Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 սեպտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձել է հարկային վարչարարության կատարելագործման հետ կապված խնդիրներին, որոնց լուծումը, ըստ նրա, համատեղ ջանքեր է պահանջում: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Ես այսօր ուզում եմ ձեզ և մեր քաղաքացիներին դիմել խնդրանքով, որ եթե մենք կարևորում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, ինչի շնորհիվ միայն կարող ենք բացահայտել իրական ապրանքաշրջանառության ծավալները և իրականացնել հարկում, ապա անհրաժեշտ է, որ բոլորս առևտուր իրականացնելիս պահանջենք հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները: Եվ պետք է լինենք խստապահանջ: Առաջին հերթին` այդ հոգեբանական բարդույթի հաղթահարումը պետք է սկսենք մեզանից, մեր ընտանիքի անդամներից: Պետք է պահանջենք, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները մեզ տրամադրվեն: Հակառակ դեպքում, այս գործառույթը, որը մենք կարևորում ենք և որն ամրագրել ենք օրենքով, արդյունք չի տա: Այս խնդիրը կարևորում են ոչ միայն մեզ նման երկրները, որոնք ունեն հարկային վարչարարության կատարելագործման պրոբլեմներ, այլև Եվրոպայի զարգացած երկրները նույնպես: Ավելին` կան երկրներ, որոնք օրենքով պարտադրում են իրենց քաղաքացիներին պահանջել հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները: Եվ եթե առևտուր իրականացնելուց հետո քաղաքացիները չեն ունենում այդ կտրոնները, ենթարկվում են խոշոր տուգանքների, որովհետև առանց այդ գործառույթն իրականացնելու, հնարավոր չէ բացահայտել առևտրի իրական ծավալները: Այդ հոգեբանական բարդույթը հաղթահարելու համար չափազանց կարևոր է, թե ինչպիսի՞ն է նախարարների և նրանց ընտանիքի անդամների պահվածքը: Մենք չենք կարող մեր երկրում ավելացնել թոշակներ, սոցիալական նպաստներ, եթե չկարողանանք էապես բարելավել հարկային վարչարարությունը: Եվ բոլորս պետք է գիտակցենք` չպահանջված կտրոնը նշանակում է չավելացված կենսաթոշակ, չավելացված սոցիալական նպաստ, չիրականացված սոցիալական ծրագրեր: Դրա համար ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք, այդ առումով, լինեք օրինակելի: Ու նաև խնդրանքով դիմում եմ մեր քաղաքացիներին` ակնկալելով նրանց աջակցությունը: Եթե ցանկացած քաղաքացի առարկայորեն պատկերացնի, որ այդ կտրոնը, որը նա չի պահանջում, անմիջապես հարվածում է սոցիալապես խոցելի խավերին, ապա, կարծում եմ, որ քաղաքացիական պատասխանատվությունը մեզ կօգնի այս կարևորագույն խնդիրը լուծելու համար: Այդ խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեինը չէ, մեր բոլորի խնդիրն է: Ակնկալում եմ ձեր ըմբռնումը և աջակցությունը, ինչպես նաև մեր հասարակության, մեր քաղաքացիների` լինեն նրանք ընդդիմադիր, թե իշխանամետ ուժեր: Այս հարցում մենք պետք է միախմբված լինենք»:

Այնուհետև անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը որոշել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ սահմանել 2008թ. նոյեմբերի 1-ը: Որոշման համաձայն, նշված ժամկետում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն — այդ ժամկետում սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված: Սահմանվել է նաև, որ մինչև որոշման ուժի մեջ մտնելը, ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի որոշմամբ հաստատված կարգի համաձայն քաղաքացիների կողմից արտահերթ բնակարան ստանալու համար մինչև 2008թ. մարտի 1-ը ներկայացված դիմումները համարվում են սույն որոշմամբ սահմանված վերահաշվառման վերջնաժամկետում նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզպետներին` միջոցներ ձեռնարկել զանգվածային լրատվամիջոցներով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ` 2008թ. նոյեմբերի 1-ը սահմանելու մասին իրազեկման գործընթացի ապահովման ուղղությամբ: Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N432 որոշման մեջ:

Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծվող ցուցանիշների նախնական տարբերակը: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, ինչպես նաև ապահովել` ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ ԱԺ ներկայացման ենթակա օրենքների նախագծերի և ծրագրերի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ ԱԺ, անհրաժեշտության դեպքում ապահովել նաև համապատասխան հավելվածում չնշված ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի և ծրագրերի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ ԱԺ: Որոշմամբ ՀՀ վարչապետի մոտ 2008թ. սեպտեմբերի 12-ից կանցկացվեն նաև ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները` համաձայն ժամանակացույցի:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 17 մլն 802 հազար դրամ հատկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը` Հայաստանում «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրն իրականացնելու նպատակով «Արտասահմանյան երկրների մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար:

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Հանձնարարվել է ՀՀ սփյուռքի նախարարին` երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հոկտեմբերի 1-ից:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել զբաղվածության կարգավորման 2009թ. պետական ծրագրին և միջոցառումների ցանկին, որը սահմանված կարգով «ՀՀ 2009թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահված` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով իրականացմանն առնչվող հարաբերությունները կարգավորելու նպատակով: Առաջարկվող լրացումը, մասնավորապես, հնարավորություն կտա ապահովել հիշյալ օրենսգրքի` իրավախախտման վերաբերյալ գործը ըստ դրա կատարման վայրի քննվելու պահանջը, գործի սահմանված ժամկետում քննությունը և իրավախախտում կատարած անձի ներկայությունը գործի քննությանը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 150 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 2008թ. Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի մեդալակիրներին դրամական մրցանակներ հանձնելու նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը սահմանել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերարտադրման համաձայնեցման կարգը: Որոշման արդյունքում կապահովվի հաղորդակցուղիների տեղադրման համապատասխանությունը շինարարական նորմերին և այլ տեխնիկական պահանջներին, ճանապարհների կառուցման, շահագործման աշխատանքների իրականացման, ճանապարհային երթևեկության անվտանգությունը, արդեն իսկ տեղադրված հաղորդակցուղիների անվնասությունը, ինչպես նաև հաղորդակցուղի տեղադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից շինարարական աշխատանքների կատարման ընթացքում և հետագայում ճանապարհին վնաս հասցնելու պատասխանատվությունը:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 33 մլն 920 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից` 8 մլն 620 հազար դրամ` ՀՀ Լոռու մարզի Ծաթեր համայնքի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման, 14 մլն 500 հազար դրամ` Վանաձորի N24 դպրոցի մարզադահլիճի և լոկալ ջեռուցման համակարգի հիմնանորոգման աշխատանքների ավարտման, 2 մլն 800 հազար դրամ` ՀՀ Կոտայքի մարզի ք. Աբովյանի կրթահամալիրի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգման և 8 մլն դրամ` Երևանի N52 դպրոցի տարրական մասնաշենքի պատուհանները նորով փոխարինելու համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 235,618.0 դրամ է հատկացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը` 2006թ. հոկտեմբերից 2008թ. հունվարն ընկած ժամանակահատվածում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ֆինանսական գործակալ հանդիսացած «ԳԼՈՔՈՄՍ» ԻՆՔ. ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում սպառած ապրանքների և մատուցած ծառայությունների դիմաց այդ ծրագրի միջոցների հաշվին կատարված վճարումների կազմում ներառված ԱԱՀ-ի գումարը հիշյալ ընկերությանը վերադարձնելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի միջև 2006թ. մարտի 27-ին կնքված համաձայնագրին համապատասխան:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N1184-Ն որոշման մեջ, որի արդյունքում ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսումնառությունը նախկինում սահմանված 5 տարվա փոխարեն տվյալ պահին 10 տարվանից ոչ ավելի ընդհատված լինելու դեպքում ուսումնական հաստատությունից ազատված կամ ուսումնառությունը դադարեցրած անձանց ուսումնառությունը շարունակելու հնարավորություն է ընձեռնվում:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2001թ. մարտի 24-ի N236 որոշման մեջ` մաքսային մարմիններում ներդրված ինքնահայտարարագրման գործընթացի պարզեցման, փաստաթղթային շրջանառության և մաքսային հսկողության ավտմատացման նպատակով: Արդյունքում` մաքսային ձևակերպումների պարզեցման շնորհիվ, կնվազի մաքսային տեսուչ-հայտարարատու շփումը, կբացառվեն մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հայտարարագրում անճշտությունների դեպքում կամայական դրսևորումները:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշմամբ առաջարկվում է «2006-2007թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկում ավելացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն: Որոշումը կայացվել է` հիմք ընդունելով, որ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագիրը գործում է նաև հաջորդ տարիներին, եթե ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվել:

«Ավիացիայի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը սահմանել է օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի «ՀՀ-ում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգը հաստատելու մասին» N1725-Ն որոշումը:

ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N882-Ն որոշմանը և ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության Այունիքի մարզի Տաթև համայնքում գտնվող «Տաթև-1» առողջարանի 3858,3 քմ ընդհանուր մակերեսով և ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով 48մլն 937 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Մինի-Գրուպ» ՍՊԸ-ին:

Նիստում կառավարությունը որոշել է Երևան քաղաքի «Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի կայարանի հարակից տարածքում 855քմ. մակերեսով հողամասում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Որոշումն ընդունվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները: Որոշման ընդունումը հիմնավորվել է նրանով, որ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ, մասնավորապես, այդ տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցմամբ հնարավոր կլինի բեռնաթափել ավտոմեքենաներով և երթևեկությամբ ծանրաբեռնված հարակից փողոցները: Սահմանվել է, որ նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, իսկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը: Օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2009թ. հունվարի 1-ը: 2 օր ժամկետ է տրվել` ՀՀ մշակույթի և քաղաքաշինության նախարարությունների հետ մեկ անգամ ևս քննարկելու և նախագիծն ամբողջական տեսքի բերելու համար:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել նաև 2008թ. իր պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը 36,931,351 դրամ, 956,8 եվրոյին և 220 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնելու վերաբերյալ` ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի ՀՀ օդանավակայաններում 2008թ. 2-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի N217-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Միջազգային համաձայնագրերին համապատասխան, նիստում կառավարությունը հաստատել է «ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարության միջև «Համատեղ աղեղ-2008» և «Համատեղ նիզակակիր-2008» զորավարժությունների` «Խիզախ լուսան-2008» զորավարժության հետ միացյալ իրականացման համար հյուրընկալող երկրի աջակցության ապահովման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին հրահանգը:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 8 մլն 702.4 հազար դրամ է հատկացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` ծառայության վարչական շենքի ինժեներական հետախուզության և նախագծային աշխատանքների կատարման նպատակով:

Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 17-ի N373-Ա որոշման մեջ, Սևանա լճից ջրառի նախկինում հաստատված 285 մլն խմ ջրաքանակն ավելացվել է 30 մլն խմ-ով (հասցնելով 315 մլն խմ-ի), որով նախատեսվում է ջրապահանջարկի ապահովվածությունը բավարարել մինչև ս.թ սեպտեմբերի 25-ը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Ջրշին» շինարարական պետական ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով, նվազեցնել 78 մլն 568 հազար դրամի չափով: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 1999թ. մայիսի 12-ի N310, 2003թ. հոկտեմբերի 2-ի N1358-Ն որոշումներով, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի 1999թ. մարտի 19-ի N73 հրամանագրով կատարված փոփոխությունների արդյունքում «Ջրշին» շինարարական պետական ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի նազեցում չի կատարվել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արարատի մարզի Այգեստանի գյուղական համայնքի ղեկավար Սերյոժա Գեղամյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի պատճառով: Որոշվել է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, որի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ԿԸՀ-ին կհատկացվի 737,680.61 դրամ:

Մեկ այլ որոշմամբ, այն ուժի մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն, որի համար ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ՀՀ ԿԸՀ-ին կհատկացվի 429,263.2 դրամ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ