ուրբաթ, 26 ապրիլի 2002
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2002-2003 թվականների ընթացքում իրականացվող 23 երկարաժամկետ բարեգործական ծրագիր:
Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը՝ շարունակելով իր ժողովրդանվեր առաքելությունը, իր կողմից հովանավորվող ՀՀ ներքին գործերի նախարարության «Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնում» կկառուցի ննջարանային նոր մասնաշենք և խաղահրապարակ` նպաստելով մուրացիկ և թափառական երեխաներին փողոցից համապատասխան մանկական հաստատություններ տեղափոխմանը:
Աշտարակում և Էջմիածնում մանկական խաղահրապարակների կառուցման ծրագիր կիրականացնի նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը:
Հայ ավետարանչական ընկերակցությունը բազմակողմանի ծրագրեր կիրականացնի սոցիալական, առողջապահական և կրթամշակութային ոլորտներում: Ծրագրերի շրջանակներում համակողմանի օգնություն կցուցաբերվի շուրջ 2600 անապահով ընտանիքի և 260 միայնակ ծերերի:
«Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն իր ամենամյա ծրագրերը կիրականացնի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում` բժշկական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելով հոգեկան հիվանդներին և սեռավարակ ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ռիսկի խմբերին, իսկ «Բարձունք-5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը արցախյան ազատամարտիկներին կտրամադրի անվճար դեղորայք:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող 12 դրամաշնորհային ծրագիր: Ծրագրերի շրջանակներում նախապես հայտարարված մրցույթով ընտրված կազմակերպությունների միջոցով հանրապետությունում գրադարանային և հրատարակչական ոլորտներում կներդրվեն նոր տեխնոլոգիաներ, կընդլայնվի ինտերնետային ցանցից օգտվողների քանակը: Հիմնադրամը նպատակ ունի նաև օժանդակելու միջազգային նախագծերին և մշակութային իրադարձություններին հայ արվեստագետների մասնակցությանը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր: