Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 ապրիլի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Մինչ նիստն սկսելը, վարչապետը նախ շնորհավորել է ՀՀ կառավարության նորանշանակ անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, արդարադատության նախարար Գեորգ Դանիելյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին, ապա հանդես է եկել մի քանի հայտարարությամբ, որոնք վերաբերել են կառավարության աշխատանքի կազմակերպմանն ու գործադիր իշխանության գործունեության հրապարակայնության, կառավարման գործընթացում հասարակության ներգրավվածության ավելի մեծացման անհրաժեշտությանը և այդ նպատակով իրականացվելիք քայլերին: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.


«Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ես արդեն իսկ մակագրել եմ, որ ներառվի ևս 7 լրացուցիչ հարց, և ցանկանում եմ անդրադառնալ այդ խնդրին. ինչպե՞ս են լրացուցիչ հարցերը ներառվում օրակարգում, ո՞րն է լինելու սկզբունքը: Կառավարման մեջ կա այսպիսի սկզբունք, որը կոչվում է հասարակության ներգրավվածության սկզբունք: Նպատակը կայանում է նրանում, որ առաջինը` մենք ապահովենք ներգրավված նախագծերի որակը, և երկրորդը` ապահովենք կառավարության գործունեության լեգիտիմությունը. այն է` մեր կողմից ընդունվող որոշումները պետք է դառնան հանրության քննարկման առարկա: Այս սկզբունքը ենթադրում է, որ հասարակության անդամները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու առաջինը` նախագծերի մշակման գործընթացին, երկրորդը` նախագծերի քննարկման գործընթացին և երրորդը` ընդունված նախագծերի վերաբերյալ մենք պետք է ունենանք փոխադարձ կապ հասարակության հետ: Սա նշանակում է, որ այսուհետև պարտադիր նորմ է լինելու կառավարության և նախարարությունների համար, որպեսզի իրենց ինտերնետային կայքերում տեղադրված լինեն նախագծերը: Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու նախագծերին, և այն երեք սկզբունքները, որ ես մատնանշեցի, պետք է կիրառվեն ոչ միայն կառավարության, այլ նաև նախարարությունների կողմից: Մենք հետևելու ենք ձեր կայքերին, որպեսզի այդ նախագծերը տեղակայված լինեն այնտեղ: Երկրորդը` մենք ապահովելու ենք կառավարության նիստերի ուղիղ հեռարձակում` այստեղից կառավարության մամլո ասուլիսների սրահ: Մենք այսօր ունենք հավատարմագրված մեծ թվով լրատվամիջոցներ, որոնք բոլորը հնարավորություն են ունենալու առաջին հարկում գտնվող սրահից հետևել կառավարության նիստերին` օնլայն ռեժիմով: Այնտեղ տեղակայված են համակարգիչներ, որոնցից նրանք ազատորեն պետք է կարողանան օգտվել` ապահովելով մեր գործունեության հրապարակայնությունը: Հաջորդ սկզբունքը, որի մասին ես ուզում էի ձեզ ասել, կայանում է հետևյալում. իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, ցավոք, դեռևս մեր աշխատակիցները չեն տիրապետում աշխատելու ժամանակակից մեթոդներին: Գիտեք, ամոթ չէ չիմանալը, ամոթ է չսովորելը, և մենք պետք է սկսենք մեզանից, մենք ինքներս պետք է սովորենք ծանոթանալ աշխարհի ժամանակակից փորձին և աշխատենք այն, ինչ մեզ համար ընդունելի է, ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Բարեփոխումներ` առանց սովորելու հնարավոր չէ: Առանց նոր գիտելիքների ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել, իսկ ժամանակակից աշխարհն արագորեն փոփոխվում է: Ուրեմն, մեր թիմի համար մեկ խնդիրը լինելու է` սովորել:


Եվ վերջին հայտարարությունը, որ ուզում եմ անել, հետևյալն է. ձեր բոլորի աշխատանքային սեղանին պետք է դրված լինի երկու կարևորագույն փաստաթուղթ: Առաջինը` ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն է` մինչև 2012թ.-ը, որը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱԺ-ին և արժանացել է ԱԺ-ի հավանությանը, և երկրորդը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն է: Այս երկու փաստաթուղթը ձեր աշխատանքային սեղանի կարևորագույն փաստաթղթերն են, և դուք ամեն օր գործունեության ընթացքում պետք է հետևեք, թե ինչ քայլեր են ձեր կողմից ձեռնարկվել, որպեսզի այդ մատնանշված նպատակները լինեն մեզ համար հասանելի: Եվ մշտապես հրապարակայնությունն ապահովելու պարագայում, դուք կկարողանաք ճշգրիտ ներկայացնել այն թիրախները, որոնք մատնանշված են Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում»:



Այնուհետև անցնելով նիստի օրակարգի հարցերին, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է ՀՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատել` եկամուտների գծով 588 մլրդ 40 մլն 417.1 հազար դրամ, ծախսերի գծով` 634 մլրդ 734 մլն 637.8 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 46 մլրդ 694 մլն 220.7 հազար դրամ: Վարչապետը հանձնարարել է նախարարներին, որպեսզի յուրաքանչյուր նախարարություն իր մասով վերլուծություն կատարի, թե 2007թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրավորված ցուցանիշների և կատարողական ցուցանիշների ինչպիսի՞ շեղումներ են եղել և ի՞նչ պատճառով, որը, ըստ կառավարության ղեկավարի, օգտակար կլինի 2009թ. ՀՀ պետական բյուջեի նախագծման ժամանակ:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2007թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման է առաջարկվել ծրագրում ընդգրկված 20 ընկերություն և 10 գույքային միավոր, որից մասնավորեցվել է 17-ը: Դրանցից 12-ը վաճառվել է ուղղակի վաճառքի ձևով (այդ թվում` ներդրումների կատարման և այլ պարտավորությունների ստանձնման պայմաններով), 3-ը` մրցույթով և 2-ը` աճուրդով: Նշվել է նաև, որ մասնավորեցված ընկերություններից և գույքային միավորներից 6-ը (կամ 35.3 տոկոսը) այն ընկերություններն են, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները փոխանցվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ 3-ը (17.6 տոկոսը) Երևանի քաղաքապետարանի, 2-ական (11.7 տոկոսը)` ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի և կապի նախարարությունների ու Կոտայքի մարզպետարանի և 1-ական (5.9 տոկոսը)` գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների ընկերություններ և մասնավորեցման օբյեկտներ են:


Նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը` ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 29-ի «ՀՀ կառավարության 2008թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N1440-Ն որոշման 2008թ. առաջին եռամսյակի հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Փաստաթղթի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա 34 կետերից 2-ի իրականացման ժամկետը տեղափոխվել է 2008թ. երկրորդ եռամսյակ, ևս 2-ը ուժը կորցրած է ճանաչվել: Ցանկում մնացած և կատարման ենթակա 30 կետերը 2008թ. ապրիլի 10-ի դրությամբ իրականացվել են ամբողջությամբ: Զեկուցվել է նաև, որ դրանցից միայն 4-ը (կամ 13.3 տոկոսը) կատարվել է ուշացումով: Վարչապետը հանձնարարել է կառավարության անդամներին` լուրջ ուշադրություն դարձնել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ներկայացման և կատարման որակի նկատմամբ` ընդգծելով, որ այն ևս լինելու է հասարակական վերահսկողության ներքո:


«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Երևան քաղաքի անվանակոչված աշխարհագրական անվանումները և հանձնարարել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել պետական գրանցման աշխատանքները:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ, որի համաձայն ՀՀ կառավարության կողմից գազի օգտագործման համար սպառողների օգտին սուբսիդիաների վճարման վերջնաժամկետը` 2008թ. դեկտեմբերի 31-ի փոխարեն, սահմանվել է 2008թ. ապրիլի 30-ը:


Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» N3920-AM վարկային ծրագրի շրջանակներում «Հրազդանի բժշկական կենտրոն», ինչպես նաև «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների շենքերի վերանորոգման նպատակով` համապատասխանաբար 2008թ. փետրվարի 12-ին և փետրվարի 8-ին անցկացված և ՀՀ առողջապահության նախարարության` ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2008թ. փետրվարի 29-ին հաստատված մրցույթների արդյունքները: Որոշումներն ընդունվել են` ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրությանը համապատասխան:


Գործադիրը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի` ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս, վարքագծի կանոններ սահմանելու անհրաժեշտությամբ, որը կնպաստի հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, հարկադիր կատարողի կոչմանը հարիր վարքագծի դրսևորմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 166 մլն 245.3 հազար դրամ է հատկացրել` 1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման նախարարներին, Երևանի քաղաքապետին` հատկացված գումարը որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային և հասարակական կազմակերպություններին տրամադրել` նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Նման միջոցառումների անցկացման հետ կապված, Տիգրան Սարգսյանը չափազանց կարևորել է մասնավոր հատված-պետություն համագործակցության զարգացումը, նշելով, որ այդպիսի համագործակցության հայեցակարգի ներդրումն անհրաժեշտություն է և այդ համագործակցության մասին բազմիցս խոսել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 5 մլն 541 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգը շահագործելու համար:


Կառավարությունը որոշել է Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի գլխավոր գործակալության լիազորությունները վերապահել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, հիշյալ ծրագրի իրականացման գործառույթները`«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին, իսկ ծրագրի համակարգող խորհրդի գործառույթները` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի համակարգող խորհրդին:


«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրն այդ օրենքով նախատեսված լիազոր մարմին է ճանաչել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:


«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է «Որոշ ապրանքատեսակների ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման» կարգը: Հանձնարարվել է` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների հետ, քննարկել արված առաջարկությունները և, անհրաժեշտության դեպքում, ըստ այդմ լրամշակել նախագիծը:


Նիստում գործադիրը որոշում է ընդունել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր- Ակունք» ՓԲԸ-ների կառավարչի ընտրության միջազգային մրցույթ անցկացնելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով նաև հիշյալ ընկերություններում կառավարման մեխանիզմի հետագա կատարելագործմանն ուղղված հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում ՀՀ և ԳԴՀ կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը: Նշված ընկերությունների կառավարումը ոչ պետական կառավարչին հանձնելու մրցութային գործընթացները կանոնակարգելու նպատակով, որոշվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:


«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ նկարահանելու և հանրաճանաչ հեռուստաալիքներով հեռարձակելու համար, ապահովել «Բազզ Բիզնես» կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` այն համաձայնեցնելով ՀՀ արդարադատության նախարարի հետ: Հանձնարարվել է նաև` ֆիլմի սցենարը և բովանդակությունը ձևավորելիս, համագործակցել ՀՀ մշակույթի նախարարության հետ: Ֆիլմի նկարահանման նպատակով, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 168 հազար 750 եվրոյին համարժեք դրամ է հատկացվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշման համապատասխան կետերը:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 8 մլն 555 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հուշարձանի և Սայաթ Նովա 5 շենքի պատին հուշատախտակի պատրաստման և տեղադրման համար: Հանձնարարվել է` ՀՀ մշակույթի նախարարության հետ, անհրաժեշտության դեպքում, ևս մեկ անգամ քննարկել և վերջնական տեսքի բերել նախագիծը:


Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի N1783-Ն որոշման մեջ` ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2006թ. շահառուների կարիքների համար բնակարանների ձեռքբերման վերջնաժամկետը` 2007թ. դեկտեմբերի 20-ի փոխարեն, սահմանելով 2008թ. հուլիսի 1-ը: Որոշմամբ նաև թույլատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` բնակարանների գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված, ՀՀ 2006թ. պետական բյուջեի հիշյալ ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով կնքված գործակալական պայմանագրում կատարելու կողմերի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության փոփոխություն:


«Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008-2009 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերը` ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` սահմանված կարգով կազմակերպել նաև համապատասխան նպատակային ընդունելություններ, մասնավորապես, սահմանամերձ համայնքները և լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերն ուսուցողական կադրերով ապահովելու, մարզադպրոցների համար մարզական կադրեր պատրաստելու նպատակով: Որոշվել է ՀՀ պետական բուհերի 2008-2009 ուսումնական տարվա անվճար տեղերի 10 տոկոսը` ըստ մասնագիտությունների, հատկացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին: Սահմանվել է, որ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008-2009 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա)` կիրառելով ուսանողական նպաստների տրամադրման սկզբունքը: Սահմանվել է նաև, որ պետական բուհերի վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը:


Գործադիրը հաստատել է նաև ՀՀ 2008-2009 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի բաշխումը: Նշվել է, որ նախագծի վերաբերյալ կան առանձին խնդիրներ, որոնք կքննարկվեն լրացուցիչ: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ պետական բուհերի 2008-2009 ուսումնական տարվա` պետության կողմից անվճար և վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը` ըստ մասնագիտությունների:


Նիստում կառավարությունը ոռոգման նպատակով Սևանա լճից 2008թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել է 150 մլն խմ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին: Որոշումն ընդունվել է` Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով:


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N882-Ն որոշումը, գործադիրը որոշել է «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` օգտագործման համար ոչ պիտանի գույքն օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշվել է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Գյումրու առողջապահության ավտոպարկ» ՓԲԸ-ն: Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 1996թ. սեպտեմբերի 3-ի «ՀՀ Շիրակի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N282 որոշմամբ հաստատված հավելվածում:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Բասենի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Բաղդասարյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 432 հազար 703.4 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի, Վարդաբլուրի, Ձորագետի, Ամրակիցի, Վահագնիի, Անտառամուտի, Կուրթանի, Դարպասի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, ինչպես նաև որոշել է տարբեր նպատակային նշանակության 0.9 հա հողերը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա: Որոշումն ընդունվել է` ելնելով հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում «Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ներդրումային ծրագրով իրականացվող «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած անհրաժեշտությունից:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ