Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 ապրիլի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը տեղակացրել է, որ այսօր արդեն կառավարության նիստը ուղիղ հեռարձակվում է կառավարության մամուլի կենտրոնում և կառավարությունում հավատարմագրված լրագրողները օնլայն ռեժիմով հետևում են նիստի ընթացքին: Նկատի ունենալով, որ սա նորանշանակ կառավարության առաջին նիստն է` ամբողջական կազմով, Տիգրան Սարգսյանը շնորհավորել է իր բոլոր գործընկերներին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Կառավարության անդամներին ուղղված խոսքում ՀՀ վարչապետը, մասնավորապես, ասել է.


«Բոլորդ քաջ գիտակցում եք, որ սպասելիքները մեզանից չափազանց մեծ են և մենք պարտավոր ենք արդարացնել` ինչպես Հանրապետության նախագահի, այնպես էլ մեր ժողովրդի վստահությունը: Ես համոզված եմ, որ մենք թիմային աշխատանքով կկարողանանք հասնել լուրջ հաջողությունների: Մինչ օրակարգին անցնելը մի քանի հարցերի կուզենայի անդրադառնալ. առաջին` մենք ներդնելու ենք նոր ավանդույթ, այն է` վարչապետը ձեզ զեկուցելու է կառավարության նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, որպեսզի դուք տեղյակ լինեք, թե այն հարցերը, որ բարձրացվում են կառավարության նիստում, հետագայում ինչ ընթացք են ստանում: Եվ ես այսօր ձեզ ներկայացնում եմ երեք հարցերի վերաբերյալ մեր քննարկումների արդյունքները:


Առաջին հարցը մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրն է: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նաև ՀՀ գլխավոր դատախազին` ներկայացված տեղեկանքի համար. այստեղ բացահայտվել են լուրջ խնդիրներ և հարուցված է քրեական գործ: Մենք պետք է համարձակություն ունենանք մեր թերությունների մասին հրապարակային խոսելու և դա ուժեղացնում է կառավարությանը, ոչ թե թուլացնում: Դա թուլացնում է մեր ընդդիմախոսներին, եթե մենք բացահայտում ենք մեր թերությունները և բացթողումները: Այստեղ մենք ունենք թերություններ, տրված են համապատասխան հանձնարարականներ, և ես համոզված եմ, որ քրեական գործով կբացահայտվեն մեղավորները:


Երկրորդ հանձնարարականի մասին` պարոն Դանիելյանը ներկայացրել է զեկուցագիր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման վերաբերյալ, որտեղ մենք պարտություն ենք կրել և անհրաժեշտ է ճիշտ հետևություններ անենք, որպեսզի ապագայում մեր երկրի հեղինակությունը չվարկաբեկվի: Պարոն Դանիելյանի նամակը ես ուղարկելու եմ մեր բոլոր իրավապահ կառույցներին, որ հետևություններ արվեն և ապագայում նման դեպքերը չկրկնվեն: Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ամբողջությամբ արդարացի որոշում է և ակնհայտ են մեր թերացումներն ու բացթողումները:


Երրորդը վերաբերում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից բարձրացված 2005թ. նոյեմբերի 24-ի 2093-Ն հայտնի որոշմանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքապետը, բոլոր շահագրգիռ կողմերը, և մենք եկել ենք լիակատար համաձայնության ու կարծում եմ, որ հարցը փակված է` այն առումով, որ մենք առաջնահերթություն ենք տալիս մարդու իրավունքներին և սահմանադրական նորմերի պահպանմանը: Դրանք առաջնային իրավունքներ են և բոլոր մեր ենթաօրենսդրական ակտերի մեկնաբանությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի սահմանադրական իրավունքներն ամբողջությամբ իրացվեն Հայաստանի Հանրապետությունում: Ցանկացած վարչական որոշում, որը սահմանափակում է մարդու իրավունքները, անընդունելի է լինելու մեզ համար:


Հաջորդ հարցը, որի վրա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել, նույնպես նորամուծություն է լինելու մեր աշխատանքում: Սա Հանրապետության նախագահի մոտեցումն է, որը մենք պետք է իրականացնենք: Տարածքների համաչափ զարգացումը մեր կառավարության առաջնահերթություններից է: Այսուհետ մենք անց ենք կացնելու կառավարության արտագնա նիստեր` մարզերում, և այդպիսի առաջին նիստն անց ենք կացնելու Շիրակի մարզում: ՀՀ փոխվարչապետը համակարգելու է այդ աշխատանքները և առաջին նիստին նախապատրաստվելու համար բոլոր գերատեսչությունները պետք է դիտարկեն իրենց ծրագրերը տարածքային կտրվածքով և կոնկրետ Շիրակի մարզի վերաբերյալ իրենց առաջարկությունները, կուտակված խնդիրները և լուծման եղանակները պետք է ներկայացնեն ՀՀ փոխվարչապետին: Երբ մենք պատրաստ կլինենք այդ արտագնա նիստին, նախապես տեղյակ կպահենք նաև մարզային իշխանություններին, որպեսզի նրանց հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, կարողանանք առարկայական լուծումներ տալ տեղում: Կառավարության անդամները ևս, իրենց ծրագրերի տարածքային կտրվածքով, ավելի հստակ պատկերացումներ կունենան, քանի որ անմիջապես տեղում կստանան տեղական իշխանությունների արձագանքները:


Չորրորդ նորամուծությունը, որը բխում է Հանրապետության նախագահի հայեցակարգից, ԶԼՄ-ների հետ աշխատանքների կազմակերպման խնդրին է վերաբերում: Այսուհետ փոխվելու է մեր աշխատանքը զանգվածային լրատվական միջոցների հետ: Մասնավորապես, առաջին սկզբունքը, որը դրել է մեր առջև Հանրապետության նախագահը, հետևյալն է. եթե մենք ուզում ենք ունենալ պատասխանատու լրատվական միջոցներ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու իշխանություն: Ի՞նչ է սա նշանակում: Այսուհետ հասարակական մեծ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք իրենց տեղն են գտնում ԶԼՄ-ներում, մենք պարտավոր ենք արձագանքել: Վարչապետի աշխատակազմը վերլուծության է ենթարկելու նման խնդիրները, և մենք պատասխանելու ենք: Մենք նպատակ ունենք պաշտպանելու մեր գործընկերների, պաշտոնյաների պատիվը և արժանապատվությունը, և եթե ԶԼՄ-ներում հայտնվում են զրպարտական լուրեր կամ սուտ տեղեկատվություն, մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին արձագանքել: Համապատասխան հանձնարարական Հանրապետության նախագահի կողմից տրված է, որպեսզի օրենսդրական փոփոխություններ նախապատրաստվեն` հստակեցնելու իրավական հարթությունը այս հարցում, որ մենք լինենք ձեզ հետ միասին պաշտպանված: Եվ Հանրապետության նախագահի կարգադրությամբ այսօր ես տալիս եմ առաջին հանձնարարությունը. ս.թ. ապրիլի 23-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել է տեղեկատվություն Սյունիքի մարզպետի` Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ: Հանձնարարվում է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին` կազմակերպել ծառայողական քննություն` պարզելու հանգամանքները և զեկուցելու արդյունքների մասին: Եվ մենք ընթացք ենք տալու այս գործին: Սրանք են այն նոր աշխատաոճին վերաբերող մոտեցումները, որը մենք այսուհետև, ձեզ հետ միասին, կիրառելու ենք»:


Այնուհետ, անցնելով օրակարգի հարցերին, կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի համակարգի և ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ծրագրից բխող գործողությունների իրականացման ժամանակացույցը: Դրանում նախատեսվել են ինչպես իրավաստեղծ, այնպես էլ կազմակերպական միջոցառումներ: Միջոցառումներն ընդգրկում են 5 կարևոր ոլորտներ. 1) ՀՀ քաղաքացու գործող անձնագրերը փոխարինող նույնացման քարտերի և կենսաչափական տվյալներով էլեկտրոնային անձնագրերի ներդրման իրավական և տեխնիկական ապահովումը, 2) անհատական տվյալների միասնական բազայի ձևավորումը, 3) անհատական տվյալների տարբեր բազաներում անձանց նույնացնող եզակի թվերի` հանրային ծառայության համարանիշի ներդրումը, 4) անհատական տվյալների մշակման ընթացքում անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությանը և տվյալների անվտանգության ապահովմանն ուղղված իրավական և ինտստիտուցիոնալ երաշխիքների կատարելագործումը և 5) տեղաշարժված և տեղաշարժվող անձանց նկատմամբ միգրացիոն միասնական քաղաքականություն վարող, ԵՄ անդամ պետությունների միգրացիոն ծառայությունների իրավասուբյեկտությանը համապատասխանող լիազորություններով հիմնարկի` ՀՀ ոստիկանության քաղաքացիական և միգրացիայի դեպարտամենտի հիմնադրումը` ՀՀ ոստիկանության կառուցվածքում գտնվող անձնագրային և վիզաների վարչության հիմքի վրա: Հարցի վերաբերյալ հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարների, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի և շահագրգիռ մյուս մարմինների ղեկավարների հետ համատեղ, մեկ անգամ ևս քննարկել և, անհրաժեշտության դեպքում, ըստ այդմ լրամշակել որոշման նախագիծը:


Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ, որի նպատակը որոշմամբ հաստատված կարգով սահմանված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում շենքերի ծավալից դուրս` բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից ինքնակամ կառույցների օրինականացման հարաբերությունների պարզեցումն է: Որոշվել է, մասնավորապես, վճարները չմուծված և իրավունքների պետական գրանցման չներկայացված, հետևաբար պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կառույցները, առանց ժամկետի սահմանափակման, օտարել այն անձանց, որոնց սեփականության իրավունքով պատկանող բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից են իրականացվել կառույցները: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` լրամշակել որոշման նախագիծը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից արված առաջարկություններին համապատասխան: Կարևորելով պետական մարմինների կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի ապահովման խնդիրը, ՀՀ վարչապետը նշել է. «Բոլոր այն ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք քաղաքացիներին և պետությունն առնչվում է քաղաքացիների հետ, մենք պետք է գույքագրման ենթարկենք և փորձենք հնարավորին չափ պարզեցնել այդ հարաբերությունները: Եթե քաղաքացին գործ է ունենում պետության հետ, մենք չպետք է այդ քաղաքացուն տարբեր պետական գերատեսչություններ ուղարկենք` տեղեկանքներ պահանջելով նրանցից: Եվ էլեկտրոնային կառավարում հասկացությունը ենթադրում է, որ մեր գերատեսչություններն իրար հետ պետք է փոխկապակցված լինեն և քաղաքացու համար բարդություններ չստեղծեն»: ՀՀ վարչապետը հանձնարարել է բոլոր գերատեսչություններին` ներկայացնել իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ցանկը և առաջարկությունները` դրանք հնարավորինս պարզեցնելու վերաբերյալ` քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցնելու նպատակով: Մեկամսյա ժամկետ է տրվել` գույքագրումն ավարտելու և արդյունքների մասին ՀՀ նախագահին զեկուցելու համար:


Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2007թ. համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: Հարցի կապակցությամբ հանձնարարվել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետին` ուսումնասիրել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հիշյալ գործակալության գործունեությունը և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ վարչապետին:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է, 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, ոչ ավելի քան 54 մլն 136.4 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար` այդ կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (2008թ.-ի համար) և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (2007թ.-ի համար) գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով: Որոշումն ընդունվել է` «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 23-ի N472-Ն որոշման մեջ, որի նպատակն է հստակեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացվող տեղեկատվության տրամադրման գործընթացը: Նախագծով նախատեսվում է գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստթաթղթերի ցանկը համալրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմնի կողմից տրված` աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի տեսակների) ստանալու մասին տեղեկանքով:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ի N1747-Ա որոշման մեջ, որը պայմանավորված է 2001-2002թթ. պետության կողմից առողջապահության ոլորտի կազմակերպություններին առաջացած պարտքերով: Փոփոխության համաձայն, որոշվել է, մասնավորապես, ապահովել ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» ՓԲԸ-ի 7 մլն 865 հազար դրամ կանոնադրական կապիտալի նվազեցումը բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն փոքրացման ձևով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` այն սահմանելով 1 մլն 428 դրամ:


ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման համաձայն, գործադիրը հաստատել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական և հեղինակային հսկողության, նախագծային աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրերի բաշխումը` ըստ օբյեկտների: Հաստատվել է նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման տեխնիկական և հեղինակային հսկողության, նախագծային աշխատանքների համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրերի բաշխումը` ըստ համապատասխան հավելվածների և օբյեկտների: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 2009թ. նախատեսված պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ցանկը: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ, քննարկել որոշման նախագծի վերաբերյալ վերջինիս առաջարկությունը և , անհրաժեշտության դեպքում, ըստ այդմ լրամշակել այն:


«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը սահմանել է, որ «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը նախատեսված հատկացումները, նշված բարեփոխումների իրականացումը «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջոցով ապահովելու նպատակով, դրամաշնորհների տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրվում են «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին` այդ կազմակերպության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ, մեկ անգամ ևս քննության առնել որոշման նախագիծը և, անհրաժեշտության դեպքում, լրամշակել այն:


Նիստում կառավարությունը որոշել է նաև ՀՀ-ի և ՀԲ-ի միջև կնքված զարգացման վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի և SIEMENS AG ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անունով «Անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները:


«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշման մեջ, որը հնարավորություն կընձեռի ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով խաղաղ ժամանակ անցկացվող վարժական հավաքներին ու զորախաղերին ներգրավել լիարժեք բժշկական հետազոտում անցած և առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չունեցող զինապարտների:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գորիս քաղաքի «Քարահունջ» ջրամբարի գույքի կազմում ներառված «Գծային տուն»` 1 մլն 959 հազար 375 դրամ հաշվեկշռային արժեքով, 340.4քմ ընդհանուր մակերեսով շինությունը և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 2.4 հա հողատարածքը հետ վերցնել և հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը: Որոշումը կնպաստի ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների գործառույթների լիարժեք իրականացմանը և գույքի նպակային կառավարմանը: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին` ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ, մեկ անգամ ևս քննարկել և լրամշակել որոշման նախագիծը:


«Հարկային ծառայության մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 17-ի N588-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալի մեկ հաստիքային միավոր` ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին և առկա հաստիքային միավորների շրջանակներում: ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում կնշանակվի Ահարոն Չիլինգարյանը, ով կհամակարգի հարկային բարեփոխումները:


«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Արամ Իսաբեկյանի ընտրության արդյունքները:


Նիստում կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 6 մլն 920 հազար 455 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2008թ. մայիսի 4-ին կայանալիք Արարատի մարզի Շահումյանի, Մրգավետի գյուղական համայնքների ղեկավարների, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի, Բլագոդարնոյե գյուղական համայնքի ղեկավարի, 2008թ. մայիսի 11-ին կայանալիք Արմավիրի մարզի Դալարիկի, Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղական համայնքների ղեկավարների և Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից, ևս 33 մլն 249 հազար 280 դրամ է հատկացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2008թ. մայիսի 18-ին կայանալիք Երևան քաղաքի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ թաղային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստում կառավարությունը որոշել է ՀՀ-ում հուլիսի երրորդ կիրակի օրը նշել որպես Հանքագործի և մետալուրգի օր:


Կառավարության մեկ այլ որոշմամբ 2008թ. մայիսի 2-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվել է մայիսի 4-ը` կիրակի օր:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ