Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հունիսի 2008


Այսօր ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ, այցելել են Երևանի Կոմիտասի անվան պանթեոն, այնուհետ մեկնել Շիրակի մարզ` Գյումրի, որտեղ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ: Նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ Տիգրան Սարգսյանն այցելել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցի: Մինչ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հրավիրված նիստը սկսելը, վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Եվրոպայի առաջնության ծանրամարտի գյումրեցի չեմպիոններին` նշանակալից հաղթանակի համար: Գյումրու քաղաքապետը քաղաքապետարանի կողմից «Գազ-031» ավտոմեքենաներով պարգևատրել է չեմպիոններ` Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին, Տիգրան Գևորգի Մարտիրոսյանին, Մելինե Դալուզյանին, Նազիկ Ավդալյանին և Արա Խաչատրյանին:


Այնուհետ, մինչև օրակարգին անցնելը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է արտագնա նիստի հրավիրման նպատակին և քննարկվելիք հարցերին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ասել է.


«Այսօր մեզ համար պատմական օր է, որովհետև ՀՀ կառավարությունն ամբողջական կազմով առաջին անգամ արտագնա նիստ է անցկացնում: Այսուհետև հիմք ենք դնում մի նոր ավանդույթի` եռամսյակը մեկ մեր նիստերն անցկացնելու ենք մարզերում: Դրա համար արդեն իսկ մշակված է մեթոդաբանություն, թե ինչպե՞ս են արտագնա նիստերը կազմակերպվում և անցկացվում: Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի ճյուղային գերատեսչություները նախապատրաստեն իրենց օրակարգն այնպես, որ բացահայտեն մարզերում կուտակված խնդիրները, անելիքները և հեռանկարային ծրագրերը: Ըստ էության` արտագնա նիստերի անցկացման մշակված մեթոդաբանությունը հենց այդ տրամաբանությամբ էլ կառուցված է: Պատահական չի ընտրված հատկապես Գյումրին և Շիրակի մարզը` որպես առաջին արտագնա նիստի անցկացման վայր, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ կուտակված խնդիրները բազմազան են, անելիքները` շատ: Նիստի նախապատրաստման ժամանակ մենք բացահայտել ենք այն հիմնարար խնդիրները, որոնք պետք է լուծենք մարզում և, ըստ էության, օրակարգը ներառում է այնպիսի հարցեր, որոնք տալու են կուտակված հիմնախնդիրների արմատական լուծումներ: Թիվ մեկ խնդիրը, որ իրենք` մարզի բնակիչները, արձանագրում են` աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունն է, ընդ որում` այս պահանջը, որ ներկայացնում են ե՛ւ գյումրեցիները, ե՛ւ մարզի բնակիչները, մի քանի անգամ գերազանցում է մնացած այլ պահանջները: Այսինքն` գործազրկության խնդիրը և աշխատատեղերով ապահովման խնդիրը թիվ մեկ առաջնահերթությունն է մարզում: Ամեն երկրորդ ընտանիք մարզում` ունի արտագնա աշխատողներ: Այդ ցուցանիշով մարզը մի քանի անգամ գերազանցում է մեր մնացած բոլոր մարզերին, և հասկանալի է, որ արտագնա աշխատանքների շնորհիվ հնարավորություն է եղել գոյատևել այս դժվար տարիների ընթացքում: Եվ եթե մենք կարողանանք ապահովել նոր աշխատատեղերի ստեղծում մարզում, ապա այստեղ էապես կբարելավվի նաև բարոյահոգեբանական մթնոլորտը: Հետաքրքրական է, որ մարզի բնակիչները, որպես զարգացման ռեսուրս, տեսնում են կրթությունը և մշակույթը, և այս ցանկությամբ մարզի բնակիչները գերազանցում են մեր մնացած բոլոր մարզերի ցուցանիշները: Այսինքն` դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գյումրին ունի մշակութային ավանդույթներ, և հետաքրքրական է, որ սոցիոլոգիական հարցումները բացահայտում են, որ գյումրեցիների մոտ ձգտումը դեպի կրթություն և գիտելիք ավելի բարձր է, քան այլ մարզերում: Իրենց հաջողության գրավականը գյումրեցիները համարում են կրթություն ստանալը, ինչը, բնականաբար, մեզ շատ բան է հուշում ծրագրեր մշակելու և իրականացնելու առումով: Կարծում եմ` այն նպատակը, որ ամրագրված է կառավարության ծրագրում` մարզերի և տարածքների համաչափ զարգացումը, եթե մենք խրախուսենք մշակույթի և կրթության ծրագրերի իրականացումը մարզում հանգեցնելու է նրան, որ Գյումրին դառնա մշակութային և կրթական կենտրոն տարածաշրջանում: Հաշվի առնելով սպորտային հաջողությունները, որ կան մարզում, առաջնահերթություններից մեկը լինելու է նաև Գյումրին սպորտի կենտրոն դարձնելը Հայաստանում»:


Անցնելով օրակարգի հարցերին, գործադիրը հավանություն է տվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին և հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրին: Որոշումն ընդունվել է 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի և ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրին համապատասխան: Հայեցակարգի նպատակը նախկինում ընդունված որոշումների համաձայն իրականացված բնակարանային ապահովման ծրագրերի վերականգնողական աշխատանքների վերլուծության արդյունքներով պետական քաղաքականության սկզբունքների ձևավորումն է` ուղղված երկրաշարժից 20 տարի անց դեռևս անօթևանի կարգավիճակում գտնվող անձանց բնակարանային խնդիրների լուծմանը մինչև 2013թ.: Հայեցակարգը հիմք է հանդիսանում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման համար: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետներին` ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը` սույն որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի դրույթների համաձայն:


Հիմք ընդունելով ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի կողմից մշակված նախագիծը, կառավարությունը հաստատել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը: Սոցիալական, քաղաքաշինական, կրթական, մշակութային և այլ ոլորտներին վերաբերող շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ ընդգրկող ծրագրով նախատեսվում է իրականացնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառում և նրանց բնակարանային ապահովման ծրագրերի մշակում, ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերում անօթևան մնացած մի քանի տասնյակ ընտանիքների բնակարանային ապահովում, կրթօջախների հիմնանորոգում և կառուցում, համայնքային կենտրոնների մշակույթի տների և բուժհաստատությունների, ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ենթակառուցվածքների հիմնանորոգում և վերականգնում, աղետի գոտու սոցիալապես անապահով անձանց համար առաջնահերթ և անվճար բուժօգնության կազմակերպում, մշակութային, այդ թվում` թատերական, երաժշտական, գրական փառատոների, նկարչական ցուցահանդեսների կազմակերպում, փաստավավերագրական ֆիլմերի ստեղծում և այլն: Ծրագրի համաձայն, 2008թ. դեկտեմբերի 7-ին Երևանում, Էջմիածնում և հանրապետության բոլոր մարզկենտրոնների եկեղեցիներում Սուրբ պատարագ կմատուցվի անմեղ զոհերի հիշատակին:


Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 500 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 47, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 30, Ստեփանավան քաղաքի 11 և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի 13 անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցությամբ բնակարանային խնդիրները լուծելու նպատակով:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Շիրակի մարզի առողջապահության համակարգի 2008-2012թթ. զարգացման հայեցակարգին: Փաստաթղթի գլխավոր նպատակն է` կանխորոշել մարզի առողջապահության համակարգի զարգացման գերակայություններն ու այն ռազմավարական ուղղությունները, որոնք առավելագույնս կնպաստեն մարզի բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության որակի և մատչելիության աճին` հատկապես սոցիալապես անապահով խավերի համար: Ըստ հայեցակարգի, առողջապահության բնագավառում առաջնահերթ են համարվում առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավումը քաղաքային և գյուղական վայրերում, հիվանդանոցային համակարգի օպտիմալացումն ու արդիականացումը, բուժհիմնարկների կառավարման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև դրանց շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության բարելավումը: Մեկ այլ որոշմամբ ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 13 մլն 200 հազար դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին` Գյումրու «Ընտանեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի վեց մասնաշենքի ջեռուցման համակարգի ստեղծման նպատակով: Եվս 19 մլն դրամ է հատկացվել ՀՀ Շիրակի մարզպետարանին` Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքի բարեկարգման և շինվերանորոգման աշխատանքների կազմակերպման համար: Վարչապետն ընդգծել է, որ հիշյալ որոշումների արդյունքում 2012թ. Շիրակի մարզը կունենա որակապես բարելավված առողջապահական համակարգ:


Գործադիրն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը: Փաստաթղթի նպատակն է` հանրապետության պարենային հաշվեկշռում շաքարի տեղական արտադրության ավելացման համար ճակնդեղագործության վերականգնման ծրագրային դրույթների մշակումը: Հայեցակարգի հիմնական խնդիրներն են` ՀՀ մարզերում ճակնդեղագործության զարգացման հնարավորությունների բացահայտումը, հանրապետությունում ճակնդեղագործության զարգացման հիմնական ուղղությունների, անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցի սահմանումը, ճակնդեղագործության զարգացումից ակնկալվող արդյունքների գնահատումը: Նշվել է, որ հայեցակարգը հիմք կծառայի ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման պետական աջակցության ծրագրի նախագծի մշակման համար:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը` որպես հանրապետական մարզական կենտրոն» ծրագրին: Ծրագիրը նպատակ ունի նպաստել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, բնակչության առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և ակտիվ հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստմանը, օլիմպիական շարժման զարգացմանը, սպորտի բնագավառում միջազգային կառույցներին ինտեգրմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հանձնարարվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին,ՀՀ Շիրակի մարզպետին` յուրաքանչյուր տարվա արդյունքների հիման վրա, մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը` որպես հանրապետական մարզական կենտրոն» ծրագրի իրականացման գործընթացի մասին: Հանձնարարվել է նաև ՀՀ քաղաքաշինության, ֆինանսների, առողջապահության նախարարներին, ՀՀ Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին` համակողմանիորեն օժանդակել և աջակցել «Գյումրի քաղաքը` որպես հանրապետական մարզական կենտրոն» ծրագրի իրականացմանը:


Ելնելով Գյումրի քաղաքի ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման և քաղաքաշինական վերականգնման խնդիրների լուծման անհրաժեշտությունից, կառավարությունը հաստատել է Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման ու զարգացման (Կումայրի) ծրագրի գերակա ուղղությունները: 2008-2012թթ. ընթացքում Գյումրիում իրականացվելիք ծրագրի առաջնահերթ գերակա ուղղություններ են համարվել` Կումայրի պատմական կենտրոնի վերազարգացումը (ռեաբիլիտացիան), անավարտ շենքերի շինարարությունը և հարակից տարածքների բարեկարգումը, երկրաշարժից քանդված շենքերի և դրանց հարող տարածքների մաքրումը, այդ թվում` «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժման և նույն տեղում մարզային գրադարանի ու Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի կառուցումը, Գյումրի քաղաքում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի ստեղծումը, տնակային թաղամասերի վերացումը և այլն: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` ծրագրի մշակման և իրագործման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ծրագրին առնչվող քաղաքաշինական, մշակութային հողօգտագործման, տնտեսական զարգացման և այլ խնդիրների համակարգված լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ վարչապետին ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը: Նախարարին հանձնարարվել է նաև հիշյալ հանձնաժողովում քննարկել և մինչև 2008թ. դեկտեմբերի 15-ը սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրի քաղաքի ճարտարապետական ու պատմամշակութային միջավայրի պահպանման և քաղաքաշինական վերականգնման ծրագիրը, ինչպես նաև, ծրագրի մշակման շրջանակներում, ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Գյումրիում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման, գործունեության կարգի, կառուցապատման ռեժիմների, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Գյումրիի գլխավոր հատակագծով ամրագրված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի իրավական կարգավիճակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունները: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` ՀՀ մշակույթի նախարարի և ՀՀ Շիրակի մարզպետի հետ համատեղ, օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել Գյումրի քաղաքի մի շարք օբյեկտների նախագծային փաստաթղթերի կազմման վերաբերյալ` դրանց կատարումը պետական բյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության օբյեկտների ցանկում ներառելու համար: Որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 6 մլն 10 հազար դրամ` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված աշխատանքային խմբերի միջոցով գույքագրման, հաշվառման և ծրագրի մշակման համար անհրաժեշտ այլ ելակետային նյութերի հավաքագրման աշխատանքները կազմակերպելու, 1 մլն դրամ` 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին շինարարական նոր տեխնոլոգիաների խրախուսման նպատակով նախագծային առաջարկների մրցույթ կազմակերպելու, ևս 500-հազարական դրամ` նախագծային առաջարկների մրցութային ֆոնդի ձևավորման և մրցույթի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացման համար: ՀՀ նախարարներին, մարզպետներին, պետական կառավարման այլ մարմիններին հանձնարարվել, իսկ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է ապահովել իրենց կանոնադրական խնդիրների շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը` հիշյալ ծրագրի խնդիրներին առնչվող մասով:


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին: Այն մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների և բնակչության եկամուտների տարբերությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:


Նիստում հավանություն է տրվել Գյումրու Տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2008թ. ծրագրին ևս: Ծրագրի նպատակն է` խթանել Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ստեղծումն ու զարգացումը, ՏՏ մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը, բարձրացնել ձեռներեցության մակարդակը, աջակցել գիտահետազոտական լաբորատորիաների և նոր ձեռնարկությունների ստեղծմանը, ինչպես նաև Գյումրի քաղաքում և, ընդհանրապես, Շիրակի մարզում զարգացման նախադրյալներ ունեցող այլ ոլորտներում ՏՏ գործիքների և լուծումների կիրառմանը` դրանց մրցունակությունը բարձրացնելու նպատակով:


Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 15 մլն 725.7 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` աղետի գոտու բնակավայրերում անավարտ շինարարության բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության, 10 մլն դրամ` ՀՀ Շիրակի մարզի Առափի գյուղի սողանքային տարածքում նախագծահետազոտական աշխատանքներ և տների տեխնիկական վիճակի հետազոտություններ իրականացնելու նպատակով: Եվս 125 մլն դրամ է հատկացվել ՀՀ Շիրակի մարզպետարանին` Գյումրիի քաղաքապետարանի նոր վարչական շենքի շինարարության ավարտական աշխատանքների ֆինանսավորման համար:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը: ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 100 մլն դրամ է հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագծի իրականացման նպատակով: Վարչապետը նշված նախագիծը չափազանց կարևորել է մարզի բնակչության համար` այն համարելով բացառիկ հնարավորություն և նշել է, որ որոշումը նպատակ ունի ցածր տոկոսադրույքներով վարկային ռեսուրսները մատչելի դարձնել մարզի բնակչությանը: Շիրակի մարզում այս նախագծի հաջողության դեպքում, ՀՀ կառավարության ղեկավարի հավաստմամբ, այն կտեղափոխվի նաև հանրապետության այլ մարզեր:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 37 մլն դրամ է հատկացվել ՀՀ Շիրակի մարզպետարանին` Արթիկի քաղաքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման և նույն շենքի հիմնանորոգման նպատակով Արթիկի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:


Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ Շիրակի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումների տրամադրման կարգը: Փաստաթղթով կանոնակարգվում է բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում համայնքի բյուջեի ֆոնդային մասից վարչական մաս վերադարձելիության և ժամկետայնության սկզբունքով, առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով, ֆինանսական միջոցների ուղղման գործընթացը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև աշխարհագրական տեղանունների (ծագման վայրերի տեղանունների) փոխճանաչման և պահպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Այլ որոշումներով կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների մասին, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի համայնքների զարգացման եռամյա ծրագրերի իրականացման և համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզպետի ներկայացրած հաշվետվությունները:


Նիստում գործադիրը սահմանել է, որ Սևանա լճի բնապահպանական վարկային ծրագրով կառուցված օբյեկտների շահագործման և պահպանման ծախսերի իրականացումն ապահովելու է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Ի գիտություն է ընդունվել, որ 2010թ.-ից սկսած կիրառվող սակագների անբավարարության մակարդակի հետևանքով հիշյալ ընկերության կողմից ենթավարկի սպասարկման անհնարինության դեպքում, ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ենթավարկի պարտավորությունների կատարումը: Որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007թ. ապրիլի 26-ին ստորագրված վարկային համաձայնագիրը (Սևանա լճի բնապահպանական ծրագիր), ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության համար Սևանա լճի ռազմավարական նշանակությունը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել որոշմամբ նախատեսված սկզբունքներով ՀՀ ֆինանսների նախարարության և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև ենթավարկային պայմանագրի կնքումը:


Այլ որոշումներով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ֆինանսական միջոցներ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին. այդ թվում` 175 մլն դրամ` Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ փողոցի շարունակությունը կազմող Գյումրի-Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1,4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 100 մլն դրամ` Ամասիա և Աշոցք գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հիշյալ գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար, 150 մլն դրամ` Սառնաղբյուր-Մ1-Մարալիկ մարզային նշանակության ավտոճանապարհի Մ1-Ձորակապ-Մարալիկ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների և դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 38 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը` Գյումրու քաղաքային լողավազանի օդափոխության համակարգերի արդիականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին պետական աջակցություն տրամադրելու համար: Հանձնարարվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին` հատկացված գումարը հիմնադրամին սահմանված կարգով տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Եվս 4 մլն դրամ է հատկացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` Անի կայարան և Անիպեմզա համայնքների ջրամատակարարման բարելավման աշխատանքների կազմակերպման նպատակով: Մեկ այլ որոշմամբ 2008թ. իր պահուստային ֆոնդից գործադիրը 120 մլն դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին` Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար, ևս 200 մլն դրամ ՀՀ մշակույթի նախարարությանը` Գյումրի քաղաքի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:


Նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի պահանջներից և նպատակ ունի օրենքով սահմանել ՀՀ կառավարության կառուցվածքը: Օրինագծով ՀՀ կառավարության կառուցվածքում ընդգրկվել են հետևյալ նախարարությունները`


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


Առողջապահության նախարարություն


Արդարադատության նախարարություն


Արտակարգ իրավիճակների նախարարություն


Արտաքին գործերի նախարարություն


Բնապահպանության նախարարություն


Գյուղատնտեսության նախարարություն


Էկոնոմիկայի նախարարություն


Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն


Կրթության և գիտության նախարարություն


Մշակույթի նախարարություն


Պաշտպանության նախարարություն


Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն


Սփյուռքի հարցերի նախարարություն


Տարածքային կառավարման նախարարություն


Տրանսպորտի և կապի նախարարություն


Քաղաքաշինության նախարարություն


Ֆինանսների նախարարություն:


Օրենքն ուժի մեջ կմտնի 2008թ. հուլիսի 1-ից: Սփյուռքի հարցերի նախարարությունը, ըստ փաստաթղթի, ՀՀ կառավարության կառուցվածքում կընդգրկվի 2008թ. հոկտեմբերի 1-ից:


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 88.1-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագիրը, կառավարությունը որոշել է Վարդգես Հովակիմյանին նշանակել ՀՀ Արարատի մարզպետ: Մինչ նշանակումը Վարդգես Հովակիմյանն աշխատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմում` որպես «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` իր տնօրինության Վանաձոր քաղաքի Մաշտոցի 1 հասցեում գտնվող 5264,74 քմ. մակերեսով 42 մլն 366 հազար դրամ գնահատված արժեքով «Վանաձորի հյուրանոց» անավարտ շինարարության օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սամվել Գրիգորյանին: Սահմանվել է, որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1423 հա հողատարածքը` կադաստրային արժեքով: Որոշմամբ թույլատրվել է նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Գյուլբեկյան 29 հասցեի շենքի նկուղային հարկից 40,5 քմ. մակերեսով և 204 հազար 957 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով և շենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ գույքի մակերեսին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրիի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:


Նիստի օրակարգի հարցերի քննարկումն ավարտելուց հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփել է արտագնա նիստը: ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է.


«Այսօրվա մեր նիստը իսկապես պատմական էր, և ոչ միայն այն պատճառով, որ առաջինն էր, այլ այն որոշումներով, որ մենք ձեզ հետ միասին ընդունեցինք: Մենք ընդունեցինք մասշտաբային, լրջագույն որոշումներ, որոնք էապես խթանելու են մարզի զարգացումը: Խոսքը շուրջ 90 մլրդ դրամի ծրագրերի իրականացման մասին է: 77 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ պետք է ծավալվեն մոտակա տարիների ընթացքում: Եվ մենք հայտարարում ենք, որ այդ աշխատանքների շնորհիվ ամբողջովին կլուծվի մեր անօթևան քաղաքացիների խնդիրը: Այսինքն` հայտարարում ենք, որ պետությունն ամբողջությամբ պատասխանատու է շուրջ 7 հազար ընտանիքների բնակարանային ապահովման համար: Մենք այս խնդիրը լուծելու ենք ձեզ հետ միասին, մոտակա տարիների ընթացքում: Սա նշանակում է, որ 2009թ.-ից լայն ծավալով շինարարական աշխատանքներ են կատարվելու մարզում, 50-ից ավելի բազմաբնակարան շենքեր են կառուցվելու: Միայն Գյումրի քաղաքում պետք է առնվազն 3 հազար բնակարան հանձնենք շահագործման: Սա այն խնդիրն է, որն ընկած էր հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի, ինչպես նաև կոալիցիոն կառավարության ծրագրի հիմքում, բխում է այն պարտավորություններից, որ նորակազմ կառավարությունը ստանձնել է, և մենք, ձեզ հետ միասին, չորս տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծենք այն: Միևնույն ժամանակ, մենք ներկայացրել ենք բավականին հավակնոտ ծրագրեր: Դուք լսեցիք առողջապահության նախարարի զեկույցը, ով ներկայացրեց համալիր մոտեցումներ, թե ինչպիսի՞ն է լինելու առողջապահական ոլորտը: Գյուղատնտեսության ոլորտում ևս լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, արդյունաբերության ոլորտում նորամուծությունների կիրառման դաշտը լինելու է ե՛ւ տեխնոպարկի գաղափարը, ե՛ւ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, օդանավակայանի հարակից տարածքներում կստեղծվի նոր միջավայր: Դրան ավելացնենք նաև այն բազմաթիվ որոշումները, որ այսօր ընդունեցինք` ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ գյուղական խնդիրների լուծման, ե՛ւ երկրաշարժի քսանամյակին նվիրված միջոցառումների իրականացման առումով: Բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված, և մենք, ձեզ հետ միասին, որոշեցինք ֆինանսավորել այդ ամենը` այս տարվա բյուջեի պահուստային միջոցների հաշվին: Կարծում եմ, որ այս բոլոր միջոցառումների իրականացումը մարզում կստեղծի որակապես նոր միջավայր: Մենք չպետք է բավարարվենք միայն մեր այսօրվա արտագնա նիստով: Այս ամիսների ընթացքում պարբերաբար նախարարներն այցելելու են Գյումրի և մարզային իշխանությունների, բոլոր շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկելու են, թե ի՞նչ ընթացք են ստանալու այսօրվա որոշումները: Մասնավորապես, կարծում եմ, որ մենք առանձին մի մեծ քննարկում պետք է կազմակերպենք առողջապահական ծրագրերի վերաբերյալ, և այդ ծրագրի քննարկմանն անհրաժեշտ կլինի հրավիրել ոչ միայն մարզային համայնքի ղեկավարներին, այլև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ավելի առարկայական պատկերացում կազմեն այն լուրջ ծրագրերի վերաբերյալ, որ մենք այստեղ իրականացնում ենք: Երկրորդ այցելությունը կկազմակերպի պարոն Երիցյանը` ներկայացնելով այն գաղափարները, որոնք այսօր հնչեցին այստեղ, որպեսզի հանրությունը, մասնավոր հատվածն առավել ևս, հնարավորություն ունենա մասնակից լինել դրանց քննարկումներին և իրականացմանը, ինչպես նաև ներկայացնելով հարցեր և մոտեցումներ, թե ինչպե՞ս կարելի է այս գաղափարներն իրականացնել: Մեր մյուս գերատեսչությունների ղեկավարները նույնպես պետք է հետևեն, որ այդ ծրագրերը դառնան իրականություն: Մեր հարցումները ցույց են տալիս, որ մարզի բնակիչները կարիք ունեն, որ նման այցելությունները լինեն պարբերական և հետևողական, և մենք այդ պահանջը պետք է բավարարենք: Այսօր ես հայտարարում եմ, որ նախարարների այցելությունները մարզ լինելու են պարբերական, և մենք խստագույնս հետևելու ենք, որպեսզի եռամսյակային կտրվածքներով մեր ծրագրերն իրականանան: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցեցին մեր այս արտագնա նիստին և ովքեր կազմակերպեցին այս նիստը»:


 


 


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ