Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մայիսի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նիստի սկզբում ՀՀ վարչապետը նախ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ, ապա անդրադարձել կառավարության ընթացիկ աշխատանքների հետ կապված մի շարք խնդիրների:


Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Դուք գիտեք, որ Անգլիայի կառավարությունը մեզ տեխնիկական օժանդակություն էր ցուցաբերում բավականին երկար ժամանակ, և մենք ունենք մշակված համալիր ծրագիր, որը հիմնված է այդ առաջարկությունների վրա, թե ինչպես պետք է կատարելագործենք կառավարման համակարգը: Գաղտիք չէ, որ մեր բոլոր բարեշրջությունների հաջողությունը պայմանավորված է լինելու նրանով, թե որքանո՞վ է արդյունավետ աշխատում մեր կառավարման համակարգը: Եվ մենք, ձեզ հետ միասին, պետք է սկսենք այդ համալիր ծրագրի ներդրման գործընթացը: Առաջին քայլը, որ այդ ուղղությամբ կատարելու ենք, հետևյալն է` ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում են 4 նախարարական կոմիտեներ: Առաջինը` ֆինանսատնտեսական կոմիտեն է, երկրորդը` սոցիալական կոմիտեն, երրորդը` տարածքային զարգացման և բնապահպանական կոմիտեն և չորրորդը` պետաիրավական կոմիտեն: Բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են կառավարության նիստում, նախապես պետք է քննարկվեն այս կոմիտեներում: Բոլոր հայեցակարգային խնդիրները, որոնք առնչվում են այս կամ այն նախարարության հետ, պետք է նույնպես քննարկվեն այս կոմիտեներում: Այսինքն, եթե մենք ուզում ենք աշխատել որպես թիմ, չպետք է լինեն խնդիրներ, որոնք վերաբերում են միայն մեկ գերատեսչությանը` դա պետք է լինի մեր բոլորի խնդիրը, և մենք համատեղ պետք է քննարկումներ կազմակերպենք, գտնենք լուծումներ: Միայն կոլեկտիվ մտածողությամբ, կոլեկտիվ քննարկումներով կարող ենք աշխատել որպես միասնական թիմ: Կարծում եմ, այս առաջարկությունը, որ արել են մեր անգլիական գործընկերները` հաշվի առնելով նաև միջազգային փորձը, էապես կբարելավի մեր կառավարման համակարգը: Այսուհետև, ամեն ուրբաթ դուք բոլորդ պետք է պլանավորեք, որ անց ենք կացնելու նախարարական կոմիտեների նիստեր:


Երկրորդ խնդիրը, որի մասին այսօր ուզում եմ խոսել, մեր աշխատանքն է ԶԼՄ-ների հետ: Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք ԶԼՄ-ների հետ շփվելու լրջագույն պրոբլեմներ և խիստ բացասական ավանդույթներ, որոնց վերջ պետք է տանք: Ի՞նչ պետք է անենք դրա համար. առաջին հերթին, ես դիմում եմ ԶԼՄ-ներին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները, թե ինչպես են պատկերացնում համագործակցությունը կառավարության և նախարարությունների հետ: Երկրորդը` մենք արդեն իսկ ունենք այդպիսի ուսումնասիրությունների արդյունքներ, մասնավորապես, լավագույն եվրոպական չափորոշիչների ուսումնասիրություն, թե զարգացած երկրներում կառավարման մարմիններն ինչպե՞ս են աշխատում ԶԼՄ-ների հետ: Եվ երրորդը` մենք ստանալու ենք տեխնիկական օժանդակություն մեր եվրոպական գործընկերներից, որպեսզի էթիկայի կանոններ ներդրվեն այս ոլորտում, ինչպես նաև այս խնդիրն օրենսդրական կարգավորում ստանա: ԶԼՄ-ների առաջարկություններն ու պատկերացումները այդ աշխատանքի վերաբերյալ հնարավորություն կստեղծեն, որպեսզի այդ երկխոսության միջոցով մենք ՀՀ-ում ներդնենք բոլորի համար հասկանալի, հստակ խաղի կանոններ: Որովհետև, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները դիմում են այս կամ այն նախարարին ինչ-ինչ հարցերով և չեն ստանում այդ հարցերի պատասխանը, նրանք անմիջապես հայտարարում են, որ այդ նախարարությունը թափանցիկ չի աշխատում: Սա բացարձակապես կապ չունի թափանցիկ աշխատելու հետ: Եվ այն ավանդույթները, որ ձևավորվել են, ավելի շատ խթանում են դեղին մամուլի զարգացումը ՀՀ-ում, իսկ լուրջ վերլուծական նյութերով հանդես եկող լուրջ լրատվական միջոցները չեն հայտնվում մեր ուշադրության կենտրոնում և դրանով իսկ մենք չենք խթանում հենց նրանց զարգացումը: Դրա համար, կարծում եմ, որ այդ հայեցակարգի մշակումը կարող է նաև էական խթան հանդիսանալ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը ՀՀ-ում: Գաղտնիքը նրանում է, որ մենք պետք է սկսենք մեզանից` մենք ինչպե՞ս ենք պատկերացնում թափանցիկ աշխաանքը ԶԼՄ-ների հետ, ինչպիսի՞ տեղեկատվություն ենք պարտավոր պարբերաբար նրանց տրամադրել, ի՞նչ ընթացակարգերով ենք պատասխանելու նրանց հարցերին, ո՞ր հարցերն են, որ պետք է դառնան հրապարակային քննարկման և որոնք ծառայողական քննության առարկա: Եվ ես խնդրում եմ ձեզ` ձեր լրատվական ծառայությունների հետ աշխատող ստորաբաժանումների ղեկավարներին տալ համապատասխան հանձնարարականներ, որպեսզի նրանք` համագործակցելով կառավարության աշխատակազմի հետ, մասնակիցը լինեն այս նոր հայեցակարգի մշակման:


Նիստի օրակարգի հարցերից կառավարությունը հավանություն է տվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման ինստիտուտի ներդրման, մասնավորապես, իրավական ակտերի նախագծման աշխատանքներին շահագրգիռ մարմինների և, առհասարակ, հասարակության ներգրավումն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունման կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Այս հարցի հետ կապված, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, թե սա լրջագույն փոփոխություն է մտցնելու նախարարությունների և գերատեսչությունների ամենօրյա գործառույթներում. «Երբ որ դուք կառավարություն կբերեք օրենքի նախագիծ, պետք է ի վիճակի լինեք գնահատելու այդ օրենքի ազդեցությունը կարգավորվող ոլորտի վրա: Հակառակ դեպքում, օրենքի նախագծերը չեն ընդունվելու քննարկման, եթե դուք ի վիճակի չեք գնահատելու, թե ինչպիսի՞ ազդեցություն է թողելու այդ օրենքը տվյալ ոլորտի վրա: Սա բավականին լուրջ աշխատանք է, խիստ անհրաժեշտ և ենթադրում է, որ դուք ռեսուրսներ պետք է ծախսեք ձեր գերատեսչություններում, որպեսզի ունենաք մասնագետներ, որոնք ի վիճակի են այսպիսի աշխատանք կատարելու: Եթե հիշում եք, ՀՀ նախագահի ելույթը Աժ-ում, երբ նա մանրակրկիտ ներկայացրերց կառավարման համակարգի կատարելագործման ռազմավարությունը, ապա պետք է հիշեք, որ սա նախագահի ելույթի հիմնարար թեզերից մեկն էր, որովհետև մենք ձեզ հետ միասին, պետք է սովորենք հստակ նկարագրել արդյունքները, որ ուզում ենք ստանալ որոշում ընդունելիս: Եթե դա չենք կարողանում անել, այդ որոշումները լինում են թերի կամ երբեմն նույնիսկ` անընդունելի»,- նշել է վաչապետը և հնձնարարել ՀՀ արդարադատության նախարարին` մշակել մի փաստաթուղթ, որտեղ պետք է նշել, թե ի՞նչ դասընթացներ է պետք կազմակերպել, ի՞նչ մասնագետներ պետք է հրավիրենլ, որպեսզի բոլոր նախարարությունների համապատասխան մասնագետների համար այդ դասընթացներն իրականացվեն: Ըստ վարչապետի, պետք է կարողանալ գնատաել, թե կիրառվելիք օրենքն ինչպե՞ս է ազդում մասնավոր և պետական հատվածի վրա, ինչպիսի՞ն է այդ օրենքի ծախսատարությունը, ակնկալվող հետևանքներն ինչպիսի՞ն են և այլն: Եվ այդ մեթոդաբանությամբ պետք է նախարարությունների աշխատակիցները սովորեն գնահատել օրենքի ազդեցությունները: Ենթադրվում է, որ այս օրենքն ուժ մեջ կմտի հունվարի 1-ից:


«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան և ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 9-ի ՆԿ-64-Ա կարգադրության կատարումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար ցմահ նշանակել հատուկ թոշակ` ՀՀ նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով, 2008թ. ընթացքում դրա վճարումը սահմանված կարգով իրականացնելով «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակներ և ամենամյա դրամական օժանդակություն և կենսաթոշակների տարբերության հատուցում» ծախսային ծրագրի միջոցներից: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին սեփականության իրավունքով բնակարանով ապահովելու նպատակով ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը 2008թ. երկրորդ եռամսյակում գումար հատկացնելու համար, ինչպես նաև բնակարանի գնման գործարքի ֆինանսավորումից հետո, 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել դրա վերանորոգման համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու վերաբերյալ: Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է նաև` Երևանի քաղաքապետի հետ համատեղ, միջոցներ ձեռնարկել պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել այն վերանորոգելու և կահավորելու վերաբերյալ:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 500 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը`«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան ծախսային ծրագրի շրջանակներում տրամադրված բնակարանների գնման վկայագրերի միջոցով մինչև ծրագրի ավարտը` 2008թ. հունիսի 28-ը, ձեռք բերվող բնակարանների (բնակելի տների) համար կնքված առուվաճառքի պայմանագրերի համաձայն վճարումների կատարումն ապահովելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ևս 17 մլն 140 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N1361-Ն որոշման համաձայն ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչներ Զինա Մեհրաբյանին ու Մերուժան Հարությունյանին և ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Վարդան Բոզոյանին տրամադրված բնակարանի գնման վկայագրերի միջոցով ձեռք բերված բնակարանների կնքված առուվաճառքի պայմանագրերի դիմաց վճարումները կատարելու նպատակով` համապատասխանաբար 7, 230.0 հազար դրամ, 6,270.0 հազար դրամ և 3,640.0 հազար դրամ:


«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 80 մլն 600 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երևանի անտառտնտեսության մասնաճյուղի Նուբարաշենի անտառապետության ջերմաէլետրակայանի հարակից ծառահատված տարածքի անտառավերականգնման ծրագրի իրականացման համար ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` հատկացված գումարը հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 170 մլն 434 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի միջոցառումների իրականացման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` հատկացված գումարը տրամադրել հասարակական կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ևս 96 մլն 839 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը` Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` հատկացված գումարը որոշման հավելվածում նշված կազմակերպություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:


ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին գործադիրը որոշել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 21 մլն դրամ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թիվ 2 և թիվ 3 մասնաշենքերի` Երևան քաղաքի Տերյան փողոցի կողմից ճակատային մասերի վերանորոգման համար, ինչպես նաև 22 մլն դրամ` համալսարանի ռեկտորատի դահլիճի վերանորոգման և կահավորման համար:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 6 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը` Երևան քաղաքի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տեղափոխման և չեզոքացման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար:


«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից ևս 55 մլն 200 հազար դրամ է հատկացրել ՀՀ գլխավոր դատախազությանը` զինվորական դատախազության N2 կայազորի նոր շենքի շինարարության համար:


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան հատվածը շարադրել նոր խմբագրմամբ, ըստ որի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերում»:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Որոշումն ընդունվել է ելնելով ՀՀ ներքին շուկայի առևտրի և ծառայությունների ոլորտում սպառողների, այդ թվում նաև զբոսաշրջիկների շահերի և իրավունքների պաշտպանության, սպասարկման քաղաքակիրթ նորմերի և կանոնների ներդրման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության կարևորությունից: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս:


Նիստում գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի N1245-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Որոշման ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագրից, որով ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպվել է Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի` որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Որոշմամբ նաև հավանություն է տրվել ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի թիվ ՆՀ-174-Ն հրամանագրում լրացում կատարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, ըստ որի, առաջարկվում է հիշյալ հրամանագրով հաստատված ՀՀ կառավարության և նրա ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը լրացնել «ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահին նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը» նոր պարբերությամբ:


«Իրավական ակտերի մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունվարի 17-ի N17-Ա որոշման մեջ: Որոշման 1-ին կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, ըստ որի թույլատրվել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող և Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի համաձայն կոնցեսիոներին փոխանցելու համար նախատեսվող գույքով (հաշվեկշռային արժեքով` շենքեր, շինություններ, երկաթգծեր, հարմարանքներ, կառուցվածքներ և այլ գույք) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Որոշվել է նշված գույքը հանձնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն:


Գործադիրը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) 2008-2009 ուսումնական տարվա ընդունելության տեղերը` ըստ ՀՀ նախարարությունների, ԿԱ մարմինների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների: Սահմանվել է, որ հաստատված ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների` կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:


Նիստում կառավարությունը հաստատել է նաև «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Սերգեյ Սարաջյանի ընտրության արդյունքները:


Մեկ այլ որոշմամբ մեկ ամսով կասեցվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Բարսեղյանի ծառայողական պարտականությունների կատարումը: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. մայիսի 16-ի «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում ծառայողական քննություն նշանակելու մասին» N386-Ա որոշումը, ինչպես նաև ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներով:


Կառավարությունը «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին է ճանաչել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Բեռնատար տրանսպորտային միջոցների լիազորված կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագրի տրման և օգտագործման կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևը և նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:


ՀՀ քրեակատարողական օրենսգրքին և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը:


«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N882-Ն որոշմանը համապատասխան, գործադիրը որոշել է «Շափյուղա» ՓԲԸ-ի (Լոռու մարզ, ք. Վանաձոր)` 120 մլն 399 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով: Որոշմամբ նաև թույլատրվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` իր տնօրինության «Սյունիք» ռեստորանի 13 մլն 784 հազար դրամ գնահատված արժեքով գույքը, այդ թվում` 975 քմ. մակերեսով շենքը (ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ) մասնավորեցնել մրցույթով:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N993-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը նպատակաուղղված է գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման գործընթացը միջազգային գործող նորմերին համապատասխանեցմանը:


Այլ որոշումներով կառավարությունը` Հայաստանի և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 1998թ. ստորագրված համաձայնագրով ստեղծված «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն» ընդգրկել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N1535-Ն որոշումը լրացրել է նոր պարբերությամբ, ըստ որի «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը հանդիսանում է «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը` ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 21-ի N717-Ն որոշման համաձայն:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշում է ընդունել նաև ՀՀ առողջապահության նախարարության «Սպասարկում և մատակարարում» պետական ՓԲԸ-ն լուծարելու վերաբերյալ: ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 3 մլն 855 հազար դրամ է հատկացվել ՀՀ առողջապահության նախարարությանը` ՀՀ պետական բյուջեի և այլ պարտապանների նկատմամբ ունեցած պարտավորությունները մարելու համար հիշյալ ՓԲԸ-ին տրամադրելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին` ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո, մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ