Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հունիսի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նիստի սկզբում վարչապետը ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է նորանշանակ նախարարներ Սպարտակ Սեյրանյանին, Արամայիս Գրիգորյանին և Արսեն Համբարձումյանին, ինչպես նաև ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Գագիկ Խաչատրյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` մաղթելով նրանց հաջողություններ և բեղմնավոր աշխատանք: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև կառավարության ընթացիկ աշխատանքին վերաբերող մի քանի հարցերի: Վարչապետը, մասնավորապես, ասել է.


«Մենք ունենք խնդիր կատարողականների հետ կապված: Հանձնարարականները, որոնք տրվում են նախարարություններին, ժամանակին չեն կատարվում և խնդրում եմ, որպեսզի հանձնարարեք ձեր համապատասխան ստորաբաժանումներին` դրանց կատարումը չթողնել վերջին օրվան, այլապես այդ ժամանակ պարզվում է, որ կան լուրջ խնդիրներ: Հետո միջնորդություններ են լինում, որ ժամկետները երկարաձգվեն: Եթե հանձնարարականը տալու պահից հետո, մեկ շաբաթվա ընթացքում պարզվում է, որ այն իր մեջ բարդություններ է պարունակում և լրացուցիչ քննարկումների խնդիրներ կան, պետք է անհապաղ դիմել ժամկետները փոփոխելու վերաբերյալ: Հակառակ դեպքում, մյուս գերատեսչությունները, որոնք սպասում են այդ որոշումներին, չեն կարողանում իրենց աշխատանքներն արդյունավետ պլանավորել և կազմակերպել:


Հաջորդ խնդիրը` մեր էլեկտրոնային կայքերի խնդիրն է, որոնց վիճակը կտրուկ բարելավվել է և օգտվողների քանակը նույնպես շատացել է: Ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ 6 նախարարություններ որոշումների նախագծերը նախօրոք չեն տեղադրում իրենց կայքերում: Այսինքն` նախագծերը կայքերում պետք է հայտնվեն ոչ թե կառավարության օրակարգ մտնելուց հետո, այլ նախապես, որպեսզի դուք հնարավորություն ունենաք կարծիքներ, դիտողություններ, առաջարկություններ հավաքագրել այդ նախագծերի վերաբերյալ և հասարակական կազմակերպություններին ու մեր քաղաքացիներին մասնակից դարձնել դրանց մշակմանն ու իրականացմանը: Բացի դրանից, կարծում եմ, նպատակահարմար է, որ հենց դո՛ւք հանդես գաք նախաձեռնությամբ և հրավիրեք հասարակական կազմակերպություններին ձեր գերատեսչություններ` նրանց ուշադրությունը հրավիրելու այն նախագծերի վրա, որ տարվա ընթացքում պետք է իրականացնեք և որոնք ներառված են ձեր ծրագրերում, որպեսզի ի սկզբանե երկխոսություն լինի նրանց հետ: Սա չափազանց կարևոր գործառույթ է մեզ համար և խնդրում եմ, որ դրա վրա ուշադրություն դարձնեք և դո՛ւք լինեք նախաձեռնողները:


Հաջորդը` համահայկական ծրագրերի քննարկման խնդիրն է: Ժամկետները, որ տրված էին նախարարություններին, արդեն լրացել են և մյուս շաբաթվանից մենք սկսելու ենք այդ նախագծերի քննարկումը: Ընդ որում` քննարկմանը մասնակից ենք դարձնելու նաև ՀԿ-ներին ու բոլոր շահագրգիռ և կարող ուժերին: Դրանք զբոսաշրջության և գործարարության միջավայրի ծրագրերն են, որի պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, առողջապահության ծրագիրը` որի պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարարն է, ֆինանսական կենտրոնի ծրագիրը` որի պատասխանատուն ՀՀ ֆինանսների նախարարն է և կրթական կենտրոնի ծրագիրը, որի պատասխանատուն պետք է լինի նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Հաջորդ շաբաթ խնդրում եմ պատրաստ լինեք այդ հայեցակարգերի քննարկումներին, որոնք տեղի կունենան սկզբում վարչապետի մոտ, հետո կդրվեն հանրային քննարկման:


Եվ վերջին խնդիրը, որի մասին մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել` վերաբերում է մի քանի ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի` բոլոր գերատեսչություններին տված հանձնարարականին, որպեսզի ներկայացվեն մասնավոր հատվածին վերաբերող ծրագրերը: Այսինքն` ձեր ոլորտում ինչպիսի՞ մասնավոր ծրագրեր կան, որոնք պետք է իրականացվեն, և որտե՞ղ պետք է լինի նաև մեր աջակցությունը: Ես ուզում եմ, որ ևս մեկ անգամ այդ հանձնարարականն արձանագրվի, և ըստ ոլորտների բոլոր այդ ծրագրերը դարձնենք քննարկման առարկա: Խնդրում եմ բոլոր նախարարներին` մեկ ամսվա ընթացքում գույքագրման ենթարկել իրենց ոլորտը` ինչպիսի՞ մասնավոր նախաձեռնություններ կան, ինչպիսի՞ ներդրումային ծրագրերի անհրաժեշտություն կա, ինչպիսի՞ ներուժ ունենք մասնավոր հատվածի զարգացման համար: Մեր նման երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե նախաձեռնությունն իր վրա չի վերցնում կառավարությունը, ապա ներդրումների իրականացումը դանդաղում է: Դրա համար, խնդրում եմ ներկայացնել պոտենցիալ մասնավոր հատվածի զարգացման նախագծեր, որտեղ մենք պետք է լինենք նախաձեռնող, աջակցող, մասնավոր հատվածի ուշադրությունը հրավիրող, որպեսզի ներդրումները գան ձեր կողմից կարգավորվող ոլորտներ:


Մեր կառավարության թիվ մեկ խնդիրը` տնտեսական աճի ապահովումն է: Տնտեսական աճ կարող ենք ապահովել միայն մասնավոր բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելով և ներդրումների խրախուսմամբ: Մեկ ամիս հետո մենք բոլորիդ կներկայացնենք, թե մեր նախարարներն ինչպիսի՞ ներուժ են տեսնում իրենց ոլորտներում, և դրանք կներկայացնենք նախարարական կոմիտեների քննարկմանը»:


Օրակարգում ընդգրկված հարցերից կառավարությունը հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքների նախագծերի, ինչպես նաև դրանցից բխող մի շարք ՀՀ օրենքներում լրացում կամ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Աժ: «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ֆինանսական միջնորդության ավելացումը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է` նաև նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննության իրականացման միջոցով, իսկ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքը նպատակ ունի սահմանելու բանկերի կողմից ավանդների ներգրավման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոններ:


Ընդգծելով հիշյալ օրենքների ինչպես նաև դրանց մասին հանրությանը պատշաճ իրազեկման կարևորությունը, վարչապետը նշել է, որ այդ օրենքներն ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը, նրանց համար ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ, որպեսզի կարողանան իրենց իրավունքներից օգտվել: Տիգրան Սարգսյանն առաջարկել է ՀՀ բանկերի միությանը ևս մասնակից դառնալ իրազեկման գործընթացին: «Սա չափազանց կարևոր օրինագծերի փաթեթ է, որը շուկայական տնտեսության համար բարենպաստ միջավայր է ստեղծում, այն, ինչը, ցավոք, մենք այսօր չունենք, և այսպիսի օրենքները, բնականաբար, կտրուկ ավելացնելու են հասարակության վստահությունը մեր ֆինանսական ինստիտուտների նկատմամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:


Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Համայնքային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:


Կառավարությունը հավանություն է տվել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի 2008-2012թթ. գործունեության բարելավման միջոցառումների ծրագրին և 2008-2012թթ. ֆինանսական հոսքերի կանխատեսումներին: Ծրագիրը հիմնված է ՀՀ վարչապետի 2007թ. նոյեմբերի 16-ի N797-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքների վրա և նպատակաուղղված է բարելավելու ընկերության գործունեությունը, հիմքեր ստեղծելու ծրագրային ամբողջ ժամանակահատվածում հետագա զարգացման և ցանցի ընդլայնման համար: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների նախարարի հետ, կապիտալ (նորոգման) ծախսերի կատարման ուսումնասիրությունների հիման վրա յուրաքանչյուր տարի ճշգրտել ընկերության ծրագրում և ֆինանսական հոսքերի կանխատեսումներում ներառված (նորոգումների) կապիտալ ներդրումների ծավալները և առաջնահերթությունները, որոնք ուղղված կլինեն ուղևորափոխադրման անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, հիմնական միջոցների վերականգնմանն ու վերարտադրությանը, համակարգի բարելավմանը և շահագործման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև խնայողական տեխնոլոգիաների ներդրմանը: Հանձնարարվել է նաև` ելնելով ծրագրի փաստացի կատարման ընթացքից, համակարգի շահագործման համար անհրաժեշտ նորմատիվային ծախսերից և այլ գործոններից, անհրաժեշտության դեպքում, առաջարկել փոփոխություններ ծրագրին կից 2008-2012թթ. ֆինանսական հոսքերի կանխատեսումներում` դրանք համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների նախարարության հետ:


Նիստում գործադիրը հաստատել է «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ-ում կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի տեղակայման, դրանց` գազատարների հետ և ծխաօդատար համակարգին միացումներին ներկայացվող պահանջների կանոնակարգման անհրաժեշտությունը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 6 ամիս հետո:


«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին է ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարությունը` նրան վերապահելով նաև հիշյալ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունները: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 4-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազորություններ վերապահելու մասին» N149 որոշումը:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի «Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N2313-Ն որոշման մեջ, որոնք նպատակաուղղված են հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող պահանջների հստակեցմանը և դրանց` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցմանը:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ տեխնիկական կանոնակարգերի մշակման 2008թ. ծրագիրը, ինչպես նաև ՀՀ ստանդարտացման 2008թ. ծրագիրը: Տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագրում ընդգրկված են 6 տեխնիկական կանոնակարգեր, որոնք առաջարկվել են պետական կառավարման մարմինների կողմից, իսկ ՀՀ ստանդարտացման 2008թ. ծրագրով նախատեսվում է ՀՀ-ում գործողության մեջ դրված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակում և միջազգային (ԻՍՕ) ու եվրոպական (ԵՆ) ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա այդ ստանդարտների ընդունում` ազգային ստանդարտների կարգավիճակով, ինչպես նաև սննդամթերքի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կառավարման համակարգերի, արտադրանքների տերմինների և անվանումների, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգերի և այլ ոլորտների ստանդարտների մշակում:


Մեկ այլ որոշմամբ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման համար ՀՀ-ի կողմից լիազոր մարմին է նշանակել ՀՀ ԿԱ ոստիկանության ծառայությունը և ազգային անվտանգության ծառայությունը` իրենց կանոնադրական գործառույթների շրջանակներում:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի համաձայն, մասնավորապես, մաքսային մարմիններն ընդգրկվել են հիշյալ օրենքում ամրագրված` ստուգում իրականացնող պետական մարմինների ցանկում, քանի որ հետբացթողումային հսկողության ժամանակ միայն նրանք են իրականացնում մաքսային վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված թեմատիկ ստուգումները:


Նիստում հավանություն է տրվել նաև «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին: ՀՀ օրենքների այդ նախագծերը նպատակ ունեն հստակորեն սահմանելու «որակավորում», «որակավորումների ազգային շրջանակ» հասկացությունները` հիմք հանդիսանալով որակավորումների ազգային շրջանակի մշակման համար:


ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրին համապատասխան, կառավարությունը Ալիկ Սարգսյանին ազատել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:


«Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հիշյալ օրենքով նախատեսված պետական գնումների գործակալության լիազորությունը վերապահել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ին: Որոշմամբ հաստատվել են նաև գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմնին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման կարգը, ինչպես նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը: Սահմանվել է, որ գնումների պաշտոնական տեղեկագիրը հրապարակվում է էլեկտրոնային ձևով` լիազոր մարմնի ինտերնետային կայքում: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության համապատասխան մի շարք որոշումներ: ՀՀ վարչապետը առաջարկել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահին ևս մասնակից դարձնել որոշման մեջ նշված կարգերի լրամշակմանը:


Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է վերակազմակերպել ՀՀ կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները: Այդ կապակցությամբ, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 2-ի «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման համապատասխան հավելվածը շարադրվել է նոր խմբագրմամբ:


«Լիցենզավորման մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց (ցանցի շահագործում)» գործունեության տեսակի լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթ անցկացնելու նպատակով, գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1543-Ն որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից մշակված մրցույթի կազմակերպման կանոններին: Հավանություն է տրվել նաև «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելիք ՀՀ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության, համարների զբաղեցման թույլտվության նմուշային ձևերին և ապագա լիցենզավորված անձին ներկայացվող պայմանների նախագծին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների նախարարին: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է` որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում հաստատել մրցութային փաստաթղթերի փաթեթը, որը ներառելու է նաև որոշման մեջ նշված մրցույթի կազմակերպման կանոններով սահմանված այլ փաստաթղթեր: Հանձնարարվել է մրցութային հանձնաժողովին` որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում հրապարակել որոշման մեջ նշված մրցույթի կազմակերպման կանոնները:


Այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 17-ի N 382-Ն և N 377-Ն որոշումների մեջ, որոնց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից ներկայացված հայտով, համաձայն որի ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 17-ի N 377-Ն որոշմամբ հիշյալ համալսարանին` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), տարկետման իրավունքով մագիստրոսի կրթական ծրագրով հատկացված 20 տեղերից 11-ը տեղափոխվում է նույն բուհի տարկետման իրավունքով առկա ասպիրանտուրա:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Լոռու մարզի Սարամեջի գյուղական համայնքի ղեկավար Սպարտակ Մալխասյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի պատճառով: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 131 հազար 385 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Սարամեջի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ