Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 սեպտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը խոսել է պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման անհրաժեշտության, պետկառավարման համակարգում ներկայումս նկատվող թերացումների և դրանց շտկման ու համակարգի արդյունավետության բարձրացման քայլերի մասին` տալով համապատասխան հանձնարարականներ: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ, մեր այսօրվա կառավարության նիստը ես ուզում եմ սկսել մի կարևոր խնդրից, որը հստակ ձևակերպել է Հանրապետության նախագահը ԱԺ-ի իր ելույթում` դա կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումն է: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք այստեղ ունենք լուրջ խնդիր, և մեր կառավարման համակարգը, ցավոք, այսօր արդյունավետ չի գործում: ՀՀ նախագահը հստակ չափանիշներ է սահմանել մեզ համար, և բոլոր նախարարները պարտավոր են ղեկավարվել այդ չափանիշներով, թե ինչպես ենք մենք տարվա արդյունքներով գնահատելու` արդյո՞ք մեր նախարարությունները արդյունավետ են աշխատել, թե՞ ոչ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք ունակություններ` նկարագրելու գործունեության ոլորտի բիզնես պրոցեսները: Սա համար մեկ խնդիրն է: Այդ պրոցեսների նկարագրության հիմնան վրա պետք է նկարագրված լինեն աշխատատեղերը, ինչը կատարված է, և պետք է ունենանք աշխատանքների գնահատման արդյունավետ համակարգ: Միևնույն ժամանակ, դրա հիման վրա անհրաժեշտ է ունենալ նյութական խրախուսման մեխանիզմներ, որպեսզի ձեր աշխատակիցները հստակ իմանան, թե ինչի՞ համար եք դուք նրանց խրախուսում: Այսինքն` նրանց աշխատանքները, գոնե ձեզ համար, պետք է լինեն չափելի: Միևնույն ժամանակ, դուք պետք է ունենաք կարողություն` գնահատելու այս համակարգի ռիսկերը: Եվ եթե այս համակարգը ներդրված է, դուք ապահովելով թափանցիկություն և հանրության հետ կապի ապահովում, հնարավորություն եք տալու ոչ միայն ձեզ, այլ նաև հանրությանը վերահսկելու, թե մեր կառավարման համակարգը արդյունավետ է, թե՞ ոչ: Այս խնդիրները, որ ձևակերպել է ՀՀ նախագահը, չափազանց լուրջ և բարդ խնդիրներ են: Այսինքն, այս համակարգը ներդնելու համար մեզանից լուրջ ջանքեր են պահանջվելու, և առաջին հերթին գիտելիքներ` կազմակերպելու գործընթացը: Վարչապետի վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ, ցավոք, մեր կառավարման համակարգը արդյունավետ չէ և դրա վկայությունն այն է, որ հանձնարարականները և ծրագրերը ժամանակին չեն կատարվում: Ավելին` ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականների չկատարման դեպքեր են արձանագրվել: Սա նշանակում է, որ վերահսկողական համակարգը նախարարություններում չի աշխատում, որովհետև, եթե նախարարությունը ժամանակին չի կատարում հանձնարարականը կամ միջոցառումը, առնվազն նախարարը պետք է գրավոր դիմի վարչապետին` խնդրելով ժամկետները հետաձգել, այն պարագայում, երբ վերահսկողության ծառայությունը հայտնաբերել է դեպքեր, որ շաբաթներ շարունակ չեն կատարվում հանձնարարականները:

Ես խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, հանձնարարեք ձեր աշխատակազմի ղեկավարներին, որպեսզի նրանք ձեզ զեկուցեն հանձնարարականների և ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ: Եթե մենք մեկ շաբաթվա ընթացքում չշտկենք իրավիճակը, ես հայտարարելու եմ նկատողություններ, որովհետև այդ պարագայում մենք ռիսկի տակ ենք դնելու մեր տարեկան ծրագրի կատարողականը: Սա անընդունելի է մեզ համար: Երկրորդ խնդիրը` ինչպես ենք մենք ներդնելու ՀՀ նախագահի կողմից նկարագրված չափանիշներին համապատասխան կառավարման համակարգը. առաջին հերթին, մենք սկսելու ենք այս համակարգի ներդրումը կառավարության աշխատակազմից: Կառավարության աշխատակազմը պետք է սերտ համագործակցի նախարարությունների աշխատակազմերի հետ, որպեսզի մենք միասնական մեթոդաբանությամբ ունենանք նկարագրված բիզնես պրոցեսները, արդյունավետության գնահատման չափանիշները, ինչպես նաև դուք կարողանաք օբյեկտիվ չափանիշների հիման վրա ներդնել խրախուսման մեխանիզմներ: Մանավանդ, որ 2009թ. բյուջեով մենք ուզում ենք էապես բարձրացնել նախարարների դերը, որպեսզի նրանք կարողանան առավել արդյունավետ աշխատող իրենց աշխատակիցներին նյութապես խրախուսել: Իսկ սա նշանակում է, որ դուք պետք է ունենաք օբյեկտիվ չափանիշներ, և այդ չափանիշները պետք է հասանելի լինեն բոլոր աշխատողներին: Այսինքն` նրանք նույնպես պետք է հասկանան, թե ի՞նչ չափանիշներով եք դուք խրախուսում նրանց աշխատանքը, որպեսզի համակարգը արդյունավետ աշխատի: Առաջարկում եմ, որպեսզի ՀՀ նախագահի Ազգային ժողովի այս ծրագրային ելույթը դուք մանրակրկիտ ուսումնասիրեք, որովհետև մենք, ձեզ հետ միասին, բոլոր գերակա խնդիրների վերաբերյալ պարտավոր ենք հաշվետվություն տալ նախագահին: Եվ եթե մենք հետևենք այն գերակա խնդիրներին, որ մատնանշել է նախագահը և քայլ առ քայլ հասնենք այդ ցուցանիշներին, որոնք դրված են ծրագրում, համոզված եմ, որ մեր կառավարման համակարգը էապես կարող է բարելավվել: Անհրաժեշտ է, որ այս խնդիրը լինի անձամբ նախարարների հսկողության ներքո: Սա ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ, ամենակարևոր խնդիրն է: Այս խնդիրը, եթե լուծենք, մնացած բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»:

Այնուհետև անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հավանություն է տվել բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների համակարգի առողջացման, աշխատանքների թափանցիկության, դիակիզարանների ստեղծման միջոցառումների ծրագրին: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1522-Ն որոշման և 2008թ. ապրիլի 28-ի N380-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրի դրույթներին համապատասխան: Շուրջ մեկուկես տասնյակ միջոցառումներ ընդգրկող ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել մեկ տարվա ընթացքում, մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն հուղարկավորության կազմակերպմանն առնչվող բազմաբնույթ հարցերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա և ուղղված է բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների համակարգի առողջացմանը, աշխատանքների թափանցիկության ապահովմանը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին` ապահովել ծրագրի կատարումը նախատեսված ժամկետներում:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N1910-Ն որոշման մեջ: Նշվել է, որ հաշվի առնելով հարցի ընդհանրական բնույթը, անհրաժեշտություն է առաջացել խնդրի նկատմամբ միասնական մոտեցում մշակելու` հայ ժողովրդի նշանավոր գործիչների մահվան կապակցությամբ նրանց գերեզմանի բարեկարգման, մահարձանի տեղադրման աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից մահացածի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց (անձին), որպես աջակցություն հաստատագրված գումար հատկացնելու միջոցով: Նման մոտեցումը զգալի կպարզեցնի վերը նշված գործընթացի իրականացումը, ազատելով հասարակական-քաղաքական գործիչների ընտանրիքներին համապատասխան մարմիններին դիմելու անհրաժեշտությունից:

Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Արձանագրային որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միջոցով, ինչը հնարավորինս կբացառի անցանկալի իրավիճակների առաջացման պատճառները: Օրենքի նախագծով առաջարկվում է նաև լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում ներառել շենքերի և շինությունների տեխնիկական հետազննությունը ևս: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին:

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը, դրա լրացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 14-ի «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N27 որոշումը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են «Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև այդ տվյալները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրման կարգը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 1-ի N304 համապատասխան որոշումը: Սահմանվել է, որ հիշյալ որոշումներն ուժի մեջ են մտնում 2009թ. հունվարի 1-ից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի N577-Ն որոշման մեջ, որի համաձայն ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 13 մլն 200 հազար դրամ` «Գյումրու «Ընտանեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի վեց մասնաշենքի ջեռուցման համակարգի ստեղծման, 12 մլն դրամ` «Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տարածքի գազաֆիկացման, ևս 7 մլն դրամ` «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի աշխատավարձի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ վճարումների գծով առաջացած պարտքերի մարման նպատակով:

Նիստում կառավարությունը հաստատել է 2008թ. «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների և համայնքների ցանկը: Որոշվել է նաև ՀՀ Արմավիրի մարզի և Լոռու մարզի Թումանյանի նախկին վարչական շրջանների 0.5-7.0 հա տարածքի վրա եգիպտացորենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ցուցաբերել պետական աջակցություն` յուրաքանչյուր հեկտարի հաշվարկով 35 հազար դրամ:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 18 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով համայնքի հանրակրթական դպրոցի տանիքների հիմնանորոգման համար: Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ևս 21 մլն 420 հազար դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` Նորակերտ գյուղական համայնքի խմելու ջրագծի վերանորոգման նպատակով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառարության 2002թ. նոյեմբերի 21-ի N1926-Ն և 2003թ. փետրվարի 20-ի N247-Ն համապատասխան որոշումները:

Գործադիրը հաստատել է նաև «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրական բաշխիչ սարքերի և ենթակայանների սարքվածքի նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Ատոմէներգասեյսմնախագիծ» ՓԲԸ-ի 2007թ. ֆինանսական արդյունքները, կառավարությունը թույլատրել է` բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2007թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին (որը կազմել է 10,984 մլն դրամ):

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի N314-Ա որոշման մեջ, ըստ որի այդ որոշմամբ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից Մեծամորի քաղաքային համայնքին հանձնվող գույքից բացի, վերջինիս անհատույց կհանձնվեն ընկերության համար ոչ պրոֆիլային հյուրանոցային համալիրի և մարզահամալիրի գույքը, բանջարեղենի պահեստը և թվով 19 փայտյա ժամանակավոր տնակները:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է Սևանի N7 դպրոցին ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված գումարը (70մլն դրամ) ուղղել Երևանի N195 դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, որն ընդգրկված է «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման պետական ծրագրի» փորձնական փուլի դպրոցների ցանկում:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 3 մլն 919.3 հազար դրամ է հատկացվել նաև Կոտայքի մարզպետարանին` Հրազդանի N4 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ, «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքների նախագծերը նախապատրաստվել են ՀՀ նախագահի հանձնարարությամբ և նպատակ ունեն առավել հստակեցնելու պարգևատրական զենքի շրջանառությունը կարգավորող նորմատիվ սահմանները, ինչպես նաև, զենքի շրջանառությունը և անվտանգությունն ավելի ապահովելու ակնկալիքով, վերացնելու մաքսային, հարկային և փրկարար ծառայությունների ղեկավարների կողմից զենքով պարգևատրելու լիազորությունները:

Նիստում կառավարությունը թույլատրել է ՀՀ ֆինանսների նախարարին` մասնակցել միջազգային զարգացման ասոցիացիայի ռեսուրսների համալրմանը 49.376.642.00 դրամի չափով, մուրհակ տրամադրելով կամ վճարումը կատարելով համապատասխան տարվա ՀՀ պետական բյուջեի «Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի տարածքում գտնվող Արզնիի օդանավակայանի թռիչքուղու ընդլայնման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշել է հիշյալ համայնքի քաղաքացիների սեփականություն հանդիսացող 2.87 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Որոշումը հիմնավորվել է նրանով, որ ծրագիրը հետապնդում է ՀՀ պաշտպանության, պետության և հասարակության անվտանգության ապահովումը: Նշվել է նաև, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց որոշման մեջ նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովող նորմատիվային պահանջները: Սահմանվել է, որ նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործառույթների իրականացումը համակարգող և դրանց համար պատասխանատու պետական լիազոր մարմինը ՀՀ Կոտայքի մարզպետարանն է: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը: Որոշվել է նաև Նոր Արտամետի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հիշյալ 2.87 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Կոտայքի մարզպետին, այդ թվում` օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո, ապահովել հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասի անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրումը ՀՀ պաշտպանության նախարարությանը:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 154 մլն 146.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` վերջինիս 2008թ. բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ շնորհելու կարգը և պայմանները:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 29-ի N806-Ն որոշման մեջ, որի համաձայն ՀՀ ոստիկանությանը կից ստեղծվում է հասարակական վերահսկողության խորհրդատվական մարմին` հասարակական խորհուրդ: Որոշումն ընդունվել է ոստիկանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը հասարակական միավորումներին և մտավորականներին մասնակից դարձնելու, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վստահության պատշաճ մակարդակ ապահովելու, իրավական պետության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում ոստիկանության դերի բարձրացման նպատակով:

Այլ որոշումներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասարի գյուղական համայնքի ղեկավար Մարգար Սահակյանի, ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուրի գյուղական համայնքի ղեկավար Սպարտակ Դումիկյանի և ՀՀ Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի ղեկավար Արտյոմ Հովհաննիսյանի լիազորությունները: Որոշումներն ընդունվել են Գեղամասարի գյուղական համայնքի ղեկավարի հրաժարականի և Պաղաղբյուրի ու Նոր Արտամետի գյուղական համայնքների ղեկավարների մահվան կապակցությամբ: Որոշվել է նաև որոշումներն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ ոստիկանության պետին:

«ՀՀ բյուջետայաին համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 12 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը` ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հաղարծին վանքի ինժեներական կոմունիկացիաների վերականգնման շրջանակներում, 2 կմ ջրագծի վերականգնման համար պահանջվող պոլիէթիլենային խողովակներ տրամադրելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին պետական աջակցություն ցուցաբերելու համար: Հանձնարարվել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարին` հատկացված գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին սահմանված կարգով տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 16.6 մլն դրամ է հատկացվել ՀՀ Արարատի մարզպետարանին` «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները (շենքի առաջին հարկի և կոյուղու համակարգի հիմնանորոգում) լուծելու նպատակով:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին ևս, որով առաջարկվում է վերականգնել տեղական ինքնակառավարման մարմիններին 2006թ. նոյեմբերի 27-ին ընդունված ՀՕ-227-Ն ՀՀ օրենքով վերապահված և 2007թ. մարտի 31-ին ընդունված օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-134-Ն օրենքից թյուրիմացաբար դուրս մնացած լիազորությունները` «Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, չսահմանված վայրում աղբ թափելը, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելը» հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված գործերը քննելու վերաբերյալ:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին` որպես բնակարան (բացառությամբ պահակատան): Որոշվել է պահակատունն ամրացնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:

Կառավարությունը որոշել է ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության 2 հա արոտավայրը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա:

Նիստում որոշվել է նաև սեպտեմբերի 4-ը` Արագ արձագանքման փրկարարական ջոկատի (ներկայումս` Հատուկ փրկարարական ջոկատ) ստեղծման օրը, նշել որպես փրկարարի օր:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ