երկուշաբթի, 16 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների հարցերով բաժնի նորանշանակ տնօրեն Դոննա-Մ Դաուսեթ-Կոյրոլոյին: Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀԲ տարածաշրջանային նոր տնօրենին, զրույցի ընթացքում ուրախությամբ արձանագրելով, որ տիկին Դաուսեթ-Կոյրոլոն արդեն բավականաչափ տեղեկացված է Հայաստանի խնդիրների ու ծրագրերի մասին:
ՀԲ ներկայացուցիչը նշելով, որ իր այցի նպատակը Հայաստան ճանաչողական է և, իրոք, մինչ ժամանելը փոձել է հնարավորինս շատ տեղեկություններ ձեռք բերել մեր երկրի մասին, այդուհանդերձ, նախընտրել է տեղում մանրակրկիտ ծանոթանալ խնդիրներին:
Կառավարության ղեկավարի և ՀԲ տարածաշրջանային նոր տնօրենի զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տնտեսական բարեփոխումների ընթացքին, Աղքատության նվազեցման և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրերին, դրանց կենսագործման ուղղությամբ իրականացված որոշակի քայլերին ու հետագա միջոցառումներին, որոնք ենթադրում են հասարակության և միջազգային կազմակերպությունների լայն աջակցությունը: Նշելով, որ մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներառող Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը հիմնված է կառավարության գործունեության ծրագրի վրա և մշակվել է ԱԺ քաղաքական բոլոր ուժերի, հասարակության տարբեր խավերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ, վարչապետը կարևորել է դրա կենսագործման ուղղությամբ ևս ջանքերի համատեղումը: Նա ընդգծել է, որ տնտեսական ցուցանիշները աստիճանաբար պետք է զգալի դառնան հասարակության յուրաքանչյուր անդամի համար. 2003թ. պետբյուջեում կառավարությունը նախատեսում է սոցիալական վճարների ավելացում և աշխատավարձի բարձրացում: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, կառավարությունը մտահոգված է, որ այս տարվա աշնանից մինչև 2003թ. մայիսը ձգվող նախընտրական գործընթացները կանդրադառնան տնտեսության զարգացման տեմպերի վրա և ձգտելու է դրանք նվազագույնի հասցնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի համագործակցությանը, ընդհանուր ծրագրերին ու բանկի աջակցությանն առնչվող հարցեր: