Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 օգոստոսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագրին: Փաստաթղթի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջին ազգային ծրագրի (ՇՄՊԳԱԾ-1) ընդունումից (1998թ.) հետո անցած տասնամյակում` ոչ միայն բնապահպանական, այլ նաև երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում տեղի ունեցած զարգացումներով: ՇՄՊԳԱԾ-2-ը ներառում է բնապահպանության ազգային ռազմավարությունը, բնապահպանական քաղաքականությունն ու օրենսդրական կարգավորումը, ինստիտուցիոնալ կառավարումը, բնապահպանության տնտեսական և ֆինանսական մեխանիզմները, շրջակա միջավայրի կայուն կառավարումը, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացումը բնապահպանության ոլորտում, գործողությունների ծրագիրը: Կարևոր տեղ է հատկացվում նաև գիտական հետազոտությանը, հանրության իրազեկման և բնապահպանական դաստիարակության, կրթության և տեղեկատվության մատչելիության խնդիրներին: Հանձնարարվել է ՇՄՊԳ երկրորդ ազգային ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է երկրորդ ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ կառավարություն ամփոփ տեղեկատվություն ներկայացնել մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ բնության հուշարձանների ցանկը: Այն կնպաստի բնության հուշարձանների պահպանությանը, ռացիոնալ օգտագործման միջոցով լրացուցիչ եկամուտների ստացմանը, մարդածին գերճնշումների ենթարկված հանգստավայրերի բեռնաթափմանը, սոցիալական տարբեր խմբերի համար հանգստավայրերի մատչելիությանը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար ՀՀ 2009-2012թթ. պետական բյուջեներում նախատեսել համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում քննարկել ՀՀ բնության հուշարձանների ցանկը և ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարություն: Ընդգծելով բնության հուշարձանների ցանկի ճշգրտման խնդրի կարևորությունը, վարչապետը նշել է, որ որոշման ընդունումը ընդամենը առաջիկա մեծ աշխատանքի սկիզբն է, ըստ որի ՀՀ բնապահպանության նախարարությունը բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ պետք է հստակեցնի հուշարձանների տարածքները, համապատասխան իրավական մարմինների հետ պարզի նրանց սեփականության իրավունքները, ՀՀ մշակույթի նախարարության հետ պարզաբանի առկա բոլոր խնդիրները:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը: Որոշմամբ որոշակի լիազորություններ են տրվում հավատարմագրված մասնագիտացված կառույցներին, որոնք օգտագործելով իրենց հնարավորությունները, կարող են նպաստել աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը և աուդիտորների որակավորման գործընթացի կատարելագործմանը: Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշման մեջ, որոնք բխում են, մասնավորապես, պետական մարմինների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ժամկետի կրճատման վերաբերյալ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ, ներկայումս աուդիտորի մասնագիտության նկատմամբ աճող պահանջարկով, ինչպես նաև աուդիտորների որակավորման գործընթացը, որակավորման ծրագրերը և կարգերը հնարավորինս միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հանձնարարվել է նախագծերը քննարկել նաև ՀՀ արդարադատության նախարարության հետ` դրանք վերջնական տեսքի բերելու նպատակով:

Հիմք ընդունելով ՀՀ անտառային օրենսգրքի 43-րդ հոդվածը, գործադիրը սահմանել է սահմանային և ռազմական նշանակության անտառների և անտառային հողերի օգտագործման կարգը, որը նպատակաուղղված է հիշյալ նշանակության անտառներում անտառօգտագործման հետ կապված հարաբերությունների կանոնակարգմանը:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացնել 75 մլն դրամ` Արին գյուղական համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի 6 կմ երկարությամբ հատվածի կառուցման, 71 մլն դրամ` Ռինդ գյուղական համայնքի խմելու ջրագծի` «Աղքիլիսա» արտաքին ցանցի հիմնանորոգման համար: Եվս 4 մլն դրամ է հատկացվել մարզպետարանին` Գետիկվանք-Եղեգնաձոր գյուղական համայնքի խմելու ջրատարի նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը համաձայնել է Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից` Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից մինչև 1 մլրդ 124 մլն 553.3 հազար դրամի չափով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը: Նշված գումարից մինչև 650 մլն դրամը, որպես պետական օժանդակություն, կհատկացվի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին` 20 տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով, 198 մլն 982 հազար դրամը` Երևան քաղաքի Ռիգայի փողոցի վերանորոգման և վերականգնման, 127 մլն 985 հազար դրամը` Երևանի N 199 և 58 մլն 948.1 հազար դրամը` Երևանի N 159 միջնակարգ դպրոցների շենքերի տանիքների վերանորոգման, 54 մլն 236.2 հազար դրամը` Երևանի Վ. Սարոյանի անվան N 138 միջնակարգ դպրոցի վերանորոգման, 34 մլն 492 հազար դրամը` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի շրջակա տարածքի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզպետի միջնորդությունը, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի «Բնակարանների սեփականաշնորհման մասին» N 26-Ա որոշման համաձայն «Գալակտիկա» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված և որպես պետական սեփականության բնակարաններ ՀՀ Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված` Գառնի համայնքի տարածքում գտնվող NN 1, 3, 4, 5, 6, 7, 8, 11 Ա և 11 Բ շենքերի` չսեփականաշնորհված բնակարանները հետ վերցնել և նվիրաբերել Գառնի համայնքին` դրանցում բնակվող բնակիչներին որպես բնակելի տարածք նվիրաբերելու պայմանով:

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև 1973թ. մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված և 1979թ. հունիսի 22-ին Բոննում լրամշակված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կառավարման մարմին ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարությանը` նրան վերապահելով նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ կողմերի և քարտուղարության հետ հաղորդակցման իրավասությունը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված գիտական մարմնի իրավասություն ունեցող միջգերատեսչական խորհրդի ստեղծումը:

«Կրթության մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը հաստատել է փորձնական փուլի ծրագրի ավագ դպրոցների և դրանց հարակից հիմնական դպրոցների ցանկը: Որոշմամբ նաև համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. մարտի 11-ի N 231 և 2002թ. հուլիսի 25-ի N 1392 որոշումներում:

Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 17-ի N 1833-Ա որոշման մեջ, գործադիրը «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ի ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել է ՀՀ պաշտպանության նախարարությանը` ընկերության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 2 մլն 700 հազար 298 դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` 1 մլն 880 հազար 796 դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին` 155 հազար 965 դրամ, աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին` 591 հազար 737 դրամ ու ավիաօդերևութաբանական տեղեկատվության և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ՓԲԸ-ին` 71 հազար 800 դրամ գումարների փոխհատուցման համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 20 մլն 11.808 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնվող անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու համար:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի հրամանագրով սահմանված կարգին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ` նախարարության հատուկ պարգևների սահմանման և շնորհման հարցերը կանոնակարգելու նպատակով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ, որի համաձայն հետ է վերցվել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը (բացառությամբ որոշման հավելվածում նշված շենքերի` Երևանի Ս. Տարոնցու 5, Մամիկոնյանց 62, Կոմիտասի 49/4, Կիևյան 6 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի, Գրիբոյեդովի 1-ին նրբ. 11-րդ շենքի, դրանցում բնակվող փախստականներին սեփականաշնորհված բնակելի տարածությունների): Որոշման ընդունումը նպատակ ունի կարգավորելու նաև հիշյալ շենքերի համապատասխան տարածքները տեղաբնակներին սեփականաշնորհելու գործընթացը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշման մեջ, ըստ որի աճուրդներին մասնակցության համար նախավճարը սահմանվում է ոչ թե մասնակցի կողմից հայտ ներկայացրած լոտի մեկնարկային գնի, այլ տվյալ աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի 5 տոկոսի չափով:

Կառավարությունը որոշումներ է ընդունել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ալափարսի, Արմավիրի մարզի Ակնաշենի, Լոռու մարզի Լոռի Բերդի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի, Գեղամավանի, Լոռու մարզի Լերմոնտովոյի, Կաթնառատի, Սյունիքի մարզի Խոտի, Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:

Նիստում կառավարությունը որոշել է նաև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, 2008թ. սեպտեմբերի 1-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ: Որոշումն ընդունվել է` 2008թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների միջև Երևանում կայանալիք խաղին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին ներկա գտնվելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ