Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 մայիսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, «Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն» Եվրոպական Միության կողմից TACIS-ի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրի հայաստանյան տնօրենը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, Կանադա-Հայաստան նորաստեղծ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» ՀԿ-ի նախագահը, հանրապետության ընկերությունների, իրավաբանական անձանց միությունների, տարբեր հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Քննարկվել են Գործարարության աջակցման խորհրդի` ՀՀ կառավարության ծրագրից բխող ռազմավարության և հետագա աշխատանքների հարցերը:

Բացելով նիստը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ նորակազմ կառավարությունը ևս կարևորում է գործարարության աջակցման խորհրդի գործունեությունը, որի գլխավոր խնդիրը, ըստ նրա, հանրապետությունում այնպիսի գործարար միջավայրի ձևավորումն է, որը ոչ միայն լավագույնը կհամարվի տարածաշրջանում, այլև քննություն կբռնի միջազգային մրցակցության առումով: Անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակներին, վարչապետը նշել է, որ դրանք հիմնականում երեքն են. առաջին` քննարկել այն մոտեցումները, որոնք արդեն իսկ որդեգրել է նորակազմ կառավարությունը և որոնք դրված են կառավարության ծրագրի հիմքում, երկրորդ` քննարկել, թե, ըստ գործարարների, ինչպիսի՞ խնդիրներ են կուտակվել և ինչպիսի՞ կազմակերպչական մոտեցումներ են անհրաժեշտ, որպեսզի խորհուրդն աշխատի ավելի արդյունավետ, և երրորդ` 2008-2009թթ. խորհրդի անելիքները: Տիգրան Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է նաև իր տեսակետներն այդ նպատակների իրագործման ուղիների, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության և այլ հարցերի վերաբերյալ:

Գործարար համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորել են կառուցողական երկխոսության, կառավարության ծրագրի իրականացմանը մասնավոր հատվածի մասնակցության ապահովման, միմյանց նկատմամբ վստահության ամրապնդման կառավարության հստակ տրամադրվածությունը` երկրում իրական բարեփոխումներ տեսնելու ակնկալիքով: Նրանք դրական են գնահատել կարևոր հիմնախնդիրների շուրջ կազմակերպվող բաց քննարկումները, որոնք, ըստ նրանց, աննախադեպ են իրենց համարձակությամբ, հրապարակայնությամբ և արվող առաջարկություններով: Գործարարների համոզմամբ, կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները հույս են ներշնչում, որ հնարավոր է ավելի արդյունավետ պայքար ծավալել կոռուպցիայի, ստվերային տնտեսության, հովանավորչության և այլ արատավոր երևույթների դեմ:

Կարծիքների փոխանակումից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում Գործարարության աջակցման խորհրդի գործունեության ռազմավարության վերաբերյալ բոլոր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել խորհրդի քարտուղարություն` նախապես փոքր կազմով դրանք քննարկելուց հետո, առաջարկություններն ամրագրող ամփոփ փաստաթուղթ նախապատրաստելու և խորհրդի հաջորդ ընդլայնված նիստում ներկայացնելու համար:

                                                                 * * *

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը Գործարարության աջակցման խորհրդի ընդլայնված նիստում

Գործարարության աջակցման խորհրդի նիստը պետք է նոր թափ ստանա և նորաստեղծ կառավարությունը կարևորում է խորհրդի գործունեությունը, մանավանդ, դուք ծանոթ եք կառավարության ծրագրի հիմնական դրույթներին: Մենք մտադիր ենք ՀՀ-ում ձևավորել այնպիսի բիզնես միջավայր, որը կհամարվի լավագույնը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև քննություն կբռնի միջազգային մրցակցության առումով: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին բավականին լուրջ աշխատանք պետք է կատարենք, ընդ որում` այս աշխատանքը հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել, որովհետև գոյություն ունեն այս բնագավառում բազմաթիվ միջազգային հեղինակավոր կառույցներ, որոնք գնահատման իրենց մեթոդաբանությամբ հայտնի են և մշտապես աշխարհի տարբեր երկրների բիզնես միջավայրները կարողանում են համեմատության մեջ ներկայացնել միջազգային հանրությանը: Այդ ինդիկատորները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք մանրակրկիտ` այդ մեթոդաբանության հիման վրա, բացահայտելու ենք մեր հարաբերական առավելությունները և հիմնականում բացթողումները, թույլ կողմերը, որտեղ կառավարությունը ջանքեր պետք է գործադրի, որպեսզի բիզնեսի զարգացման բոլոր խոչընդոտները կարողանանք ձեզ հետ միասին հաղթահարել: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ սա կառավարության առաջնահերթություններից մեկն է: Երկրորդը, ինչ կուզեի ձեզ ասել` այն է, որ տարածաշրջանում` հաշվի առնելով գոյություն ունեցող աշխարհաքաղաքական խնդիրները, ակնհայտորեն Հայաստանն ունի մրցակցային սահմանափակումներ: Շատ բիզնեսներ Հայաստանում ավելի թանկ են, քան մեր հարևան երկրներում: Եվ հասկանալի է, որ այս բացասական գործոններին, որոնք առկա են, ընդ որում` դրանք գործոններ են, որոնք ունենալու են երկարաժամկետ ազդեցություն մեր տնտեսական համակարգի վրա, մենք պետք է կարողանանք հակադրել հենց բիզնես միջավայրի այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնք կդառնան մեր հարաբերական առավելությունները: Եվ այս համադրումների ներքո, բիզնեսով Հայաստանում զբաղվելը պետք է լինի ավելի շահավետ, քան մեր հարևան պետություններում: Դա նշանակում է, որ մեզանից շատ ավելի մեծ ջանք է պահանջվելու բիզնես միջավայրը բարելավելու համար: Դուք տեղյակ եք, որ մենք սկսել ենք բավականին լուրջ ծրագրեր մշակել և իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում: Երևի, առաջադրանքներն արդեն ձեզ հասել են. մենք մտադիր ենք ներկայացնել ձեր ուշադրությանը հարկային վարչարարության կատարելագործման հայեցակարգը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Եվ մենք ձեզ հետ միասին հնարավորություն ենք ունենալու քննարկել ե՛ւ հայեցակարգը, ե՛ւ այդ միջոցառումները, ինչպես նաև քննարկելու ենք ձեր մասնակցությունը այդ միջոցառումների իրականացման, մոնիտորինգի, ինչպես նաև վերահսկողության գործում: Վարչապետին կից ստեղծվելու է մոնիտորինգի խումբ, որը վերահսկելու է մաքսային և հարկային վարչարարությունը ՀՀ-ում, ինչպես նաև լինելու է ուղղակի գիծ, հեռախոսային կապ, տաք գիծ, որի միջոցով արձանագրելու ենք բոլոր այն դիտողությունները, բողոքները, որոնք լինելու են հարկային և մաքսային վարչարարության առումով և արձագանքելու ենք այդ դիտողություններին ու առաջարկություններին: Այսինքն` իրականացնելու ենք մոնիտորինգ, խմբավորելու ենք այդ դիտողությունները և առաջարկությունները և փորձելու ենք հասկանալ, թե որոնք են այն գործոնները, որ հնարավորություն չեն տալիս հարկային և մաքսային վարչարարությունը ՀՀ-ում կատարելագործելու: Սա նշանակում է` արմատական փոփոխություններ հարկային և մաքսային վարչարարության ոլորտում, և այդ արմատական փոփոխություններին մենք մոտենում ենք այն տեսակետից, որ հաջողություն կարող ենք ունենալ միայն մի դեպքում` եթե լինի ձեր աջակցությունը: Առաջին խնդիրն այն է, որ պետք է կարողանանք հաղթահարել հարկային և մաքսային վարչարարությունն իրականացնող մասնագետների հոգեբանական բարդույթը, որովհետև նրանք պետք է սովորեն աշխատել նորովի, ձերբազատվեն այն մեթոդներից, որոնք կիրառում էին, այդ թվում` նաև բիզնեսի անմիջական մասնակցությամբ, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ երկկողմանի համաձայնությունները, որ ձեռք են բերում հարկային և մաքսային աշխատողները բիզնեսի ներկայացուցիչների հետ, երկու կողմերին էլ ձեռնտու է, տուժում է պետությունը և հասկանալի է, որ այդ հոգեբանական բարդույթը պետք է հաղթահարվի, և սա չափազանց բարդ խնդիր է: Մենք էապես խստացնելու ենք պատժամիջոցները մեր աշխատողների նկատմամբ, մյուս կողմից` կտրուկ ավելացնելու ենք նրանց աշխատավարձերը և սոցիալական փաթեթ ենք առաջարկելու, որը երկարաժամկետ առումով ապահովելու է նրանց կայուն աշխատատեղը, աշխատավարձը և այդ սոցիալական փաթեթը հույս է ներշնչելու, որ նրանք երկարաժամկետ առումով կարող են պատկերացնել իրենց կարիերան և իրենց սոցիալական խնդիրների լուծումը` կապելով դրանք պետության հետ և ցույց տալով, որ կայուն երկարաժամկետ աշխատատեղ ունենալն այդ ոլորտում շատ ավելի ձեռնտու է, քան դիմել ռիսկի և գնալ տարբեր գայթակղությունների: Մյուս կողմից` մենք կարծում ենք, որ եթե չլինի մասնավոր հատվածի աջակցությունը այս առումով, բնականաբար, հաջողություն չենք կարող ունենալ: Մենք արդեն իսկ ստացել ենք դրական արձագանքներ բիզնես միջավայրից, որ նրանք պատրաստ են մեզ հետ ստորագրել այս համաձայնությունը` քաղաքացիական այս բարեփոխումներն իրականացնելու առումով, և դա մեզ, իհարկե, ոգևորում է: Միակ խնդիրը կայանում է նրանում, որ բիզնեսը պետք է հավատա, որ մեր բարեփոխումները լուրջ են, երկարաժամկետ են, անդառնալի են, և մենք չենք հանդուրժելու անօրինականությունները և, բնականաբար, այս վստահության մթնոլորտն է, որ մեզ հնավարություն կտա բարեփոխումները տանել առաջ:

Մենք ունենք մի չափազանց հզոր գործիք` դա հրապարակայնությունն է: Այդ տեսակետից, կարծում եմ, որ հենց բիզնեսմենները պետք է հորդորեն, վերահսկեն մեզ, որպեսզի բոլոր չարաշահումները, այն դեպքերը, որոնք կբացահայտվեն, դառնան հանրության քննարկման առարկա: Ես արդեն իսկ հանձնարարություն տվել եմ մեր հարկային ծառայությանը` ներկայացնելու հայեցակարգ, ելնելով միջազգային լավագույն փորձից, թե ինչպե՞ս են կիրառվում պատժամիջոցները, ո՞ւմ նկատմամբ և ո՞ր մասով է, որ հանրությունը կարող է տեղյակ լինել, թե` ովքեր են հիմնական օրենսդրություն խախտողները: Փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի, ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենահզոր զենքը հրապարակայնությունն է: Եվ, բնականաբար, այդ հրապարակայնությունը մենք, ձեզ հետ միասին, պետք է ապահովենք, դա միակողմանի չի կարող լինել: Այսինքն` չի կարող միայն կառավարությունը կամ համապատասխան իրավասու մարմինները բացահայտեն և չարաշահումները դարձնեն հանրության քննարկման առարկա, եթե չլինի հանրության կողմից աջակցություն: Մեր հիմնական պրոբլեմը կայանում է նրանում, որ երբ մենք բացահայտում ենք կասկածելի դեպքեր` բիզնեսի կողմից չենք ստանում աջակցություն, այն առումով, որ լինեն օբյեկտիվ տվյալներ, տեղեկատվություն, որպեսզի այդ չարաշահումները դառնան իրավապահ մարմինների քննության առարկա: Բոլորը խուսափում են համագործակցությունից, որվհետև բացակայում է վստահությունը, որ այդ գործը կբացահայտվի, որ իսկական մեղավորները կպատժվեն, որ գործը կհասցվի իր տրամաբանական ավարտին: Սա այն խնդիրն է, որը մշտապես բարձրացնում են մեր առջև մասնավոր բիզնես միջավայրի ներկայացուցիչները: Տեղյակ եք, որ ՀՀ նախագահի անմիջական ղեկավարության ներքո, մի քանի քննարկումներ եղել են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, ընդ որում` եղել են նաև փակ, անկաշկանդ քննարկումներ, և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն անկեղծորեն ներկայացրել են բոլոր այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են այդ ոլորտի զարգացումը, մատնանշելով նաև կոնկրետ մարդկանց, ովքեր չարաշահում են իրենց դիրքը և որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մի օղակում կորչում է փաստաթղթաշրջանառությունը, ու մենք չենք կարողանում շղթան փակել՝ մինչև վերջ հասցնել՝ մինչ հարկման և իրացման փուլը: Եվ, բնականաբար, այս ամենը դառնալու է մեր քննարկման առարկա: Ես կարծում եմ, որ եթե ձեր կողմից լինի վստահություն նորակազմ կառավարության, այն ծրագրերի նկատմամբ, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, եթե լինի համագործակցություն մեզ հետ, սա է երաշխիքը, որ կունենանք հաջողություն: Կառավարությունը միակողմանի չի կարող հաջողություն ունենալ, ինչպես նաև հասկանալի է, որ բիզնես միջավայրը, մեր բիզնեսմենները չեն կարող հասնել հաջողության, եթե չլինի այդ համագործակցությունը` պետական-մասնավոր համագործակցությունը:

Այսօրվա մեր հանդիպման նպատակն է` առաջին` քննարկել այն մոտեցումները, որոնք արդեն իսկ որդեգրել է նորակազմ կառավարությունը և որոնք դրված են կառավարության ծրագրի հիմքում: Ես վստահ եմ, որ դուք բոլորդ ծանոթ եք այդ ծրագրի հիմնադրույթներին: Երկրորդ` քննարկել, թե, ըստ ձեզ, ինչպիսի՞ խնդիրներ են կուտակվել և ինչպիսի՞ կազմակերպչական մոտեցումներ եք առաջարկում, որպեսզի մեր խորհուրդն աշխատի ավելի արդյունավետ, հանդիպումները, միգուցե, լինեն ավելի հաճախակի, քննարկումների ձևաչափերի վերաբերյալ ձեր կարծիքը ինչպիսի՞ն է: Եվ պայմանավորվենք նաև 2008-2009թթ. մեր անելիքների վերաբերյալ, թե որո՞նք եք դուք համարում այն առաջնահերթ խնդիրները և հարցերը, կարող ենք դարձնել մեր մոտակա քննարկումների առարկա:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ