չորեքշաբթի, 10 հուլիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Հաբիբ Օլլան Բիթարաֆին և նրան ուղեցկող պատվիրակությանը:
Նշելով, որ երկու երկրների ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև բարեկամական հարաբերությունները տարեցտարի ավելի են սերտանում, վարչապետն ընդգծել է մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների, համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ երկուստեք ցուցաբերվող հետևողականությունը: Քաղաքական համաձայնությունները, որ ամրագրվել և ամրապնդվել են երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում, ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, իրենց գործնական արտացոլումը պետք է գտնեն նաև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման միջոցով: Այդ առումով, կարևորվել է էներգետիկ ոլորտում նախատեսված ծրագրերի ժամանակին իրագործումը, որի համար շահագրգիռ են երկու պետություններն էլ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ և ԻԻՀ էներգետիկայի նախարարությունների միջև Թեհրանում ստորագրված համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործակցությունը երեք հիմնական ծրագրերի ուղղությամբ Ագարակի փոխանջատիչ կետի շինարարության ավարտ, Սյունիք-Կենտրոն բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի կառուցում և Արաքս գետի հիդրոէներգետիկ ներուժի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացում: Նախարար Հ.Բիթարաֆը գոհունակությամբ նշել է, որ ընդամենը մեկ ամիս հետո կավարտվի Ագարակի փոխանջատիչ կետի շինարարությունը: ՀՀ վարչապետի հետ նա խոսել է նաև ջրային տնտեսության կառավարման ոլորտում համագործակցության ծրագրի մասին, որի ուղղությամբ, նրա հավաստմամբ, արդեն իսկ հաջող բանակցություններ են սկսվել:
Ռազմավարական նշանակության խնդիր համարելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը, ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նախանշված ծրագրերը ոչ թե առևտրային, այլ հիմնականում տարածաշրջանային հեռահար նպատակ են հետապնդում: Նա կարևորել է դրանց հստակ նախանշումը ըստ ժամկետների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր հերթին շեշտել է, որ համագործակցությունը երկու երկրների միջև միտված է նաև համատեղ ուժերով տարածաշրջանային խնդիրների լուծմանը. «Տարածաշրջանային ընդհանուր շահերը ստիպում են մեզ ավելի ակտիվ և գործնական բնույթ հաղորդել մեր համագործակցությանը», -նշել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: