Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հուլիսի 2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ ներկայացվել են տարածաշրջանային նշանակության առողջապահական թվով 8 կենտրոնների ստեղծման ծրագրերը: Առաջարկվող այդ կենտրոնների թվում նշվել են` տարածքային ուռուցքաբանական կենտրոնը, տարածաշրջանային ռեաբիլիտացիոն (վերականգնողական) բժշկական կենտրոնը, ականջի խխունջային իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնը, ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի և ցողունային բջիջների փոխպատվաստման տարածաշրջանային կենտրոնը, տարածաշրջանային սրտանոթային վիրաբուժության կենտրոնը, անպտղության ախտորոշման ու բուժման, վիրահատական (էնդոսկոպիկ) ռեպրոդուկտոլոգիայի տարածաշրջանային կենտրոնը, տարածաշրջանային ստոմատոլոգիական կենտրոնը և Ջերմուկի տարածաշրջանային ռեաբիլիտացիոն-առողջարանային կենտրոնը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, առողջապահության նախարարը, ԱԺ պատգամավորներ, այդ թվում` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ ԳԱԱ նախագահը, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, առողջապահության ոլորտի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորը, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավարներ, առողջապահական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ջերմուկի քաղաքապետը:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին` հրավերն ընդունելու և քննարկմանը շահագրգիռ մասնակցություն ունենալու պատրաստակամության համար, նշելով.

«Հարգելի գործընկերներ, մենք նախապես տեղյակ էինք պահել ձեզ այն մասին, որ մշակվում է առողջապահական համակարգի զարգացման մի հայեցակարգ, որը բավականին հավակնոտ է: Եվ որպեսզի այդ հավակնոտ հայեցակարգը դառանա իրականություն, անհրաժեշտ է ձեր բոլորի մասնակցությունը և աջակցությունը: Այդ մասնակցությունը մենք տեսնում ենք, որպես ձեր անմիջական մասնակցություն այս նախագծի իրականացմանը: Իսկ դա նշանակում է, որ դուք պետք է մասնակցեք առաջին հերթին նախագծի մշակմանը, քննարկումներին, մինչև, որ այն վերջնական տեսքի բերվի: Դուք ձեզ պետք է զգաք այս նախագծի սեփականատեր, որովհետև անմիջական ձեր մասնակցությամբ այն պետք է մշակվի, լրամշակվի և հասցվի տրամաբանական ավարտին, որից հետո, նախագիծը պետք է արժանանա հավանության և առաջին հերթին, բնականաբար, մեր առողջապահության նախարարության, կառավարության կողմից: Դրանից հետո նաև ազգային մրցունակության խորհրդում համարձակություն կունենանք այն ներկայացնել մեր գործընկերներին: Մտադիր ենք նաև այս հայեցակարգը ապագայում ձեր հավանությունը ստանալուց հետո, ներկայացնել հայ բժիշկների միջազգային ասոցիացիային, որն ունի համահայկական նախագծեր քննարկելու լավ ավանդույթներ` նպատակ ունենալով այս նախագիծը դարձնել համահայկական և մեր հայրենակիցների առավելագույն ներգրավվածություն ապահովել առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Սա մեր տեսլականն է: Ինչպե՞ս ենք մենք աշխատելու ձեզ հետ և ինչպե՞ս ենք ծրագրավորում իրականացնել առողջապահական կենտրոն դարձնելու մեր գաղափարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նախապես գրավոր ձևով ներկայացրել էինք այս նախագիծը բոլորիդ, դուք հնարավորություն ունեիք ծանոթանալու փաստաթղթին, հուսով եմ, որ եկել եք ձեր դիտողություններով և առաջարկություններով, ինչը մեր քննարկումը կդարձնի ավելի արդյունավետ և առարկայական»:

Այնուհետ վարչապետը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ կառավարությունը նախատեսում է մոտակա երեք տարիներին կտրուկ ավելացնել առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ինչն արդեն քննարկվել և դրական լուծում է ստացել միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Տիգրան Սարգսյանը, միաժամանակ, չափազանց կարևորել է առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և մակարդակի էական բարելավումն ու բարձրացումը: Խոսելով տարածաշրջանային նշանակության թվով 8 առողջապահական կենտրոնների ստեղծման մասին, վարչապետն ընդգծել է դրանց հարաբերական մրցակցային առավելությունների կարևորությունը, ինչը գրավիչ կդարձնի այդ կենտրոնները նաև օտարերկրյա ներդրողների համար` նկատի առնելով, որ պետական միջոցներից բացի, նախատեսվում է ներգրավվել նաև մասնավոր ներդրումներ: Վարչապետն առաջարկել է քննարկման թեմա դարձնել, որքանո՞վ ճիշտ են ընտրված նշված ուղղությունները, որտեղ հնարավոր է բեկումնային նախագծեր իրականացնել:

Քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը նշել է, որ ներկայացվող ծրագրերը հասանելի են բոլորին` տեղակայված են առողջապահության նախարարության կայքում: Դրանք նախապես դրվել են շրջանառության մեջ և, ըստ նախարարի, արդեն իսկ ստացվել են բազմաթիվ կարծիքներ` հիմնականում դրական, կան առաջարկություններ և դիտողություններ, որոնց հիման վրա կատարվել են ուղղումներ և լրամշակումներ: Այնուհետ ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրագործման գրասենյակի ղեկավար Ս. Խաչատրյանը ներկայացրել է վերոհիշյալ 8 կենտրոնների ստեղծման ծրագրերը, նշելով, որ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ ընդունված ծրագրով նախատեսված է մշակել տարածաշրջանի համար հատուկ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղություններով` Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու ռազմավարություն և դրան նպաստող միջոցառումների ծրագիր: Այս ծրագրից ելնելով, 2008թ. մայիսի 4-ին հանրապետության վարչապետի կողմից առողջապահության նախարարին հանձնարարվել էր` ստեղծել աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում մշակել առողջապահական համազգային նախագծի հայեցակարգը, այն քննարկելով ոլորտի մասնագետների ու շահագրգիռ ՀԿ-ների հետ: Աշխատանքային խումբը, ըստ զեկուցողի, դիմել է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, առողջապահական հիմնարկներին` խնդրելով ներկայացնել առաջարկներ, որոնց հիմքում դրվել է տարածաշրջանային առողջապահական կենտրոնների ստեղծման հետևյալ նպատակները. աջակցել ազգային առողջապահության և բժշկական գիտության զարգացմանը, նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներթափանցմանը բժշկական ծառայությունների իրականացման ոլորտ, ծավալել համագործակցություն սփյուռքի և միջազգային համապատասխան մասնագիտական կառույցների հետ և սպասարկել Հայաստանի ու արտերկրի բնակիչներին` ձեռք բերելով տարածաշրջանային նշանակություն:

Խորհրդակցության մասնակիցները, ողջունելով առողջապահության ոլորտի նկատմամբ կառավարության նման ուշադրությունը, համատեղ շահագրգիռ քննարկումները և կարևորելով ցուցաբերվող նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց տեսակետները, առաջարկություններն ու դիտողությունները:

Ամփոփելով քննարկումը, վարչապետը հավաստիացրել է մասնակիցներին, որ հնչած բոլոր դիտողություններն ու առաջարկությունները լրացուցիչ կուսումնասիրվեն և տեղեկացրել է, որ ներկայացված նախագծերը անցնելու են լրջագույն փորձաքննություն` միջազգային լավագույն փորձագետների ներգրավմամբ, որի արդյունքներն օգտակար կլինեն նաև ճիշտ պատկերացնելու, թե ՀՀ առողջապահության ոլորտը զարգացման ի՞նչ փուլում է գտնվում և ի՞նչ հնարավորություններ ունի հավակնոտ այդ ծրագրերի իրականացման համար: Տիգրան Սարգսյանը խոստացել է ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել խորհրդակցության բոլոր մասնակիցներին` քննարկված նախագծերի վերաբերյալ հետագա տեղեկություններն ամբողջությամբ հրապարակելով առողջապահության նախարարության կայքում և ակնկալելով ընթացիկ այդ նյութերի վերաբերյալ ևս մասնակիցներից ստանալ կարծիքներ ու առաջարկություններ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ