Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 մարտի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է` աջակցել Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է` կատարել ՏՏ ոլորտի հետազոտություն, ներկա իրավիճակի վերլուծություն, ներկայացնել հայաստանյան ՏՏ ոլորտի ձեռքբերումները միջազգային և տեղեկատվական ցուցահանդեսներում, ապահովել ոլորտի 3 խոշոր միջազգային ընկերությունների և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի դրույթների իրականացումը, նպաստել ՀՀ-ում կայուն տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տարածքային համաչափ զարգացմանը, աղքատության հաղթահարմանը: Նախատեսվում է նաև ծրագիրն իրականացնել պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես տնտեսական աջակցություն Հայաստանում ՏՏ ոլորտի կառույցներին: Ծրագիրը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրին, ինչպես նաև ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների փորձնական ծրագրին: Ռազմավարական ծրագրի հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է`հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության մեջ ընդգրկման ավելացմանը: Ռազմավարական ծրագրի ներդրման փորձնական փուլի ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում: Այն նպատակաուղղված է նաև այլընտրանքային սակավ ծախսատար նախադպրոցական ծառայությունների ներդրմանը, ծնողների և համայնքների մասնակցության բարձրացմանը, նախադպրոցական կրթության ծառայությունների և դրանց իրականացման պայմանների համապատասխանեցմանը պետական չափորոշիչներին: Փորձնական ծրագրով հիմնականում առաջարկվում է 5-ից մինչև 6 տարեկանների նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման 3 մոդել` 3 ամսից մինչև 1 տարի տևողությամբ ծրագրերով, որոնք կիրականացվեն նախադպրոցական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում կամ այլ կրթամշակութային հաստատություններում` ապահովելով ազատ, համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցողական ակտիվ մեթոդներ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ էներգետիկայի նախարարին` ՀՀ օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով, այդ ընկերության կառավարման մարմիններում ներկայացնել առաջարկություն և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ: Որոշմամբ հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարներին, Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում համատեղ ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` «Հայ-Ռուսգազարդ» ՓԲԸ-ի լրացուցիչ թողարկվող և ՀՀ-ի օգտին տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը ոչ դրամական միջոցներով, այն է` «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմում գտնվող, նախապես սահմանված կարգով գնահատված, ջերմամատակարարման օբյեկտներով, դրանցով զբաղեցված ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերով իրականացնելու վերաբերյալ:

Գործադիրը հավանություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է` պետական պահպանությունից օգտվող պաշտոնաթող ՀՀ նախագահի, պետական պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչների պետական պահպանության իրավունքից հրաժարվելուն, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտների կողմից կատարվող օրինախախտումների դեպքում պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողների պարտականություններին վերաբերող հարաբերությունները օրենքով կարգավորելու նպատակով:

Նիստում հավանություն է տրվել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս: Օրինագծով առաջարկվում է ապաստանի մասով ընդլայնել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակը, օրենքում ներմուծել նոր առանցքային հասկացություններ, փոփոխել օրենքի ընդհանուր կառուցվածքն ու ձևաչափը: Օրինագծի ընդունումը նպատակ ունի նաև հիշյալ օրենքը համապատասխանեցնել ՄԱԿ-ի «Փախստականի կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. կոնվենցիայի և այդ կոնվենցիայի 1967թ. արձանագրության պահանջներին:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվները լուծարված համարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչև 1999թ. հունվարի 1-ը ստեղծված և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն իրենց հիմնադիր փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին չհամապատասխանեցրած և չվերագրանցված բնակարանային կոոպերատիվները (բացառությամբ անավարտ շինարարության բնակարանային կոոպերատիվների) համարվում են լուծարված, իսկ դրանց անդամները և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք իրենց տրամադրված բազմաբնակարան և (կամ) այդ շենքերում իրենց տրամադրված ոչ բնակելի տարածքների նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

Կառավարությունը հաստատել է «Երաշտի և այլ տարերային աղետների և տեխնածին վթարների ժամանակ բնակչությանը հրատապ օգնություն կազմակերպելու կարգը»: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող ՀՀ-ի պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշմանը համապատասխան:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 21 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով` «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ տարածքների վերականգնման ծրագրի իրականացման համար:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի միջև 2008թ. փետրվարի 25-ին կնքված հաշտության համաձայնագիրը, կառավարությունը հանձնարարել է ՀՀ բնապահպանության և առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին` հաշտության համաձայնագրով ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու և այդ գործընթացում հսկողություն իրականացնելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ: Հանձնարարվել է նաև Սյունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետներին` համապատասխան միջոցներ ձեռնարկել հաշտության համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Նիստում գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը:

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանել է 3 ամիս: Լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման մեջ, ըստ որի կայքի արխիվային մասում հայտարարության պահպանման ժամկետը լրանալուց հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային կրիչի վրա այն պահպանվում է առնվազն 5 տարի` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին` օրենքում որոշակի ճշգրտումներ կատարելու և այն առավել հստակեցնելու նպատակով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 980.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի պահպանման ծախսերն ապահովելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Սուրեն Զոլյանի ընտրության արդյունքները:

«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը թույլատրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարություն» ծրագրով նախատեսված միջոցները որպես նվիրաբերություն տրամադրել ԼՂՀ կառավարությանը:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը: Հաստատվել են նաև վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտի, վարչական իրավախախտման փաստի ստուգման պահանջագրի, ինչպես նաև կենտրոնացված հաշվառման քարտադարանը վարող ստորաբաժանման դրոշմակնիքների ձևերը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս` մասնավորապես, «Պետական վիճակագրության մասին», «Մարդահամարի մասին» և պատասխանատվության միջոցներ սահմանող համապատասխան այլ օրենքներում ամրագրված որոշ դրույթների հստակեցման նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ