չորեքշաբթի, 17 հուլիսի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Թաթուլ Երվանդի Հակոբյանը:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1963 թ. ապրիլի 29-ին Սիսիանում:
1980 թ. գերազանցությամբ ավարտել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ընդունվել և 1985 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը ստանալով դեղագործի որակավորում:
1985թ-ից մինչև 1995 թ. ղեկավարել է դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններ Սիսիանի և Արտաշատի շրջաններում և Երևանում:
1992-1994 թթ. ուսանել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործարար ղեկավարման ֆակուլտետում, որի ավարտին շնորհվել է գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում:
1995 թ. նոյեմբերից մինչև 1996 թ. մարտ ամիսը աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության սոցիալական — առողջապահական քաղաքականության բաժնում որպես գլխավոր մասնագետ:
1995թ. մարտից մինչև 1999 թ. մարտ ամիսը աշխատել է ամերիկյան «Միացյալ մեթոդիստների օգնության կոմիտե» ոչ կառավարական կազմակերպությունում որպես առողջապահական ծրագրի ղեկավար, այնուհետև բժշկական կոորդինատոր:
1995-1997 թթ. հրավիրվել է ուսանելու Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետում, որի ավարտին նրան շնորհվել է Հանրային առողջապահության մագիստրոսի կոչում:
1998 թ. ընթացքում որպես առողջապահության քաղաքականության հարցերով անկախ փորձագետ համագործակցել է Եվրոմիության ՏԱՍԻՍ ծրագրի և Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի հետ:
1999 թ. մարտին հրավիրվել է աշխատանքի ՀՀ առողջապահության նախարարություն և նշանակել Առողջապահության ապահովվածության գլխավոր վարչության պետ: 2000 թ. փետրվարին նշանակվել է առողջապահության նախարարության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ:
2000 թ. դեկտեմբերից աշխատում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրում» որպես առողջապահության քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու զավակ դուստր և որդի: