հինգշաբթի, 31 հունվարի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը նշել է, որ հանրապետությունում ջերմաստիճանի տատանումների հետևանքով որոշակի խնդիրներ են առաջացել և այդ կապակցությամբ հանձնարարել է ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարություններին ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` իրավիճակից ելնելով, ձեռնարկել համապատասխան միջոցներ և երեկոյան զեկուցել հանձնարարականի կատարման մասին:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ներքին աուդիտի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: «Ներքին աուդիտի մասին» օրինագծով նախատեսվում է ներդնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ամբողջական գնահատման միասնական համակարգ: «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում են մի քանի փոփոխություններ, որոնք իրականացվում են նշված օրենքի և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջ— առկա որոշ հակասությունների վերացման նպատակով:
Կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ 2007թ. չորրորդ եռամսյակում մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությանը: Զեկուցվել է, որ 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնավորեցման են առաջարկվել 5 ընկերության բաժնետոմսեր, 2 ընկերության առանձնացված գույք, 5 ընկերության լուծարումից հետո մնացած գույքային միավորներ և ծրագրում ընդգրկված մասնավորեցման 1 օբյեկտի գույքը: Մասնավորեցվել է 4 ընկերություն` ուղղակի վաճառքի ձևով, 2 ընկերության առանձնացված գույք և 1 ընկերության լուծարումից հետո մնացած գույքը: Մրցույթով մասնավորեցման են ներկայացվել 1 ընկերության բաժնետոմսեր և ծրագրում ընդգրկված 1 օբյեկտի գույքը, որոնց մրցույթները չեն կայացել: Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցման է ներկայացվել 2 ընկերության կազմից առանձացված գույք, կազմակերպվել է նաև 5 ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքային միավորների 19 աճուրդ: Կայացել են 1 ընկերության կազմից առանձնացված գույքի և 1 ընկերության լուծարումից հետո մնացած գույքի աճուրդները: Հաշվետու եռամսյակում մասնավորեցվել է 1 «փոքր» օբյեկտ, լուծարվել` 3 ընկերություն: Նշվել է նաև, որ 2007թ. ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 13 մլրդ 319 մլն 980.8 հազար դրամ, որից 280 մլն 833.5 հազար դրամը` հաշվետու ժամանակահատվածում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 2007թ. համայնքներին է փոխանցվել 5 մլրդ 438 մլն 54.9 հազար դրամ, որից չորրորդ եռամսյակում` 19 մլն 81.7 հազար դրամ:
Գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 4 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին` «Սպասարկում» ՊՈԱԿ-ին ամրացված` քաղաք Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 14-րդ և 15-րդ հարկերը զբաղեցրած ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերը համակարգող խորհրդի համար գույքի ձեռքբերման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան ծրագրով նախատեսված 10 մլն դրամը` պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, հատկացվել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին:
Նիստում փոփոխություններ է կատարվել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 22-ի N 314-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և այդ համակարգում տեղի ունեցող պատահարների կանխարգելման անհրաժեշտությամբ: Որոշմամբ նախատեսվում է գազի հոսքի ավտոմատ անջատիչ կափույր և ազդանշանային սարք տեղադրել ոչ միայն ներտնային գազասպառման համակարգում, այլև գազաֆիկացված շենքերի այլ սպառողների մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է ներքին գազատարների և (կամ) գազահաշվիչ հանգույցների հավաքակցում: Որոշմամբ նշված սարքերի տեղադրման ժամկետը երկարացվել է 1 տարով, իսկ այդ աշխատանքների կատարման ֆինանսավորման համար առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` քննարկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2008-2009թթ. ներդրումային ծրագրերում այն ներառելու հարցը:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգը, օժանդակության ենթակա գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկը: Հաստատվել է նաև անասնահամաճարակների հետևանքով անկում ունեցած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի կազմը` ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի նախագահությամբ: Վերջինիս հանձնարարվել է` 15-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի անհատական կազմը և օրինակելի կանոնադրությունը:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման և տեղափոխման գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը: Որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ առողջապահության նախարարությանը:
Մեկ այլ որոշմամբ, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 14 մլն 922.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ դատական դեպարտամենտին` Տնտեսական դատարանի լուծարման հետևանքով դատարանի դատավորներին և աշխատակիցներին վերջնահաշվարկ կատարելու նպատակով:
ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համաձայն, գործադիրը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:
«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիշյալ օրենքով սահմանված` ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ բնապահպանության նախարարությանը, իսկ նույն օրենքով` պետական անտառներում և անտառային ֆոնդի հողերում սահմանված իրավասությունները` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու N 1ա հասցեում գտնվող շենքի` 33500 դրամ հաշվեկշռային արժեքով, 1-ին հարկից 238.74 քմ մակերեսով տարածքը և 2-րդ հարկից 37.37 քմ մակերեսով NN 1 և 2 սենյակները հետ վերցնել և ամրացնել «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված տարածքում Ալավերդու տարածքային ստորաբաժանումը տեղակայելու նպատակով: Որոշվել է նաև հետ վերցնել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու N 8 հասցեում գտնվող` 376454.23 դրամ հաշվեկշռային արժեքով և 167.5 քմ մակերեսով տարածքը և ամրացնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Նիստում կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական), ինչպես նաև միջին մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկերը, որոնցով արգելվում են հեռահար կարգով ուսուցումը և դրսեկության կարգով ուսուցումը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի «Առողջապահական հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման մեջ: Որոշվել է, մասնավորապես, միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատաժամանակը համապատասխանեցնել բժիշկների աշխատաժամանակին, ուսումնական հաստատություններին թույլատրվել է ինքնուրույն որոշել յուրաքանչյուր դասավանդողի մանկավարժական աշխատանքով բեռնվածության աստիճանը` շաբաթական 22-33 ժամի սահմաններում:
Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ` «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքների իրավական կարգավիճակը կանոնակարգելու, ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 6-ի N 307-Ա և 2006թ. ապրիլի 6-ի N 449-Ն որոշումների միջև առկա հակասությունները կարգավորելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ Կոտայքի մարզպետին` ապահովել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» ԲԲԸ-ի համաձայնությամբ, որոշման հավելվածում նշված անշարժ գույքի զբաղեցրած հողատարածքների նկատմամբ անժամկետ անհատույց օգտագործման իրավունքի դադարեցումը:
Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ Սյունիքի մարզի Տանձատափի և Տաթևի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է Հանրապետության նախագահի ընտրության օրը` 2008թ. փետրվարի 19-ը, հայտարարել ոչ աշխատանքային օր: