ուրբաթ, 19 հուլիսի 2002
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է կարտոֆիլագործության բնագավառում մասնագիտացած Հոլանդիայի HZPC ընկերության կոմերցիոն տնօրեն Հերո Վեենստրային:
Հանդիպման ժամանակ պարոն Վեենստրան տեղեկացրել է,որ այցելել է մեր հանրապետության մարզեր, հանդիպել ագրարագյուղացիական միության անդամների հետ և ցանկություն ունի ներդրում կատարել նաև Հայաստանում: Ընկերությունը, որը ստեղծվել է կարտոֆիլ արտադրող երկու հնագույն ընկերությունների միաձուլման արդյունքում, իր արտադրանքն արտահանում է ավելի քան 70 երկրներ: Պարոն Վեենսան առաջարկում է մեր տարածաշրջանին, հողին, կլիմային համապատասխան, բարձր վերարտադրության սերմացու: Ողջունելով առաջարկը, նախարար Հ. Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել երկու երկրների կառավարությունների միջև քննարկումները, և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում, խնդիրը տեղափոխել գործնական հարթություն: Հանդիպման ընթացքում փաստվել է, որ ծրագրի նկատմամբ երկուստեք կա հետաքրքրություն, և այն կարող է դառնալ փոխշահավետ համագործակցություն:
Պարոն Վեենստրան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հետագայում էլ կշարունակվի փոխգործակցությունը: