Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագիրը ներկայացնելիս

Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,

   Հարգելի պատգամավորներ,

     Տիկնայք և պարոնայք

Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը` ներկայացնելով իր ծրագիրը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն բարձրացնում է կառավարության նկատմամբ վստահության հարցը:

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի, ինչպես նաև Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները:

Կոալիցիա կազմող կուսակցությունների ղեկավարներն իրենց նախընտրական ծրագրերում և հրապարակային ելույթներում բազմիցս հնչեցրել են մեր երկրում կուտակված հիմնախնդիրները:

Դրանք են`

հասարակության երկփեղկվածությունը, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշիռը, կոռուպցիան, պաշտոնյաների կամայականությունները, մրցակցության անհավասար պայմանները, աղքատությունը և այլն:

Քաղաքական լիդերները բարձրացրել են հիմնախնդիրներ. նորակազմ կառավարության խնդիրն է սույն ծրագրով առաջարկել ընդունելի լուծումներ:

Թույլ տվեք ներկայացնել այն գոյաբանական շրջանակները, որոնց ներքո կառուցված է մեր ծրագիրը.

1. Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում և բարեշրջություններ կատարելիս պետք է ի վիճակի լինենք կանխատեսել այդ փոփոխությունները և դրանք համահունչ դարձնել արագ փոփոխվող աշխարհի ժամանակակից միտումներին:

Մենք պետք է ոչ թե կրկնօրինակենք զարգացած երկրների փորձը, այլ ուսումնասիրենք այն և նայենք դեպի ապագան:

2. Մենք ապրում ենք արագ փոքրացող աշխարհում, ինչը նշանակում է, որ ժամանակակից աշխարհի ազդեցությունները մեր կյանքի վրա օրեցօր ուժգնանում են:

Մենք պետք է կարողանանք պաշտպանվել բացասական ազդեցություններից և լայն դաշտ ստեղծել մեզ անհրաժեշտ և ցանկալի համագործակցությունների համար:

3. Մտագործունեությունը ժամանակակից աշխարհի հենքային գործընթացն է: Դա նշանակում է, որ հասարակության և տնտեսության հենքը մեզ համար պետք է լինի գիտելիքը: Զարգացման հիմնական ռեսուրսներն ինտելեկտը և տեղեկատվությունն են:

4. Հոգևոր և մշակութային արժեքների պահպանումը դառնում է ազգի գոյատևման միակ հուսալի երաշխիքը: Պետությունների համակեցության խնդիրը 21-րդ դարում թևակոխում է քաղաքակրթությունների երկխոսության և մրցակցության դաշտ:

5. Ժամանակակից մարդու գիտակցված պահանջը ինքնարտահայտումն ու ինքնաիրացումն է: Մենք պետք է ապահովենք դրա համար ազատությունների իրացման անհրաժեշտ դաշտ:

Եվ այսպես, մեր ծրագրի աշխարհընկալման հինգ սյուներն են.

առաջին` արագ փոփոխվող աշխարհում մեզ անհրաժեշտ է արագություն,

երկրորդ` արագ փոքրացող աշխարհում` անվտանգություն,

երրորդ` գիտելիքի վրա հիմնված հասարակություն և տնտեսություն,

չորրորդ` հոգևոր և մշակութային արժեքների պահպանում,

հինգերորդ` ժամանակակից մարդու ազատությունների ապահովում:

Մեր ծրագրի սյուների հենքը փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտն է:

«Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, .., եկեք քանդենք այդ պատը:»1, - կոչ է անում իր ելույթում Հանրապետության Նախագահը:

Մեր խորին համոզմանբ հասարակության պառակտման վերացման միակ եղանակը համատեղ ազնիվ աշխատանքն է: Բամբասանքների, ստի, նենգության, կանխամտածված վիրավորանքների հաղթահարման ճանապարհը համատեղ քրտնաջան աշխատանքն է:

Ներկայացվող ծրագիրը պետք է արժանանա ոչ միայն կոալիցիայի, Ազգային ժողովի, կառավարության, այլև ժողովրդի հավանությանը: Դրա ճանապարհը յուրաքանչյուր քաղաքացուն ծրագրի իրականացմանը մասնակից դարձնելն է:

Ինչպիսի՞ն է լինելու կառավարության վարքագիծը:

Մենք արդարամիտ ժողովուրդ ենք: Դա մեր ազգի ամենակարևոր և առանցքային հատկանիշն է: Եթե նույնիսկ վերջին սրիկայի հետ մենք վարվենք անարդարացի, մեր ժողովուրդը կըմբոստանա անարդարության դեմ:

Ուրեմն մենք չենք որոնելու անցյալում մեզ բաժանող հանգամանքներ, այլ փորձելու ենք ապագայի տեսլականում բացահայտել մեզ միավորող գաղափարներ:


Ինքներս ենք բացահայտելու մեր թերություններն ու բացթողումները, և խոսելու ենք դրանց մասին հրապարակավ:


Մենք պետք է լինենք կոշտ, համարձակ և արդար, քարոզենք համերաշխություն և համագործակցություն:

Կառավարության արդյունավետ գործունեության նախապայմանը մեր երկրի նախագահը ձևակերպել է հետևյալ կերպ. «Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է` փոխադարձ հարգանքի, համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումը: Այս մոտեցման լավագույն ձևակերպումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում»: Սա, ըստ էության, դեմոկրատական, քաղաքացիական հասարակություն կառուցելու հոգևոր հենքն է»:2

Մենք սատարելու ենք կառուցողական քննադատությունը, իսկ կազմաքանդող ապապետական քայլերը հանձնելու ենք ժողովրդի և օրենքի դատին:

Առանց հասարակական վերահսկողության և երկխոսության չի կարող լինել առողջ ազգային և կառուցողական իշխանություն:

Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքում ներդնում ենք նոր մշակույթ: Եթե մենք ուզում ենք ունենալ պատասխանատու լրատվամիջոցներ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու կառավարություն:

Մեր ուշադրությունից չպետք է վրիպեն հասարակական հնչեղություն ունեցող բացասական երևույթները և դրանց քննադատությունը:

Մենք արձագանքելու ենք քննադատությանը, պատասխանատվության ենք կանչելու մեղավորներին, բայց պարտավոր ենք ազնիվ պաշտոնյաներին պաշտպանել զրպարտություններից և ստից: Դրա համար ստեղծելու ենք իրավական հիմքեր, որոնք համապատասխանելու են եվրոպական լավագույն չափանիշներին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:

Մենք միավորվել ենք որպես միասնական թիմ` հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար:

Ակտիվ տնտեսական քաղաքականությունը շարունակում է մնալ երկրի հետագա զարգացման կարևորագույն գրավականը:

Կառավարության հիմնական գերակայություններն են լինելու`

ԱՌԱՋԻՆ.

- Մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը:

Կառավարությունը տնտեսության մեջ կունենա էական, բայց սահմանափակ դեր` ստեղծելով բարենպաստ դաշտ մասնավոր հատվածի զարգացման համար:

Մենք կշարունակենք այնպիսի մակրոտնտեսական քաղաքականություն, որը ենթադրում է գնաճի ցածր մակարդակ, բյուջետային ցածր դեֆիցիտ, լողացող փոխարժեքի ռեժիմ:

Մեր վերջնական նպատակը տնտեսական բարձր աճն է, իսկ մակրոտնտեսական կայունությունը միջոց է այդ նպատակին հասնելու համար:

Կառավարությունը հավակնոտ նպատակ է դրել. Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանաին «գերազանցության կենտրոն»:

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն օբյեկտիվ սահմանափակումներ է ստեղծում գործարարությամբ զբաղվելու համար` թանկացնելով այն:

Մենք պետք է հարևան երկրների համեմատ ստեղծենք առավել գրավիչ ինստիտուցիոնալ պայմաններ:

Ինչ է դա նշանակում.

- մեր օդափոխադրումները և ցամաքային փոխադրումները պետք է լինեն ավելի էժան,


- մեր հեռահաղորդակցման համակարգերը Հայաստանի ամբողջ տարածքում պետք է լինեն ավելի մատչելի,

- պետք է վերացնենք բոլոր բյուրոկրատական սահմանափակումները բիզնես սկսելու և իրականացնելու համար, այդ թվում` պետք է կրճատենք լիցենզիաների, թույլտվությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված  պահանջների քանակը, բարձր վճարները և ժամկետները,

-պետք է դյուրին դարձնենք հարկային հաշվետվական համակարգը` էլեկտրոնային եղանակով,

- պետք է կրճատենք ստուգումների քանակը` որակի բարձրացման հաշվին,

- պետք է որակապես նոր աստիճանի բարձրացնենք մաքսային ծառայությունները` վերջնականապես լուծելով մրցունակությունը սահմանափակող ադմինիստրատիվ չարաշահումների խնդիրը,

- —, ի վերջո, մենք թեթևացնելու ենք հարկային բեռը:

ԵՐԿՐՈՐԴ կարևոր գերակայությունը սոցիալական ինտեգրումը և համերաշխությունն է:

Մենք պետք է վերջնականապես լուծենք աղքատության խնդիրը: Դրա լուծման ամենակարճ ճանապարհն աղքատ քաղաքացիներին տնտեսական և քաղաքացիական կյանքի ակտիվ մասնակից դարձնելն է:


Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նախորդ տարիներից եկող միջին կենսաթոշակի և միջին աշխատավարձի միջև եղած խզումը, որը հանգեցրել է աշխատող բնակչության և կենսաթոշակառուների (ներառյալ հաշմանդամների) կենսամակարդակի մեծ տարբերության:

Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակը և այն 1.5 անգամ բարձր է լինելու աղքատության շեմից: Դրան զուգահեռ, կառավարությունը շարունակելու է աշխատանքները բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ` ներառյալ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը:

Մենք պետք է բարձրացնենք բյուջեի վերաբաշխման արդյունավետությունը` նպատակ ունենալով նվազեցնել սոցիալական բևեռվածությունը:

Ընտանեկան նպաստների համակարգը վերաիմաստավորվելու և վերահասցեագրվելու կարիք ունի, որպեսզի համակարգում ընդգրկվեն իսկապես կարիքավորները, իսկ նպաստառու քաղաքացին իրեն նվաստացած և ընկճված չզգա:

Հասարակական համերաշխությունն ապահովելու համար անհրաժեշտ է փոխել ունևոր խավի կենցաղավարությունը: Աղքատության հիմնախնդիր ունեցող երկրում հարստության, շքեղության, ուժի ցուցադրումն անհարիր է քրիստոնյա հայ մարդուն:

ԵՐՐՈՐԴ գերակայությունը մարդկային կապիտալի զարգացումն է:

Մենք քաջ գիտակցում ենք, որ առանց մարդկային կապիտալի զարգացման մենք ուղղակի կտապալենք առաջընթացի բոլոր ծրագրերը:

Կրթություն

Հայաստանի Հանրապետության արդիականացումը հնարավոր չէ առանց արդյունավետ կրթական համակարգի:

Կրթական բարեփոխումների հիմքում դրվելու են Լիսաբոնյան հռչակագրում ամրագրված սկզբունքները: Թույլ տվեք թվարկել դրանցից առանցքայինները.

Հայաստանի Հանրապետությունը պետք է հիմնված լինի ուժեղ համալսարանների վրա: Մենք կառուցում ենք գիտելիքի վրա հիմնված հասարակություն և պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որը կպատրաստի մեր ապագան կերտող կադրեր:

Մենք պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ. այն է` հասկանանք, որ կրթությունը պետք է լինի ցկյանս: Ժամանակակից աշխարհում ապրել առանց շարունակական կրթության հնարավոր չէ, և կառավարությունը ձեր դատին է հանձնում շարունակական կրթության հայեցակարգը:

Ապահովելու ենք կրթօջախների և գիտահետազոտական աշխատանքների կապը: Եթե գիտությունը տարանջատում ենք կրթական հաստատություններից, տուժում են և գիտությունը, և կրթությունը:

Ապահովելու ենք ուղղակի կապ կրթօջախների և գործարարության միջև:

Կրթական համակարգը կունենա ինովացիոն ուղղվածություն, իսկ կառավարությունն ամեն կերպ կխրախուսի այն:

Կրթօջախները պետք է անընդհատ ուղղակի կապի մեջ լինեն հասարակության հետ` ապահովելով իրենց նվաճումների և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հասանելիությունը:

Կառավարությունը բացառիկ հնարավորություն կստեղծի երիտասարդների համար, արտասահմանյան բարձրակարգ կրթօջախներում ուսանելու:

«21-րդ դարում ունենալ կրթության բարձր մակարդակ` նշանակում է ունենալ բարձր կենսամակարդակ»:

Առողջապահություն

Մենք անցում ենք կատարում առողջապահության նոր հայեցակարգի ներդրման: Առողջապահական համակարգի կողմից մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին: Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային առողջապահական կենտրոն:

Անապահով ընտանիքների և սահմանափակ հնարավորություններով անձանց մատուցվող առողջապահական ծառայությունները կֆինանսավորվեն ապահովագրական սկզբունքներով:

Կառավարությունը կաջակցի կյանքի և առողջության կամավոր ապահովագրության համակարգի կառուցմանը:

Կառավարությունը ներդնելու է տեղեկատվա-տեխնոլոգիական նոր համակարգ, որը կներառի էլեկտրոնային գրանցամատյան, հիվանդության էլեկտրոնային պատմություն, էլեկտրոնային դեղատոմս: Այդ համակարգի ներդնումը կբարձրացնի հիվանդների բուժման արդյունավետությունը, նվազագույնի կհասցնի բժշկական սխալների քանակը, հնարավորություն կստեղծի առավել օպտիմալ և թափանցիկ ֆինանսավորման համար, վերահսկելի կդարձնի դեղորայքի հասցեագրված բաշխումը:

Մշակույթ

Ազգային մշակութային հիմքերի ամրապնդումը, գավառամտության հաղթահարումը, մեր աշխարհայացքի ընդլայնումը նոր տեսակի հասարակության կառուցման կարևոր պայմաններն են հանդիսանում:

Կառավարությունը մտադիր է իր վրա վերցնել Հայաստանի ողջ բնակչության համար մշակութային ռեսուրսները հասանելի դարձնելու առաքելությունը: Խոսքը պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման, Հայաստանի տարածքում գրադարանային ցանցի զարգացման, աշխարհի լավագույն գրադարաններին տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հասանելիության, զանգվածային լրատվության միջոցների, թատրոնի, կինոյի զարգացման մասին է: Պետք է ստեղծենք հատուկ հեռուստաալիք, որը պատշաճորեն կներկայացնի հայ մշակույթը:

Շրջակա միջավայր

Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու ազգային միասնական համակարգի ստեղծումը էկոլոգիայի պահպանման հուսալի երաշխիքներն են:

Եթե ուզում ենք ապրել մաքուր միջավայրում, պետք է փոխենք մեր կենցաղը. բնության էկոլոգիան սկսում է մարդու էկոլոգիայից:

ՉՈՐՐՈՐԴ գերակայությունն արդյունավետ պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձևավորումն է և կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորումը:

Բոլոր հավակնոտ ծրագրերը և գերակայությունները կմնան թղթի վրա, եթե մենք շարունակաբար չկատարելագործենք աշխատանքի մեթոդները:

Ի՞նչ է դա նշանակում.

Մենք պետք է զուգակցենք նոր գիտելիքների ձեռքբերումը, նոր մեթոդների կիրառումը նպատակային ցուցանիշներին հասնելու գործողությունների հետ:

Մենք պետք է պետական և մասնավոր հատվածի աշխատողների համար սովորելու հնարավորություն ստեղծենք:

Կառավարման համակարգում ներդնելու ենք միջազգային լավագույն ստանդարտներ:

Ժամանակակից արդյունավետ պետական կառավարման համակարգ նշանակում է` կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման` հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:

Ցանկալի արդյունքների հստակ ձևակերպումը և դրանց նկատմամբ կատարողականի գնահատումը կդառնա կառավարության հաշվետվության հիմնական կանոնը:

Մենք հասնելու ենք նրան, որ գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը տարեկան կտրվածքով գնահատվի հենց այս սկզբունքներով: Դա նշանակում է, որ ՀՀ վերահսկիչ պալատն առաջին հերթին պետք է իրականացնի գործընթացային աուդիտ:

Պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակն էապես կբարձրանա, իսկ հասարակությունը դրանք գնահատելու հնարավորություն կունենա հետադարձ կապի միջոցով:

Կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ, որը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հաստատություններում կապահովի ինտերնետի միջոցով պետական ծառայությունների մատուցում` նվազագույնի հասցնելով շփումը պետական ծառայողի և քաղաքացու միջև: Դրանով իսկ էապես կկրճատվեն կոռուպցիայի ռիսկերը:

Մենք խրախուսելու ենք Կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումն իրական հատվածում: Ընդ որում, պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկություններում կորպորատիվ կառավարման համակարգը պարտադիր պահանջ է լինելու:

Ձեռնամուխ ենք լինելու նաև պետական-մասնավոր գործընկերության հայեցակարգի ներդրմանը, որի մասին բազմիցս խոսել ենք:

Պետական հատվածում աշխատավարձը պետք է մրցունակ լինի մասնավոր հատվածի աշխատավարձի հետ, ինչը նշանակում է, որ արտադրողականությունը, մատուցվող ծառայությունների որակը ևս պետք է մրցունակ լինեն: Այդ նպատակով մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք քաղաքացիական ծառայության ռեֆորմը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ գերակայությունը տարածքային համաչափ զարգացումն է:

Այսօր տարածքային անհամաչափությունները դարձել են Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման լուրջ խոչընդոտ:

Երևան քաղաքի գերծանրաբեռնվածությունը խոչընդոտում է տարածքների, ինչպես նաև Երևանի բնականոն զարգացմանը: Կառավարությունն իր առջև խնդիր է դնում Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն:

Մենք Երևանից դուրս ձևավորելու ենք մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական, արդյունաբերական կենտրոններ:


Այդ գործառույթների ապակենտրոնացումը նպատակ ունի շրջաններում ապահովել առավել բարձր աճի տեմպեր:

Որպեսզի գյուղացին հնարավորություն ունենա զարգացնել իր մասնավոր տնտեսությունը, պետությունը պարտավոր է հոգալ գյուղական շրջանների ենթակառուցվածքների զարգացման մասին:

Մենք չենք կարող ունենալ տեղեկատվական հասարակություն, եթե Հայաստանի բոլոր գյուղերն ապահովված չլինեն հուսալի ինտերնետային կապով: Ժամանակակից տեղեկատվությունը, գիտելիքը և ծառայությունները հասանելի կլինեն բոլորի համար:

Դա հնարավորություն կտա ստեղծելու նոր որակի կենսակերպ` նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյուններում:

Պետք է վերանա աղետի գոտի հասկացությունը և ավարտին հասցվեն վերականգնման աշխատանքները:

Ես թվարկեցի կառավարության հինգ գերակայություններն առաջիկա հինգ տարիների համար:

Այս գերակայություններին հասնելու համար մենք ներդնելու ենք նոր մոտեցում. այն է` համազգային նախագծերի իրագործում:

Եվ այսպես մենք հռչակում ենք համազգային հինգ նախագծերի սկիզբը.

Դառնալ`

- բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոն»,

- կրթական կենտրոն,

- առողջապահական կենտրոն,

- կազմակերպված հանգստի կենտրոն,

- ֆինանսական կենտրոն:

Աշխարհով մեկ սփռված հայերը լիակատար հնարավորություն կունենան մասնակցելու վերոնշյալ նախագծերի իրագործմանը: Նրանց ներգրավվածությունը լրացուցիչ հնարավորություն է ազգային, հոգևոր, մշակութային միասնության դրսևորման և ամրապնդման համար:

Համայն հայության միացյալ ներուժը դառնալու է մեր մրցակցային առավելությունը:

Առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված է: Մենք ստեղծել ենք Ազգային մրցունակության խորհուրդ` պետական և հասարակական ճանաչված գործիչների մասնակցությամբ:

Հարգելի գործընկերներ,

Մենք եկել ենք իրականացնելու փոփոխություններ: Հայաստանում ձևավորված սպասումները թռիչքաձև զարգացման հնարավորություն են տալիս: Այն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը:

Համազգային նախագծերի, ինչպես նաև կառավարության ծրագրերի քննարկմանը և իրականացմանը հրավիրում ենք նաև ընդդիմությանը, որը կարող է ստանձնել խստապահանջ և անաչառ վերահսկողի դերը:

Ընդհանրապես, մենք ողջունում ենք Ազգային Ժողովի նախաձեռնությունն` ամրապնդելու ընդդիմության իրավունքները, ինչը դաշտ կստեղծի արդյունավետ համագործակցության համար:

Ելույթս ուզում եմ ավարտել Ներսես Շնորհալու խորիմաստ խոսքով.


«Թող Աստված մեզ տա իմաստություն ամեն ժամ բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի, ազատի մեզ ամեն տեսակ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից: Եվ ողորմի, ների մեզ արարածներիս և ինձ բազմամեղիս»:

Շնորհակալություն ուշադրության համար:

1 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից` երդմնակալության արարողության ժամանակ 09.04.08

2 Սերժ Սարգսյանի ելույթից` Ազգային ժողովում 2007 թվականի հունիսի 26-ին` կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ