ուրբաթ, 6 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ադրբեջանահայ փախստականների շահերը ներկայացնող «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի անդամ կազմակերպությունների և ցանցին առընթեր գործող Փախստականների պատվիրակների խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև փախստականների խնդիրներին քաջատեղյակ և այդ խնդիրներով ակտիվ զբաղվող Արման Մելիքյանը:
Վարչապետի հետ հանդիպման նախաձեռնության նպատակը, ըստ փախստականների պատվիրակների խորհրդի անդամների, ՀՀ կառավարության ղեկավարին իրենց խնդիրները ներկայացնելուց բացի, փախստականների հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետական տարաբնույթ ծրագրերի նախապատրաստման և իրականացման գործընթացում ցանցի անդամ կազմակերպությունների և խորհրդի հնարավոր մասնակցության հարցի քննարկումն է: «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը, որ հիմնադրվել է Երևանում 2006թ., միավորել է փախստականների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին, համադրելու համար նրանց ջանքերը` Ադրբեջանի իշխանությունների և քրեական տարրերի գործողությունների արդյունքում ադրբեջանահայության կրած նյութական և բարոյական վնասների փոխհատուցման հարցում Ադրբեջանի նկատմամբ ունեցած պահանջները լավագույնս ներկայացնելու նպատակով: Իսկ Հայաստանում բնակվող ադրբեջանահայ փախստականների սոցիալական, տնտեսական, կրթական և բազմաթիվ այլ խնդիրների լուծմամբ զբաղվելու նպատակով ստեղծվել է Փախստականների պատվիրակների խորհուրդը:
Լսելով փախստականների պատվիրակների խորհրդի անդամների առաջարկները և նրանց կողմից ներկայացված խնդիրները, որոնք ներառում են միջազգային իրավունքի դաշտում փախստականների իրավունքների պաշտպանության գործում պետության ակտիվ դերակատարման ստանձնման հարցից մինչև Հայաստանում բնակվող ադրբեջանահայ փախստականների զբաղվածության, կրթության, սոցիալական ապահովության խնդիրները, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր ծրագրերում հնարավորինս հաշվի կառնի և օրակարգային հարց կդարձնի ներկայացված խնդիրների լուծումը: Վարչապետը, միաժամանակ, հանդիպման մասնակիցներին ներկայացրել է սոցիալական ու տնտեսական այն խնդիրները, որ այսօր դեռևս ծառացած են մեր պետության առջև, և կառավարության ծրագրում աղքատության հաղթահարումը, աղետի գոտու անօթևանների խնդրի լուծումն ու նմանատիպ կարևորագույն այլ խնդիրներն առաջնահերթություն են համարվում:
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի անդամ կազմակերպությունները և Փախստականների պատվիրակների խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին` ընդունելության և իրենց խնդիրներին համակարգված լուծումներ գտնելու, այդ կազմակերպությունների ներուժը պետական ծրագրերի մշակման ժամանակ հաշվի առնելու պատրաստակամության համար: