահմանում առաջիկա տարիների համար: Հանձնարարվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարին` ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը և միջոցառումների ցանկը մշակելու նպատակով, ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի ներկայացուցիչներից` ապահովելով հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Որոշման համաձայն, հիշյալ ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը և միջոցառումների ցանկը, ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն մինչև 2008թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը:

Նիստում հավանություն է տրվել «Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագծի հայեցակարգին: Փաստաթուղթը ներառում է առաջադրված նպատակին հասնելու համար բարեփոխումների իրականացման ռազմավարական ուղղությունները, նախագծի իրականացման ռիսկերը, մասնակիցները, արդյունքների չափելիությունը, ծախսերի ու եկամուտների վերլուծությունը, նախագծի իրականացման ժամկետները: Փաստաթղթի ներածության մեջ համառոտ նկարագրված են Հայաստանի զբաղեցրած տեղը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» թեմայով 2008թ. զեկույցի համաձայն, Հայաստանում ներդրումների արդի վիճակը, առկա մարտահրավերները, բարեփոխումների իրականացման ռազմավարությունը, որը ներառում է բարենպաստ գործարար միջավայրի, տեղեկատվական հասարակության և էլեկտրոնային կառավարության համակարգի ձևավորումը, մտավոր սեփականության պաշտպանության ապահովումը, սփյուռքի տնտեսական դերի կայացումն ու ամրացումը: Նշվել է, որ գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունն ընդգծվել է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով, ՀՀ կառավարության ծրագրով ու դրա կատարումն ապահովող 2008-2012թթ, միջոցառումների ցանկով, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով: Նշվել է նաև, որ հայեցակարգը մշակվել է` հաշվի առնելով Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի աշխատանքային խմբի կողմից առաջարկվող արագ բարեփոխումներ իրականացնելու մոտեցումները: Ըստ այդմ, փաստաթղթում ներկայացվել են հստակ առաջարկություններ այնպիսի բարեփոխումների ուղղությամբ, որոնք հնարավոր է իրականացնել կարճաժամկետ հեռանկարում: Հայեցակարգի տեսլականի համաձայն, իրականացվելիք բարեփոխումների արդյունքում Հայաստանը պետք է դառնա գործարար և ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն»` տարածաշրջանում լավագույն վայրը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, բիզնես սկսելու և զարգացնելու համար:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման ծրագրին: Նշվել է, որ այն ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 14-ի N 56 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման ծրագրի» լրամշակված տարբերակն է: Փաստաթղթի նպատակներն են` աջակցել արցախյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների պատճառով ՀՀ սահմանամերձ բնակավայրերից տեղահանված անձանց 626 ընտանիքներին` իրենց հիմնական բնակության վայրեր վերադառնալու հարցում, օգնել դեռևս չկողմնորոշված ընտանիքներին` վերադարձի որոշում ընդունելու համար և աջակցել արդեն նման որոշում ընդունած ընտանիքներին: Ծրագրով նախատեսվում է օժանդակել սահմանամերձ բնակավայրերում բնակչության ամրագրմանը, տեղահանված ընտանիքների վերաբնակեցումից հետո, ապահովել տնտեսությունների վերականգնումն ու դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Հանձնարարվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարներին` միջազգային տարբեր հանդիպումների և բանակցությունների ընթացքում քննարկել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների միջոցների ներգրավման հնարավորությունների հարցը` ծրագրի իրականացման համար:

Կառավարությունը հավանություն է տվել Առողջապահության պետական նպատակային 2009թ. տարեկան ծրագրերին, որոնք սահմանված կարգով «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվեն ՀՀ ԱԺ: 2009թ. առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերի թվում նշվել են բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության ապահովումը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել են սահմանամերձ տարածաշրջանների զարգացման, ինչպես նաև Գյումրի քաղաքի վերականգնման 2009թ. ծրագրերը ևս:

ՀՀ ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման և բարեփոխումների շարունակականության ապահովման նպատակով, կառավարությունը հավանություն է տվել արտոնություններ սահմանող մի շարք ՀՀ օրենքների նախագծերի: Այդ թվում` «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին և «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ու ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրինագծերին: Հիշյալ նախագծերով առաջարկվում է ոռոգման ջրի մատակարարման գծով ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման մասով շարունակել հարկման դրամարկղային մեթոդը, բնապահպանական վճարների գծով` «Հայջրմուղկոյուղի»,«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին ազատել մինչև 2009թ. հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից, ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի»,«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Սևան-Հրազդանյան ջրառ», «Ախուրյան-Արաքս ջրառ» «Դեբետ-Աղստև ջրառ» ՓԲԸ-ներին և ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև 2009թ. հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածով և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40.1 հոդվածով նախատեսված բնակչությանը, ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված և չվճարված (չգանձված) հետաձգված ավելացված արժեքի և շահութահարկի վճարման պարտավորություններից: Օրենքների նախագծերում փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոլորտի կազմակերպությունները դեռևս գտնվում են կայացման փուլում և ունեն պետության հովանավորչության և աջակցության կարիքը` հիմնականում կապված որոշակի արտոնությունների տրամադրման և պարտավորությունների մարման կամ վճարման ժամկետների հետաձգման հետ: Նշված փոփոխություններն ու լրացումները թույլ կտան ապահովել ջրային տնտեսության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը և համակարգի հետագա շարունակական զարգացումը: Վարչապետը մինչև հոկտեմբերի 1-ը` նախագծի փաթեթը ՀՀ ԱԺ ներկայացնելը, ժամկետ է տվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` լրացուցիչ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու և նախագծերի փաթեթը ամբողջական տեսքի բերելու համար:

Գործադիրը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2009թ. տարեկան ծրագրին և այն ներառել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծում: Ծրագիրը նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռի վերականգնման և Սևանա լճի ջրհավաք ավազանի կենսաբազմազանության բնականոն ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2009թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 12 մլն դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին գործադիրը 13 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանին` Ծիլքարի գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար:

ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ևս 5 մլն 620 հազար դրամ է հատկացվել ՀՀ կառավարության աշխատակազմին` ՀՀ 2008թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով:

Նիստում գործադիրը որոշում է ընդունել ՀՀ սփյուռքի նախարարությանը տարածքով և գույքով ապահովելու մասին: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` ՀՀ սփյուռքի նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով, 1-ամսյա ժամկետում «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ կնքել վերջինիս օգտագործման իրավունքով պատկանող, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկից, մինչև 550 քմ օգտակար մակերեսով գրասենյակային տարածքի ենթավարձակալության պայմանագիր, ինչպես նաև 1-ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` նշված տարածքի վարձավճարի վճարման աղբյուրների վերաբերյալ: Նույն որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 4 մլն 500 հազար դրամ է հատկացվել «ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հիշյալ տարածքի վերանորոգման, ևս 17 մլն դրամ` ՀՀ սփյուռքի նախարարության համար գրասենյակային գույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով:

Գործադիրը հաստատել է «Ճոպանուղիների շահագործման տեխնիկական կանոնակարգը»: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև «Շոգու մինչև 0,07 ՄՊա ճնշման շոգեկաթսաների, ջրի մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը: Սահմանվել է, որ որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև հայաստանյան և ռուսաստանյան հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունների ծրագրերը ՀՀ-ի և ՌԴ-ի տարածքներում ընդունելու և տարածելու կարգի ու պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Մեկ այլ որոշմամբ, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հաստատել է հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակը: Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` 6-ամսյա ժամկետում ապահովել նշված առավելագույն քանակների որոշման ստանդարտները: Սահմանվել է, որ որոշման դրույթները չեն տարածվում կենդանիների վարակիչ հիվանդությունների յուրահատուկ իմունականխարգելման, բուժման կամ ախտորոշման նպատակով օգտագործվող անասնաբուժական կենսապատրաստուկների կամ դրանց կենսաբանական բաղադրամասերի վրա: Որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2010թ. հունվարի 1-ը:

Կառավարությունը որոշել է` 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի 33-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել ՀՀ կենտրոնական բանկը` ի դեմս ֆինանսական դիտարկումների կենտրոնի: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հոկտեմբերի 1-ից:

Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Հաշվի առնելով, որ 50-ամյա կենսագրություն ունեցող «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն վերջին տարիների ընթացքում գործում է բարձր արդյունավետությամբ, ՀՀ էլեկտրաէներգետիկայի ոլորտում անկախ փորձագիտական գործունեություն իրականացնող միակ կազմակերպությունն է, ինչպես նաև իրականացնում է ՀՀ էներգետիկայի ոլորտի ազգային նշանակության խնդիրների լուծումը` պետական մոտեցումներով, օրենքի նախագծով առաջարկվում է հիշյալ ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ՀՀ էներգետիկայի նախարարության ընկերությունների ցանկից:

Կառավարությունը հավանություն է տվել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ների մասնավորեցման մասին » ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել հիշյալ օրենքի 11-րդ հոդվածը, որի համաձայն կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող կարևոր նշանակության սպառողների ցանկը յուրաքանչյուր տարի ներառվում է «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ վերջին տարիների պետական բյուջեներով նշված նորմի պահանջները կատարելու համար գումարներ չեն նախատեսվել, այլ սահմանվել է, որ ՀՀ կառավարությունը տվյալ բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին` նշված գործընթացի բնականոն ընթացքին խոչընդոտող առկա մի շարք խնդիրները կարգավորելու նպատակով:

ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N1123 որոշման համաձայն, գործադիրը հավանություն է տվել Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով պետական պատվեր, «Հայոց պատմություն» երկհատորյակի անգլերեն և ռուսերեն տպագրություն, «Հայաստանի հարակից երկրների պատմություն» եռհատորյակի տպագրություն, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց» բազմահատորյակի 30 հատորների նկարագրության և հրատարակման նախապատրաստում, Հայկական ազգային ԳՐԻԴ միջավայրի ստեղծում, «Շենգավիթ» ծրագրերի նախագծերին:

Գործադիրը հավանություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» (2006թ. նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն) ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծին ևս, ըստ որի, մասնավորապես, առաջարկվում է օրենքով նախատեսված տուգանքների գումարների 30 տոկոսի չափով մասհանումները գանձել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:

Նիստում հավանություն է տրվել նաև «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է հստակ սահմանել, որ եթե պարգևատրում տալու պահին անձն այլևս չի հանդիսանում տվյալ մարմնի քաղաքացիական ծառայող, ապա նրան պարգևատրում չի տրվում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ լրացուցիչ քննարկել նախագիծը:

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 20-ի «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «ՀՀ-ում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N26 որոշումը, որը պայմանավորված է չափումների միասնականության ապահովման և տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համակարգերի զարգացման և օպտիմալացման անհրաժեշտությամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ-ն պարտավորվել է ներդնել և պահպանել նշված բնագավառում ԱՀԿ-ի և ԵՄ-ի մոտեցումներն ու կարգավորման մեխանիզմները միջազգային առևտրում, որոնցից մեկը առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումն է:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման մեջ, որով նախատեսվում է դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր տեսակի համար` ըստ ներմուծողների, ակցիզային դրոշմանիշների շարժի կիրառումը վերապահել ակցիզային համարվող ապրանքների մասնագիտացված մաքսատանը, ինչը կնպաստի ակցիզային դրոշմանիշների հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ ընթացիկ հսկողության արդյունավետության բարձրացմանը: Լրացումներից մեկով որոշման մեջ ներառվել է «ինքնասոսնձվող դրոշմանիշներ» արտահայտությունը:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված N10 ԿԱԼԿ-ի (Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան) 376 հազար դրամ գնահատված արժեքով գույքը (այդ թվում` 30.5 քմ մակերեսով անշարժ գույքը) մասնավորեցնել դասական աճուրդով, իսկ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչութան տնօրինության` ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի արտադրական գոտում գտնվող 250.15 քմ մակերեսով, 3 մլն 35 հազար դրամ գնահատված արժեքով թթվածնային արտադրամասն օտարել մրցույթով:

Մեկ այլ որոշմամբ 6 մլն 46 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող Արարատի «Բերրիություն» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը ևս կմասնավորեցվեն դասական աճուրդով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1229 որոշման մեջ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրելով նոր խմբագրությամբ: Որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման գործակալության կանոնադրությունը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N1230 որոշումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 78 մլն 399.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությանը` 2008թ. սեպտեմբերի 7-ին կայացած և սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակները տպագրելու և ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու նպատակով:

Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և պետական սեփականություն հանդիսացող 40.5 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հողմաէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

«Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հավանություն է տվել «2008թ. աշնանային զորակոչ անցկացնելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին: Նախագծով առաջարկվում է 2008թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Նիստի ավարտին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարության անդամներին` վերջին շրջանում հանձնաժողովում բնակչությունից ստացվող ահազանգերի մասին, որոնք վերաբերում են վաճառքում գտնվող հացի թերակշռումներին, քաշի և գնի անհամապատասխանությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս կապակցությամբ նշել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը պարտադիր պայմաններ է սահմանում հացի գնի և քաշի չափորոշիչների ու դրանց պահպանման հարցում` առևտրի կետերում նաև պարտադրելով համապատասխան կշեռքների առկայություն: Ն. Երիցյանի հավաստմամբ, արդեն շրջաբերական է ուղարկված տեղական իշխանություններին, որոնց վրա հիշյալ հարցով հստակ պարտավորություններ են ամրագրված:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ