երկուշաբթի, 28 հուլիսի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի հարցերի շարքում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, նախորդ նիստում մի շարք հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` արբանյակային ալեհավաքների տեղադրմանը խոչընդոտող հանգամանքների վերացման առաջարկները, ազատ օպտիկական մալուխների նպատակային տրամադրման կարգը: Խորհուրդը քննարկել է նաև հայերեն-անգլերեն երկկողմանի թարգմանչական ծրագրային փաթեթին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը, լսել` 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «ՏՏ տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տեղեկատվությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ներկայացված` ՏՏ ոլորտին առնչվող հարկային օրենսդրության վերաբերյալ որոշ խնդիրներ:
Օրակարգի հարցերից խորհուրդը հավանություն է տվել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգին, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հայեցակարգի իրականացման համակարգումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Նշվել է, որ հայեցակարգը մշակվել է ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 3-ի N ՆԿ-113-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետների հետ: Հայեցակարգի հիմնական նպատակն է` ամրագրել ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի` Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման և Տեղեկատվական հասարակության կայացման տեսլականն ու նպատակները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներն ու իրականացման փուլերը: ՏՏ ոլորտի զարգացման տեսլականն է` կայացած տեղեկատվական հասարակություն` ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլ-ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ, ինչպես նաև զարգացած և համաշխարհային ճանաչում ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ` մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ և ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով:
Արբանյակային ալեհավաքների տեղադրմանը խոչընդոտող հանգամանքների վերացման առաջարկի վերաբերյալ նշվել է, որ նախորդ նիստի հանձնարարականի արդյունքում խնդիրը քննարկվել է ոլորտի շահառուների հետ, ուսումնասիրվել է գործող օրենսդրությունն ու միջազգային փորձը, որից հետո մշակվել է առաջարկությունների փաթեթ` ՀՀ-ում արբանյակային կապի ամրակցված կայանների ներկրման, ռադիոհաճախականությունների տրամադրման և օգտագործման գործընթացի պարզեցման ուղղությամբ:
Օրակարգի մեկ այլ` ազատ օպտիկական մալուխների նպատակային տրամադրման կարգի վերաբերյալ հարցի կապակցությամբ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչը խորհրդի անդամներին ներկայացրել է հյուսիս-կենտրոն օպտիկա-մանրաթելային մալուխի մասին տեղեկատվություն: Նշվել է, որ մալուխի գործարկման վիճակի, ծանրաբեռնվածության, համապատասխան հզորությամբ և արագությամբ ինտերնետ կապի մասին տեղեկատվությունը մասնավոր հատվածի մոտ որոշակի հարցադրումներ և թերահավատություն է առաջացնում: Առաջարկվել է ՀԲ-ի տեխնիկական աջակցությամբ և լավագույն մասնագետների ներգրավմամբ, իրականացնել անկախ տեխնիկական և իրավական աուդիտ, ինչը կօգնի այս հարցում ճիշտ որոշումներ կայացնելուն և ոլորտում մրցունակությունը բարելավելուն:
Հայերեն-անգլերեն երկկողմանի թարգմանչական ծրագրային փաթեթին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը խորհրդում ակտիվ քննարկելուց և տարբեր տեսակետներ ու առաջարկություններ լսելուց հետո, որոշվել է հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում` վերջնական մոտեցումը ձևակերպելով առաջարկվող ապրանքի հանրային անհրաժեշտության հստակ գնահատականը, այլընտրանքային առաջարկների հնարավորությունը և մի շարք այլ հարցեր քննարկելուց հետո:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո 2008թ. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումների մասին խորհրդին զեկուցվել է, որ հոկտեմբերի 3-5-ը նախատեսվում է անցկացնել «Դիջիթեք 2008» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, հոկտեմբերի 4-5-ը` «Արմթեք 2008» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի Գլոբալ համաժողով, հոկտեմբերի 21-24-ը` ՄԱԿ-ի «Երիտասարդությունը և ՏՀՏ-ն» տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիայի գլոբալ ֆորում, սեպտեմբեր-հոկտեմբերին` էլեկտրոնային բովանդակության 3-րդ համահայկական մրցույթ, իսկ սեպտեմբերի 29-հոկտեմբերի 2-ը` «Սինոփսիսի շաբաթ»: Ծրագրի համաձայն հոկտեմբերի առաջին շաբաթը կանցկացվի ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի հետ համատեղ «Ներդրումային կոնֆերանս», սեպտեմբեր-հոկտեմբերին` ծրագրավորման բաց մրցույթ, հոկտեմբերին` National Instruments տարածաշրջանային համաժողով, հոկտեմբերին Մայքրոսոֆթ - «Երևակայության գավաթ» մրցույթի 2008-2009 մեկնարկ, հոկտեմբերի առաջին շաբաթը` Սան Մայկրոսիստեմս Մշակումների և տեստավորման լաբորատորիայի և Սան Տեխնոլոգիաների 3 ուսումնական լաբորատորիաների պաշտոնական բացում, սեպտեմբեր-հոկտեմբերին` տեսողության խանգարումներով երեխաների թիվ 14 դպրոցի սաների միջև համակարգչային հմտությունների և «Տեսողության հաշմանդամներն ընդդեմ համակարգչի» մրցույթները: Առաջարկվել է միջոցառումների ցանկը համալրել նաև ինֆորմատիկայի գծով օլիմպիադայի անցկացմամբ, որն ընդունվել է:
ՏՏ ոլորտի հետ կապված հարկային օրենսդրության հարցերը վերաբերել են ոչ առևտրային կազմակերպություններին հիմնական միջոցների նվիրատվությանը և կրթական ծրագրերի իրականացմանը: Որոշվել է հաջորդ նիստին այդ հարցերի քննարկմանը հրավիրել նաև ՀՀ ԿԱ հարկային ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին` նրանց տեսակետները ևս լսելու և համակողմանի քննարկումից հետո միայն որոշում կայացնելու համար: