չորեքշաբթի, 25 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հունիսի 25-27-ը ՀՀ կառավարության շենքի նիստերի դահլիճում անցկացվող` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Երիտասարդական միջոցառումների կենտրոնի կողմից կազմակերպված «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով երիտասարդական համաժողովի բացմանը: Ըստ կազմակերպիչների, համաժողովի նպատակն է` բարձրացնել երիտասարդական հասարակական դաշտի մասին տեղեկացվածությունը, խթանել երիտասարդական ՀԿ-պետություն, ՀԿ-միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ների միջև կապերը և համագործակցությունը, վեր հանել երիտասարդությանն առնչվող արդիական խնդիրները և քննարկել դրանց լուծման եղանակները:
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը խոսել է մեր երկրի ապագայի կերտման գործում երիտասարդների դերի մասին: Վարչապետը, մասնավորապես, ասել է.
«Ինչպիսի՞ն է լինելու մեր երկրի ապագան: Եթե մենք ուզում ենք այս հարցի պատասխանը տալ այսօր, ապա պետք է աշխատենք ձեզ հետ: Մեր երկրի ապագան լինելու է այնպիսին, ինչպիսին դուք` այսօրվա երիտասարդներդ, պատկերացնում եք այն: Ինչպիսի՞ արժեքներ, որ կան ձեզանում, այդպիսին էլ լինելու է վաղվա Հայաստանը: Եվ շփվելով, աշխատելով ձեզ հետ, մենք ավելի հստակ պատկերացումներ կունենանք ապագայի մասին: Այդ առումով, կարծում եմ, այս հավաքը կառավարության համար կարող է լինել չափազանց կարևոր, որովհետև բացառիկ հնարավորություն է լինելու լսել ձեզ, ձեր պատկերացումները երիտասարդական քաղաքականության մասին, ձեր սպասելիքները կառավարությունից և ձեր ուղերձը կառավարությանը` ի՞նչ անելիքներ մենք ունենք երիտասարդության շրջանակներում, որո՞նք են մեր բացթողումները, մեր թույլ և ուժեղ կողմերը: Եթե լինի այսպիսի երկխոսություն, բնականաբար, մենք կարող ենք օժանդակել ձեզ, որպեսզի վաղը ունենանք ձեր երազած Հայաստանը: Այստեղ տաղավարներից մեկում մի գեղեցիկ աղջնակ ինձ ասաց, թե ձեր առաքելությունը կայանում է նրանում, որ ոչ ոք իրավունք չունի արգելելու, որ դուք երազեք: Կարծում եմ, այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի դուք կիսվեք մեզ հետ ձեր երազանքներով, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա խիստ օգտակար կլինի առաջին հերթին մեզ համար` իմանալ, թե մեր երիտասարդներն ինչի՞ մասին են երազում այսօր: Ցանկանում եմ այս միջոցառմանը հաջողություն և հավաստիացնում եմ ձեզ, որ մենք խիստ շահագրգռված ենք, որպեսզի նմանատիպ միջոցառումները լինեն հաջողված: Բարի երթ»: