երկուշաբթի, 15 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը լսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության 2000 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Նախարար Էդուարդ Ղազարյանը նշել է, որ տարվա ընթացքում նախարարության գործունեությունն ուղղված է եղել ՀՀ կրթության համակարգի պահպանմանն ու զարգացման նախադրյալների ստեղծմանը, գիտության զարգացման հայեցակարգային հիմնադրույթների մշակմանը: ԱԺ-ի հետ համագործակցության արդյունքում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել 1999 թ. մայիսին ընդունված «Կրթության մասին» օրենքում և այլ օրենքների՝ կրթությանն առնչվող հոդվածներում: Մասանավորապես, «Կրթության մասին» օրենքում 2000 թ. կատարվել է յոթ փոփոխություն: Օրենքում համալիր փոփոխություններ մտցնելու նպատակով, նախարարությունը նախատեսել է այս տարվա 2-րդ կիսամյակում ԱԺ ներկայացնել «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշմամբ հաստատված ցանկի «Կրթություն և գիտություն» հատվածում 2000 թ. համար նախատեսված 12 միջոցառումներից 9-ը կատարվել է, կրթությանը վերաբերող մեկ միջոցառման կատարման ժամկետը առաջարկվել է երկարաձգել մինչև 2001 թ. փետրվարը, իսկ գիտությանը վերաբերող երկու միջոցառումներից մեկը առաջարկվել է հանել, մյուսի կատարման ժամկետը, ՀՀ կառավարության որոշմամբ, երկարաձգված է մինչև 2001 թ. հուլիս՝ կապված «իտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի կիրարկման հետ:
Մշակվել է «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը, որի իրագործումը 2001-2005 թթ. ընթացքում կապահովի կրթության առաջանցիկ զարգացումը:
Մարզային կրթական համակարգերի զարգացման հիմնախնդիրները նախարարությունը քննարկել է հանրապետության 4 մարզերում (Կոտայք, Շիրակ, Սյունիք, եղարքունիք) և Լեռնային Ղարաբաղում կազմակերպված արտագնա խորհրդակցությունների ընթացքում:
Մի շարք մարզերում, Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ, ստեղծվել են ուսուցիչների վերապատրաստման կենտրոններ: Դրանք արդեն գործում են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Եկեղեցու հետ համատեղ մշակվել է հոգևոր դաստիարակության հայեցակարգ, որը քննարկման փուլում է: Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված 204 և բարելավման ծրագրերի մրցույթում հաղթած 280 դպրոցների աշխարհագրությունը ներառել է բոլոր մարզերը: Նշված դպրոցները վերածվել են մարզային կրթական կենտրոնների: Միաժամանակ, քննարկման մասնակիցներն ընդգծել են տարածքային, տեղական կառավարման մարմինների և նախարարության փոխգործակցության բարելավման անհրաժեշտությունը: Նշվել է, որ մասնավորապես, կանոնակարգման կարիք ունի մարզային դպրոցների կրթական և կազմակերպական յուրաքանչյուր խնդիր նախարարության հետ համաձայնեցնելու հարցը, որի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման նախարար Հ.Աբրահամյանին՝ քննարկել և մինչև հունվարի վերջը կառավարություն ներկայացնել կանոնակարգման ծրագիրը:
2000 թ. նախարարությունն իրականացրել է նաև Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը, որի համար Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ստեղծվել է «Սփյուռք» գիտահետազոտական կենտրոն: Ավարտվել է Սփյուռքի կրթօջախների քարտեզագրման առաջին փուլը, որով ամբողջացվել են ԱՊՀ երկրներում գործող հայկական բոլոր՝ 217 միջնակարգ դպրոցների և Սփյուռքի 180 լիօրյա վարժարաններից շուրջ 100-ի տվյալներն ու կրթական կարիքները: Սփյուռքի դպրոցներին և մշակութային միություններին է առաքվել շուրջ 3500 օրինակ դասագիրք:
Միաժամանակ աշխատանքներ են տարվել Սփյուռքի միջոցները ՀՀ կրթության համակարգ ներգրավելու ուղղությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի «Հայ կրթական հիմնարկության» և նախարարության համագործակցությամբ, նորոգվել է 30 դպրոցական շենք և մշակվում է նմանօրինակ մեկ այլ ծրագիր: Ըստ Էդ. Ղազարյանի, հաշվետու տարում նախարարության ուշադրության կենտրոնում են եղել նաև ԱՊՀ անդամ-երկրների հետ միասնական կրթական տարածքի ստեղծման, ԱՊՀ և արտասահմանյան այլ երկրների հետ միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում կրթական և գիտական ծրագրերի մշակման աշխատանքները:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցի հիմնախնդիրներին, նախարարը, մասնավորապես, կարևորել է անցումը 11-ամյա ուսուցմանը, որն ապահովելու նպատակով, մշակվել է միջոցառումների որոշակի ծրագիր: Նա նշել է դպրոցների լաբորատոր բազայի ստեղծման հետ կապված դժվարությունները: Չնայած հաջողվել է 40 դպրոց ապահովել քիմիայի և ֆիզիկայի համապատասխան լաբորատորիաներով, խնդիրը մնում է չլուծված: Ըստ Էդ.Ղազարյանի, մեր երկիրն ունի ինժեներների, գիտական կադրերի մեծ ներուժ և կարող է դառնալ ամբողջ տարածաշրջանում լաբորատոր սարքավորումների արտադրման կենտրոն, մանավանդ որ հարևան պետություններում այդ ամենը պարզապես բացակայում է: Հարցի կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է առանց ժամանակ կորցնելու զբաղվել այդ հիմնախնդիրների քննությամբ և լուծումների որոնմամբ: Առաջարկվածը, ըստ վարչապետի, բիզնեսի ոլորտում է, իսկ կառավարությունն անպայման կաջակցի ձեռներեցությանը՝ վարկերի, դրամաշնորհների հայթայթմամբ և իրացման շուկաների որոնմամբ, պետպատվերների տրամադրմամբ:
իտական ոլորտի հիմնախնդիրների քննարկման ժամանակ նշվել է, որ իտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ նախարարության մշակած «ՀՀ կրթության զարգացման հայեցակարգի» նախագիծը կողմնորոշված է դեպի բնակչության կարիքների բավարարումը՝ կիրառական ճյուղերի և ուղղությունների առաջնահերթ զարգացմանը: Ամենամեծ հիմնախնդիրը, սակայն, մնում է գիտության ֆինանսավորումը: Վերջին տարիներին մտցված թեմատիկ ծրագրերի ֆինանսավորման տարեկան ժամկետն ավարտվում է ապրիլին և այսօր արդեն հրատապ է նոր ծրագրերի համար բյուջեով նախատեսված 2,7 մլն դրամի ճիշտ բաշխման և տնօրինման խնդիրը: Նախարարության կոմից հարց է բարձրացվել այդ ֆինանսական միջոցների օգտագործման լիազորված պետական մարմնի ճշգրտման վերաբերյալ, քանի որ «իտության մասին» նոր օրենքը տեղ է թողնում տարընթերցումների համար: Պարզաբանելով, որ նախկին օրենքով գիտության և կրթության նախարարությանը վերապահված լիազորությունը չի փոխվել, վարչապետը հանձնարարեց նախարարությանը շարունակել իրագործել իր վրա դրված պարտականությունները:
Դպրոցաշինության բնագավառում կարևոր խնդիրներից է դպրոցների վերանորոգումը, որն իրագործվում է 4 վարկային ֆինանսական աղբյուրների հաշվին: Արդեն կա վերանորոգման կարիք ունեցող դպրոցների քարտեզը: Առաջնահերթ հարցն այստեղ 2001 թ. կատարելիք աշխատանքների արդյունավետության ապահովումն է, ֆինանսական միջոցների ճիշտ տեղաբաշխումը, որի համար վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման նախարարին՝ խնդիրը քննարկել ֆինանսների, գիտության և կրթության նախարարների հետ և ներկայացնել կոնկրետ առաջարկներ:
Բուհական կրթության ոլորտում կարևորագույն հիմնախնդիր է համարվել ուսուցվող մասնագիտությունների օպտիմիզացիայի խնդիրը: Հարցի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել շուկան, առաջարկն ու պահանջարկը և նախարար Էդ. Ղազարյանին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել համապատասխան տեղեկանք: Վարչապետը հանձնարարել է արագացնել բուհերի մասնագիտությունների օպտիմիզացիայի հարցի մշակումը՝ փետրվարին կառավարությունում քննարկելու, իսկ մարտին ԱԺ ներկայացնելու համար:
Քննարկման մասնակիցները նշել են նաև բուհերի տարածքները վարձակալման տալու և դրանցից ստացվող եկամուտների տնօրինման խնդիրը: Այս հարցում ևս վարչապետը կարևորել է պետական բուհերի այդ կարգի տարածքները արդյունավետ տնօրինելու, պետական գույքի կառավարման նախարարությանը հանձնելու, դրանց նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը:
Քննարկման մասնակիցները ընդգծել են նաև կրթական համակարգում դեռևս գոյություն ունեցող 33 պրոֆտեխուսումնարանների պահպանման նպատակահարմարությունը: Նշվել է, որ նախնական մասնագիտական ուսուցման խնդիրը հաջողությամբ կարող են լուծել նաև հիմնարկներն ու ձեռնարկությունները՝ իրենց կարիքներին համապատասխան սեփական կադրեր աճեցնելու ճանապարհով:
Լուրջ հիմնախնդիր է համարվել միջնակարգ կրթական համակարգում անցումը վճարովի ուսուցման: Նշվել է, որ հաշվետու տարում ավելի քան 3,5 մլն դոլարի ռեպետիտորական չհարկվող գումարների փաստը վկայում է, որ հասարակության մեջ արդեն ձևավորվել է մի խավ, որն ի վիճակի է ապահովել վճարովի ուսուցումը նաև միջնակարգ կրթական համակարգում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ չնայած ներկայացված հիմնախնդիրներին, նախարարն ու նախարարությունը հիմնականում կատարել է իրենց առջև դրված խնդիրները, արագորեն արձագանքել ընթացքում ծագող հարցերին: Ըստ այդմ, վարչապետը 2000 թ. նախարարության կատարած աշխատանքը գնահատել է բավարար: