Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 օգոստոսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը: Որոշմամբ հաստատվել են նաև հարկային վարչարարության ռազմավարության ծրագրից բխող գործողությունները և ռազմավարության ծրագրից բխող` արտաքին ռեսուրսներ ենթադրող գործողությունները: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի «ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագիրը հաստատելու մասին» N 696-Ն որոշումը: Փաստաթղթի մշակման նպատակն է ունենալ հարկային վարչարարության զարգացման միջնաժամկետ ռազմավարական ծրագիր, որը համահունչ կլինի տնտեսության զարգացումներին և ՀՀ կառավարության կողմից հարկային համակարգում իրականացվող բարեփոխումներին: Ռազմավարական ծրագրի կազմման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2008-2011թթ. գործունեության ծրագիրը, 2007թ. մայիսի 24-ի N 696-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագիրը, միջազգային և ՀՀ վերջին տարիների առաջավոր փորձը: Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում արդիականացված և ժամանակակից պահանջները բավարարող հարկային վարչարարության իրականացմանը:

Այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Շահութահարկի մասին», «Պարզեցված հարկի մասին», «Եկամուտների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթներին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Նիստում հարկային և ՓՄՁ ոլորտում իրականացվող բարեփոխումների տրամաբանությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև հիշյալ ոլորտներին վերաբերող ՀՀ կառավարության մի շարք որոշումներում:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Կարևորելով ներկայացված օրենսդրական փաթեթների ընդունումը, ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Մենք 3 ամիս է այս հարցերը մանրակրկիտ քննարկում ենք` հանրապետության նախագահի մոտ խորհրդակցություններ եղան, կառավարությունում են եղել խորհրդակցություններ, հանդիպումներ են եղել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այսինքն, սրանք այն փաստաթղթերն են, որ մենք մանրակրկիտ ներկայացրել ենք հանրության ուշադրությանը, ինչպես նաև բիզնես հանրության ուշադրությանը: Մանրակրկիտ քննարկվել է, կա փոխադարձ ըմբռնում, կա նաև համաձայնություն համատեղ ջանքերով այս ամենը ի կատար ածելու: Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում, այս փաթեթի տրամաբանությունը ներկայացվել է և իսկապես կարևորագույն կետերից մեկն այն է, որ հիմնական թիրախային խումբը խոշոր բիզնեսն է լինելու: Փոքր և միջին բիզնեսի համար ստեղծվելու է փափուկ վարչարարության միջավայր և այս ռազմավարությունը մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք, մեր բոլորի ջանքերը պետք է ներդրվեն այս լրջագույն ռեֆորմի իրականացման գործում: Առևտրային կենտրոնների, տոնավաճառների ոլորտում հարկային բարեփոխումների թիրախը խոշոր բիզնեսն է: Ամբողջ փաթեթի տրամաբանությունն այն է, որ բեռը դրվելու է խոշոր բիզնեսի վրա` առևտրի կենտրոնների կազմակերպիչների վրա: Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նրանց հետ: Սա չափազանց կարևոր թեզ է, որպեսզի տասնյակ հազարավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք օգտվում են կազմակերպված առևտրի սրահներից, իմանան, որ իրենք նույնպես պահանջելու են այս կանոնների ապահովումը առևտրի սրահների, առևտրի կենտրոնների սեփականատերերից կամ կազմակերպիչներից, այդ բիզնեսի համար պատասխանատուներից: Այս փաստաթղթերը մեզ համար ունեն սկզբունքային նշանակություն: Չափազանց լուրջ քաղաքական, տնտեսական, սոցիալական բովանդակություն ունեցող փաթեթներ են սրանք: Վերջիվերջո, եթե մենք չենք կարողանում առևտրի ոլորտից ստանալ մանրամասն տեղեկատվություն ռեալ շրջանառության վերաբերյալ, մենք չենք կարողանալու պայքարել ստվերային տնտեսության դեմ, չենք կարողանալու ավելացնել հարկերը, իսկ դա նշանակում է, որ չենք կարողանալու բարձրացնել թոշակները, աշխատավարձերը, սոցիալական նպաստները: Սրանք փոխկապակցված խնդիրներ են: Մենք պետք է ստանանք հասարակության աջակցությունը, որպեսզի այս գործընթացում ունենանք հաջողություն: Մեր պարտքն է ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել հասարակությանը մեր կողմից արվող քայլերի վերաբերյալ: Երբևիցե այդպիսի մանրակրկիտ հարկային բարեփոխումներ չեն ներկայացվել հանրությանը: Միջոցառումները մանրակրկիտ նկարագրված են ձեզ բաժանված փաստաթղթերում, կան ֆիքսված պատասխանատուները և ժամկետները, որ մենք այդ միջոցառումները համատեղ պետք է կարողանանք իրականացնել»:

Մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված օրինագծերի ընդունման կապակցությամբ, ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին և մաքսային պետական կոմիտեի նախագահին` մոտակա շաբաթների ընթացքում մանրակրկիտ պարզաբանումներ տալ առաջին հերթին հարկ վճարողներին, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նոր ռեժիմի կիրառմանը: «Չնայած որ մենք համատեղ աշխատել ենք բավականին երկար, բայց, կարծում եմ, դա դեռ բավարար չէ, որպեսզի հազարավոր սուբյեկտներ հստակ պատկերացնեն, թե իրենց բիզնեսի հետ կապված հաշվետվություններում, հարաբերություններում հարկային-մաքսային մարմինների հետ ինչ փոփոխություններ պետք է կատարվեն: Պետք է սեմինարներ, հեռուստատեսությամբ կլոր սեղաններ անցկացնենք, հրավիրենք նրանց ներկայացուցիչներին, որպեսզի մանրակրկիտ բացատրվի և հասկանալի լինի փոփոխությունների տրամաբանությունը, որովհետև մենք հաջողություն կարող ենք ունենալ, եթե նրանց կողմից լինի ըմբռնում, որ իրականում սա իրենց համար ենք անում, հեշտացնում ենք և պարզեցնում ենք նրանց հարաբերությունները հարկային և մաքսային մարմինների հետ: Նրանք դա պետք է անպայման գիտակցեն, պատրաստ լինեն, որպեսզի այս գործը հաջողվի», - ասել է ՀՀ վարչապետը:

Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 17-ի «Ոռոգման նպատակով 2008թ. Սևանա լճից ջրառի մասին» N 373-Ա որոշման մեջ, գործադիրը որոշել է ջրառի նախկինում հաստատված ջրաքանակն ավելացնել 40 մլն խոր. մետրով` մինչև ս.թ. օգոստոսի 25-ը սահմանելով 240 մլն խմ: Որոշման ընդունումը հիմնականում պայմանավորված է 2008թ. ոռոգման շրջանի ընթացքում արձանագրված աննախադեպ բնակլիմայական պայմաններով, Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ, ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծերով առաջարկվում է` հաշվի առնելով առկա և կանխատեսվող պայմանները` 2008թ. գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով, Սևանա լճից ջրառի առավելագույն քանակը սահմանել 360 մլն խմ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է նաև նշված ՀՀ օրենքի նախագիծը համարել անհետաձգելի:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին` 2008թ. օգոստոսի 19-ին, ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով: Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է և արտակարգ, այսինքն` իր մեջ պարունակում է լուրջ ռիսկեր: Առաջին հերթին` Արարատյան դաշտավայրի 240 հազար գյուղատնտեսական տնտեսությունների համար, և եթե մենք այս աննախադեպ և արտակարգ իրավիճակում վճռական քայլեր չգործադրենք, ապա կունենանք լրջագույն պրոբլեմներ»:

Նիստում կառավարությունը հաստատել է Գյումրու Տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2008թ. ծրագիրը, ինչպես նաև ծրագրի միջոցառումների ցանկը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման համապատասխան: Նշվել է, որ ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունը և սահմանված ռազմավարական գերակայությունները: Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռնվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին` փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների ստեղծման ճանապարհով, նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները: Նկատի ունենալով Գյումրի քաղաքի տնտեսության զարգացման դրական միտումները` ծրագրով նպատակ է հետապնդվում նախադրյալներ ստեղծել Գյումրիի, իսկ հետագայում նաև Շիրակի մարզի տնտեսական վերելքին օժանդակող ենթակառույցների ձևավորման համար: Տեխնոպարկի հիմնական նպատակներից են նաև` աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ստեղծմանը և զարգացմանը Գյումրիում, տեխնոպարկի ներքո ինովացիոն համակարգի ձևավորումը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է` մարզում նոր աշխատատեղերի ստեղծում, բնակչության արտահոսքի կրճատում ու ներհոսքի խթանում (ինչպես երկրից դուրս, այնպես էլ մարզից մայրաքաղաք): Ծրագրի իրականացումը կնպաստի նաև ՀՀ-ում կայուն տնտեսական զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, աղքատության հաղթահարմանը:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 138 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Նույն որոշմամբ, 2008թ. պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից Երևանի քաղաքապետարանի կողմից ապահովվող 5 մլրդ 793 մլն 283.1 հազար դրամ մուտքերի հաշվին նախատեսվում է իրականացնել մեկ տասնյակից ավելի շինարարական, նախագծային և այլ աշխատանքներ, այդ թվում` Հերացի փողոցից Աբովյան փողոցով դեպի Աբովյան պուրակ աջ շրջադարձային ուղու, Հերացի փողոցի վրա ևս մեկ վերգետնյա անցումի կառուցման, Շինարարների փողոցի N 6 վթարային շենքի 1-3 մուտքերի վերականգնման-ամրացման աշխատանքներն ավարտին հասցնելու, ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 25-ի N 683 որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու, «Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշարձանի մասնաշենքը բռնադատվածների հուշարձանի վերակառուցման, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման ծրագրից բխող միջոցառումների շրջանակներում, ՀՀ 2008թ. պետական բյուջեով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված մի շարք այլ աշխատանքներ:

Հիմք ընդունելով ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կնքված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի վարկային համաձայնագրի` առանց ԾԻԳ-ի ներգրավման իրականացման առանձնահատկությունը, գործադիրը սահմանել է, որ ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգով» նախատեսված` ծրագրի համակարգման գործառույթները վերապահվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Որոշմամբ ստեղծվել է ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդ` խորհրդի կազմում ընդգրկելով ՀՀ ֆինանսների, բնապահպանության նախարարությունների, տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի, հասարակական կազմակերպության և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը: Սահմանվել է, որ վարկային համաձայնագրով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` որպես ծրագրի գործադիր գործակալության, և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` որպես ծրագրի իրականացման գործակալության վրա դրված խնդիրների իրականացման նպատակով, անհատական խորհրդատուների ներգրավմամբ ստեղծվում են համապատասխանաբար` ծրագրի համակարգող միավոր և ծրագրի կառավարման գրասենյակ, որոնց ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին: Որոշմամբ հաստատվել է նաև Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրով նախատեսված ծրագրի համակարգող միավորի (ԾՀՄ) պահպանման ծախսերի վարկային միջոցներից ֆինանսավորման կանոնակարգը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև անձանց հետ ընդունելու մասին», «ՀՀ կառավարության և Իսլանդիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 1 մլն 772.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` 2008թ. առաջին եռամսյակի ընթացքում` որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացված` մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 72 հազար 398.6 դրամ է հատկացվել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի շրջանակներում տրամադրված բնակարանների գնման վկայագրերի միջոցով մինչև ծրագրի ավարտը` 2008թ. հունիսի 28-ը, ձեռք բերված բնակարանների (բնակելի տների) համար կնքված առուվաճառքի պայմանագրերի համաձայն վճարումների կատարումն ապահովելու նպատակով:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 22-ի N 200-Ն որոշման մեջ` ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի N 585-Ա որոշմամբ նախատեսված միջոցների սահմաններում Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման համաձայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2007թ. ֆինանսական արդյունքներով հաշվարկված 1 մլրդ 232 մլն 186 հազար դրամ շահութաբաժնի գումարի չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին` հիշյալ գումարն ուղղել ՀՀ էներգահամակարգում իրականացվող զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Նիստում կառավարությունը որոշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում ստեղծել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, որը գործելու է ԼՂՀ օրենքներին համապատասխան: Որոշումն ընդունվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ԼՂՀ կառավարության առաջարկը:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի «ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է մաքսային մարմիններում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արմավիրի մարզի Ջրարբիի գյուղական համայնքի ղեկավար Մ. Սարգսյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի հիմքով, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 431 հազար 585.85 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին Ջրարբիի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ