Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 սեպտեմբերի 2008


Այսօր Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նիստի սկզբում ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության երկրորդ արտագնա նիստի անցկացումը Վայոց Ձորում բացառիկ հնարավորություն է` իրականացնելու կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը` Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացումը, լինելով տեղում, ծանոթանալով մարզի խնդիրներին, զգալով այն մթնոլորտը, որ տիրում է մարզում, այն հոգսերը, որով ապրում է մարզը: Իր խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.


«Մյուս կողմից սա մեզ հնարավորություն է տալիս, բնականաբար, ճշգրտել մեր անելիքները և ավելի կայուն, հուսալի կապ հաստատել մարզի հետ, բնակչության հետ` հասկանալու, ինչ հոգսեր կան այստեղ: Գիտեք, որ մենք պլանավորել ենք եռամսյակը մեկ անցկացնել արտագնա նիստեր և, ըստ էության, ձեզ հետ միասին, լինելու ենք բոլոր մարզերում: Միևնուն ժամանակ, պետք է գիտակցենք, որ մարզեր այցելությունը ամենևին չի նշանակում, որ գալիս ենք բարեգործական ինչ-որ ակցիաներ իրականացնելու: Այդպես չէ. մենք պետք է լինենք խստապահանջ, վերահսկենք, որպեսզի այն ծրագրերը, որոնք հաստատված են, ի կատար ածվեն: Այսինքն` մենք նաև մտադիր ենք բացահայտել պրոբլեմները, որոնք առկա են և չլուծվող խնդիրները: Դրա համար այսօրվա կառավարության նիստ առաջարկում եմ սկսել հենց մարզպետի հաշվետվությունից և զարգացման ծրագրերի քննարկումից»:


Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետը` իր և կառավարության անունից նաև շնորհավորել է Ֆադեյ Սարգսյանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, քաջառողջություն, անկոտրում կամք և համատեղ նոր գործեր ու հաջողություններ է մաղթել նրան: «Կարծում եմ, որ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը լեգենդար անձնավորություն է` անգնահատելի է նրա վաստակը, նրա ներդրումը հայոց պետականության կառուցման գործում: Մենք հպարտանում ենք, որ մեր կողքին աշխատում է նման մարդ: Եվ նա մեզ համար օրինակ է` իր նվիրական աշխատանքով ծառայելու սեփական ժողովրդին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:


Այնուհետև անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ Վայոց Ձորի մարզպետի հաշվետվությունը` մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ: Հաշվետվության մեջ հանգամանորեն ներկայացվել են մարզի սոցիալ-տնտեսական համառոտ նկարագիրը և ծրագրերի իրականացման ընթացքը` ըստ առանձին ոլորտների: Մարզում առկա հիմնախնդիրներից առավել առաջնային են համարվել գյուղատնտեսական մթերքի վերամշակման, աշխատատեղերի ավելացման, գործազրկության կրճատման ու սոցիալական պաշտպանության հիմնահարցերը: Նշվել է, որ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի` ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորումը սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է ամբողջությամբ:


Մեկ այլ որոշմամբ ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքների զարգացման եռամյա ծրագրերի իրականացման և համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ Վայոց Ձորի մարզպետի հաշվետվությունը: Զեկուցվել է, որ մարզի 44 համայնքներում, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանված կարգով և ժամկետում կազմվել են համայնքների զարգացման եռամյա ու քառամյա ծրագրերը, որոնցում արտացոլվել են համայնքներում առկա հիմնախնդիրներն ու համայնքների զարգացման հեռանկարները: Դրանցում ներառված են համայնքների համար առաջնահերթ կարևորություն ունեցող սոցիալ-տնտեսական լուծում պահանջող` մանկապարտեզների, առողջապահական, սպորտային օբյեկտների կառուցման, ճանապարհների, ջրագծերի, մշակույթի տների հիմնանորոգման, գազաֆիկացման խնդիրները: Նշվել է, որ արդեն իսկ գազաֆիկացման աշխատանքներ են կատարվել Գլաձորի, Վերնաշենի, Ազատեկի, Հերհերի, Ագարակաձորի, Մալիշկայի, Գետափի համայնքներում, վերջին տարիների ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ խմելու և ոռոգման ջրագծեր են վերանորոգվել մարզի գրեթե բոլոր համայնքներում: Միաժամանակ, զեկուցվել է, որ համայնքների զարգացման եռամյա ծրագրերի մշակման, ընդունման և իրականացման գործընթացներում կան նաև որոշակի թերություններ: Մասնավորապես, առանձին համայնքների զարգացման ծրագրերում արտացոլված չեն համայնքների համալիր զարգացման հեռանկարները, որոշ ծրագրերում ընդգրկվել են այնպիսի հիմնախնդիրներ, որոնց լուծումը ֆինանսական և ժամկետի առումով հնարավոր չէ: Նշվել է նաև, որ եռամյա ծրագրերում ներառված խնդիրների լուծման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքային բյուջեների հաշվին կատարված ծրագրերի ծավալը չի անցնում ընդհանուր ծախսերի 10-20 տոկոսը, դրանք հիմնականում իրականացվում են ՀՀ պետական բյուջեի, մասնավոր ներդրումների կամ այլ աղբյուրների հաշվին: Հաշվետվության համաձայն, մարզի համայնքներին 2008թ. 7 ամիսներին նախատեսված 246մլն 558.6 հազար դրամ ֆինանսական համահարթեցման դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: 2007թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների մուտքերն աճել են 7 մլն 87.6 հազար դրամով (կամ շուրջ 3.2 տոկոսով): Ընդհանուր առմամբ, 2008թ. հաշվետու ժամանակահատվածում համայնքների բյուջեների եկամուտները կատարվել են 95,9 տոկոսով, իսկ տարեկան պլանի հանդեպ` 45 տոկոսով: ՀՀ վարչապետը հանձնարարել է նախարարներին` ՀՀ 2009թ. պետական բյուջեի մշակման ընթացքում ներկայացնել նաև բյուջեի տարածքային բացվածքները, իսկ մարզպետներին հանձնարարել է` դրանք ստանալ նախարարություններից և տարածքային կառավարման մակարդակով վերահսկել հետագա ընթացքը:


Գործադիրը հավանություն է տվել նաև Վայոց Ձորի մարզում այգեգործության զարգացման աջակցության ծրագրին: Փաստաթղթի նպատակն է` կանխորոշել ՀՀ Վայոց Ձորի մարզի խաղողագործության և պտղաբուծության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել աջակցության մեխանիզմները և դրա արդյունքում նպաստել խաղողի ու պտղի արտադրության և վերամշակման ծավալների ավելացմանը, ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը: ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` ներկայացված հայեցակարգում նկարագրել նաև մեխանիզմը, թե ինչպե՞ս են վերամշակող գործարաններն աշխատում այգեգործական տնտեսությունների հետ:


Նիստում որոշում է ընդունվել Վայոց Ձորի մարզի 2009-2011թթ. գազաֆիկացման ծրագրի մասին: Որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Իրան-Հայաստան բարձր ճնշման կառուցվող գազատարի ուղեգծին հարակից ՀՀ Վայոց Ձորի մարզի չգազաֆիկացված համայնքների գազաֆիկացման նախնական սխեմայի, հիդրավլիկական հաշվարկների ու պահանջվող ներդրումների մոտավոր գնահատման նախագծային աշխատանքների փաթեթին: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել Իրան-Հայաստան բարձր ճնշման գազատարի կառուցմանը զուգահեռ, գազատարի ուղեգծին հարակից համայնքների գազաֆիկացման համար նախատեսվող գազաբաշխիչ կայանների նախագծերի մշակման և կառուցման աշխատանքները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջոցներով իրականացնելու համար: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին, Վայոց Ձորի մարզպետին` մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել գազատարի հարակից համայնքների գազաֆիկացման աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումների ապահովման վերաբերյալ, ինչպես նաև նշված համայնքների գազաֆիկացումը մինչե 2012թ. իրականացնելու համար կազմել և մինչև 2009թ. հունվարի 1-ը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ժամանակացույց` նշելով անհրաժեշտ ֆինանսական ներդրումների հնարավոր աղբյուրները:


«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է Ջերմուկ քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն, ինչպես նաև հաստատել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները: Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի մշակումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը` որոշմամբ նախատեսված հայեցակարգային նպատակներին և գերակա խնդիրներին համապատասխան: Հանձնարարվել է նաև` ծրագրի մշակման գործընթացում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավումը: Սահմանվել է, որ ծրագիրը մշակվում է` հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը, որում, անհրաժեշտության դեպքում, կարող են փոփոխություններ կատարվել` ծրագրին համապատասխան:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 84 մլն 22 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից` ՀՀ Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծման նախագծի (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ընտրության ներառումով) մշակման համար` 44 մլն 22 հազար դրամ, Ջերմուկ քաղաքի չգործող օդանավակայանի տարածքում առաջնահերթ կառուցապատման սխեմաների նախագծերի մշակման համար` 30 մլն դրամ և Ջերմուկ քաղաքի ուղղաթիռների գրունտային հարթակի և սպասարկման կայանի նախագծի մշակման համար` 10 մլն դրամ:


Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ Վայոց Ձորի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը:


Կառավարությունը որոշում է ընդունել նաև ՀՀ 2008թ.պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է նյութական ռեսուրսների պահուստի համալրման նպատակով ՀՀ 2008թ. պետական բյուջեում առանձնացնել լրացուցիչ 13.3 մլրդ դրամ: Վերը նշված ծախսերի ֆինանսավորման աղբյուրը 2008թ.-ի համար ծրագրավորված մակարդակի հանդեպ նախատեսվող հարկային եկամուտների լրացուցիչ մուտքերն են: Նշվել է, որ նման կանխատեսումների համար հիմք է հանդիսացել հարկային եկամուտների հավաքագրման ընթացիկ տարվա 8 ամսվա կատարողականը:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» նամակ-համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկությանը:


Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ մարզերի զարգացման ծրագրի կազմման ու իրականացման հայեցակարգին ևս: Որոշումն ընդունվել է` ելնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագրի պահանջներից, ԱՀՌԾ-ի գերակայություններից և ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N380-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրի դրույթներից: Հանձնարարվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին` ապահովել ՀՀ մարզերի զարգացման ծրագրերի կազմումը` որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի դրույթների համաձայն: Հանձնարարվել է նաև ՀՀ մարզպետներին` միջոցներ ձեռնարկել մարզերի զարգացման ծրագրերը կազմելու և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու նպատակով` որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի դրույթների համաձայն:


Կառավարությունն ի գիտություն է ընդունել 2007թ. ընթացքում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման և պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ 2007թ.-ի ՀՀ պետական բյուջեից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին ճանապարհային ցանցի հիմնանորոգման և պահպանման կատարողականը կազմել է 23619.32 մլն. դրամ, այդ թվում` պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով` 13498.76 մլն. դրամ, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրով` 947.47 մլն. դրամ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսավորված հիմնանորոգման լրացուցիչ ծրագրով` 3290.03 մլն. դրամ և պետական (միջպետական և հանրապետական) նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծրագրով` 5882.96 մլն. դրամ: Նշվել է, որ հաշվետու շրջանում շահագործման են հանձնվել 97.05կմ ընդհանուր երկարությամբ 2 նոր ճանապարհներ` Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան և Ոսկեպար-Բաղանիս (Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան ա/ճ-ի 19.19կմ հատվածը կառուցվել է դեռևս 2006թ.-ին): Հիմնանորոգվել են 203.55կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, այդ թվում՝ 45.46կմ միջպետական, 20.94կմ հանրապետական և 137.15կմ մարզային ու համայնքային: Հիմնանորոգվել է 15 կամուրջ: Ասֆալտապատվել են ՀՀ պաշտպանության նախարարության վարժահրապարակներ՝ 72117քմ ընդհանուր մակերեսով:


Գործադիրը հավանություն է տվել երեխայի իրավունքների պաշտպանության 2009թ. տարեկան ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որոնք սահմանված կարգով` «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում, կներկայացվեն ՀՀ ԱԺ: Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N1745-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները: Ծրագիրը համահունչ է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպմանը, ինչպես նաև ոլորտի օրենսդրական կատարելագործմանը:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել նաև բնապահպանության բնագավառի տեխնիկական վերազինման ծրագրին: Փաստաթղթի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի հրամանագրով հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ և ՀՀ կառավարության գործունեության և այլ ծրագրերով բնապահպանության ոլորտի համար սահմանված ռազմավարական և ոլորտային գերակայությունները: Ծրագրի հիմնական նպատակն է` ծրագրավորել ՀՀ բնապահպանական տեսչական ու այլ մարմինների մոնիտորինգային և բնապահպանական գործառույթներ իրականացնող կազմակերպությունների տեխնիկական վերազինման գործընթացը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագիրը: Փաստաթղթի հիմնական նպատակներից են հանրապետությունում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության լիարժեք վերագործարկումը, դրա փուլային տարբերակների ընտրությունն ու հիմնավորումը, հիշյալ ծառայության տրամադրության տակ գտնվող տարածքների, շինությունների, տեխնիկական միջոցների աշխատանքային վիճակի բերումը, համակարգի գործունեության ապահովման համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստումն ու համալրումը, ֆինանսական միջոցների ապահովումը և այլն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` 15-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու նպատակով 2008թ. համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկել առաջիկա տարիներին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը մշակելիս` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում: Հանձնարարվել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզպետներին` ուսումնասիրել և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն ՀՀ տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված Արարատի հակակարկտային կենտրոնի, տարածաշրջանային հանգույցների, գործող և նոր ստեղծվող գեներատորային համակարգերի տեղադրման նպատակով հողհատկացում կատարելու համար: Այլ հանձնարարականների համաձայն, ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարները ՀՀ մարզերում կիրականացնեն մոնիտորինգ` ՀՀ տարածքում կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերին և տնտեսությանը պատճառված վնասների ծավալների գնահատման ուղղությամբ, ինչպես նաև համատեղ ՀՀ կառավարություն կներկայացնեն հաշվետվություն ՀՀ տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում տեղական հարկերի մասին հայեցակարգին ևս, որը մշակվել է ՀՀ-ում սահմանադրական պահանջ դարձած օրենսդրական փոփոխությունների հրամայականով և ուղղված է տեղական հարկերի ինստիտուտի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև դրանից բխող համայնքային նոր լիազորությունների ու գործառույթների սահմանմանը: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին` 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման շրջանակում հարկային խթանների իրականացման» հայեցակարգին: Փաստաթուղթը, մասնավորապես, ներառում է պետական եկամուտների կորուստներից խուսափելուն, շահութահարկի արտոնությունների կանխմանն ուղղված և այլ միջոցառումներ:


Նիստում գործադիրը որոշել է Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2008թ. հունվարի 16-ին փոխանակված հայտարարագրի համաձայն ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհի հաշվին 2008թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ներկրված 29 միավոր տրակտորը և գյուղատնտեսական այլ տեխնիկան իրացնել աճուրդային կարգով: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարներին` որոշման մեջ նշված գյուղտեխնիկան եռամսյա ժամկետում չիրացնելու դեպքում, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ:


Գործադիրը հավանություն է տվել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի, օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների գումարների 30 տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ»: Մեկ այլ փոփոխությամբ նույն հոդվածի երկրորդ մասում «ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինվել են «հարկային մարմնի ղեկավարի» բառերով:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքով սահմանվում են ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգերը:


Նիստում հավանություն է տրվել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման գործընթացի լիարժեք իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:


Մեկ այլ որոշմամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին համապատասխան, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի:


Գործադիրը որոշում է ընդունել 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 13 մլն 182.6 հազար դրամ հատկացնելու մասին` «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող Երևան քաղաքի Մանուկյան 31 հասցեում գտնվող շենքի տանիքի վերանորոգման նպատակով:


Նիստում լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի «ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N585-Ա որոշման մեջ, ըստ որի Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում և Դիլիջանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց կողմից բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցությամբ բնակարանային խնդիրները լուծելու համար իրենց իրավունքից հրաժարվելու դեպքում` ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվող 500 մլն դրամ միջոցների սահմաններում կլուծվեն ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքում ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ստանալու համար 2008թ. մարտի 1-ի դրությամբ հաշվառված անձանց բնակարանային խնդիրները:


Գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 22-ի N200-Ն և 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշումների մեջ, որով, մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել 2008թ. ԲԳՎ ծրագրի շրջանակը և բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի ավարտման ժամկետը սահմանել 2008թ. հոկտեմբերի 1-ը: Որոշումը պայմանավորված է 2008թ. ԲԳՎ ծրագրի իրականացման արդյունքներով ծրագրի համար նախատեսված միջոցների ամբողջական օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:


«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է նաև, որ մինչև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանումները՝ որակավորման տեսական քննությունների անցկացման համար նախատեսված տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով ապահովելը` որակավորման տեսական քննություններն անցկացվում են գրավոր` Ճանապարհային ոստիկանության կողմից հաստատված հարցաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են սույն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված հարցեր, ինչպես նաև մինչև որակավորման գործնական քննությունների ընդունման համար կահավորված քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` գործնական քննությունները կարող են անցկացվել տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով` վերջիններիս համաձայնությամբ: Սահմանվել է, որ կարգի համապատասխան կետերը` վարորդական վկայականների պատրաստման համար սահմանված ժամկետների մասով, ուժի մեջ են մտնում Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները վարորդական վկայական պատրաստելու համար նախատեսված սարքավորումներով ապահովելուց հետո: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետին` որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել Երևան քաղաքի մեկ ստորաբաժանում` մինչև 2009թ. հունվարի 1-ը, իսկ Երևան քաղաքի մյուս և մարզային ստորաբաժանումները` 2 տարվա ընթացքում: Հանձնարարվել է նաև որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական (ազգային և միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների, ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի, քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային և միջազգային վարորդական վկայականների տրման մատյանների ձևերը, դրանց լրացման ու պահպանման կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող uտորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ ոստիկանության պետը, ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, 15-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն կներկայացնի առաջարկություններ` Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները որոշմամբ նախատեսված հիմնական և տեխնիկական միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ:


Գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` ՀՀ Լոռու մարզպետարանի տնօրինության Գուգարքի ոստիկանության բաժնի 9 մլն 732 հազար դրամ գնահատված արժեքով նախկին վարչական շենքն օտարել դասական աճուրդով: Նույն որոշման համաձայն, թույլատրվել է նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` իր տնօրինության Երևան քաղաքի Զարյան 22 հասցեի շենքի մարդատար վերելակն օտարել ուղղակի վաճառքի ձևով համասեփականատերերին:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փող. հասցեում գտնվող ՀՀ դատախազության տնօրինության 2 մլն 302.324 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, 233.74 քմ մակերեսով վարչական շենքը և սպասարկման համար հատկացված 0.13 հա մակերեսով հողամասը հետ վերցնել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Մարալիկ քաղաքային համայնքին:


Նիստում գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 27-ի N471 որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 4.5 հա-ն փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի և հասարակական կառուցապատման համար: Հանձնարարվել է ՀՀ Կոտայքի մարզպետին` Բալահովիտի գյուղական համայնքի միջոցով ապահովել որոշմամբ փոխադրված 4.5 հա հողամասից 1.2 հա հողատարածքի հատկացումը ՀՀ գլխավոր դատախազությանը` «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի նոր վարչական և գիտաուսումնական մասնաշենքի շինարարության համար, ինչպես նաև 3.3 հա հողատարածքի հատկացումը «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին` համալսարանի դասախոսների համար բնակարանաշինության նպատակով:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի N870-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կառավարչի ընտրության համար միջազգային մրցույթի անցկացման մրցութային փաստաթղթերի փաթեթի նախագծերը լրամշակելու, քննարկելու և համաձայնեցնելու անհրաժեշտությամբ:


Կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների տարեկան չափերը հիմնավորված հաշվարկներին համապատասխանեցնելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ օրինագիծը համարվել է անհետաձգելի:


Նիստում որոշում է ընդունվել նաև Վայոց Ձորի մարզի Արենի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին` 2008թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ազգային ժողովի նիստ` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ավելի քան մեկ տասնյակ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման օրակարգով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հրատապությամբ:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ