ուրբաթ, 30 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Փիթեր Ռոզենբլատին և հայ-ամերիկյան հասարակական հարաբերությունների հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռոս Վարթյանին:
Միջազգային ասպարեզում լոբբիստական կազմակերպություններից Ամերիկայի հրեական հանձնաժողովը համարելով ամենաակտիվը, հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը նշել է, որ կազմակերպության համար շատ կարևոր են հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ կապերը, և դրանով է պայմանավորել իր այցը Հայաստան. «Մեզ համար շատ կարևոր է տեղյակ լինել Հայաստանի զարգացումներին ու մի շարք հարցերում` նաև Հայաստանի կառավարության դիրքորոշումներին», - ասել է Փիթեր Ռոզենբլատը` միաժամանակ կարևորելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների զարգացումը մեր տարածաշրջանի երկրների հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը և Ամերիկայի հրեական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը անդրադարձել են Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման հնարավորություններին, ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում և Իսրայելում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնմամբ, մշակութային, տնտեսական, կրթական բնագավառներում ծրագրերի իրագործմամբ` հայ-իսրայելական քաղաքական կապերի ամրապնդման ու հայ և հրեա ժողովուրդների պատմական ու շատ այլ ընդհանրությունների հիման վրա այդ հարաբերությունները զարգացնելու հեռանկարին: Կողմերի համոզմամբ, այն էական նշանակություն կարող է ունենալ նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման գործում: Փիթեր Ռոզենբլատը կարևորել է Իսրայելում Հայաստանի մասին բավարար տեղեկատվության ապահովումը, որը, ըստ նրա, հնարավոր է նաև վերոնշյալ մշակութային, կրթական և այլ ծրագրերի ակտիվ իրագործման շնորհիվ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում մեր երկրի դիրքորոշումը, ընդգծելով առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու` Հայաստանի պատրաստակամությունը: