չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն Հայաստանի տարածքում գործող ինտերնետ մատակարարների, այդ ոլորտում մասնագիտացված ընկերությունների և կառավարության պատասխանատուների մասնակցութամբ։ Խորհրդակցությունը նպատակ ուներ հոկտեմբերի 21-ին վարչապետի հրավիրած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստից առաջ քննարկել Հայաստանում ինտերնետի հետ կապված խնդիրները, լսել մասնագետների կարծիքը, դժգոհությունները, դրանց հիմնավորումները և իրավիճակից դուրս գալու առաջարկները։ Խնդիրները, որ բարձրացվել են ինտերնետ մատակարարների կողմից, հիմնականում վերաբերել են ինտերնետի վատ որակին, ԱրմենՏելի կամայական մոտեցումներին, ծառայություններ մատուցող ընկերությունների հետ նրա քմահաճ աշխատանքին, որի պատճառով, ըստ մատակարարների, ոլորտում բազմաթիվ խնդիրներ են առաջանում և այլն։
Հոկտեմբերի 21-ին բոլոր այդ հարցերը բազմակողմանի կքննարկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամների կողմից — ուղիներ կփնտրվեն իրավիճակի շտկման համար։