հինգշաբթի, 31 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի` ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին և «Նայթսբրիջ» հոլդինգի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին:
ՀՀ վարչապետի հետ նրանք խոսել են Հայաստանում փոխշահավետ գործունեություն ծավալելու` «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության մտադրությունների և նաև տարածաշրջանային առումով հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը ողջունել է այդ մտադրությունները, ընդգծելով, որ Հայաստանի համար մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է, և մենք կարող ենք զարգացնել մեր տնտեսությունն ու մեր երկիրը` առաջին հերթին լիարժեքորեն օգտագործելով մեր ժողովրդի ներուժը, օգտվելով տարիների մեծ փորձ և հեղինակություն ունեցող «ԱլկաՏել»-ի նման ընկերությունների հնարավորություններից ու առաջարկներից:
«ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքը նշել է, թե ուրախ է ՀՀ վարչապետի հետ կրկին հանդիպելու հնարավորության համար և բավականին ջերմ հիշողություններ ունի վերջին անգամ Փարիզում նրա հետ հանդիպումից: Ըստ Ս.Չուրուքի, վերջին տարիներին Հայաստանը տնտեսական նշանակալի աճ է արձանագրել, ինչը ակներև է նաև օտարերկրյա այցելուների համար և դա կարող է փաստել իր օրինակով.«Աշխարհում բարձր տեխնոլոգիաները գնալով երկրների համախառն ներքին արդյունքում մեծացնում են իրենց տեսակարար կշիռը: Հայաստանը ներկայումս մեծ հնարավորություններ ունի հաջողություններ գրանցելու այդ ոլորտում, և անհրաժեշտ է առավելագույնս օգտվել առկա հնարավորություններից»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է «ԱլկաՏել» ընկերության նախագահը:
Զրուցակիցները, առաջավոր տեխնոլոգիաներից բացի, մեր երկրի համար հեռանկարային են համարել նաև ֆինանսական շուկայի զարգացումը: