հինգշաբթի, 11 հուլիսի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը որոշեց «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից Կոտայքի մարզի Նոր Հաճընի քաղաքային համայնքին հատկացնել 16 մլն 402 հազար դրամ՝ 2000 և 2001թթ. բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման պահանջների, կառավարությունն ի գիտություն ընդունեց պետեկամուտների նախարարության կողմից ներկայացված պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկանքը:
Գործադիրը սահմանեց «Հայաստանի հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը», որը բխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Հարցի վերաբերյալ քննարկման ընթացքում արված առաջարկներն ու դիտողությունները ՀՀ վարչապետի մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում կամփոփվեն և վերջնական տեսքի կբերվեն:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, որոշում ընդունվեց նաև հասարակությանը իրավական ակտերի մասին իրազեկելու կարգը հաստատելու վերաբերյալ: Սահմանվեց, որ իրազեկումը ենթադրում է նորմատիվ իրավական ակտերի և դրանց կիրառման առանձնահատկությունների, իրավական ակտն ուժի մեջ մտնելու կարգի և ժամկետի մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրումը իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
Ելնելով «պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, գործադիրը հաստատեց ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունների կանոնադրությունները: Առանձին որոշումներով հաստատվեցին նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առանձնացված ստորաբաժանումների՝ մետաղափորձական վերահսկողության տեսչության և պետական ռեզերվների գործակալության կանոնադրություններն ու կառուցվածքները, ինչպես նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության, մտավոր սեփականության գործակալության, ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության կանոնադրություններն ու կառուցվածքները: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. մարտի 6-ի որոշման մեջ՝ «Ռազմատնտեսական ծրագրերի վարչությունը» վերանվանվեց «Ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության»:
«ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործադիրը հաստատեց «Ընկերությունների աջակցության գործակալության» միջոցով իրականացվող պետական պատվերի ծրագիրը:
Նիստում որոշում ընդունվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին:
Հաստատվեցին նաև Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Այլ որոշումներով կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվելիք օժանդակության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: