չորեքշաբթի, 28 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 90-րդ տարեդարձի առթիվ: 1918թ. մայիսի 28-ին` շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո, Հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունք էր այն փառավոր հերոսամարտերի, որ հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում: Մենք երբեք չպետք է մոռանանք Մայիսյան հաղթանակները, որ ձեռք բերվեցին ազգային միասնության, բացառիկ համախմբվածության ու միակամության շնորհիվ` հետագայում հիմք դառնալով նաև մեր ժողովրդի ազատատենչ ոգու նոր դրսևորումների, արցախյան ազատամարտում պատմական նոր սխրանքների համար: Ռազմի դաշտում տարած հաղթանակները`զորացնելով մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, կամք և վճռականություն են հաղորդում մեզ` պահպանելու և զարգացնելու սերունդների համատեղ պայքարով ձեռք բերածը, հզորացնելու մեր անկախ պետականությունը` արդի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու, մեր ժողովրդի առավել բարեկեցիկ վաղվա օրը կերտելու համար:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի` Հանրապետության օրվա առթիվ և մաղթում առողջություն, խաղաղ երկինք ու ամուր հավատ` մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ: